/ Վարք Սրբոց / Սբ. Սիլուանոս Աթոսացի

Սբ. Սիլուանոս Աթոսացի

 Սբ. Սիլուանոս Աթոսացի

 

(1866-1938թթ.)

Քրիստոսի Եկեղեցին սեպտեմբերի 24-ին նշում է սբ. Սիլուանոս Աթոսացու հիշատակը: Նա աթոսյան և, ընդհանրապես, ուղղափառ վանականության ժամանակակից ամենամեծ դեմքերից է: Սուրբը ծնվել է 1866թ., Ռուսաստանի Տամբովի շրջանի մի գյուղական ընտանիքում: Նրա աշխարհական անունը  Սիմեոն Անտոնով էր: Չորս տարեկանից հարցնում էր. «Ու՞ր է այդ Աստվածը: Երբ մեծանամ, շրջելու եմ ողջ աշխարհով՝ Նրան փնտրելու»: Պատանի հասակում, երբ լսում է մի ճգնավոր արգելափակված սրբի վարքն ու հրաշքները, որ լինում էին նրա գերեզմանին, մտածում է. «Եթե սա սուրբ է, ուրեմն Աստված մեզ հետ է, և պատճառ չկա, որ ողջ աշխարհով շրջեմ՝ Նրան գտնելու համար»: Այս մտքով նրա սիրտը բորբոքվում է առ Աստված սիրով: Միտքն անդադար միավորվում է հիշողությանը ու արցունքներով շատ աղոթում է: Սիմեոնը ներքին մի փոփոխություն է նկատում այդ խարիզմատիկ վիճակից, որ տևում է երեք ամիս, ու վանականության փափագ զգում: Հետո այդ շնորհը նրան լքում է, ու նա վերադառնում է աշխարհիկ կյանքին: Մի օր մի ծեծկռտուքի ժամանակ քիչ է մնում իր մի համագյուղացու սպանի: Այս դեպքից քիչ ժամանակ անց քնում է ու երազում մի օձ տեսնում, որ իր բերանից ներս էր սողում: Զզվանքի հետ միասին լսում է Աստվածամոր ձայնը, որ անսովոր քաղցրությամբ ասում է. «Երազումդ օձին կուլ տվեցիր ու դուրդ չեկավ: Նմանապես ինձ էլ դուր չի գալիս, երբ քո գործերն եմ տեսնում»:

Այդ ժամանակ մեղքի նկատմամբ խոր զզվանք է զգում ու զորավոր ապաշխարությամբ լցված՝ շարունակ մտածում է Սուրբ Լեռան  ու ապագա դատաստանի մասին:

1892թ. զինվորական ծառայությունն ավարտելուն պես սբ. Հովհաննես Կրոնշտադտցուց խնդրում է աղոթել իր համար, որ «աշխարհն իրեն հետ չպահի» ու մեկնում է Աստվածամոր Պարտեզ: Որպես մոնթ, մտնում է սբ. Պանդելեիմոնի ռուսական վանք:

Իր նոր կյանքի սկզբում ընդհանուր խոստովանությունից հետո խոստովանահայրն ասում է, որ իր բոլոր մեղքերը ներվեցին, ու երիտասարդ մոնթն ուրախությամբ է լցվում:

Այդ ընթացքում նրա հետ մարմնական մտքեր են սկսում պատերազմել: Խոստովանահայրը խորհուրդ է տալիս, որ այդ մտքերին հավանություն չտա, այլ անմիջապես դրանց վռնդի՝ Հիսուսի անունը կանչելով[1]: Այդ պահից սկսած՝ Աստուծո երանելի ծառան իր վանական կյանքի քառասունհինգ տարիների ընթացքում անգամ մեկ անվայել միտք չի ընդունում:

Մոնթ Սիմեոնն սկսում է հրաբորբոք անդադար աղոթքով զօր ու գիշեր Տիրոջից խնդրել, որ իրեն ների: Նա աղոթում էր օրվա ընթացքում, երբ ճշգրտորեն կատարում էր իր ծանր ու հոգնեցնող ջրաղացի հնազանդությունը: Հատկապես, սակայն, նա գրեթե ողջ գիշերն  էր անցկացնում ջերմագին աղոթքով՝ կանգնած կամ նստած մի աթոռակի: Երբ ուժասպառությունից հոգնում էր, քնում էր քիչ՝ նստած աթոռին ու կրկին վեր էր կենում աղոթքի: Ընդհանուր երկու ժամ էր քնում քսանչորս ժամվա մեջ, այն էլ՝ ընդհատումներով:

Վանք հասնելուց երեք ամիս անց՝ մի գիշեր, մինչ աղոթում էր Աստվածամոր սրբապատկերի առաջ, Հիսուսի աղոթքը ներթափանցում է նրա սիրտը ու սկսում այնտեղ ինքն իրեն անդադար՝ օր ու գիշեր, ներգործել: Այս հազվադեպ ու մեծ շնորհին հետևում է խիստ պայքար հպարտության ու իր փրկության համար հուսալքության մտքերի դեմ, որ դևերն էին նրան մատուցում: Մի գիշեր աղոթքի ժամանակ նրա խուցը հանկարծակի անսովոր լույսով է լցվում, որն իր ողջ մարմնով է անցնում: Հոգին ցնցվում է: Աղոթքը, թեև շարունակում էր ներգործել նրա մեջ, կորցրել էր վշտաբեկությունը, և մոնթ Սիմեոնը հասկանում է, որ սատանայական մոլորության հետ գործ ունի:

Նա վեց ամիս մարտնչում է սատանայական այս հարձակումների դեմ՝ ողջ ուժգնությամբ աղոթելով ամեն տեղ, ուր որ գտնվում էր, մինչև որ հասնում է ծայրահեղ հուսահատության: Եվ այսպես, իր խցում նստած մտածում էր. «Աստված անգութ է»: Այդ ժամանակ իրեն ծայրահեղ լքված է  զգում, ու նրա հոգին մոտ մեկ ժամ սուզվում է աննկարագրելի տագնապի, խավարի մեջ: Երեկոյան ժամերգությանը մինչ աղոթում է Հիսուսի աղոթքով. «Տե՛ր Հիսուս Քրիստոս, ողորմյա՛ ինձ՝ մեղավորիս»՝ նայելով ջրաղացի մատրան իկոնոստասի Քրիստոսի պատկերին, հանկարծակի նրան գերբնական լույս է ողողում՝ այս անգամ զվարթ ու շատ քաղցր, և նա տեսնում է Քրիստոսին կենդանի, Ով նայում էր իրեն անպատմելի մեղմությամբ: Աստվածային սերն նրա ողջ էությունից է անցնում ու նրա հոգին հափշտակվում Աստծո տեսության մեջ:

Իր վանական կյանքի հաջորդ քառասունհինգ տարիներին սուրբն անդադար խոստովանում էր, որ Սբ. Հոգու միջոցով նույն Տիրոջը ճանաչեց, Ով իրեն հայտնվեց ու հայտնեց Իր շնորհն ամբողջության մեջ: Այս տեսիլքը Սիմոնին այնպես է փոխակերպում, որ, այլևս, նրա հոգին՝ անհագ, զօր ու գիշեր, շրջված դեպի իր սիրելի Տերը, կանչում էր. «Հոգիս ծարավ է Տիրոջը և արցունքներով է նրան փնտրում: Ինչպե՞ս քեզ չփնտրեմ: Դու առաջինն ինձ փնտրեցիր ու տվեցիր, որ ճաշակեմ Սբ. Հոգու քաղցրությունը, և հոգիս քեզ սիրեց ամբողջականորեն»:

Սիմեոնն իր բոլոր ուժերը կենտրոնացնում էր մաքուր աղոթքի պայքարին, որպեսզի մարտնչի հպարտության սատանայական մտքերի դեմ: Ժամանակ առ ժամանակ նրան մխիթարում էին Շնորհի կարճատև այցելությունները, սակայն երբ Այն (Շնորհը) նրան լքում էր ու դևերն էին հայտնվում, հոգու ցավն աննկարագրելի էր: Որպեսզի նա Շնորհն իր մեջ միաձույլ պահեր, սկսում էր երկարամյա ու յուրատեսակ դժդակ մի պայքար, որ հաճախ գերազանցում էր սովորական մարդկային կարողությունները:

1896թ. Սիմեոնը փոքր սքեմավոր վանական հերակտրություն է ընդունում՝ վերանվանվելով Սիլուանոս: Նրան Տիրոջ հայտնությունից հետո մարտիրոսական պայքարի տասնհինգ տարիներ են անցնում: Եվ մի գիշեր, երբ աթոռից վեր է կենում, որպեսզի երկրպագություններ (գետնատարած) անի, մի դև է հայտնվում Քրիստոսի պատկերի առաջ՝ սպասելով, որ իրեն երկրպագի: Սիլուանոսը սրտի ցավով խնդրում է Տիրոջ օգնությունը և իր հոգում լսում պատասխանը. «Հպարտները միշտ այսպես դևերից տառապում են»:

-Տե՛ր,-ասում է Սիլուանոսը,- սովորեցրու՛ ինձ, թե ի՞նչ պետք է անեմ, որ հոգիս խոնարհվի:

Միտքդ դժոխքու՛մ պահիր ու մի՛ հուսահատվիր,- ստանում է պատասխանը:

Այս խոսքով Աստված նրան հայտնում է, որ յուրաքանչյուր ճգնական պայքարի նպատակը Քրիստոսի խոնարհության ձեռք բերումն է, որն առաջնորդում է դեպի մաքուր աղոթք ու անկրքություն: Սիլուանոսն ասում էր, որ հենց իր միտքը հեռանում էր դժոխքի կրակը հիշելուց, մտքերը կրկին ուժ էին ստանում:

Խիստ պայքարի ուրիշ տասնհինգ տարիներ էլ են անցնում՝ մինչև որ Սիլուանոսը ձեռք բերի ամբողջական տիրապետություն իր սրտի յուրաքանչյուր շարժման վրա ու մտնի  իր երկրային կյանքի վերջին տասնհինգամյակը՝ նրա համար արդեն անկրքության երանելի վիճակը:

1911թ. Սիլուանոսը դառնում է մեծ սքեմավոր վանական: Մոտավորապես այս շրջանում տենչալով, որ իր անդադար աղոթքը լինի անխոչընդոտ, վանահորից օրհնություն է խնդրում, որպեսզի թողնի տնտեսի իր հնազանդությունը ու գնա ռուսական Հին վանքը, որտեղ տեղանքի կատարյալ խաղաղության պատճառով խստակրոն ճգնավորներ էին ապրում: Այստեղ նրա գլուխը ցրտահարվում է, ինչի հետևանքով մինչև մահ տանջվում էր մարտիրոսական գլխացավերից, ինչը համարում էր որպես մանկավարժական պատիժ, քանի որ իր կամքն էր արել:

Մեկուկես տարի հետո վանքը կրկին նրան հետ է կանչում տնտեսի իր հնազանդությանը: Այստեղ մնում է մինչև երկրավոր իր կյանքի վերջը: Վերադառնալով իր հնազանդությանը՝ նրա աղոթքն ավելի ջերմագին է դառնում, քան Հին վանքում էր: Ամեն առավոտ շրջում էր աշխատանոցներով, որպեսզի բաժանի օրվա աշխատանքները ու կրկին իր խուցն էր վերադառնում, որ աղոթի արցունքներով այդ մարդկանց ու նրանց ընտանիքների՝ «Աստուծո ժողովրդի համար»: Սիլուանոսը Սբ. Հոգուց ստացած լինելով աշխարհի նկատմամբ Քրիստոսի անսահման սերը ներգործաբար ապրելու շնորհը, հրեղեն արցունքներով անդադար աղոթում էր ողջ մարդկության համար, ողջ Ադամի համար, հատկապես, ննջեցյալների համար: Ասում էր. «Մարդկանց համար աղոթել՝ նշանակում է արյուն թափել» և ուսուցանում էր, որ ճշմարիտ հավատքի չափանիշը թշնամիների նկատմամբ սերն է:

Աշխարհին իր աղոթքով սատարելով ու Տիրոջը պաղատելով, որ Նրան երկրի բոլոր ժողովուրդները Սբ. Հոգով ճանաչեն, սբ. Սիլուանոսը խաղաղությամբ ավարտում է երկրային իր կյանքը 1938թ. սեպտեմբերի 24-ին:

Ուղղափառ Եկեղեցին նրա պաշտոնապես սրբադասել է 1987թ. նոյեմբերի 26-ին:

 

Պատրաստեց հայր Հերոնիմոս Մայիլյանը:

 

[1] Խոսքը Հիսուսի աղոթքի մասին է՝ «Տե՛ր Հիսուս Քրիստոս, ողորմյա՛ ինձ»:

 

 

 

Սբ. Սիլուանոս Աթոսացի

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com