/ Խրատանի Սրբոց / «Երբ խոստովանում եք, ասե՛ք ձեր բոլոր մեղքերը՝ հստակ ու մաքուր»

«Երբ խոստովանում եք, ասե՛ք ձեր բոլոր մեղքերը՝ հստակ ու մաքուր»

 «Երբ խոստովանում եք, ասե՛ք ձեր բոլոր մեղքերը՝ հստակ ու մաքուր»

 

Սբ. Կոզմաս Էտոլացի (1779)

Հատվածներ սրբի Դ Դիդախեից (ուսմունք)

«…Եթե ուզում եք ձեր հոգին բժշկել, չորս բան է ձեզ հարկավոր: Մի համաձայնագիր ստորագրե՞նք: Ձեր ծնված օրից մինչև հիմա ձեր կատարած բոլոր մեղքերն իմ վրա վերցնեմ, իսկ ձերդ ազնվությունը պահե՛ք չորս մազ: Եվ ի՞նչ եմ դրանք (մեղքերն) անելու: Մի փոս ունեմ ու դրանք այնտեղ եմ գցում: Ո՞րն է փոսը: Մեր Քրիստոսի գթասրտությունն է:

Առաջին մազն այն է, երբ ուզում եք խոստովանել, առաջին հիմքն այն է, որ ձեր թշնամիներին ներեք, ինչպես որ ասացինք: Ներու՞մ եք.

-Ներում ենք, սուրբդ Աստուծո:

-Առաջին մազը վերցրեցիք:

Երկրորդ մազն այն է, որ լավ, ուսյալ, առաքինի խոստովանահայր գտնեք, որպեսզի խոստովանություն կատարեք ու ձեր բոլոր մեղքերն ասեք: Հարյուր մեղք ունենաս ու խոստովանահորն ասես իննսունիննը, իսկ մեկը չհայտնես, բոլոր մեղքերդ աններելի են մնում: Եվ երբ մեղքն անում ես, այն ժամանակ պետք է ամաչես, իսկ երբ խոստովանում ես, պետք է ո՛չ մի ամոթ չունենաս:

Մի կին գնաց մի ճգնավորի մոտ՝ խոստովանելու: Ճգնավորը մի առաքինի հնազանդ (վանական) ուներ: Նա իր հնազանդին ասաց. «Գնա՛, որ կինը խոստովանի»: Վանականը հեռացավ մինչև այնտեղ, որտեղից տեսնում էր, բայց չէր լսում: Կինը խոստովանեց ու գնաց: Այնուհետև եկավ հնազանդն ու ասաց.

-Գե՛րոնդա, մի տարօրինակ հրաշք տեսա: Այնտեղ, ուր կինը խոստովանում էր, տեսա, որ փոքր օձեր էին դուրս գալիս: Տեսա, որ մի մեծ օձ կախված էր մնացել, ուզում էր դուրս գալ, սակայն կրկին հետ էր քաշվում:

-Գնա՛, նրան կանչի՛ր, որ արագ հետ գա,-ասաց ճգնավորը:

Հնազանդը գնաց ու կնոջը մահացած գտավ: Վերադարձավ ու պատմեց իր ծերին: Նա չկարողանալով հասկանալ հրաշքն՝ Աստծուն խնդրեց, որ իրեն հայտնի, որ կինը փրկվե՞լ է, թե՞ դժոխք գնացել: Եվ նրա առաջ մի սև արջ է հայտնվում ու ասում. «Ես այն կինն եմ, որ խոստովանեցի ու գործածս մի մահացու մեղք քեզ չհայտնեցի ու դրա համար իմ բոլոր մեղքերը մնացին չներված, ու Տերը ինձ հրամայեց, որ դժոխք գնամ ու ընդմիշտ այրվեմ»: Ու անմիջապես ծուխի պես մի գարշահոտություն դուրս եկավ ու իր առջևից կորավ:

Դրա համար, իմ քրիստոնյանե՛ր, երբ խոստովանում եք, ասե՛ք ձեր բոլոր մեղքերը՝ հստակ ու մաքուր: Նախ, խոստովանահորդ ասա՛. «Խոստավանահա՛յր իմ, դժոխք եմ գնալու, որովհետև Աստծուն ու եղբայրներիս իմ ողջ սրտով չեմ սիրում, ինչպես ինքս ինձ»: Ու ասա այն ամենը, ինչի համար խղճմտանքդ քեզ հանդիմանում է՝ կա՛մ սպանեցիր, կա՛մ պոռնկացար, կա՛մ երդմամբ սուտ բաներ արեցիր, կա՛մ ծնողներիդ չպատվեցիր ու նմանատիպ մեղքեր: Ահավասիկ, երկրորդ մազը վերցրեցիր:

Երրորդ մազն այն է, որ երբ խոստովանես, խոստովանահայրը քեզ կհարցնի. -Զավա՛կս, ինչու՞ գործեցիր այս մեղքերը: Ուշադի՛ր եղիր, որ ուրիշին չմեղադրես, այլ քո անձը ու ասես. «Սրանք գործեցի իմ չար կամքի պատճառով»: Ծա՞նր է ինքզինքը մեղադրելը:

-Ո՛չ:

-Ահա՛, երրորդ մազը ստացար:

Չորրորդն էլ ունենք: Երբ խոստովանահայրը քեզ արձակի մեկնելու, որոշի՛ր հաստատուն մտքով ու վճռով, որ ավելի լավ է արյունդ թափես, քան մեղանչես: Այդպե՞ս ես անում:

-Այո՛:

-Չորրորդ մազն էլ վերցրեցիր:

Այս չորսն են քո բժշկական միջոցները, ինչպես որ ասացինք:

Առաջինը՝ որ ներես թշնամիներիդ:

Երկրորդը՝ մաքուր խոստովանություն անես (խոստովանահոր առաջ):

Երրորդը՝ մեղադրի՛ր ինքդ քեզ:

Չորրորդը՝ որոշի՛ր այլևս չմեղանչել:

Եվ, եթե կարող եք, ամեն օր խոստովանություն արեք: Իսկ եթե ամեն օր չեք կարող, թող շաբաթը մեկ լինի և ամիսը մեկ, կամ ամենաքիչը՝ տարին չորս անգամ:

Եվ ձեր զավակներին փոքրուց սովորեցրեք բարի ճանապարհը, որ խոստովանեն:

Այն, ինչ ձեզ տալիս են խոստովանահայրերը՝ քառասնօրյա պատարագներ, երկրպագություններ, պահքեր և այլն, բժշկական միջոցներ չեն, այլ նրա համար է, որ չլինի թե ուրիշ անգամ մեղքի մեջ ընկնեք: Եվ ով որ իր սրտի մեջ դնի այս չորս բաները, եթե այդ պահին մեռնի, փրկվում է: Հակառակ դեպքում՝ առանց սրանց, հազար բարիք էլ գործի, դժոխք է գնում»:

 

Թարգմանությունը հունարենից՝ հայր Հերոնիմոս Մայիլյանի:

Աղբյուր. Χαραλάμπους Δ. Βασιλοπούλου, Αρχιμανδρίτου, Ο Άγιος Κοσμάς ο Αιτωλος, εκδ. «Ορθοδόξου Τύπου», Αθήναι 2008.

 

 

«Երբ խոստովանում եք, ասե՛ք ձեր բոլոր մեղքերը՝ հստակ ու մաքուր»

 

 

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com