/ Վարք Սրբոց / Սբ. Անթիմոս Քիոսացի

Սբ. Անթիմոս Քիոսացի

Սբ. Անթիմոս Քիոսացի

Փետրվարի 15/28

(1869-1960թթ.)

Սբ. Անթիմոս Քիոսացին (ավազանի անունը`Արգիրիոս Վայանոս) ծնվել է 1869թ. հուլիսի 1-ին, Հունաստանի Քիոս կղզում: Արգիրիոսը ընտանիքի երեք զավակներից ամենակրտսերն էր: Նրա բարեպաշտ ու առաքինի ծնողները` Կոնստանդինոսն ու Արգերիոնը, հոգ են տանում, որ իրենց երեխաները քրիստոնեական դաստիարակություն ստանան:

Դեռ շատ փոքր տարիքից Արգիրիոսը բոլորին ցույց էր տվել, որ աստվածային Շնորհի է արժանացել: Նրա մեծ եղբայրը` Նիկողայոսը, վկայում է, որ հաճախ տեսնում էր, թե մանուկ Արգիրիոսին ինչպես էր Աստվածամայրը քնքշաբար թագավորական մի ծիրանիով հովանի լինում, միաժամանակ նրա շուրջը աստվածային Լույսի փայլատակումներ էին ճառագում: Այսպես, մանուկ Արգիրիոսը, լինելով Սբ. Հոգու ընծայակիր, իմաստության հոգով Աստծուց նախասահմանված էր ընտիր անոթ և մարդկանց` ի Քրիստոս մեծ մանկավարժ դառնալու:

Մանուկ Արգիրիոսի ուսումը սահմանափակվում է միայն տարրական դասարանների պարզ գիտելիքներով: Չարժանանալով աշխարհական տեսական գիտելիքների, սակայն ուշիմությամբ և խորաթափանց հոգով և, հատկապես, ընդգծված ցանկությամբ դեպի հոգևոր կյանքը՝ անսասան կերպով առաջանում է առաքինի վարքի մեջ, աներեր հավատքի թանկարժեք նվերով հանդերձ:

Ամեն կիրակի մանուկ Արգիրիոսը գնում էր սբ. Հայրեր Նիկիտասի, Հովսեփի և Հովհաննեսի վանք, որը նաև սբ. Հարանց անապատ էր կոչվում: Վանք այցելելու շարժառիթ է դառնում նաև ընտանեկան Օգնական Աստվածամոր[1] մի հրաշագործ սրբապատկերի նորոգումը: Այստեղ մի օր ճանաչում է նաև այն ժամանակ դեռ սարկավագ սբ. Նեկտարիոսին[2] (հիշատակը` նոյեմբերի 9-ին), որն 8-ամյա տղայի հետ զրույցից հետո վանահայր սբ. Պախոմին (հիշատակը` հոկտեմբերի 14-ին) ասում է.

-Գե՛րոնդա, այս երեխային տեսնու՞մ եք. մի օր սուրբ է դառնալու:

Սբ. Նեկտարիոսի մարգարեությունը, բնականաբար, իրականությու՜ն է դառնում:

Աստվածային սերը պատանի Արգիրիոսին 17 տարեկանում առաջնորդում է դեպի աշխարհի և նրա աղմուկի մերժում և վանական կյանքի ընդունում, որտեղից էլ փայլում են նրա առաքինությունները: Արգիրիոսի վրա մեծ ազդեցություն էին թողել սբ. Հարանց անապատի վանահայր սբ. Պախոմն ու վանականները:

-Այնտեղ տեսա այն երանելի հայրերի կյանքը, և սիրտս կտոր-կտոր էր լինում վանական կյանքի փափագից,- հետագայում պատմում էր սուրբը` անդրադառնալով ճգնելու իր ցանկությանը:

Նրա ողջ կյանքն անբեկանելիորեն կապվում է Օգնական Աստվածամոր սրբապատկերի հետ:

(Օգնական Աստվածամայր սրբապատկերը)

Աստվածամայրը նրա համար դառնում է ոչ միայն անվերջանալի զորության աղբյուր հետագայի խստագույն ճգնությունների մեջ, բայց և աղբյուր զովության և սփոփանքի:

1898թ. Արգիրիոսը մշտապես հաստատվում է անապատում, որտեղ էլ վանահայր Պախոմից փոքր սքեմի հերակտրություն է ընդունում` վերանվանվելով Անթիմոս:

 Հայր Անթիմոսի գերմարդկային ճգնությունները խաթարում են նրա զգայուն առողջությունը, և այդպես անհրաժեշտ է դառնում վանքից նրա ելքը: Վանահոր օրհնությամբ և հրամանով իր տուն է վերադառնում, որպեսզի ապաքինվի: Սակայն նա այստեղ էլ ճգնությունը չի դադարեցնում. հենց որ մասնակիորեն առողջությունը վերականգվում է, քաշվում է իր հայրական կալվածքների մեջ գտնվող մի փոքր մեկուսացած խուց` շարունակելով իր հոգևոր ու մարմնական ճգնությունները: Այստեղ հասկանում է, թե ինչ է նշանակում դևերի հարձակում: Այդ անողորմ հարձակումներին դիմակայում էր Աստծո հանդեպ հավատքով և մեծ համբերությամբ` հուսալով Օգնական Աստվածամոր մայրական գթությանը: Այստեղ նա ճգնում էր և միաժամանակ աշխատում` կոշկակարի իր արհեստը բանեցնելով, որպեսզի իր աղքատ ծնողներին օգներ և տառապյալներին ողորմություն տար:

1909թ. հուլիսի 25-ին անապատի վանահայր Անդրոնիկոսից մեծ և հրեշտակային սքեմն է ընդունում: Նրա մեծ առաքինությունը Քիոսի ժողովրդի գիտակցության մեջ այնքան է հաստատվում, որ ցանկանում են նրան տեսնել որպես իրենց հոգևոր հայր: Սակայն այն ժամանակվա մետրոպոլիտ Հերոնիմոսը հակառակվում է ժողովրդի այդ ցանկությանը՝ պատճառաբանելով, թե Անթիմոսն անգրագետ է: Այնուամենայնիվ, առաքինի Անթիմոսն ընտրյալ անոթ էր և պատրաստ քահանայական աստիճանի: Այդ իսկ նպատակով 1910թ. իր ազգական ու կնքահայր Ստեփանոս Դիոմետարիսի կողմից Փոքր Ասիայի Անդրոմիտիո քաղաք է հրավիրվում, որտեղ էլ մի քանի ամիս հատուկ մասնավոր դասընթացների է հետևում:

Սրբի քահանայական ձեռնադրությունը սովորական մի դեպք չէր: Այն ուղեկցվում է աստվածային նշաններով: Սրբազան այն պահին, երբ ձեռնադրող եպիսկոպոսը «արժանի է» կանչում, երկրաշարժ է տեղի ունենում, ինչպես նաև կայծակ, որոտ, հորդառատ անձրև տեղում, իկոնոստասի կանթեղներն են շարժվում, իսկ դրանցից մեկը՝ զարմացած հավատացյալների աչքերի առջև վայր ընկնում:  Ձեռնադրությունից հետո խաղաղություն է տիրում, հանդարտություն և աստվածային ուրախություն: Բնական այդ երևույթները բացահայտում են և վկայում Աստծո բարեհաճության մասին:

Անդրոմիտիոյում եղած ժամանակ հայր Անթիմոսը մի դիվահարի է բժշկում: Նրա հոգևոր ճառագումը դրդում է քահանա իր եղբայրների նախանձը: Ցանկանալով նրանց ազատել այդ կրքից` նա 1911թ. թողնում է Անդրոմիտիոն և մեկնում Աթոս, որտեղ աթոսացի վանականները նրան մեծ պատիվների են արժանացնում:

Հաջորդ տարի սուրբը Քիոս է վերադառնում, և Հերոնիմոս մետրոպոլիտը նրան նշանակում է «Բորոտանոցի»[3] քահանա: Այստեղ նրա համար առաքինություններ ձեռք բերելու նոր ասպարեզ է բացվում: Աստվածամայրը սբ. Անթիմոսի միջնորդությամբ անհամար հրաշքներ է կատարում` հավատացյալ հիվանդներից հայտնի ու անհայտ շատերին բժշկելով: Այս հատատությունը, դժբախտ բորոտներով հանդերձ, սբ. Անթիմոսի շնորհիվ հոգեկան ու մարմնական առողջության մի կենտրոն է դառնում: Բորոտանոցում սրբի ողջ ծառայությունը վկայում է նրա խորը հավատքի ու Տիրոջն ու Նրա պատկեր մարդու նկատմամբ անվերապահ ընծայման մասին: Այստեղ է երևում նրա մեծությունը. սբ. Անթիմոսը բորոտներին ոչ միայն ամեն կերպ աջակցում էր ու զրուցում նրանց հետ, այլև նրանց հետ միասին ճաշում, Սբ. Հաղորդություն էր նրանց տալիս, իսկ Սբ. Պատարագից հետո ուտում սկիհի ողջ պարունակությունը…

Բորոտանոցում նա Սբ. Պատարագ էր մատուցում ամեն օր: Հիվանդներից շատերը սրբի առաջնորդությամբ վանական են դառնում, այդ  թվում նաև՝ սբ. Նիկիփորոսը (հիշատակը՝ հունվարի 4-ին):

   Սբ. Անթիմոս Քիոսացի

(Սբ. Նիկիփորոսն ու սբ. Անթիմոսը Քիոսում)

Երբ 1914թ.-ից սկսվում են փոքրասիացիների հալածանքները թուրքերի կողմից, շատ միանձնուհիներ սրբի մոտ են ապաստանում: Նրանք էլ հանդիսանում են այն հիմքը, որի վրա վանք պիտի հիմներ: Օգնական Աստվածամոր հրաշքները նրան հորդորում են, որ Իր անվամբ վանք կառուցի, որպեսզի գաղթական միանձնուհիներին բնակեցնի: 1930թ. վանքն արդեն պատրաստ էր բնակության համար: Այն, ըստ սրբին տեսիլքով հայտնված Աստվածամոր ցանկության, կոչվում է «Օգնական Աստվածամայր» անվամբ: Աստվածամոր հրաշքներն ու ծերի խոնարհությունը նվիրաբերվելու փափագով նոր աղջիկների էլ են վանք բերում: Միանձնուհիների թիվը հասնում է 88-ի, և առաջին վանամայր է նշանակվում Եվպրաքսիա միանձնուհին († 1956):

Օգնական Աստվածամոր վանքը մխիթարություն է դառնում բոլոր նրանց համար, ովքեր տառապում էին նյարդային հիվանդություններից, վհատությունից, մելամաղձոտությունից:

Վանքում հաստատվելուց հետո էլ Սուրբը շարունակում է իր անմնացորդ ծառայությունը` բժշկելով բազում հիվանդների ու տառապյալների: Ըստ միանձնուհիների և բազում հավատացյալների վկայությունների, սբ. Անթիմոսն աստվածային շնորհով հրաշագործում է կենդանության իսկ օրոք:

Մի անգամ, գտնվելով Վանքի սեղանատանը, նա հապշտապ վեր է կենում և սարսափահար դուրս վազում ու բանվորներին, որ դինամիտով սարն էին հարթում, ուժով բղավում.

-Պանդելի՛ս[4], այդտեղից անմիջապես հեռացե՛ք:

Բանվորները զարմացած հեռանում են, և քիչ հետո սարը, որ մի քանի քայլ էր միայն նրանցից առաջ գտնվում, պայթում ու փլվում է: Նրանք սարսափահար սրբի ոտքերն են ընկնում` շնորհակալություն հայտնելով իրենց փրկության համար:

Այլ անգամ, մինչ Սուրբն իր մահճակալին նստած քնում է, մի Հրեշտակի է տեսնում, որն իրեն ասում է.

-Անթիմո՛ս, ի՛նձ հետևիր…

Սուրբն աչքերը բացելով` նայում է Հրեշտակին, և իր ներսից սպիտակ ստվերի նման մի բան է դուրս գալիս ու նրան հետևում:

Քիչ անց միանձնուհիները նրան են դիպչում, որպեսզի սեղանատան համար տեղեկացնեն, սակայն նա տեղից չի շարժվում, կարծես, բացակա լիներ… Մեկ ժամից ուշքի է գալիս ու մրմնջում.

-Փա՜ռք քեզ, Աստված: Իմ Աստվածամայրը նրանց փրկե՜ց:

Միանձնուհիները նրան հարցնում են, թե ինչ է պատահել, սակայն խուսափում է ավելին ասելուց:

Մեկ ամիս անց մի երիտասարդ նավապետ է վանք գալիս ու հուզված Սրբի ոտքերն ընկնում` ասելով.

-Մեր Սու՜րբ Ծեր, շնորհակա՜լ ենք քեզանից, որ մեզ փրկեցիր:

Սուրբը պատասխանում է, որ ինքը չէր փրկողը, այլ Աստվածամայրը:

Վանամոր հորդորներից հետո նավապետը պատմում է, որ օվկիանոսում ճամփորդելիս` ընկնում են մի սարսափելի մրրկահողմի մեջ, որտեղից անհնար էր դուրս գալը: Հույսները կտրած` ալիքների ու սարսափելի քամու հետ էին կռվում: Այդժամ նա հուսահատված` մշտապես իր հետ եղող Ծերի մի պատկեր է գրպանից հանում ու գոչում.

 -Սու՛րբ Անթիմոս, փրկի՛ր մեզ:

Այդ պահին նա անմիջապես Ծեր Անթիմոսին է նավի վրա տեսնում, ով իրեն է ձայնում.

-Տղա՛ս, մի՛ վախեցիր:

Եվ Ծերը նավը վերցնելով՝ մրրկահողմից մոտ մեկ մղոն հեռու է նետում:

Այդպես փրկվում են…

Ամեն օր նրա խցից 60-70 հիվանդ էր անցնում, որոնց միշտ մխիթարում էր ու հուսադրում: Կարիքավոր հիվանդներին իր պատրաստած քսուքներից էր նաև տալիս, իսկ դիվահարների ու հոգեկան հիվանդների վրա դիվահալածության կարգն էր կատարում:

Վանքի դռները բաց էին բոլորի համար` քրիստոնյաների, թուրքերի և հրեաների:

Սուրբը ննջում է 91 տարեկան հասակում: 1960թ. հունվարի 27-ին իր վերջին սբ. Պատարագն է մատուցում ու փետրվարի 15-ին խաղաղությամբ ի Տեր ննջում: Նրա վերջին խոսքերն էին. «Ողջ Քիոսը թող իմ օրհնությունը ունենա, իմ խոնարհ օրհնությունը: Եթե որևէ մեկին վշտացրել եմ, ներողություն եմ խնդրում: Բոլորիդ խնդրում եմ` աղոթեք իմ մեղավոր կյանքի համար»: Միանձնուհիներին և բոլոր ուխտավորներին ջերմորեն խնդրում է, որ իր Վանքը սիրեն ու պահպանեն:

Սրբի միջնորդությամբ ու բարեխոսությամբ շարունակաբար կատարվող հրաշքները 1992թ. Ուղղափառ Եկեղեցուն  առաջնորդում են նրա պաշտոնական սրբադասմանը:

Սբ. Անթիմոսի բարեխոսությանն են դիմում հատկապես չբեր կանայք:

Քրիստո՛ս Աստված, սրբիդ բարեխոսությամբ, ողորմի՜ր և փրկի՜ր մեզ. ամեն:

xios

     (Սբ. Անթիմոսի հիմնած «Օգնական Ասվածամայր» վանքը)

 

Պատրաստեց՝ հայր Հերոնիմոս Մայիլյանը:

 

[1]Սուրբն այդպես էր կոչել սրբապատկերը:

[2] Սրբի վարքը կարելի է ընթերցել սույն կայքէջի «Վարք Սրբոց» բաժնից:

[3]Բորոտությունը մինչև 1940-ական թթ. վերջ անբուժելի և վարակիչ հիվանդություն էր համարվում: Այդ իսկ պատճառով բորոտությամբ տառապողներին բնակավայրերից դուրս էին հանում: Քիոսի այս հաստատությունը գործում էր 14-րդ դ.-ից: Այն փակվում է 1950թ., երբ մի քանի հիվանդների վերջնականապես տեղափոխում են Աթենքի սբ. Վարվառայի հիվանդանոց:

[4] Անձնանուն:

Սբ. Անթիմոս Քիոսացի

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com