/ Վարք Սրբոց / Սբ. Նիկողայոս Պլանաս (Բնության գերազանցում)

Սբ. Նիկողայոս Պլանաս (Բնության գերազանցում)

 

Սբ. Նիկողայոս Պլանաս (Բնության գերազանցում)

Մարտի 2/15

(1851-1932թթ.)

«Երանի՜ նրանց, ովքեր անբիծ ուղի են բռնել

և ընթանում են Տիրոջ օրենքով:

Երանի՜ նրանց, ովքեր հետևում են նրա պատվիրաններին,

իրենց ամբողջ սրտով փնտրում են նրան» (Սաղմ. 118. 1-2)

 

Աստվածաշունչ մատյանն ուսումնասիրելուց հետո քրիստոնյայի համար չկա ավելի ազդեցիկ օրինակ և ուսուցում, քան մի սրբի վարքն ընթերցելը: Սրբերն իրենց կյանքով Սբ. Գիրքի պարզ ու մատչելի թարգմանություններն են: Ուղղափառ Եկեղեցու պատմությունը վկայում է, որ Այն մի մեծ գործարան է, որտեղ սրբեր են «արտադրվում»: Ստորև ներկայացնում ենք մեր օրերի մեկ ուրիշ սրբի համառոտ վարքն` ի փառս Ամենասուրբ Երրորդության և ի մխիթարություն ուղղափառ քրիստոնյաների:

Սբ. Նիկողայոսը ծնվել է 1851թ., Հունաստանի Նաքսոս կղզում: Նրա ծնողները` Հովհաննես Պլանասն ու Ավգուստինա Մելիսուրգոսը, բարեպաշտ մարդիկ էին և նրան մեծացում են «Տիրոջ խրատով և ուսումով» (Եփես. 6, 4): Նիկողայոսը մանուկ հասակից իր սերն ու ձգտումն է արտահայտում սրբությունների նկատմամբ: Նա սիրում էր եկեղեցական արարողությունները և սբ. Խորանում միշտ սպասավորում էր իր քահանա պապին` Գևորգ Մելիսուրգոսին: Աստծուց ընտրված լինելով դառնալ Իր սբ. Խորհուրդների սպասավոր` մասնակցնում էր Եկեղեցու ծիսական կյանքին պահքով, աղոթքով և հսկումով:

Դեռևս մանուկ հասակից առանձնանում էր իր պարզությամբ ու գթասրտությամբ: Մոր տված հացը կիսում էր այլ երեխաների մեջ և հաճախ իր զգեստները տալիս էր աղքատ երեխաներին:

Աստված նրան մանուկ հասակից իսկ գերբնական շնորհների է արժանացնում: Ձմռան մի գիշեր, երբ նստած էին վառարանի շուրջը, Նիկողայոսը հորն ասում է.

-Հայրի՛կ, այս պահին մեր նավը խորտակվում է:

Վախեցած հայրը մորն ասում է.

-Ա՛յ կին, երեխան ի՞նչ է ասում:

Եվ, իսկապես, ճշտում են, որ այդ պահին Կոնստանդնուպոլսից դուրս իրենց նավը խորտակվել էր:

Նիկողայոսը 14 տարեկանում կորցնում է հորը: Հոր մահից հետո, 19 տարեկանում մոր և քրոջ հետ տեղափոխվում են Աթենք, որտեղ Նիկողայոսը ստաձնում է նրանց խնամքը: Ամուսնանում է, սակայն կարճ ժամանակ անց ամուրի է դառնում: Կինը վախճանվում է իրենց միակ զավակի` Յաննիսի ծննդից հետո, որին նա միայնակ է մեծացնում:

Տերը չի ուշանում նրան Իր Եկեղեցու սպասավոր կարգելու: 1879թ. հուլիսի 28-ին Պլակայի (Աթենք) սբ. Այլակերպություն եկեղեցում սարկավագ է ձեռնադրվում, իսկ հինգ տարի անց` 1884թ. մարտի 2-ին, Մոնաստիրակիի սբ. Եղիսե մարգարեի խոնարհ եկեղեցում` քահանա: Քրիստոսի սրբազան զոհասեղանին սպասավորում է շուրջ հիսուն տարի (1884-1932թթ.):

Սբ. Նիկողայոսը ճանաչվում է որպես ամենասպասավորող քահանա, աղոթքի մարդ, ում ողջ կյանքը շարունակական ընծայաբերում էր սրբազան Զոհասեղանին. առավոտից մինչև երեկո եկեղեցում էր մնում: Անարծաթասեր էր, լեցուն բարի գործերով ու ողորմությամբ: Կերակուրի համար նրան բավական էին սակավ հացն ու կանաչեղենը, որ ինքն էր հավաքում, և երբեմն քիչ կաթը, որ նրան էին տալիս իր` այն ժամանակ դեռ ամայի ծխի հովիվները: Աթենքի ժամանակակից պատմության մեջ ու նրան տեսակցած քրիստոնյաների հուշերում անմոռանալի են մնացել գիշերային հսկումները, որ կատարում էր սբ. Եղիսե մարգարեի եկեղեցում: Հիշվում են նաև երեխաների բազմաթիվ վկայությունները, երբ նրան սբ. Պատարագի մատուցման ժամանակ տեսնում էին գետնից բարձր կանգնած` ճառագելով աստվածային (անեղ) Լույս: Նրա հսկումների ժամանակ  սպասավորող հայտնի մտավորականներ ու բանաստեղծներ Ալեքսանդր Պապադիամանդիսն ու Ալեքսանդր Մորաիտիդիսը վկայակոչում են այս սուրբ քահանայի հազվադեպ անձ լինելու մասին: Պապադիամանտիսը սբ. Նիկողայոսի մասին իր հուշերում գրում է. «Քահանաներից ամենախոնարհն է և մարդկանցից ամենապարզը… արժանի է Փրկչի առաջին երանիին»[1]:

Բոլորը` պաշտոնյաներ և հասարակ մարդիկ, նրան սիրում էին: Նիկողայոս քահանան երբեք չսիրեց հարստությունն ու փողը, ընդհակառակը, ինչ-որ նրան տալիս էին, անմիջապես բաժանում էր աղքատներին: Դեռ ավելին, թոշակ էր նշանակել 11 այրիացած ընտանիքների ու որբերի համար: Տարիներ շարունակ նրանց նպաստ էր տալիս, մինչև որ երեխաները 14 տարեկան դառնային: Սուրբն օգնում էր երիտասարդ սարկավագներին ու աղքատ ուսանողներին նրանց ուսման մեջ:

Երբ ինչ-որ նոր բան էր ուզում անել, որ ազդելու էր իր շրջապատի վրա, հարցնում էր. «Ի՞նչ ես ասում, մենք էլ այդպես շարունակենք»: Հարգելով իր ենթակաների կարծիքը` չէր ջանում իրենը պարտադրել: Չէր երկմտում ներողություն խնդրել իր օգնականներից, երբ հասկանում էր, որ իր անձնական ցանկությունն ու տրամադրությունը աղոթքի ու հոգևոր պայքարի համար նրանց հոգնեցնում էր: Ասում էր. «Ուսուցանում եմ ձեզ, զավակներս, ներեցեք ինձ… մի փոքր տարօրինա՜կ եմ…»:

Նրա համբերությունն ու հանդուրժողականությունը սահման չունեին: Միքայել անունով մի օգնական ուներ, ով նրան միշտ ուղեկցում էր ու դպրություն անում, երբ ուրիշ դպիր չէր լինում: Միքայելը սիրում էր պապա Նիկոլասին, բայց միաժամանակ նրան տանջում էր իր ձայնով: Ցուրտ ու ձյուն օրերին, երբ բոլոր մեծահասակները վառարանների կողքին էին, Միքայելն, ըստ անհրաժեշտության, նրա կողքին էր` եկեղեցում: Ձեռքի ափերն էր անընդհատ շփում, որ տաքանային և պապա Նիկոլասին, որ անուններն էր հիշատակում այդ պահին, ձայնում.

-Հայդե,՜ պապա, հոգ ես տանում, որ մեռելներին դժոխքից հանես, իսկ մեզ ցրտից թաղես…

Մեկ ուրիշ անգամ ամռանը քահանան հերթական երկարատև պատարագից հետո նստում է եկեղեցուց դուրս մի աթոռի վրա ու անմիջապես քնում: Միքայելը վազելով գալիս է և, իբր թե հոգատարությունից դրդված, կոպտորեն հրում է աթոռը` բղավելով.

-Պապաաա՜,  կմրսես:

Հոգնած քահանան սարսափած վեր է թռնում: Մինչ ներկա եղողները նախատում են Միքայելին` իր վերաբերմունքի համար, պապա Նիկոլասը խոնարհաբար ասում է.

-Նրան մի՛ նախատեք… ինձ սիրում է, սակայն երես չի տալիս:

Սբ. Նիկողայոսի համար դաստիարակության միջոցը սեփական օրինակն էր ու գործնական խրատը: Իր մի հոգևոր զավակի բացատրում է, թե ինչու չպետք է զայրանա` ասելով.

-Ի՞նչ ես կարծում, ես խոսել չգիտեմ: Գիտեմ, սակայն արդյունքի մասին եմ մտածում ու այդպես լռում:

Մի անգամ կառք է նստում, որ իր եկեղեցին գնա: Ճանապարհին կառապանն սկսում է զայրանալ ձիու վրա ու հայհոյել: Քահանան անմիջապես ասում է.

-Կանգնի՛ր, կանգնի՛ր, տղաս, իջնեմ:

Միաժամանակ նրան վճարում է այնքան, որքան որ պայանավորվել էին մինչև եկեղեցի հասնելը:

-Բայց, դեռ քեզ չեմ հասցրել եկեղեցի,-ասում է կառապանը:

-Գիտեմ, տղաս, սակայն չեմ կարող կառքիդ մեջ մնալ, որովհետև հայհոյեցիր Նրան, ում ես պաշտում եմ:

Զարմացած ու զղջացած կառապանը լռում է` չիմանալով ինչ պատասխանել:

Պապիկի արարողությունները, ինչպես որ նրան իր հոգևոր զավակներն էին կանչում, եզակի էին ու անկրկնելի: Նրա պարզ խոսքն անջնջելի իր կնիքն էր թողնում ոչ միայն պարզամիտ, հաճախ անգրաճանաչ հավատացյալների վրա, այլև` մտավորականների ու գիտնականների:

«Պարզ» կոչվող  պապա Նիկոլասն ապրում էր սբ. Պատարագի ուրախության մեջ, որը մատուցում էր ամեն Աստուծո օր, ինչպես որ եկեղեցական կանոններն էին սահմանում, և այն երկարաձգում էր ժամերով, որպեսզի նրա հոգևոր հաճույքը վայելի: Սբ. Պատարագի մատուցումը նրա համար պարզ քահանայական պարտականություն չէր, այլ իր կյանքի կենտրոնն էր ու իմաստը: Պատարագը ժամերով երկարաձգվում էր նաև այն պատճառով (առավոտյան ժամերգությամբ, ժամերով հանդերձ` վեց և ավելի, իսկ հսկումների ժամանակ` մինչև տաս ժամ էր տևում), որովհետև ողջերի ու ննջեցյալների հազարավոր անուններ էր հիշատակում: Իրականում չէր ուզում երբեք ընդհատել Հաղորդության Սեղանի ուրախությունը` Քրիստոսի Մարմնի ու Արյան տեսարանը:

Երբ Աթենքի այն ժամանակվա մետրոպոլիտ Մելետիոս Մետաքսակիսը հին տոմարից նորին անցնելու հետևանքով առաջացած խնդիրների պատճառով միառժամանակ արգելում է հսկումներ կատարելը, պապա Նիկոլասը հինգ օր ու գիշեր աղոթում է Տիրոջը, մինչև որ մետրոպոլիտն իրեն բացառությամբ թույլ է տալիս հսկումներ կատարել:

Սրբի ներկայությունը մայրաքաղաքի համար պատիվ էր ու օրհնություն: Քաղաքի բոլոր բնակիչները նրան խորապես հարգում էին ու հավատում, որ խոնարհ քահանան իսկական մի սուրբ է: Ամեն անգամ, երբ հասնում էր ժողովրդով լեցուն իր եկեղեցին` պատարագելու համար, իրական տակնուվրայություն էր լինում հավատացյալների ընդունելության պատճառով: Նրանց մեծ մասը փորձում էր համբուրել նրա ձեռքը, ոմանք օրհնության համար դիպչում էին նրա մաշված փարաջային, իսկ ոմանք էլ` խոնարհվում ու համբուրում էին նրա ճերմակ գլուխը, քանի որ բավականին  կարճահասակ էր:

Սբ. Նիկողայոսն, ուր որ գնում էր պատարագելու, միշտ իր հետ էր վերցնում «պայմանագրերն ու նամակները», ինչպես ինքն էր ասում, այսինքն` հարյուրավոր թղթերն անուններով, որ մարդիկ տալիս էին իրեն՝ հիշատակելու համար: Դրանք տարիներով պահում էր ու ամեն օր հիշատակում:

Քահանան որքան խստապահանջ էր իր անձի նկատմամբ, այնքան ավելի մեղմ էր ուրիշների հանդեպ, ովքեր գալիս էին խոստովանության և նրա փորուրարի տակ թողնում իրենց մեղքերը: Աստծուց արժանացած լինելով շնորհի` տեսնում էր նրանց հոգու խորքը և հաճախ նրանց ասում իրենց ապագան: Մի անգամ մի կին իր պատրաստած առաջադրության հացն է բերում սբ. Պատարագի համար: Սուրբը դա չի ընդունում` ասելով.

-Չեմ կարող դա ընդունել, որքան ժամանակ որ առանց պսակի ես կենակցում:

Նիկողայոս քահանայի անսահման սիրո, բայց և անդուլ ճգնության ու խոնարհության համար Ամենաբարին Աստված նրան զարդարում է Իր երկնային շնորհներով` հրաշագործությամբ ու կանխատեսությամբ: Իհարկե, սուրբն ինքը չէր ընդունում, որ հրաշքներ է գործում: Սովորաբար դրանք «նշաններ» էր կոչում և ամբողջությամբ բնական համարում, մինչդեռ մեծ հոգնությամբ ջանում էր թաքցնել կանխատեսության շնորհը:     

Ապրելով այս իսկ կյանքից զատկական հաղորդակցության ու երկնային պատարագի ուրախության մեջ` Նիկողայոս քահանան 1932թ. մարտի 2-ին` 82 տարեկանում, քահանայական իր ձեռնադրության տարեդարձին խաղաղությամբ և ժպիտը դեմքին ու շուրթերին ի Տեր է ննջում: Նրա թաղումը վերածվում է համաժողովրդական տոնի: Երեք օր շարունակ հազարավոր մարդիկ Աթենքից ու Հունաստանի տարբեր ծայրերից շտապում էին Սբ. Հովհաննես Մկրտչի եկեղեցի` իրենց վերջին համբույրը տալու Քրիստոսի Եկեղեցու անխոնջ ծառային ու իրենց մխիթարող հորը, որբերի ու աղքատների պաշտպանին:

Ուղղափառ Եկեղեցին պաշտոնապես պատրիարքական և սինոդական տոմարով Նրկողայոս քահանային սրբադասել է 1992թ.:

Քրիստո՜ս Աստված, սրբիդ բարեխոսությամբ ողորմիր և փրկիր մեզ. ամեն:

Սբ. Նիկողայոս Պլանաս (Բնության գերազանցում)

(Սբ. Նիկողայոսի անուշաբույր մասունքներով մասնատուփը իր ծառայած սբ. Հովհաննես Մկրտչի (Կինիգոսի) եկեղեցում)

 

Պատրաստեց հայր Հերոնիմոս Մայիլյանը: 

 

[1]Երանի՜ հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը (Մատթ. 5. 3):

 

 

 

Սբ. Նիկողայոս Պլանաս (Բնության գերազանցում)

 

 

 

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com