/ Վարք Սրբոց / Սբ. Հուստին Խոստովանող (Պոպովիչ). Սբ. Հոգու փիլիսոփա

Սբ. Հուստին Խոստովանող (Պոպովիչ). Սբ. Հոգու փիլիսոփա

Սբ. Հուստին Խոստովանող (Պոպովիչ). Սբ. Հոգու փիլիսոփա

 

(1894-1979թթ.)

Հունիսի 14/27

Սբ. Հուստին Պոպովիչը եղել է 20-րդ դարի մեծագույն աստվածաբաններից մեկը, ճգնակյաց կերպար, Սերբիայի Ուղղափառ Եկեղեցու և, ընդհանրապես, Ուղղափառության հոգևոր հայրերից մեկը: Նրա ողջ կյանքն ու գործը Սբ. Ավետարանի ապրում էր գործնականում և Քրիստոսի անվան վկայություն, շարունակական վերահաստատում, որ մարդկության փրկությունը գտնվում է Ավետարանում, որ հենց Ինքը՝ Հիսուս Քրիստոսն է:

 

Սբ. Հուստինը ծնվել է 1894թ. Ավետման օրը (մարտի 25/ապրիլի 7), Հարավային Սերբիայի Վռանիե քաղաքում: Նրա բարեպաշտ ծնողներ Սպիրիդոնն ու Անաստասիան նրան տալիս են Բլագոյե (Ավետիս) անունը՝ ի պատիվ Աստվածամոր Ավետման տոնի: Նա սերում էր քահանայական ընտանիքից. դրա համար ազգանունը Պոպովիչ էր (հայերեն՝ Տեր-…):

Տիրոջ երկյուղով ու բարեպաշտ ձեռքերում մեծացող Բլագոյեն ականատես է լինում, թե ինչպես է իր մայրը Պցինսկիի վանքում Սբ. Պրոխորից հրաշագործությամբ բժշկվում ծանր հիվանդությունից:

Մանկուց նա սովորություն ուներ ուսումնասիրել Ավետարանը և եկեղեցական այլ գրքեր: Հատկապես նա գերվում էր Վարք Սրբոցների ու հայրաբանական գրվածքների ընթերցանությամբ: Նա Եկեղեցու Հայրերին համարում էր «ճշմարիտ իմաստուններ»:

Իր էությամբ փիլիսոփա և աստվածային ու մարդկային գիտության ծարավ մանուկ Բլագոյեն 1905թ. գրանցվում է Բելգրադի Սբ. Սավասի անունը կրող եկեղեցական դպրոցում՝ ուսուցիչ ունենալով լուսավորիչ սբ. Նիկողայոս Վելիմիրովիչին (հիշատակը՝ մարտի 5-ին): 1914թ. դպրոցն ավարտելուն պես պայթեց Առաջին Համաշխարհային պատերազմը: Այդ ժամանակ Բլագոյեն ընդգրկվում է բանակում և ծառայում որպես բուժակ: Հետևելով սերբական բանակի ճակատագրին՝ նա, որպես աքսորյալ, հայտնվեց Կերկիրայում[1]:

Այս ընթացքում Բլագոյեն զգում է վանական դառնալու կոչումը: 1916թ. հունվարի 1-ին Սկոդրայում, Բելգրադի միտրոպոլիտ Դիմիտրիոսի ձեռամբ վանական հերակտրություն է ընդունում՝ վերանվանվելով Հուստին: Այնուհետև Դիմիտրիոս միտրոպոլիտի օգնությամբ Կերկիրայից մի քանի լուսավորյալ աստվածաբանների հետ Սանկտ-Պետերաբուրգ է մեկնում՝ աստվածաբանական ուսումը շարունակելու: Սակայն շուտով Ռուսաստանում քաղաքական զարգացումների պատճառով (1917թ. բոլշևիկյան հեղափոխություն) ստիպված լքում է երկիրը և մեկնում է Օքսֆորդ:

Երկու տարի Օքսֆորդում ուսանելուց հետո դոկտորական պաշտպանության թեզ է ներկայացնում՝ «Դոստոևսկու կրոնը և փիլիսոփայությունը» թեմայով: Սակայն այս թեզը մերժվում է, քանի որ հայր Հուստինը սուր քննադատության էր արժանացնում արևմտյան քրիսոտոնեության չարափառությունները և պաշտպանում ուղղափառ Դոստոևսկուն:

1919թ. պատերազմի ավարտից հետո հայրենիք է վերադառնում և Սրեմսկի Կարլովցիում նշանակվում աստվածաբանության դասախոս: Սակայն շուտով հրաժարական է ներկայացնում և Աթենք է տեղափոխվում՝ աստվածաբանական բարձրագույն ուսումը շարունակելու համար:

1926թ. Հայրաբանության մեջ դոկտորական դիպլոմ է ստանում՝ պաշտպանելով ավարտաճառ «Գիտության ու անձի (անհատականության) խնդիրը սբ. Մակար Եգիպտացու մոտ» թեմայով:

Զուգահեռաբար սովորում և տիրապետում է հետևյալ լեզուներին՝ հին սլավոներեն, հին հունարեն, լատիներեն, ռուսերեն, նոր հունարեն, անգլերեն, գերմաներեն և ֆրանսերեն:

Այնուհետև դասախոս է աշխատում Կարլովիկիուի, Պրիզրենի և Մոնաստիրիուի եկեղեցական դպրոցներում:

1930թ. Սերբիայի Եկեղեցին նրան Իոսիֆ միտրոպոլիտի հետ Չեխոսլովակիա է ուղարկում՝ ուղղափառ համայնքներում քարոզելու: Այստեղ մեկ տարի աջակցում են Կարպաթիայի ուղղափառ սլովակների ծխական և վանական կյանքի կազմակերպմանը, նրանց լուսավորում, որ կրկին ունիայից (ունիթորություն) ուղղափառության էին վերադառնում: Այստեղ հայր Հուստինի կատարած աշխատանքը հսկայական էր: Մինչ նա Կարպաթիայում էր գտնվում, Սերբիայի Ուղղափառ Եկեղեցին նրան առաջնորդ եպիսկոկոս է ընտրում նոր հաստատված Կարպաթիայի եպիսկոպոսության, մի աստիճան, որ խոնարհությունից ելնելով՝ այդպես էլ չի ընդունում:

Գերմանական նվաճման ընթացքում նա գտնվում էր փորձության մեջ եղող Սերբիայում՝ շրջելով տարբեր վանքերում: Զուգահեռ դասախոս էր նշանակվել Բելգրադի համալսարանում: Սակայն 1945թ. համայնավարական իշխանության հաստատվելով՝ սկսում են Եկեղեցու դեմ հալածանքները, որոնց հետևանքով Բելգրադի համալսարանից 200 դասախոս է վռնդվում, այդ թվում՝ նաև հայր Հուստինը:

Նա պատսպարվում է Հարավային Սերբիայի Պիռոտի Սուկովո վանքում: 1946թ. բանտարկվում է, ավելի ուշ դատաստանի է ենթարկվում և մահվան դատապարտվում, որպես «ժողովրդի թշնամի»: Սակայն Գաբրիել Պատրիարքի միջամտության շնորհիվ փրկվում է, որը Աուշվիցից վերադառնալով՝ պահանջում է նրան ազատ արձակել:

Սակայն հայր Հուստինն ամեն տեղից հալածվելով՝ առանց թոշակի ու զրկված տարրական կրոնական ու քաղաքական իրավունքներից, ապաստան է գտնում, որպես խոստովանահայր, Ցելիեի Սբ. Հրեշտակապետաց կանանց վանքում (Հարավային Սերբիա):

Օրվա քաղաքան իշխանությունները, բնականաբար, վանքում էլ նրան հանգիստ չեն թողնում, քանի որ անաստված մարքսիստները շարունակ հետևում էին նրան ու հաճախ Վալիևոյում ենթարկում ուժասպառության հասցնող դատաքննությունների: Նա գրեթե արգելափակված էր վանքում, քանի որ առանց իշխանությունների թույլտվության արգելված էր նրա՝ վանքից ելքը, հատկապես երբ Սրբազան Սինոդն էր նիստ գումարում, որպեսզի եպիսկոպոսների հետ չշփվի ու նրանց վրա ազդի:

Արգելափակված Հուստինը հակառակ արգելքներին, ուժասպառ լինելուն, երկյուղներին ու սպառնալիքներին, անընդհատ աղոթում էր և խիստ ճգնակյաց կյանք ապրում, հաղորդակցվում էր նրանց հետ, ովքեր համարձակություն ունեին իրեն այցելել, նախանձախնդրորեն շարունակում ավետարանչությունը:

Նա մշտապես կատարում էր օրվա բոլոր ժամերգությունները, ծոմ պահում յուրաքանչյուր ուրբաթ, Մեծ Պահքի առաջին շաբաթը և Մեծ (Ավագ) Շաբաթն ամբողջությամբ, ինչպես նաև եկեղեցական տոնացույցից դուրս այլ պահեցողություններ: Հավատարմորեն շարունակելով վանական բազմադարյա տիպիկոնը՝ ամեն օր Սբ. Պատարագ էր մատուցում և այդ ամենօրյա Պատարագներին հարյուրավոր անուններ հիշատակում, որ իրեն կա՛մ բանավոր էին փոխանցում, կա՛մ նամակների միջոցով:

Նրան պարտադրված արգելափակումը սակայն արգելք չհանդիսացավ, որպեսզի նա բոլորին հայտնի դառնա: Հազարավոր նամակներ էր ստանում, ինչպես նաև հազարավոր այցելուների ընդունում Սերբիայից և ողջ աշխարհից:

Երբ իր խոնարհ խցում մենակ էր մնում (28 տարի), անընդհատ գրում էր իր արժեքավոր երկերը:

Հայր Հուստինը խաղաղությամբ ի Տեր ննջեց ոչ պատահական մի օր, այլ Ավետման օրն՝ իր ծննդյան օրը, 1979թ. մարտի 25-ին, 85 տարեկան հասակում:

Երբ 2015թ. բացում են նրա գերեզմանը, որպեսզի սրբազան մասունքները դուրս բերվեն, բոլոր ներկաներն անասելի անուշահոտություն են զգում, որ նրա գերեզմանից էր դուրս գալիս: Նրա գերեզմանը՝ Ցելիեի վանքում, իր ննջման իսկ օրից ուխտավայր է դարձել բազմաթիվ բարեպաշտ ուղղափառների համար, որոնք այցելում են ողջ աշխարհից: Բավականին են նաև սրբի աղթոքներով ու բարեխոսությամբ կատարված բժշկություններն ու հրաշքները, ինչպես նրա կենդանության օրոք, այնպես էլ ննջելուց հետո: Սերբիայի Ուղղափառ Եկեղեցին 2010թ. ապրիլի 29-ին սինոդական որոշմամբ արքիմանդրիտ Հուստին Պոպովիչին սրբադասեց ՝ հիշատակի օր սահմանելով հունիսի 14-ը:

 

 

Սբ. Հուստին Պոպովիչը պատկանում է ժամանակակից Եկեղեցու քահանայական ու աստվածաբանական մեծ անհատականությունների շարքին՝ հին Եկեղեցու մեծ Հայրերին հավասար: Նրա աստվածաբանական մաքուր խոսքը հիմնված է Սբ. Գրքի ու Եկեղեցու Հայրերի վրա: Սերունդներին ժառանգություն հասած նրա բազմաթիվ խորազնին աստվածաբանական աշխատությունները հավասար են Եկեղեցու մեծ Հայրերի ժառանգությանը:

Սբ. Հուստինն «Աստվածամարդ Քրիստոսի» աստվածաբանն է, ով հրաշալի հայրաբանական ոճով, մեր ժամանակներում հիանալի ճշգրտությամբ աստվածաբանեց Հիսուս Քրիստոսով մարդկային ցեղի փրկագործությունը:

Նրա հեղինակած մենագրությունների, թեզերի, բազմահատորյա աշխատությունների, նամակների և այլ գրվածքների կենտրոնական առաձնահատկությունները երկուսն են.

Առաջին. նրա սերն «Աստվածամարդ Քրիստոսի» նկատմամբ: Այս արտահայտությունը, գուցե, ամենահաճախ օգտագործվողն է նրա երկերում: Աստվածորդու շուրջ է պտտվում ամեն բան, Նրանից են բխում ամեն ինչ ու Նրան են հանգում՝ ներքնապես ու վախճանապես:

Երկրորդ. հավասարապես կարևոր նրա հոգածությունն է, որպեսզի չսայթաքի Ուղղափառ Արևելքի աստվածակիր Հայրերի անշեղ ուղղուց: Սիրով առլեցուն հայր Հուստինը, միաժամանակ և անդադար, աննահանջ աստվածաբան է հավատքին վերաբերող հարցերում և նախանձախնդիր եկեղեցական կարգուկանոնի:

Արդեն իսկ 1932-35թթ. հեղինակել է «Ճշմարտության ուղղափառ փիլիսոփայությունը» երկհատորյակը՝ հայտնի որպես նրա Դոգմատիական (Վարդապետական Աստվածաբանություն):

Այս աշխատության երրորդ հատորը հրապարակեց իր ննջելուց քիչ առաջ, 1978թ.: Ժամանակակից բազմաթիվ հետազոտողների կողմից այս եռահատոր ծավալուն երկը համարվում է որպես ուղղափառ դավանաբանության ամենաամբողջական աշխատությունը:

Նրա կոթողային մյուս աշխատություններն են 12 հատոր Վարք Սրբոցը և Նոր Կտակարանի յոթհատորյա մեկնությունը: Նրա աշխատություններն ընդհանուր թվով կազմում են 40 հատոր՝ չհաշված դեռ չհրատարակված ձեռագրերն ու ձայնագրված քարոզները, զրույցները և այլն, թվով գրեթե 10 հատոր:

Սբ. Հուստինը հետևողականորեն կշտամբում էր հերետիկոսությունը: Նա աստվածաբանական հստակ խոսքով ապացուցեց պապականության (հռոմեակաթոլիկության) ու բողոքականության հերետիկոսությունները, որպես բացարձակ այլասերում փրկարար ուղղափառությունից:

Նա նշում է. «Ուղղափառությունը գրադարան չէ, որ կարող ես ուսումնասիրել, այլ կենսակերպ է, որ կոչված ես ապրելու»:

«Ուղղափառությունը, նախ կենսակերպ է, հատկապես սուրբ կենսակերպ, հետո ուսուցում է, հատկապես կյանքի, շնորհի ուսուցում, ինչը որ ոչինչ չունի սխոլաստիցիզմի մահացածությունից ու բողոքականության օրթոլիգիզմից: Ուղղափառությունն ունի իր մանկավարժությունն ու մեթոդաբանությունը՝ Սրբերի Վարքերը»:

Նա հատկապես պարսավում էր ժամանակակից էկումենիզմը՝ բնութագրելով այն որպես «հերետիկոսագլուխ»:

Սբ. Հուստինն էլ իր հերթին մեծ վկայություն է, որ Ուղղափառ Եկեղեցում սրբերի ներկայությունը շարունակական է, անընդհատ, մինչև մեր օրերը:

Սուրբդ Աստուծո, բարոխոսիր մեզ համար:

 

 

[1] Հունաստանի մեծագույն կղզիներից մեկը: Գտնվում է հյուսիս-արևմուտքում, Իոնական ծովում:

 

 

www.orthodoxkyanq.org

 

Սբ. Հուստին Խոստովանող (Պոպովիչ). Սբ. Հոգու փիլիսոփա

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com