/ Մեր մասին

Մեր մասին

    «Ես եմ Ճանապարհը և Ճշմարտությունը և Կյանքը» (Հովհ. 14, 6), – ասում է մեր Տեր Հիսուս Քրիստոսը:

    Իսկ դեպի Տեր Հիսուս Քրիստոս մեզ ո՞վ պետք է առաջնորդի:

    Ճշմարիտ Աստվածճանաչողությունը հնարավոր է միմիայն Մեկ, Սուրբ, Ընդհանրական և Առաքելական Եկեղեցում, որտեղ Հոգեգալստյամբ նրա հիմնադրվելու առաջին իսկ օրվանից Սուրբ Հոգին է ներգործում: Ճշմարիտ Աստվածգիտությունն անհնարին է առանց Սբ. Գրքի` Աստվածաշունչ մատյանի ուղղափառ ընկալման, ինչը ևս միմիայն Եկեղեցու մեջ է հնարավոր:

    Աստվածաշունչը Եկեղեցու ծոցից է ծնվել, հետևաբար միայն Եկեղեցին կարող է ուղղադավանորեն այն մեկնել: Իսկ Սրբազան Ավանդությունն ընդգրկում է բոլոր այն գրավոր և բանավոր հուշարձանները, որոնք բյուրեղացնում են հավատքի ճշմարտությունները և նպաստում հոգևոր անվտանգության պահպանմանը: Դրանք են Եկեղեցու Հայրերի գրվածքները, առաքելական, տեղական և Տիեզերական ժողովների որոշումները, բոլոր ժամանակների սրբերի և սրբակենցաղ անձանց վարքերը, խրատները ևն:

    Քրիստոսի Եկեղեցի, Սբ. Գիրք, Սրբազան Ավանդություն` ահա Աստվածհայտնություն եռահարկ տաճարը:

    Առանց Եկեղեցու ոչ միայն անհնարին է Սբ. Գրքի ճիշտ ընկալումը, այլև` հոգու անվտանգությունն ու ապահովությունը: Եկեղեցուց դուրս տարակուսելի է փրկության հնարավորությունը:

    Ամենասուրբ Երրորդության` Հոր, Որդու և Սուրբ Հոգու անվամբ եռակի ընկղմամբ մկրտվելուց հետո յուրաքանչյուր չափահաս քրիստոնյա Երկնքի արքայությունը ժառանգելու համար երեք փուլ պետք է անցնի.

    Ա. Հոգևոր պայքարի` աղոթքի, պահեցողության, ապաշխարության և Սուրբ Հաղորդության, Եկեղեցու սրբարար Խորհուրդների միջոցով կրքերից ազատագրում:

    Բ. Լուսավորում, այսինքն` աստվածային անեղ լոյսի և Շնորհի ընդունում:

    Գ. Աստվածացում` Աստուծո հետ միություն և Նրա հարատև ներկայություն վայելում, քանզի «Աստված մարդացավ, որպեսզի մարդն աստվածանա» (Սբ. Աթանաս Մեծ):

    Ուղղափառ, այսինքն` Ուղղադավան Եկեղեցին առ Աստված տանող փրկարար տապանն է, արքայական ու անշեղ ճանապարհը: Եկեղեցու գիտակից անդամ դառնալով` յուրաքանչյուր ոք կարող է Սբ. Հոգու Շնորհով ու իր հավատքի գործերով, այսինքն` ապաշխարությամբ և պատվիրանապահությամբ խաղաղ նավահանգիստ` Երկնքի Արքայություն հասնել:

    Ուղղափառություն, այսինքն` ուղիղ դավանանք և ուղղագործություն, այսինքն` կյանք ըստ Աստուծո պատվիրանների` ահա մարդկային հոգու երկու թևերը, որոնցով նա առ Աստված է ճախրում. «Մենք ջանում ենք առողջ դոգմաները մեր հոգիների մեջ շտեմարանել, բայց դրանց հետ մեկտեղ վարքի ուղղությունն էլ թող երևա, որպեսզի և՛ վարքը դոգմաների մասին վկայի, և՛ դոգմաները վարքն առավել արժանահավատ դարձնեն: Քանզի օգուտ չկա թե այն դեպքում, երբ ուղիղ դոգմաներ ունենալով` վարքի համար հոգ չենք տանում, և թե` երբ վարքն ունենալով` ուղիղ դոգմաների համար չենք հոգում…»
(Սբ. Հովհան Ոսկեբերան):

    Սույն կայքէջը նպատակ ունի ճշմարիտ ճանապարհը փնտրող ամեն մի անհատի աջակցել օգտակար և անհրաժեշտ հոգևոր տեղեկատվությամբ.

    –Սբ. Գրքի մեկնութամբ` ներկայացնելով և ուղիղ կերպով` Եկեղեցու սբ. Հայրերի հոգեշունչ ժառանգության հիման վրա բացատրելով Աստվածաշունչ Մատյանը` որպես գրավոր խոսք Աստուծո Հայտնության մասին:

    -Ուղղափառ Քրիստոնեականով (Կատեխեսիս), որի նպատակն է հավատքի հիմնական ճշմարտությունների` դոգմաների ներկայացումն ու մեկնությունը «Հավատո հանգանակի» լույսի ներքո:

    -Ուղղափառ Եկեղեցու ծիսական-պաշտամունքային կյանքի` սրբազան Խորհուրդների, ժամերգությունների ու արարողությունների ներկայացմամբ:

    -Հոգևոր աջակցություն հատկապես երիտասադներին և ընտանիքին, որը տան «փոքրիկ Եկեղեցին» է:

    -Աստծուն բարեհաճած սուրբ անձանց վարքերի ներկայացումը` որպես կենդանի օրինակ և տիպար առ Քրիստոս ընթանալու ճանապարհին:

    -Մերօրյա հոգեկիր և աստվածախոս Հայրերի` ծերերի կյանքը և հոգեշահ խրատները թարգմանելով ու հայ ընթերցողին հասանելի դարձնելով:

    Ձեզ հետաքրքրող հարցերով կարող եք դիմել contact@orthodoxkyanq.org էլ. հասցեին:

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com