/ Խրատանի Սրբոց / Սբ. Նեկտարիոս Պենդապոլսեցի

Սբ. Նեկտարիոս Պենդապոլսեցի

Սբ. Նեկտարիոս Պենդապոլսեցի

(1846-1920 թթ.)

ԽՐԱՏՆԵՐ

ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Որքա՜ն են սխալվում այն մարդիկ, ովքեր երջանկությունն իրենց անձից դուրս են փնտրում` օտար երկրներում ու ճամփորդություններում, հարստության ու փառքի մեջ, մեծ ունեցվածքի ու վայելքների մեջ, հաճույքների ու այն բոլոր ճոխությունների և ունայնությունների մեջ, որոնց վերջը դառնությունն է:  Մեր սրտից դուրս երջանկության աշտարակի շինարարությունը նման է մի շենքի կառուցմանն այնտեղ, որտեղ շարունակական երկրաշարժներից գետինը երերվում է. նման կառույցը շուտով գետին կտապալվի:

Եղբայրնե՛ր, երջանկությունը հենց մեր անձի մեջ է, և երանելի է այն մարդը, ով դա հասկացել է: Քննեցե՛ք ձեր սիրտը և տեսե՛ք նրա հոգևոր վիճակը: Միգուցե առ Աստված իր համարձակությունը կորցրե՞լ է: Միգուցե խիղճը բողոքու՞մ է` Աստուծո պատվիրանները խախտելու համար: Միգուցե ձեզ դատապարտու՞մ է անիրավությունների, ստի, Աստուծո ու մերձավորի հանդեպ պարտավորույթուններն անհոգության մատնելու համար: Քննեցե՛ք. միգուցե չարությունն ու կրքե՞րն են ձեր սիրտը լցրել, միգուցե այն սայթաքե՞լ է շեղ ու դժվարանցանելի ճանապարհներին:

Ավա՜ղ, նա, ով իր սրտի համար հոգ չի տանում, բոլոր բարիքներից զրկվել ու չարյաց բազմության մեջ է ընկել: Ուրախությունը վտարել է և դառնությամբ, վշտով ու նեղությամբ է լցվել: Նա վտարել է խաղաղությունը և սթրես, խռովք ու վախ է ձեռք բերել: Վտարել է սերը և ատելություն է ձեռք բերել: Ի վերջո, Մկրտությամբ ստացած Սբ. Հոգու բոլոր շնորհներն ու պտուղներն է վտարել և հարազատացել է այն բոլոր չարիքներին, որոնք մարդուն ողորմելի ու երիցս թշվառ են դարձնում:

ՍԻՐՈ ՎՏԱՆԳՆԵՐԸ

Սիրո հետամու՛տ եղեք, ամեն օր Աստծուց սեր խնդրեք: Սիրո հետ է գալիս նաև բոլոր բարիքների և առաքինությունների ողջ բույլը: Սիրեցե՛ք, որպեսզի ուրիշներն էլ ձեզ սիրեն: Ձեր ողջ սիրտն Աստծուն տվեք, որպեսզի սիրո մեջ մնաք. «Ով սիրո մեջ է ապրում, բնակվում է Աստուծո մեջ, և Աստված բնակվում է նրա մեջ» (Ա Հովհ.4,16):

Ձեր միջև եղած կապերի մեջ մեծ ուշադրություն պիտի ունենաք և որպես նվիրական անձանց, որպես Աստուծո սրբապատկերների` միմյանց հարգեք: Երբեք մի՛ նայեք մարդու մարմնին կամ գեղեցկությանը, այլ` հոգուն: Սիրո զգացմունքին ուշադի՛ր եղեք, որովհետև երբ ձեր սիրտը մաքուր աղոթքով չի ջերմանում, սերը վտանգվում է` մարմնավոր ու անբնական դառնալու: Վտանգ կա, որ սերը մարդու միտքը կխավարեցնի և սիրտը կվառի:

Ամեն օր պետք է քննենք. միգուցե մեր սերը չի՞ բխում առ Քրիստոս մեր ընդհանուր սիրո կապից, միգուցե այն չի՞ բխում առ Տերը մեր սիրո լրումից: Ով զգոն է` սերը սուրբ պահելու համար, նա իրեն կպահի չարի որոգայթներից, ով ջանում է քրիստոնեական սերը կամաց-կամաց հասարակ ու զգացամունքային դարձնել:

ՀՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Մեծամտությունը սատանայական հպարտություն է, որն ուրանում է Աստծուն և հայհոյում է Սբ. Հոգուն, ուստի և հույժ դժվար է բժշկվում: Դա մի խորին խավար է. նա չի թողնում, որ հոգու աչքերը տեսնեն առ Աստված առաջնորդող հոգու միջի լույսը, խոնարհությունը, բարու փափագը:

Սակայն սրտի հպարտությունը սատանայական գոռոզության ծնունդ չէ, այլ առաջանում է տարբեր վիճակներից ու դեպքերից` հարստությունից, փառքից ու պատիվներից, հոգևոր կամ մարմնական շնորհներց (խելացիություն, գեղեցկություն, ուժեղություն, արհեստավարժություն ևն): Այս ամենը բարձրացնում է անմիտ մարդկանց մտքերը, ովքեր այդպիսով ունայնամիտ են դառնում, սակայն անաստված չեն: Այսպիսիներին Աստված հաճախ ողորմում է, խրատում ու խելքի է բերում: Այս մարդկանց սիրտը բեկվում է, փառք և ունայնություն փնտրելուց դադարում է, և այդպես նրանք բժշկվում են:

Ձեր հոգևոր աշխատանքը ձեր սրտի քննումը թող լինի. միգուցե այնտեղ թունավոր օձի պես բույն է դրել հպարտությու՞նը` այն կիրքը, որ բազում չարիքներ է ծնում, որ բոլոր առաքինությունները մեռցնում է, որ ամեն բան թունավորում է: Ձեր ամբողջ ուշադրությունը սատանայական չարիքին պիտի դառնա, դրա քննումը զօր ու գիշեր ձեր գործը պիտի լինի:

Կարծում եմ, ճիշտ կլինի, եթե ասեմ, որ ձեր ողջ հոգևոր հոգսը հպարտությունն ու դրա զավակները գտնելն ու ոչնչացնելը պիտի լինի. եթե դրանցից ձերբազատվենք ու մեր սրտի գահին խոնարհությունը բազմեցնենք, ապա ամեն բան ունենք, քանզի այնտեղ, որտեղ ի Քրիստոս ճշմարիտ խոնարհությունը կա, այնտեղ են համախմբված և մյուս բոլոր առաքինությունները, որոնք մեզ առ Աստված են բարձրացնում:

ԱՂՈԹՔԻ ԳԱՂՏՆԻՔԸ

Ձեր բոլոր հոգսերը Աստծուն հանձնեք, Նա ձեզ համար նախախնամում է: Փոքրոգի մի՛ եղեք, և մի՛ խռովվեք: Նա, Ով քննում է մարդկանց հոգիների ծածուկ խորքերը, ձեր իղձերն էլ գիտե և ի զորու է` դրանք ի կատար ածելու այնպես, ինչպես որ Ինքը գիտե: Դուք խնդրե՛ք Աստծուց և ձեր համարձակությունը մի՛ կորցրեք: Մի՛ կարծեք, թե քանի որ ձեր փափաքը սուրբ է, ապա իրավունք ունեք բողոքելու առ այն, որ ձեր աղոթքները չեն լսվում: Աստված ձեր իղձերն ի կատար է ածում այնպես, ինչպես որ դուք չգիտեք: Ուրեմն, խաղաղվե՛ք և կանչե՛ք Աստծուն:

Լոկ աղոթքներն ու աղաչանքները չէ, որ մեզ կատարելության են առաջնորդում: Կատարելության առաջնորդողը Տերն է, որ գալիս բնակվում է մեր մեջ, երբ մենք Նրա պատվիրաններն ենք կատարում: Եվ նրա ամենաառաջին պատվիրաններից մեկն այն է, որ մեր կյանքում ոչ թե մեր, այլ Աստուծո կամքը լինի, և լինի այն ճշգրտությամբ, ինչպես որ երկնքում հրեշտակների կողմից է լինում, որպեսզի մենք էլ կարողանանք ասել. «Տե՛ր, ո՛չ ինչպես ես, այլ ինչպես որ Դու ես կամենում. «Եղիցին կամք քո որպես յերկինս` եւ յերկրի»: Արդ եթե Քրիստոսը մեր մեջ չէ, ապա աղոթքներն ու աղաչանքները պատրանքի են առաջնորդում:

Թարգմանությունը հունարենից` Գ. Ղազարյանի

Աղբյուր.

Αγίου Νεκταρίου Πενταπόλεως Διδαχές. Φωνή των Πατέρων 21, εκδ. Ι. Μ. Παρακλήτου Ωρωπός Αττικής 2010.

Սբ. Նեկտարիոս Պենդապոլսեցի

 

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com