/ Վարք Սրբոց / Սուրբ Հովսեփ Լռակյաց և Քարանձավաբնակ

Սուրբ Հովսեփ Լռակյաց և Քարանձավաբնակ

Ծեր Հովսեփ Իսիխաստ և Քարանձավաբնակ

 

(1897-1959թթ.)

Օգոստոսի 16/29

Ուղղափառ Եկեղեցին այսօր՝ օգոստոսի 16-ին, վկայակոչում է սբ. Հովսեփ Լռակյացի տոնը:

Սբ. Հովսեփ Իսիխաստը[1] և Քարանձավաբնակը 20-րդ դարի ուղղափառ վանականության ամենակարկառուն դեմքերից է։ Ծնվել է 1897թ. Պարոս կղզու Լևկես գյուղում: Նրա ծնողներն աղքատ էին և ստիպված էին շատ աշխատել իրենց ընտանիքի գոյության համար: Հոր անունը Գևորգ էր, ով շատ վաղ է մահանում: Նրա մայրը՝ Մարիան, ողջ ընտանիքի հոգսն իր ուսերին է վերցնում: Նա օրհնյալ հոգի էր, պարզ ու առաքինի նկարագրի տեր մի անձնավորություն, ով շատ հաճախ էր Եկեղեցի գնում՝ սրբազան արարողություններին մասնակցելու, բայց նաև տաճարը մաքրելու համար:

Երբ փորք Ֆրանչիսկոսը (սա էր սբ. Հովսեփի աշխարհական անունը) գնում է վանական դառնալու, մայրը հարազատներին ասում է. «Նրա ծնվելուց գիտեի, որ վանական է դառնալու: Երբ իմ Ֆրանչիսկոսին ծննդաբերեցի և դեռ մահճակալի վրա էի՝ խանձարուրված մանուկը կողքիս, տեսա, որ տան տանիքը բացվեց ու մի թևավոր ու շատ գեղեցիկ երիտասարդ, որին հազիվ էի կարողանում տեսնել իր ուժեղ փայլի պատճառով, իջավ ու կանգնեց մանկանս կողքին և սկսեց նրա հանդերձները մի կողմ դնել, որպեսզի նրան իր հետ տանի: Երբ ես բողոքեցի, ասելով «ի՞նչ ես անում, մանկանս տանելու՞ ես», նա ասաց, որ այդ նպատակով է եկել և դա է որոշումը: Եվ որպեսզի ինձ վստահեցնի, ցույց տվեց մի նոթատետրում գրված մի հրաման, որ պետք է փոքրիկին անպայման վերցնի: Երբ հակառակվեցի, հրեշտակն ինձ տվեց խաչի նշանով մի թանկարժեք զարդ ու մանկանը վերցրեց: Այդ ժամանակից հավատում էի, որ ինչ-որ պահի Ֆրանչիսկոսը Քրիստոսին էր հետևելու»:

Ֆրանչիսկոսը մինչև իր պատանեկան տարիքը մնում է իրենց գյուղում և օգնում մորը տան տարբեր աշխատանքներում: Հետո Պիրեա է գնում, ուր աշխատում է որպես մանրավաճառ: 23 տարեկանում նրա աշխատանքի կենտրոնը Աթենքն էր. շատ աշխատասեր ու գործունյա էր, սակայն խորամանկությունից ու անիրավությունից խուսափում էր:

Այդ ժամանակ սկսում է հայրաբանական գրականություն ուսումնասիրել: Նրան շատ ոգևորում էին մեծ ճգնավորների վարքերը: Վանական դառնալու որոշումը կայացնում է այս տեսիլքից հետո. «Մի գիշեր քնիս մեջ տեսա, որ անցնում էի պալատների մոտից ու անմիջապես արքունական պահակազորի երկու սպա ինձ վերցրեցին ու պալատ բարձրացրեցին: Պատճառը չհասկացա ու դրա համար բողոքեցի: Այդժամ հարգանքով պատասխանեցին, որ չվախենամ, այլ բարձրանամ, որովհետև Թագավորի կամքն է: Բարձրացանք մի շատ հիաշքանչ ապարանք, երկրային ամեն բանից բարձր: Ինձ հագցրեցին ճեփ-ճերմակ ու թանկարժեք մի զգեստ ու ասացին. «Այսուհետ այստե՛ղ կծառայես»: Այնուհետև ինձ տարան, որ Թագավորին խոնարհվեմ: Անմիջապես արթնացա ու այն ամենը, ինչ տեսա ու լսեցի, այնքան զորավոր դաջվեցին մեջս, որ չէի կարողանում անել կամ մտածել ուրիշ բան: Դադարեցրեցի աշխատանքներս ու մտածմունքով մնացի: Ներսս կենդանի լսում էի, որ շարունակ կրկնվում էր այն պատվիրանը՝ «այսուհետ այստե՛ղ կծառայես»: Իմ ամբողջ վիճակը՝ ներքուստ ու արտաքուստ, փոխվեց»:

Եվ այսպես Ֆրանչիսկոսը որոշում է կայացնում ու Աթոս գնում: Առաջին կանգառը Կատունակիան էր: Այստեղ այն ժամանակ ապրում էր ծեր Դանիելը՝ Դանիելյանների եղբայրության (միաբանության) հիմնադիրը: Այս բարեպաշտ ու խոհեմ ծերից Ֆրանչիսկոսը մեծ օգնություն է ստանում: Սակայն նրա մոտ չի մնում, որովհետև սիրում էր ավելի խիստ, իսիխաստիկ (լռակյաց) կյանքը:

Արդեն իսկ 24 տարեկանում, մոտավորապես 1921թ., Ֆրանչիսկոսն արժանանում է մեծ շնորհի՝ աստվածային միջամտությունից հետո նրան տրվում է անդադար աղոթքի շնորհը:

Աթոսի գագաթին Փրկչի Այլակերպության մի տոնախմբության ժամանակ ճանաչում է ծեր Արսենին: Այդ ժամանակվանից հայր Արսենը դառնում է նրա մշտական ճգնակից ընկերը ու այլևս երբեք չեն բաժանվում: Երկուսով միասին գնում են խորհուրդ հարցնելու իմաստուն ծեր Դանիելից, թե որտեղի՞ց և ինչպե՞ս սկսեն հոգևոր պայքարն՝ առանց մոլորության վտանգի: Ծերը նրանց մատնաշում է, որ չսկսեն այդ պայքարը, քանի դեռ իրենց աշխատանքը հնազանդության օրհնությամբ չեն կնքել. «Գերոնդա ունե՞ք: Առանց Ծերի օրհնության ոչինչ չի հաջողվում»:

Այսպիսով, երկուսով միասին հնազանդության ուխտ են անում ծեր Եփրեմի մոտ, ով Կատունակիայում Աստվածամոր Ավետման խուցն ուներ: Այստեղ ծեր Եփրեմը Ֆրանչիսկոսին դարձնում է մեծ սքեմավոր վանական՝ տալով «Հովսեփ» անունը: Այնուհետև իրենց ծերի հետ սբ. Բարսեղի անապատն են գնում՝ է՛լ ավելի խիստ ճգնության համար:

Ծեր Եփրեմի ննջելուց հետո սկսում են իրենց մեծ ճգնական պայքարները: Առանց հոգ տանելու իրենց ապրուստի մասին՝ տեղից տեղ են շրջում, ապրում Աթոսի գագաթին[2] և ավելի ցածր վայրերում: Պատճառը, որ մնայուն որևէ տեղ չէին մնում, շատերին անհայտ մնալն էր: Ձմռանն իրենց խուց էին վերադառնում և մինչև Զատիկ այնտեղ հանդարտվում: Նրանց ճգնությունն էր պահքը, հսկումը և աղոթքը: Նրանց համար ամենագլխավոր աշխատանքը, սակայն, արթնությունն էր և մտքի ներփակումը սրտում:

Ծեր Հովսեփը չէր նահանջում իր պայքարի մեջ, հատկապես, Հիսուսի աղոթքի կանոնը հարատև կատարելու մեջ: Չափազանց խիստ էր իր անձի նկատմամբ. խստակրոն պահեցողության էր հետևում և ավելի շատ հսկում, որպեսզի մարմնին տիրանա ու հնազանդեցնի և կրքերը խամրեցնի: Ամեն օր ուտում էր միայն 75 գրամ պաքսիմադ, մայրամուտից երեք ժամ առաջ: Ձեռքի աշխատանք չէր անում, թեև գերազանց փայտափորագրություն գիտեր:

Այս ճգնական ծրագրի գործադրումով մարմնական կրքերի պատերազմ է սկսվում: Հայր Հովսեփը զորավոր նախանձախնդրությամբ էր դիմագրավում այդ պատերազմը՝ մարզական դիտավորության ուժգնությամբ, աստվածային ընդունելության փորձառությամբ և գործնական մեթոդներով, ինչպիսիք են երկարաձգված հսկումը, ավելի շատ ծարավելը, երկար ժամանակ ոտքի մնալը և գանահարությունը: Երբ այս պայքարում Շնորհը շատ էր ետ քաշվում, նրան օգնության էր հասնում մարդկային մխիթարությունը ճշմարիտ եղբայրների կողմից: Դա նրա համար շատ դժվար էր, որովհետև՝ հանուն հանգստության շփվելուց խուսափելը, դժկամությամբ էր ընդունվում շատերի կողմից: Նրան մոլորված էին համարում, հակակրելի, նրան հեգնում էին, ծաղրում ու խուսափում նրանից: Միակ մխիթարությունը խոստովանահայր պապա-Դանիելն էր:

Հոգևոր այս պատերազմում աստվածային Շնորհի բազմաթիվ այցելություններ էր ունենում: Մի անգամ տեսիլքի մեջ Աստվածամորն է լսում, որ հույսը պետք է Նրա վրա դնի: Ավելի ուշ իրեն հնազանդվող վանականներին ասում էր, որ «թող իր հույսն Իմ վրա դնի». Աստվածամոր հորդորն այն ժամանակից իր միակ մխիթարությունն էր:

1938թ. հայր Արսենի հետ տեղափոխվում են Փոքր Սբ. Աննայի բարձրաբերձ քարանձավներ: Այս քարանձավներից մեկում Սբ. Կարապետի անունով եկեղեցի էլ կար: Այստեղ ձևավորում են տեղանքը, մի քանի խցեր կառուցում, ընդունում վանականներ ու այս քարանձավում մնում մինչև 1947թ.: Այստեղից սկիզբ է առնում նրանց փոքր միաբանությունը:

Սբ. Կարապետի այս խոնարհ քարանձավում ճգնում և պատրաստվում են նրա հոգևոր զավակները, ովքեր հետագայում վանահայրեր դարձան այլ վանքերում: Սբ. Հովսեփի շնորհիվ Աթոս Լեռան վեց վանքեր ապրեցին հոգևոր վերածնունդ ու համալրվեցին վանականներով, ինչպես նաև բազմաթիվ կանացի վանքեր Հունաստանում:

Այս խոնարհ քարանձավից սկսեց նաև ծեր Եփրեմը, ով Կանադայում ու Ամերիկայում հիմնեց բազմաթիվ (այսօր արդեն թվով 19) հոգևոր սերմնարաններ՝ ուղղափառ վանքեր, որտեղից տարածվում է ուղղափառ հավատքը՝ Քրիստոսի լույսը, բոլոր նրանց մեջ, որ ծարավ են ճշմարիտ քրիստոնեական-ավետարանական կյանքին:

Առաքինությանը տիրանալու համար մարդը պետք է հոգնի: Սակայն, երբ այն ձեռք է բերում, նրա անուշահոտությունը չի կարողանում պահել: Ուղղափառ ճգնության ոգին կարող է աշխարհը վերափոխել ու մարդուն վերածնել, որն այսօր կորցրել է իր ճանապարհը, նպատակը ու շատ է տանջվում:

1951թ. տեղափոխվում են Նոր Անապատ (Նեա Սկիտի), Աստվածամոր Ավետման տնակ, ուր մնում են մինչև հայր Հովսեփի ննջումը, որ տեղի ունեցավ 1959թ. օգոստոսի 15/28-ին՝ Աստվածամոր Ննջման տոնին: Երկու լուրջ հիվանդություն մեկը մյուսի ետևից վերջ դրեցին նրա երկրավոր կյանքին: Վերջին օրերը շատ ցավոտ էին, քանի որ սրտի անբավարարությունը խոչընդոտում էր շնչառությանը: Վերջին 40 օրերին ոչինչ չկերավ. միայն ամեն օր Սբ. Հաղորդություն էր ընդունում:

Նրա ննջումը շատ պերճորեն է նկարագրում հայր Եփրեմ Արիզոնացին. «Աստվածամոր հանդեպ նրա սերը վեր էր բոլոր նկարագրություններից: Միայն երբ Նրա (Աստվածամոր) անունն էր արտաբերում, աչքերից արտասուք էր վազում: Աստվածամորը երկար ժամանակ էր խնդրում, որ իրեն տանի, հանգստանա: Եվ նրան Ամենատիրուհին լսեց: Նրան իր ննջումից մեկ ամիս առաջ տեղեկացրեց: Այդ ժամանակ ծերն ինձ կանչեց ու ցույց տվեց, թե ինչ պատրաստենք: Սպասում էինք: Աստվածամոր Ննջման տոնի նախօրեին՝ 1959թ. օգոստոսի 14/27-ին, Վոլոսից պրն. Սխինասը եկավ նրան տեսնելու. շատ մտերիմ էին.

-Ինչպե՞ս եք,- ասում է,- ձեր առողջությունն ինչպե՞ս է:

-Վաղը, Սոտիրիս, մեկնում եմ հավիտենական հայրենիք: Երբ զանգերի ձայնը լսես, հիշի՛ր խոսքս:

Գիշերը՝ Ննջման տոնի հսկման ժամանակ, Ծերը հայրերի հետ միասին երգում էր, որքան որ կարող էր: Սբ. Պատարագին, երբ հաղորդվեց Սրբազան Խորհուրդներով, ասաց. «Հանուն հավիտենական կյանքի»:

Օգոստոսի 15-ը լուսացավ: Ծերը նստած էր մարտիրոսական իր բազկաթոռին, մեր վանքի բակում: Սպասում էր ժամին ու պահին: Տեղեկության համար վստահ էր, որ մեր Աստվածամայրն իրեն ասել էր, սակայն տեսնելով, որ ժամն անցնում է ու արևը բարձրանում, նեղության նման ինչ-որ բան ունեցավ, կարծես, մի տագնապ ուշացման համար: Թշնամու վերջին այցելությունն էր: Կանչեց ինձ ու ասաց. «Տղա՛ս, ինչու՞ է Աստված ուշանում՝ ինձ (հոգիս) վերցնելու: Արևը բարձրանում է, իսկ ես դեռ այստեղ եմ»: Տեսնելով, որ Ծերս տխրում է ու, գրեթե, անհամբեր է, համարձակորեն ասացի նրան. «Գե՛րոնդա, մի՛ նեղվեք, հիմա մենք աղոթք կանենք ու կմեկնեք»: Նրա արցունքները կանգ առան: Հայրերից յուրաքանչյուրը բռնեց իր համրիչը ու սկսեցին զորավոր աղոթքը[3]: Քառորդ ժամ չանցած ինձ ասաց. «Հայրերին կանչի՛ր, որ խոնարհվեն, որովհետև մեկնում եմ»: Վերջին խոնարհումն արեցինք: Քիչ անց աչքերը վեր բարձրացրեց ու, համառորեն, մոտ երկու րոպե տեսնում էր: Հետո շրջվեց ու ամբողջությամբ զգաստ վիճակում ու անբացատրելի հոգևոր հիացմունքով մեզ ասաց. «Ամեն ինչ վերջացավ, մեկնում եմ, հեռանում եմ, օրհնեցե՛ք»: Եվ վերջին բառերով գլուխն աջ թեքեց, բերանն ու աչքերը հանդարտորեն երկու-երեք անգամ բացուխուփ արեց և վերջ: Հոգին ավանդեց Նրա ձեռքերում, Ում մանկուց տենչաց ու ջանաց միավորվելու Նրա հետ:

Իսկապես, սուրբ մահ: Մեզ վրա հարության զգացողություն սփռեց: Մեր առաջ մեռյալ ունեինք ու պատշաճ էր, որ սգայինք, սակայն մեր ներսում հարություն էինք ապրում: Եվ այդ զգացողությունը երբեք չհեռացավ. այն ժամանակվանից դրանով է ուղեկցվում հավիտենահիշատակ սուրբ ծերի մասին հիշողությունը»:

Նրա ուսմունքը 65 նամակների մեջ է ամփոփված, որ Ֆիլոթեի վանքն է հրատարակել: Դրանց մեջ հստակորեն երևում է, որ ծեր Հովսեփը ողջ նիպտիկ[4] ավանդության շարունակող ու արտահայտող վանականներից է:

Նրա փորձառական կենսակերպը ցույց տվեց սբ. Գրիգոր Պալամասի ողջ վարդապետության գործադրումը: Աստվածային շնորհի ալիքները ողողեցին նրա հոգին, իսկ միտքը հափշտակվում էր թեորիաների (տեսությունների) մեջ: Նա Անեղ Լույսի կրող էր և մտային աղոթքի գերազանց ուսուցիչ:

Նրա ողջ կյանքը հոգևոր մի հայսմավուրք է, որ հիշեցնում է անապատի հին ճգնավորներին: Դևերի հետ նրա պայքարի մասին այսօր ոչ ոք չի համարձակվում անգամ լսել: Քաջ պատերազմող էր կրքերի դեմ ու աներևակայելիորեն բռնանում էր իր անձին: Հոգու և մարմնի սրբություն ու մեծ մաքրություն ձեռք բերեց և միշտ՝ որպես օրինակ, Աստվածամորն ուներ: Մի նամակում գրում է. «Չեմ կարող ձեզ նկարագրել, թե մեր Աստվածամորը որքան է դուր գալիս մաքրությունն ու զգաստությունը: Քանի որ Նա ՄԻԱԿ մաքուր Կույսն է, դրա համար էլ բոլոր այդպիսիներին ուզում է ու սիրում»:

Հավիտենահիշատակ ծեր Հովսեփն անցավ մարդու հոգևոր ընթացքի բոլոր փուլերով, այսինքն՝ մաքրագործման, լուսավորության և կատարելագործման (աստվածացման): Այս բոլոր հոգեվիճակների աստվածային շնորհները ճանաչեց: Նա դարձավ փորձառու հոգևոր առաջնորդ, հոգևոր կյանքի անմոլոր ու զանազանող առաջնորդ: Դրա մասին գրում է. «Ստիպված եմ բացել ջրանցքները մարդկանց համար, քանի որ հույս կա, որ խոսքն ընդունեն մաքուր հոգիներ և ինձ էլ սիրո վարձքն օգտակար դառնա: Հետևաբար, լսե՛ք իմ խոսքերը, շնորհե՛ք ինձ ձեր ականջները…»:

Նրա կյանքն ու վարդապետությունն ուղղափառ փորձառական աստվածաբանություն է:

(Սուրբ Հովսեփ Իսիխաստի անուշաբույր գանգի մասունքը, որն այսօր գտնվում է Արիզոնայում (ԱՄՆ)՝ Սբ. Անտոն Մեծի վանքում: Վանքը հիմնվել է ծեր Եփրեմ Ֆիլոթեյացու կողմից):

 

Պատրաստեց հայր Հերոնիմոս Մայիլյանը:

 

[1] Իսիխասմոսը՝ հունարեն «ησυχασμός», Արևելյան Ուղղափառ Եկեղեցում աղոթքի միստիկ ավանդություն է: Մեր Տեր Հիսուս Քրիստոս Մատթեոսի Ավետարանում աղոթքի մասին հետևյալ պատվիրանն է տալիս. «Այլ երբ աղոթես, մտի՛ր քո սենյակը, փակի՛ր քո դռները և ծածու՛կ աղոթիր քո Հորը, և քո Հայրը, որ տեսնում է ծածուկը, քեզ կհատուցի հայտնապես» (Մատթ. 6, 6): Իսիխաստիկ ավանդությունը մի գործընթաց է դեպի ներքին գոյության ներփակում՝ միաժամանակ զգայարանների դադարումով, որպեսզի մարդը հաջողության հասնի Աստծու կենսական-փորձառական գիտության մեջ:

Պատմական տեսանկյունից հանդարտությունը (հունարեն «ησυχία») որպես եզր գտնվում է 4-րդ ու 5-րդ դարերի հայրաբանական գրվածքներում և նշանակում է Աստծուն ուղղված աղոթքի մի կերպ՝ հոգևոր ներհայեցողությամբ ու ինքնաճանաչությամբ:  Այս աղոթքն իրագործվում էր վանականների կողմից և տարածվեց կարևոր վանական կենտրոններից, օրինակ, Սինա լեռան Սբ. Կատերինե վանքից և այլն: Այսպես, «իսիխաստիս» բառը (ησυχαστής) այս ժամանակի հայրաբանական գրվածքներում հոմանիշ է անապատական վանականի հետ: Այսօր այն պայմանական մի եզր է, որ նկարագրում է ուղղափառ վանականների խոկման ու աղոթքի կերպը՝ անձի ներքին հանդարտության միջոցով:

Ավելի ուշ՝ բյուզանդական միջավայրում, այս եզրն ընդարձակվում է՝ ընդգրկելով ո՛չ միայն կոնկրետ աղոթքի կերպը, այլ նաև համապատասխան հոգևոր շարժումը, ինչը պնդում էր, որ Աստված կարող է մարդուն հայտնվել, երբ նա շարունակ Նրան փնտրում է մտքի կամ սրտի աղոթքով: Հետբյուզանդական շրջանում իսիխասմոսը վեճի առիթ դարձավ տարբեր գաղափարական հոսանքների միջև, որի արդյունքում այս եզրը գործածվում է Բյուզանդիայում 14-15-րդ դդ. կրոնական, քաղաքական և հասարակական շարժումների նկարագրության համար:

«Իսիխասմոս», «իսիխաստիս» և նույնարմատ բառերն այսօր էլ գործածվում են ուղղափառ վանականության ու վանականների մասին, որ հետևելով նախկին անապատական հայրերին՝ շարունակում են նույն հոգևոր վանական-աղոթական կյանքը:

[2] Աթոս լեռն ունի 2033 մետր բարձրություն:

[3] Աղոթք ասելով նկատի ունի Հիսուսի աղոթքը. «Տե՛ր Հիսուս Քրիստոս, ողորմյա ինձ»:

[4] Հուն. «νήφω» բայից, որ նշանակում է արթուն, զգաստ լինել. «Արթու՛ն եղեք, հսկեցե՛ք, քանի որ ձեր ոսոխը՝ սատանան, մռնչում է առյուծի պես, շրջում և փնտրում է, թե ում կուլ տա»,- ասում է Պետրոս առաքյալը (Ա Պետ. 5.8): Նշյալ իմաստով գործածվում է նաև Ա Պետ. 1.13, 4.7, Ա Թես. 5.6, 5.8, Բ Տիմ. 4.5 համարներում: Այսպիսով՝ նիպտիկ են կոչվում Եկեղեցու այն հայրերը, որոնք իրենց վարդապետության մեջ շեշտում են հարաձիգ աղոթքով, պահեցողությամբ և ճգնությամբ մտքի ու սրտի զգաստության, արթնության անհրաժեշտությունը որպես մեղքերից ազատագրվելու միջոց և Աստծո հայտնությանը հասնելու անխոտոր ճանապարհ:

 

 

Սուրբ Հովսեփ Իսիխաստ և Քարանձավաբնակ

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com