/ Վարք Սրբոց / Սբ. Կոզմաս Էտոլացի

Սբ. Կոզմաս Էտոլացի

 Սբ. Կոզմաս Էտոլացի

 

(1714-1779թթ.)

Ուղղափառ Եկեղեցին օգոստոսի 24-ին նշում է առաքելահավասար, լուսավորիչ, հրաշագործ, փառապանծ ու ժողովրդի կողմից սիրված նահատակ սբ. Կոզմաս Էտոլացու հիշատակը:

Սբ. Կոզմասը՝ հայտնի նաև Պատրոկոզմաս անվամբ, Ավետարանի լուսակիր առաքյալներից էր թուրքական ստրկության խավար տարիներին: Քրիստոսի Եկեղեցին նրա պայքարն ու նվիրումը պատվելու համար նրան կոչեց առաքելահավասար:

Սբ. Կոզմասը ծնվել է 1714թ., Հունաստանի Ապոկուռոսի շրջանի Տաքսիարխիս գյուղում: Բարեպաշտ ծնողները նրան մեծացնում են Տիրոջ խրատով և ուսմունքով: Քսան տարեկանում գնում է Աթոս լեռ, որպեսզի ուսանի Վատոպեդիի վանքի նորաբաց դպրոցում:

Սբ. Կոզմասի ավազանի անունը Կոնստանդինոս էր: Ուսումն ավարտելուց հետո Աթոս լեռան Ֆիլոթեի վանք է գնում, ուր 1759թ. վանական է դառնում, այնուհետև՝ քահանա և ստանում Կոզմաս անունը:

Սուրբն իմանալով, որ ազգը վտանգված էր թուրքական լծի տակ, չէր խաղաղվում և գիշերուզօր այրվում էր ցանկությամբ, որպեսզի դուրս գա Աթոսից ու ստրկացած հույներին գրաճանաչություն ուսուցանի ու Աստուծո խոսքը քարոզի: Սակայն իր անձը խոնարհ ու տկար էր համարում այդպիսի լուծ ստանձնելու համար: Աստվածային հայտնությամբ Կոնստանդնուպոլիս է գնում, ուր հանդիպում է իր եղբորը՝ Խրիսանթոսին, ով նաև ուսուցիչ էր: Նա Կոզմասին հռետորության դասեր է տալիս, որ հետագային նրան օգնեին քարոզչության համար: Այնուհետև Սերաֆիմ պատրիարքից թույլտվություն ստանալով՝ բառիս բուն իմաստով հերկում է ողջ Հունաստանը, ստրկացած ազգին Աստուծո խոսքը ուսուցանելով:

Այսպես, սբ. Կոզմասը, նախ, Կոնստանդնուպոլսում է քարոզում, ապա գնում Էտոլոակառնանիա[1]: Նոր արտոնություն ստանալով՝ անցնում է Հունաստանի տասներկու կղզիներով ու Սուրբ Լեռով: Այնուհետև ճամփորդում է Թեսաղոնիկե, Վերիա, անցնում ողջ Մակեդոնիայով, հասնում է Խիմարա, վերադառնում Հարավային Իպիրոս ու այստեղից Լևկադա ու Կեֆալոնիա: Գնում է նաև Զակինթոս, Կերկիրա ու կրկին Հյուսիսային Իպիրոս:

Նրա ուսմունքը շատ պարզ էր, նման այն ձկնորս առաքյալների վարդապետությանը՝ հանդարտ, հանգիստ, լի ուրախությամբ ու Սբ. Հոգու խաղաղությամբ: Ժողովրդի վրա սրբի ազդեցությունը հսկայական էր: Մարդկանց մեծ բազմություն էր հավաքվում լսելու Աստուծո շնչով տոգորված քարոզչին: Քանի որ ոչ մի եկեղեցում մարդիկ տեղ չէին անում, ստիպված նա դրսում էր քարոզում՝ մի խաչ կանգնեցնելով ու մի աթոռի վրա բարձրանալով, քանի որ կարճահասակ էր: Նրա աշակերտները քարոզների ժամանակ նշումներ էին կատարում և այդպես այսօր ունենք նրա ուսմունքը:

Այսօրվա Ալբանիայի տարածքում սրբի քարոզը բազմաթիվ պտուղներ տվեց. վայրենիներին հանդարտեցրեց, ավազակներին խաղաղեցրեց, անգութներին ու անողորմներին ողորմած դարձրեց, անհավատներին՝ հավատացյալ, անգրագետներին ու անկիրթներին ուսուցանեց աստվածային ճշմարտությունները և նրանց այնպես կրթեց, որ այնուհետ վազեն սրբազան ժամերգություններին, և բոլոր մեղավորներին պարզապես մեծ ապաշխարության ու քրիստոնեական կենցաղավարության առաջնորդեց: Այնտեղ բոլորն ասում էին, որ իրենց ժամանակ մի նոր առաքյալ հայտնվեց:

Սբ. Կոզմասի քարոզներն ուղեկցվում էին հրաշագործություններով ու մարգարեություններով, որոնք վերաբերում էին ինչպես թուրքական լծից իր ազգակիցների ազատագրմանը, այնպես էլ տարբեր անձանց, քաղաքների ու մարդկության ապագային, գիտության հայտնագործություններին և այլն: Դրանցից շատերը ճշգրտությամբ արդեն իրականացել են:

Սբ. Կոզմասն իր քարոզած յուրաքանչյուր վայրում դպրոցներ ու եկեղեցիներ էր կառուցում: Հարուստներին հորդորում էր մկրտության ավազաններ գնելու՝ քրիստոնյաների մկրտության համար, ինչպես նաև գրքեր, խաչեր ու համրիչներ, որոնք որպես օրհնություն բաժանում էր հավատացյալներին:  Մի անգամ մի գյուղի բնակիչներին ասում է. «Ձեր գյուղ եկա ու ձեզ քարոզեցի: Իրավացի է, որ ինձ իմ հոգնության համար վճարեք: Արդյոք դրամո՞վ: Ի՞նչ անեմ դրամը: Իմ վարձն այն է, որ Աստուծո խոսքը ձեր սրտերի մեջ դնեք, որպեսզի հավիտենական կյանքը շահեք»:

Սբ. Կոզմասը մեծ հարգանք էր վայելում թուրքերի կողմից: Նրանք լսում էին սրբի ուսմունքը և նվիրատվություն կատարում: Սակայն նրան մահացու կերպով հրեաներն էին ատում, որովհետև քրիստոնյաների շուկաներն ու առևտուրը կիրակիից տեղափոխեց շաբաթ օրը: Այդպես, հրեաները զրպարտում են նրան թուրքական իշխանությունների մոտ և բավական դրամով կաշառելով Վերատիայի քրուդ փաշային՝ կարողանում են հասնել նրա մահվան վճռին: Սուրբն ուրախությամբ է լսում իր մահապատժի մասին: Նրան Կալիկոնդասի գյուղում կախում են մի ծառից, այնուհետև մասունքը գցում Ափսոս գետի մեջ: Հակառակ այն բանի, որ սրբի պարանոցից քար են կապում, մասունքը չի սուզվում ջրի տակ ու լողում է: Այդպես, սրբազան մասունքը Մարկոս անունով մի քահանա է գտնում ու այն թաղում Հյուսիսային Իպիրոսի Արդոնիցայի Աստվածամոր վանքում:

Սրբի կանոնական սրբադասումը տեղի է ունեցել 1961թ. ապրիլի 20-ին, Տիեզերական Պատրիարքության կողմից: Նրա վարքն ու շարականների կանոնները գրել են սբ. Նիկոդիմոս Աթոսացին, Սափֆիրիոս Խրիստոդուլիդիսը, Թովմաս Պասխալիդիսը և աթոսական վանական Գերասիմոս Փոքրաննայեցին: Սրբի կյանքով ու գործով բազմաթիվ նոր հեղինակներ են զբաղվել: Բազմաթիվ սրբապատկերներ, պղնձափորագրություններ, յուղանկարներ ու գծանկարներ բացահայտում են այն երախտագիտությունն ու հարգանքը, որ ուղղափառ քրիստոնյաները, հատկապես, հույները տածում են Աթոս Լեռան այս պայծառ աստղի նկատմամբ:

Պատրաստեց հայր Հերոնիմոս Մայիլյանը:

 

[1] Հունաստանի ամենամեծ նահանգներից մեկը:

 

 

 

Սբ. Կոզմաս Էտոլացի

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com