/ Վարք Սրբոց / Սբ. Վլադիմիր քահանա Համբարձումով

Սբ. Վլադիմիր քահանա Համբարձումով

Սբ. Վլադիմիր քահանա Համբարձումով

Հոկտեմբեր 23/Նոյեմբեր 5

    Քրիստոսի սբ. նորավկա Վլադիմիր քահանա Համբարձումովը (Համբարձումյանը) ծնվել է 1892 թ. Ռուսաստանի Ցարիցին (Սարատով) քաղաքում:

    Նրա հայրը` Համբարձում Գևորգի Համբարձումյանը, Շամախու պատվավոր քաղաքացի էր և Ռուսաստանում խուլուհամրերի ուսուցման ու դաստիարակման գործի հիմնադիրներից մեկը, իսկ մայրը` առաքինի մի գերմանուհի:

    1890-ական թթ. վերջում Համբարձումյան ընտանիքը հաստատվում է Մոսկվայում, որտեղ Վլադիմիրը, նախնական կրթությունն ստանալով, տեղի համալսարանն է ընդունվում: 1913-1914 թթ. նա Բեռլինի պոլիտեխնիկումի ուսանող էր:

    1914 թ. հուլիսյան մի առավոտ երիտասարդն արթնանում է և անբացատրելիորեն զգում, որ ինքը Ռուսաստան պիտի վերադառնա: Հապճեպ ավարտելով գործերը` նա գրեթե վերջին գնացքով հայրենիք է վերադառնում. հաշված օրեր անց Առաջին համաշխարհային պատերազմն է սկսվում:

    Գալով Մոսկվա` Վլադիմիրը շարունակում է կրթությունը համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետում:

    Դեռ Գերմանիայում նա ծանոթացել էր Քրիստոնեական ուսանողական շարժմանը և դրա գործունյա անդամներից դարձել: Այդ կազմակերպությունը միավորում էր ուսանողների` նպատակ ունենալով Աստուծո խոսքի սերտումն ու տարածումը երիտասարդության մեջ: Այսուհետ հենց այս գործունեությունն էր դառնալու Աստծուն փափագող Վլադիմիրի կյանքի ուղենիշը:

    1920-ական թթ. Քրիստոնեական ուսանողական շարժումը մեծ թափ է ստանում ողջ Ռուսաստանում: Կազմակերպվում են ժողովներ, հավաքներ, Ավետարանի հանրային սերտողություններ: Շարժման ղեկավար մարմինն է դառնում Քրիստոնյա ուսանողական խմբակների կենտրոնական կոմիտեն, որի նախագահ է ընտրվում Վլադիմիրը:

    Ապագա մարտիրոսի կյանքը սակայն սկսում են այցելել Տիրոջ ծառաներին խոստացված վշտերն ու նեղությունները, որոնցից է հյուսվում Քրիստոսի հավատարիմ աշակերտների պսակը. 1921 թ. մահանում է Վլադիմիրի երկրորդ որդին` երկամյա Վիկտորը, իսկ 1923 թ. սննդային թունավորումից վախճանվում է նրա կինը` Վալենտինան: Կողակցի կորուստը մեծ հարված էր Վլադիմիրի համար: Այնուհանդերձ, մեծ վիշտը նրան ոչ միայն չի կտրում առ Աստված սիրուց, այլև խթան է դառնում` անմնացորդ ընծայվելու Տիրոջն ու մերձավորին:

    1924 թ. Քրիստոնեական ուսանողական շարժման գործունեությունը խորհրդային իշխանությունների կողմից արգելվում է: Շարժման ղեկավարներից շատերն այդ որոշմանը հպատակվում են, բայց Վլադիմիրը կարծում էր, որ անաստված ժամանակներում Աստուծո խոսքն առավել ևս պետք է տարածել. նա ընդհատակյա գործունեության է անցնում:

    1926 թ. երեսներեքամյա Վլադիմիրը, թողնելով բողոքականությունը, Ուղղափառություն է ընդունում, իսկ 1927 թ. սարկավագ, ապա և քահանա է ձեռնադրվում հետագայում նահատակված Իժևսկի և Վոտկինսկի եպիսկոպոս սբ. Վիկտորի ձեռքով:

    Վլադիմիրի քահանա դառնալու մասին դրանից տարիներ առաջ Դիվեևոյի վանքում մարգարեացել էր երանելի Մարիամ Իվանովնան:

    1927-1931 թթ. հ. Վլադիմիրը ծառայում է մոսկովյան մի քանի եկեղեցիներում: Նա մեծ ուշադրություն էր դարձնում երիտասարդության մեջ սբ. Ավետարանի քարոզչությանը:

    1930-ական թթ. հ. Վլադիմիրը շարունակում է իր խոստովանազավակների հոգեխնամությունը, ամենամտերիմ մարդկանց տներում գաղտնաբար ծիսակատարություններ է անում և գիտահետազոտական տարբեր հաստատություններում աշխատում: Վաստակած գումարի մի մասը հ. Վլադիմիրը տալիս էր այն հոգևորականներին ու հասարակ մարկանց ընտանիքներին, ովքեր աքսորված էին կամ բանտարգելության մեջ էին մահացել: Հ. Վլադիմիրի ղեկավարությամբ նրա հոգևոր զավակները ևս նույնպիսի գործունեություն էին ծավալել:

    1937 թ. սեպտեմբերյան մի գիշեր հ. Վլադիմիրի տուն են գալիս ոստիկանները և խուզարկում այն: Հ. Վլադիմիրը ձերբակալվում է: Քրիստոսի վկային Բուտիրկա բանտում են պահում: Հարցաքննությունների ժամանակ նրանից պահանջում էին, որ Չեկային իր մտերիմ մարդկանց, հավատացյալների, հոգևոր զավակների անունները հայտնի: Տիրոջ հոտի քաջ հովիվը կտրականապես հրաժարվում է:

    1937 թ. նոյեմբերի 3-ին Վլադիմիր քահանա Համբարձումովն անաստված իշխանությունների կողմից գնդակահարության է դատապարտվում: Դատավճիռն իրագործվում է երկու օր անց մերձմոսկովյան Բուտովո հրաձգարանում: Սբ. վկայի մարմինը հազարավոր այլ մահապարտների հետ եղբայրական գերեզմանում են թաղում:

    2000 թ. օգոստոսի 20-ին Ռուս Ուղղափառ Եկեղեցու եպիսկոպոսաց ժողովի որոշմամբ ի թիվս XX դ. անհամար նորավկաների և խոստովանողների` սրբերի շարքն է դասվում նաև Վլադիմիր քահանա Համբարձումովը:

    Սբ. Վլադիմիրի շառավիղները շարունակում են իրենց նախնու գործը` Աստուծո ծառայությունը: Նրանցից շատերը եկեղեցականներ են, իսկ թոռնուհին Մոսկվայի սբ. Աստվածածնի Հղություն կուսանոցի վանամայրն է:

Նյութը պատրաստվեց ըստ հետևյալ հրատարակության.

Սբ. Վլադիմիր քահանա Համբարձումով, Ե., «Տիգրան Մեծ», 2012:

Սբ. Վլադիմիր քահանա Համբարձումով

© www.orthodoxkyanq.org

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com