/ Վարք Սրբոց / Սբ. Հակոբոս Ցալիկիս

Սբ. Հակոբոս Ցալիկիս

Սբ. Հակոբոս Ցալիկիս

 

Նոյեմբերի 22/դեկտեմբերի 5

(1920-1991թթ.)

Սբ. Հակոբոսը 20-րդ դարի ուղղափառ վանականության ամենանշանավոր դեմքերից է: Սրբերի ներկայությունն աշխարհում վկայություն է այն բանի, որ Աստված չի լքել իր ժողովրդին, այլ Իր աստվածազգյաց ընտրյալների միջոցով օգնում է նրան: Տիրոջ այդ ընտրյալներից մեկն էլ բացառիկ շնորհներով օժտված ծեր Հակոբոսն էր, Հունաստանի Էվիա կղզու Սբ. Դավիթ վանքի վանահայրը: Նա իր կյանքով ու վարքով, բազմաթիվ հրաշքներով այսօր արդեն շատ հայտնի է ոչ միայն Հունաստանում, այլև ողջ ուղղափառ աշխարհում:

….

Սբ. Հոկոբոսը ծնվել է 1920թ., Փոքր Ասիայի Լիվիս գյուղում, բարեպաշտ ծնողներից: Նա մանկուց ճաշակում է գաղթականության դառը պտուղները դրա բոլոր հետևանքներով՝ աղքատություն, զրկանքներ, հոգնություններ, վշտեր ու տառապանքներ: Սակայն մեծանալով բարեպաշտ ընտանեկան միջավայրում՝ Հակոբոսը հատուկ սեր և նախանձախնդրություն էր տածում Քրիստոս Տիրոջ նկատմամբ: Նա մանկուց էր ճգնավորական կենցաղավարությամբ ապրում՝ աղոթում, պահք պահում և այլն: Օգնում էր իր աղքատ ծնողներին, որոնց նկատմամբ լցված էր մեծ սիրով, հարգանքով և հնազանդությամբ: Նա շատ փոքրուց չափազանց ուշադիր էր իր անձի նկատմամբ ու փոխհարաբերությունների մեջ: Հակոբոսը 7 տարեկան էր և առանց գրաճանաչության անգիր էր սովորել Սբ. Պատարագը:

Դպրոցական տարիներին գերազանց առաջադիմություն է ցուցաբերում, սակայն տարրական դպրոցն ավարտելուց հետո գիմնազիա չի հաճախում, որպեսզի հորն օգնելով նպաստի ընտանիքի կարիքների թեթևացմանը:

Միևնույն ժամանակ Սբ. Պառասկևիի հայտնությանն է արժանանում և սրբուհուց տեղեկանում իր վանական ու եկեղեցական ապագայի մասին: Փոքր Հակոբոսը հաճախ էր աղոթում իր համագյուղացիների համար ու նրանց բժշկում տարբեր հիվանդություններից:

1938թ. հետո նրա կյանքն ամբողջությամբ ճգնակյաց էր. ուտում էր քիչ, քնում քիչ, շարունակ աղոթում էր և խստաբար աշխատում: 1942թ. մահանում է նրա մայրը՝ մարգարեանալով, որ (որդին) քահանա է լինելու:

1947թ. զորակոչվում է ծառայության և 1949-ին զորացրվում: Նրա հրամանատարը մեծ հարգանքով էր լցված նրա նկատմամբ և այն քչերից էր, որ հասկանում էր, թե ինչ պայծառ ապագա է ունենալու գաղթականների երիտասարդ զավակը: Նույն տարում ննջում է նրա հայրը: Հակոբոսը ջանքերը մեկտեղում է, որպեսզի իրեն հանձնված քրոջը հոգ տանի և նրա ամուսնության համար անհրաժեշտ օժիտն իր քրտնաջան աշխատանքով ապահովի: Այս ամենի հետ միասին չի անտեսում նաև իր ամենօրյա ճգնությունները և փոքրուց հոգում պահած վանական դառնալու փափագը:

32 տարեկանում Հակոբոսն Էվիայի Սբ. Դավիթ վանքում վանական հերակտրություն է ընդունում: Կարճ ժամանակ անց Խալկիդայի մետրոպոլիտ Գրիգորը նրան սարկավագ, այնուհետև երկու օրից քահանա է ձեռնադրում, որպեսզի վանքի կարիքներին զուգահեռ հոգ տանի ու հովվություն անի նաև շրջակա գյուղերում:

1975թ. հունիսի 25-ին  Հակոբոսն ստանձնում է իր վանքի վանահայրությունը:

1990թ.-ից սկսած վանահայր Հակոբոսն այլևս չուներ մարմնական կարողություններ և նրա առողջական խնդիրները գնալով ավելանում են:

Նրա սրբակենցաղ երկրավոր կյանքն ավարտվեց 1991թ. նոյեմբերի 21-ին:

Ողղափառ Եկեղեցին նրան պաշտոնապես սրբադասեց 2017թ. նոյեմբերի 27-ին՝ հիշատակի օր սահմանելով նոյեմբերի 22-ը:

….

Սբ. Հակոբոսի նման օրինակներն, իհարկե, հազվադեպ են մեր այսօրվա աշխարհում: Մարդիկ կարդալով ժամանակակից սրբերի կյանքը՝ հուզվում են ու մղվում ապաշխարության ու հոգևոր պայքարի: Սբ. Հակոբոսն Ավետարանը կյանք և գործ դարձրեց: Նրա համար «Ավետարանը չտարածվեց միայն խոսքով, այլ նաև զորությամբ, Սուրբ Հոգով և կատարյալ վստահությամբ» (Հմմտ. Ա Թես. 1,5): Նա գերմարդկային ճգնությունների տրվեց: Մարտնչեց հին մարդու ու չարության սկիզբ սատանայի հետ, որն, Աստծո թույլտվությամբ նրան ենթարկեց բազում չարչարանքների: Սակայն նրա պարզությունը, բարեպաշտությունը, Աստծո նկատմամբ ծարավն ու Նրա անդադար հիշողությունը նրան դարձրեցին Շնորհի անոթ ու Աստծո ընտրյալ:

Սբ. Հակոբոսի ողջ կյանքը շարունակական հրաշք է: Իր պատմությունների մեջ նա շատ բնական կերպով էր անդրադառնում բազմաթիվ հրաշքների ու աստվածահայտնությունների: Պաշտամունքի ու, հատկապես, սրբազան Պատարագի ժամանակ նրա փորձառությունները, աստվածահայտնություններն ու սրբերի հայտնությունները՝ Սբ. Դավթի, Սբ. Հովհաննես Ռուսի և այլ սրբերի հաճախակի ներկայությունն ու կապը նրանց հետ, նրան էլ դարձրեցին սրբերին համաքաղաքացի: Սբ. Հակոբոսը հաճախ էր նրանց տեսնում ու զրուցում նրանց հետ: Աստվածային կամքի ճանաչումը և ապագայի դեպքերի կանխասացությունը, պարզատեսության շնորհի միջոցով ուխտավորների անուների ու խնդիրները իմացությունը, ինչպես նաև իր աղոթքի ու քահանայական օրհնության միջոցով բազմաթիվ հիվանդությունների բժշկումը, նրան դարձրեցին մեր ժամանակների մարգարե և հրաշագործ: Նրա մեղրածոր ուսմունքը, նրբագույն ու հոգևոր խորհուրդներն արժանիորեն նրան տալիս են ուսուցչի ու մխիթարիչի հատկություններ: Շատերին էր աջակցում և մխիթարում նաև իր համառոտ, բայց սիրով լեցուն նամակներով: Եվ որպես հոգևոր Հայր-խոստովանահայր, անհամարների վերածնեց ապաշխարության խորհրդի միջոցով:

 

(Սբ. Հակոբոսը պատարագելիս)

 

Սուրբդ Աստուծո Հակոբոս, բարեխոսիր մեզ համար:

 

 

Սբ. Հակոբոս Ցալիկիս

 

 

 

 

 

 

 

 

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com