/ Վարք Սրբոց / Հրաշագործ սբ. Հովհաննես Մաքսիմովիչ

Հրաշագործ սբ. Հովհաննես Մաքսիմովիչ

Հրաշագործ Սբ. Հովհաննես Մաքսիմովիչ

Շանհայի ու Սան Ֆրանցիսկոյի արքեպիսկոպոս

«Տիեզերքի Սուրբը»

Հուլիսի 2/15

(1896-1966թթ.)

Զորեղագույն էին աստվածային ներգործություններն ու զորությունները, որ Երրյակ Աստված շնորհեց Սուրբ Հովհաննես Մաքսիմովիչին՝ Շանհայի ու Սան Ֆրանցիսկոյի արքեպիսկոպոսին, որի հիշատակը Եկեղեցին նշում է հուլիսի 2-ին:

Աստվածակիր մեր սուրբ հայր Հովհաննես Մաքսիմովիչը ծնվել է 1896թ. հունիսի 4-ին Խարկովի նահանգի Անդամովկա գյուղում (այն ժամանակ՝ Հարավային Ռուսաստան, այժմ՝ Ուկրաինա): Նրա ծնողներն էին Բորիսն ու Գլաֆիրան: Մկրտության անունը Միաքայել էր: Նա Մաքսիմովիչների հայտնի արիստոկրատ ընտանիքի հետնոդներից էր: Այս ընտանիքի անդամ էր նաև 1916թ. սրբադասված Տամբոլսկի միտրոպոլիտ Հովհաննես Մաքսիմովիչը (հիշատակը՝ հունիսի 10-ին), որի մարմինը մինչև օրս մնում է անփուտ: 

Մանուկ հասակում Միքայելը վատառողջ էր ու քիչ էր ուտում: Հանդարտ երեխա էր, շատ հարգալից ու ապրում էր խորը հոգևոր կյանքով: Երբ խաղում էր, իր զինվորիկներին վանականների զգեստներ էր հագցնում, սրբապատկերներ ու կրոնական գրքեր էր հավաքում: Միքայելին դուր էին գալիս սրբերի վարքերը. դրանք շարունակ ուսումնասիրում էր: Նա գիշերները ժամերով՝ ոտքի կանգնած, աղոթում էր: Քանի որ իր հինգ քույր-եղբայներից ավագն էր և շատ լավ գիտեր սրբերի վարքերը, հավատքի մեջ նրանց առաջին ուսուցիչն է դառնում: Նա շատ խիստ էր իր նկատմամբ՝ եկեղեցական ու ազգային ավանդությունների գործադրման մեջ: Քրիստոնեական կյանքով նա այնքան շատ էր տպավորել իր ֆրանսուհի կաթոլիկ մանկավարժին, որ նա ուղղափառ է մկրտվում:

Ծնողները Միաքայելին 11 տարեկանում Պոլտավայի զինվորական դպրոց են ուղարկում: Այնտեղ նա հանդիպում է տեղի եպիսկոպոս Թեոֆանի հետ՝ շատ սիրված մի եպիսկոպոս, ով իր հետքը թողեց Միքայելի կյանքի վրա: Զինվորական մի շքերթի ժամանակ, երբ անցնում են Մայր Տաճարի մոտից, փոքր Միքայելը (այն ժամանակ 13 տարեկան), խաչակնքվում է: Դասարանցիները ծիծաղում ու ծաղրում են նրան, մինչդեռ ուսուցիչներն ուզում են պատժել: Սակայն արքայազն Կոնստանդինոսը, որ դպրոցի հովանավորն էր, ասում է, որ Միքայելը չպատժվի, որովհետև իր այս գործողությամբ արտահայտում է խորազգաց ու առողջ կրոնական զգացմունքներ:

1914թ. Միքայելն ավարտում է զինվորական դպրոցը ու, թեև, ուզում էր ուսումը շարունակել Կիևի Աստվածաբանական Համալսարանում, հնազանդվում է ծնողներին ու կատարում նրանց կամքը՝ գրանցվելով Իրավաբանական ֆակուլտետում:

Հոկտեմբերյան հեղափոխության (1917թ.) պատճառով Միքայելն ընտանիքի հետ գաղթում է Բելգրադ, որտեղ Համալսարանում աստվածաբանություն է սովորում: Ուսմանը զուգահեռ, օրվա հացը վաստակելու համար, օրաթերթեր էր վաճառում:

Այնուհետև Միլկովի վանքում վանական հերակտրություն է ընդունում՝ վերանվանվելով Հովհաննես՝ ի պատիվ իր անզգականի՝ Տամբոլսկի միտրոպոլիտ սբ. Հովհաննեսի: Այս շրջանից սկսած մինչև իր երկրավոր կյանքի ավարտը (շուրջ 40 տարի) նա բնավ մահճակալի վրա չէր քնում: Գիշերը քնում էր շատ քիչ՝ նստած դիրքով, կամ հատակին՝ ծունկի եկած սրբապատկերների առաջ:

1926թ. քահանա է ձեռնադրվում: Միաժամանակ դասախոս է նշանակվում Վիտոլիսի քահանայական դպրոցում, որտեղ դասավանդում է 1927-ից մինչև 1934թ.: Այս քաղաքի եկեղեցիներում հունարենով էր սբ. Պատարագը մատուցում՝ այնտեղ բնակվող հույների համար:

Հայր Միքայելը չափազանց հոգատար էր իր աշակերտների նկատմամբ. գիշերները նրանց սենյակներն էր գնում ու ծածկում նրանց, խաչակնքում էր ու հեռանում: Երբ աշակերտները արձակուրդներին իրենց տներին էին գնում, մեծ ուրախությամբ էին խոսում իրենց ուսուցչի մասին, որ միշտ աղոթում էր, որ երբեք չէր քնում մահճակալի վրա, որ խիստ պահեցող էր և ամեն օր սբ. Պատարագ էր մատուցում:

1934թ. որոշում են նրան եպիսկոպոս ընտրել: Սուրբը մերժում է, ասելով, որ խոսելու դժվարություն ունի: Նրանք ասում են, որ Մովսեսն էլ խնդիր ուներ և, հակառակ իր ցանկության, նրան ընտրում և ձեռնադրում են Շանհայի եպիսկոպոս: Եվ այդպես սկսվում է նրա ավետարանչական գործունեությունը Ասիայում՝ զուգակցելով իսիխաստիկ, ճգնակեցական կենցաղավարությունը աստվածահաճո հովվության ու եզակի մարդասիրության հետ:

Երբ հասնում է Շանհայ, այնտեղ միայն մեկ կիսակառույց եկեղեցի է գտնում, իսկ իր հոտը՝ բաժան-բաժան եղած՝ ազգային վեճերի պատճառով: Սկզբում բնակիչներին է օգնում, որ հաղթահարեն իրենց խնդիրները, որպեսզի խաղաղություն հաստատվի: Այնուհետև որբանոց է հիմնում: Սկզբում երեխաները ութն էին, իսկ վերջում նրաց թիվը հասել էր 3,500-ի:

Շանհայում նա հաճախ գիշերները շրջում էր դրսում, հաց ու դրամ տալիս անօթևաններին ու ողորմություն հայցողներին, անգամ հարբեցողներին:

Երբ Շանհայում բռնկվում է կոմունիստական հեղափոխությունը, սբ. Հովհաննեսը երեխաներին Ֆիլիպիններ է տեղափոխում, այնտեղից էլ՝ Ամերիկա ու Ավստրալիա:

Նա օրը մեկ անգամ էր ուտում՝ գիշերը 11-ին, եթե հոգ տանող էր լինում կերարկուրի համար, այլապես չէր ուտում: Մեծ Պահքի առաջին ու վերջին շաբաթներին բացարձակ ոչինչ չէր ուտում, իսկ մնացած օրերին ու Սբ. Ծնունդի պահքին միայն առաջադրության հացից էր ուտում:

Գիշերները շատ էր աղոթում և, երբ ուժասպառություն էր զգում՝ ծունկի եկած, գլուխը դնում էր հատակին ու մի քիչ քնում, մինչև որ առավոտյան Սբ. Պատարագի գնա, անգամ եթե վատառողջ էր լինում:

Նա միայն մեծ ճգնավոր չէր, այլ Աստված նրան օժտել էր կանխատեսության շնորհով ու նրա աղոթքներով բժշկություններ էին կատարվում: Ամեն օր այցելում էր իր հիվանդներին, նրանց խոստովանեցնում ու Սբ. Հաղորդություն տալիս: Ծանր հիվանդների մոտ ժամեր էր անցկացնում՝ աղոթելով ու ծունկի եկած ու, շատ անգամ, հրաշքը կատարվում էր:

1951թ. սուրբն Ամերիկայում է ապաստանում, սակայն տեղի Սինոդի եպիսկոպոսները որոշում են նրան ուղարկել Բրյուսելի ու Փարիզի եպիսկոպոսություն: Սուրբն այստեղ Սբ. Պատարագները մատուցում էր հոլանդերենով ու ֆրանսերենով, ինչպես որ առաջ մատուցում էր հունարենով, չինարենով ու ագլերենով: Թույլ չէր տալիս շրթներկով կանանց սրբապատկերներն ու Սբ. Խաչը համբուրել: Այստեղ, ի թիվս այլ պարտականությունների, զբաղվում է սրբերի Վարքերի հավաքագրելով, որ ապրել էին Սխիզմայից (1045թ.) առաջ:

1962թ. վերադառնում է ԱՄՆ ու նշանակվում Սան Ֆրանցիսկոյում՝ որպես սփյուռքի Ռուս Եկեղեցու եպիսկոպոս, որպեսզի նպաստի այնտեղի բաժանված ռուսական ուղղափառ գաղութում խաղաղության հաստատմանը: Հաշտարար ու խաղաղարար, խոնարհ Հովհաննես եպիսկոպոսը երկրային իր հրեշտակային կյանքի վերջին օրերին խմում է նաև զրպարտության բաժակը, որպեսզի աստվածային փառքի մասունքները վայելի՝ «որպես հալածյալ արդարության համար» (հմմտ. Մատթ. 5,10):

Սուրբ Հովհաննեսը ննջեց 1966թ. հուլիսի 2-ին:

Սուրբ Պատարագից հետո ևս 3 ժամ աղոթում է խորանում, այնուհետև սենյակ է գնում՝ հանգստանալու: Սենյակում նստում է բազկաթոռին ու հանդարտ, առանց ցավի, խաղաղությամբ ի Տեր ննջում: Սուրբը նախապես գիտեր իր մահվան օրը և նախապատրաստվել էր, ինչպես Եկեղեցու մեծ սրբերը:

Նրա մասունքները Տիրոջից դարձել են բոլոր տեսակի բժշկությունների աղբյուր: Երբ տարիներ հետո բացում են գերեզմանը, սրբի մարմինը անփութ վիճակում են գտնում. անբացատրելի անուշահոտություն է սփռվում շուրջ բոլորը՝ այդպիսով ցույց տալով այն փառքը, որով Աստված նրան պատվեց հավիտենական երանության մեջ: Հազարավոր հավատացյալներ են սրբի գերեզմանին ու մասունքներին այցելում, ուրիշներ նրան նամակներ են ուղարկում ու նրա օգնությունն ու բարեխոսությունը խնդրում:

Սուրբ Հովհաննեսը պաշտոնապես սրբադասվել է 1994թ.:

(Սրբի անփուտ մասունքները Սան Ֆրանցիսկոյի Մայր Տաճարում)

Սուրբ Հովհաննեսը համարվում է որբերի ու, հատկապես, օդանավով ճամփորդողների պահապանը, քանի որ հաճախ էր ճամփորդում օդանավով և իր մարմինն էլ օդանավով են Սիատլից Սան Ֆրանցիսկո տեղափոխում:

Սուրբ Հովհաննեսի հոգևոր զավակներից մեկը՝ երանելի հայր Սերաֆիմ Ռոուզը, գրում է նրա մասին. «Հովհաննես արքեպիսկոպոսն իր կյանքում կարողացավ միավորել քրիստոնեական առանձնահատկությունների երեք տեսակ, որ հազվադեպ են միասին հանդիպում.

Առաջին՝ Եկեղեցու համարձակ ու անվանի առաջնորդ էր:

Երկրոդ՝ ճգնավոր էր, սյունակյաց սրբերի ավանդության շարունակող, քանի որ ինքն իրեն ենթարկեց խստագույն, մահվան հասնող ճգնությունների:

Եվ երրորդ՝ «խենթ» էր Քրիստոսի սիրո համար»:

«Բոլորից ամենախիստն էր այն ամենում, ինչ կապ ուներ Ուղղափառության դոգմաների հետ»,- նշում է հայր Սերաֆիմ Ռոուզը:

Փարիզում նրա մասին հետևյալը գրվեց. «Նա ապրում է մեր գոյության մակարդակից այն կողմ: Պատահական չէ, որ Փարիզի մի տաճարում, որ Հռոմին է ենթարկվում, կաթոլիկ մի քահանա՝ երիտասարդներին ուղղելով խոսքը, ասաց. «Ապացույցնե՞ր եք փնտրում: Ասում եք, որ այլևս հրաշքներ չկան, ո՛չ էլ սրբեր: Ինչու կարի՞ք ունեք տեսական ապացույցների, երբ մի կենդանի սուրբ է քայլում Փարիզի փողոցներով, սուրբ Հովհաննե՜սը՝ բոկոտը»»:

Սուրբ Նիկողայոս Վելիմիրովիչը (հիշատակը՝ մարտի 5-ին) նրա մասին ուրիշներին ասում էր. «Եթե շատ ես ցանկանում մի կենդանի սուրբ տեսնել, Բիտոլ գնա, հայր Հովհաննեսի մոտ»:

Սուրբ Հովհաննես Մաքսիմովիչն ասում էր. «Մեր այս վերջին ժամանակներում յուրաքանչյուր քրիստոնյա պատասխանատու է ընդհանուր քրիստոնեության համար»:

Սու՜րբդ Աստծո Հովհաննես, մեզ համար էլ բարեխոսի՛ր Քրիստոս Տիրոջ գահի առաջ:

 

 

Հրաշագործ Սբ. Հովհաննես Մաքսիմովիչ

 

 

www.orthodoxkyanq.org

 

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com