/ Ծերերի խրատներ / Մեր ժամանակաշրջանում կենդանի օրինակներ չկան

Մեր ժամանակաշրջանում կենդանի օրինակներ չկան

Մեր ժամանակաշրջանում կենդանի օրինակներ չկան

 

Ծեր Պաիսիոս Աթոսացի

(1924-1994 թթ.)

-Գե՛րոնդա[1], սբ. Կյուրեղ Երուսաղեմացին ինչու՞ է ասում, որ վերջին ժամանակների մարտիրոսները «բոլոր մարտիրոսներից առավել բարձր[2]» կլինեն:

    -Որովհետև առաջ մե~ծ բարձունքներ կային, իսկ մեր ժամանակաշրջանում կենդանի օրինակներ չկան. ընդհանրապես եմ ասում` Եկեղեցու և վանականության վերաբերյալ: Հիմա խոսքերն ու գրքերը բազմացել են, իսկ հոգևոր կյանքը` նվազել: Մեր Եկեղեցու ճգնավոր սրբերով ենք լոկ հիանում` առանց հասկանալու, թե որքա~ն ջանք են նրանք գործադրել. ինքներս ջանք չենք թափել, որպեսզի կարողանայինք հասկանալ նրանց ջանադրությունը, որպեսզի նրանց սիրեինք ու բարեխղճությունից դրդված պայքարեինք[3] նրանց նմանվելու համար: Անշուշտ, Բարին Աստված ժամանակաշրջանն ու մեր կյանքի պայմանները  նկատի կունենա և ըստ այդմ պատասխան կպահանջի: Եթե մի փոքր պայքարենք, ավելի մեծ պսակ կընդունենք, քան հնում ճգնածները:

    Առաջ, երբ պայքարի ոգին կար, և յուրաքանչյուր ոք փորձում էր մյուսին նմանվել, ոչ չարը կարող էր հարակայել, ոչ էլ անհոգությունը: Բարին էլ էր առատ, պայքարի ոգին էլ կար, ուստի և անհոգ մարդը չէր կարող հարատևել. մյուս մարդիկ անհոգին իրենց հետ էին քաշում:

    Հիշում եմ, մի անգամ Սալոնիկում լուսաֆորին էինք սպասում` մի մայթից մյուսն անցնելու համար: Մի ակնթարթ զգացի, որ ասես մի ալիք ինձ առաջ է գցում, որովհետև բոլորը դեպի առաջ էին գնում: Հազիվ էի ոտքս բարձրացնում ու առաջ շարժվում: Այսինքն` ուզում եմ ասել, որ երբ բոլորը  մի ուղղությամբ են շարժվում, ապա ինչ-որ մեկը, եթե չուզենա էլ գնալ, դժվարանում է, քանի որ մյուսներն են իրեն քաշում: Այսօր եթե մարդն ուզում է պատվով ու հոգևոր կյանքով ապրել, աշխարհում տեղ չունի, դժվարանում է: Եվ եթե ուշադիր չլինի, ապա զառիվայրը, աշխարհի ալիքը նրան կքաշի:

    Առաջ բարին առատ էր, առաքինությունը` մեծ, բարի օրինակները` շատ, և լեփլեցուն բարու մեջ չարը խեղդվում էր: Այն փոքրիկ անկարգությունը, որ կար աշխարհում կամ վանքերում, ոչ երևում էր, ոչ էլ վնասակար էր: Իսկ հիմա ի՞նչ է կատարվում. չար օրինակները շատ են, իսկ այն փոքրիկ բարին, որ կա, արհամարհված է: Այսինքն` հակառակն է տեղի ունենում.  սակավ բարին խեղդվում է հորդառատ չարի մեջ, և այդպիսով չարն է ղեկավարում:

    Երբ մի մարդ և կամ մի խումբ մարդիկ պայքարի ոգի ունեն, դա շատ օգտակար է, քանի որ երբ մեկը հոգևոր առումով առաջադիմում է, միայն իրեն չէ, որ օգնում է, այլ նաև` իրեն տեսնողին: Թուլացած մարդու պարագային էլ նույն բանն է`  ուրիշների վրա ազդում է: Երբ մեկը թուլանում է, մյուսը` նույնպես, վերջում, անհասկանալի կերպով ոչինչ չի մնում: Ուստի առկա այս թուլության մեջ պայքարի ոգին շատ կօգնի: Դրան պետք է մեծ ուշադրություն հատկացնենք, քանի որ այսօրվա մարդիկ դժբախտաբար այն աստիճանի են հասել, որ օրենքներն էլ են ավելի թույլ դարձնում և պարտադրում են, որ անգամ պայքարողները դրանք գործադրեն: Ուստի պայքարողները ոչ միայն չպետք է ազդվեն աշխարհի ոգուց, այլև չպիտի աշխարհիկների հետ համեմատվեն ու կարծեն, թե արդեն սուրբ են` թուլանալով ու ամենաաշխարհիկներից էլ վատթար դառնալով: Հոգևոր կյանքում մարդ ոչ թե աշխարհիկներին պիտի նախատիպ դարձնի, այլ` սրբերին: Լավ կլինի, եթե մարդ առաքինություններն առանձին-առանձին վերցնի ու դրանք ունեցած սրբերին գտնի, նրանց վարքը ուսումնասիրի. այնժամ մարդ կտեսնի, որ ոչինչ չի արել, և խոնարհության մեջ կառաջադիմի: Մարզադաշտում վազորդները ետ չեն նայում` տեսնելու, թե ետ մնացածներն ուր են. եթե դա անեն, ապա իրենք ետ կընկնեն: Երբ փորձում եմ առաջադիմածներին նմանվել, խիղճս նրբանում է: Սակայն երբ ետ ընկածներին եմ տեսնում, ինքս ինձ արդարացնում եմ` ասելով, որ սխալներս նրանց հետ համեմատած լուրջ չեն: Մտքիս մեջ հանդարտվում եմ առ այն, որ ինձանից ավելի ցածրն էլ կա: Այդպիսով խիղճս խեղդում եմ, կամ ավելի ճիշտ` սվաղված, անզգա սիրտ եմ ձեռք բերում:

Աղբյուր. Γέροντος Παϊσίου Αγιορείτου Λόγοι, τόμος Α΄, Με πόνο και αγάπη για τον σύγχρονο άνθρωπο, εκδ. Ιερόν Ησυχαστήριον «Ευαγγελιστής Ιωάννης ο Θεολόγος» Σουρωτή Θεσσαλονίκης 2011.

Թարգմանությունը հունարենից` հայր Հերոնիմոս Մայիլյանի

©Հայերեն թարգմանությունը կատարվել է Ծեր Պաիսիոսի հոգևոր ժառանգության իրավատեր սբ. Հովհաննես Աստվածաբան վանքի հատուկ օրհնությամբ ու թույլտվությամբ` բացառապես www.orthodoxkyanq.org կայքում հրապարակելու նպատակով: Սույն թարգմանության որևէ վերարտադրություն` բացի www.orthodoxkyanq.org կայքին հղում տալուց, խստիվ արգելվում է:

[1] «Գերոնդաս» (կոչականը`«գերոնդա») հունարեն նշանակում է «ծեր», «ծերունի»: Իսկզբանե  «ծեր» են անվանվել վանահայրերը (այս իմաստով եզրը նույնիմաստ է «աբբային»), սակայն հետագայում և առ այսօր «ծեր»  (ռուս. старец) են կոչվում հոգևոր կյանքի բարձունքներին հասած հայրերը ովքեր, Աստուծո շնորհն ունենալով, մարդկանց հոգիները դեպի փրկություն կարող են առաջնորդել (թրգմ.):

[2] Αγίου Κυρίλλου Ιεροσολύμων, Κατηχήσεις, Κατήχηση Φωτιζομένων ΙΕ΄, κεφ. ΙΖ΄, εκδ. «Ετοιμασία», Καρέας 1991, էջ 318. Հմմտ. Ս. Կյուրեղ Երուսաղեմացի, «Կոչումն ընծայության», Ս. Էջմիածին, 2007, էջ 267:

[3] Խոսքը հոգևոր պայքարի մասին է (թրգմ.):

 

Մեր ժամանակաշրջանում կենդանի օրինակներ չկան

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com