/ Վարք Սրբոց / Սբ. Պորֆիրիոս Կավսոկալիվացի

Սբ. Պորֆիրիոս Կավսոկալիվացի

Սբ. Պորֆիրիոս Կավսոկալիվացի

ՊԱՅԾԱՌԱՏԵՍ ԵՎ ՀՐԱՇԱԳՈՐԾ

Դեկտեմբերի 2/15

    Սբ. Պորֆիրիոս Կավսոկալիվացին (Մկրտության անունը` Էվանգելոս Բայրակտարիս) ծնվել է 1906 թ. փետրվարի 7-ին Հունաստանի Էվիա կղզու սբ. Հովհաննես գյուղում: Նրա ծնողները` Լեոնիդաս Բայրակտարիսը և Հեղինե Լամբրուն, բարեպաշտ և աստվածասեր մարդիկ էին: Նրա հայրը գյուղի եկեղեցու սաղմոսասացն էր, ով անձամբ ճանաչել էր սբ. Նեքտարիոսին: Սրբի ընտանիքը բազմանդամ էր, և ծնողները, ովքեր աղքատ հողագործներ էին, մեծ դժվարությամբ էին կարողանում հոգալ կարիքները: Լեոնիդասն ստիպված է լինում մեկնել Ամերիկա` աշխատելու Պանամայի նեղուցի շինարարության վրա:

    Փոքրիկ Էվագելոսն ընտանիքի չորրորդ զավակն էր: Դպրոցում նա ընդամենը երկու տարի է սովորում և 8 տարեկան հասակում թողնում է ուսումը. ընտանիքի կարիքները հոգալու համար նա երբեմն համագյուղացիների անասուններն էր պահում, երբեմն` դաշտերում աշխատում, ապա նաև` հանքավայրում, խանութում և այլուր: Այս աշխատանքները պատճառ եղան, որ Էվանգելոսը ժամանակից շուտ հասունանա. արդեն երեխա ժամանակ նա իր տարիքից բավական մեծ էր երևում:

    Սբ. Հովհաննես Խցավորի (Կամավոր աղքատի) վարքը կարդալով` մանուկ Էվանգելոսն այդ սրբին նմանվելու մեծ ցանկություն է ունենում: Նա մի քանի անգամ փորձում է Սբ. Լեռ Աթոս մեկնել, սակայն տարբեր պատճառներով դա չի հաջողվում: Վերջապես, 12-14 տարեկան հասակում նա վերջնականապես վճռում է Աթոս մեկնել, և Աստված այդ վճիռն օրհնում է. ամեն բան նախախնամող և մեր կյանքը դեպի փրկություն առաջնորդող Տերը հանգամանքներն այնպես է դասավորում, որ Թեսաղոնիկեից Սբ. Լեռ մեկնող նավի մեջ պատանի Էվագելոսը հանդիպում է իր ապագա հոգևոր հորը` Պանդելեիմոն աբեղային:

    Հայր Պանդելեիմոնը նրան առաջնորդում է Սբ. Լեռան «Կավսոկալիվիա» կոչվող տեղանքը, որտեղ սբ. Գևորգի խցում նա ճգնում էր իր հարազատ եղբոր` հայր Հովհաննիկիոսի հետ: Այսպիսով, Էվագելոսը միաժամանակ երկու ծերեր է ունենում, որոնց և ամեն ինչում ուրախությամբ հնազանդվում է:

    Էվանգելոս մոնթն աչքի էր ընկնում իր խիստ ճգնավորական ոգով: Նա երբեմն նույնիսկ բողոքում էր առ այն, որ ծերերն ավելի մեծ ճգնություն իրենից չէին պահանջում: Այս շրջանում սրբի ճգնակեցական սխրանքների մասին ճշգրիտ ոչինչ հայտնի չէ, քանի որ նա դրանց մասին համարյա ոչինչ չի պատմել: Բայց շատ թե քիչ պատմածներից կարելի է երզակացնել, որ նրա ճգնությունը շարունակական ու ծանր է եղել: Բայց այդ ամենը սուրբը կատարել է հոգու զվարթությամբ` ի սեր Փրկչի:

    Աթոսում Էվանգելոսը նախանձախնդրությամբ հետամուտ է լինում Աստվածաշնչի ու սրբազան գրքերի ուսումնասիրությանը, ինչին զուգակցում է ֆիզիկական աշխատանքը, որով վանականներն իրենց հանապազօրյա հացն էին վաստակում:

    Կարճ ժամանակ անց Էվանգելոսը վանական հերակտրություն է ընդունում` «Նիկետաս» անունն ստանալով: Ի վարձատրություն առ Աստված իր անմնացորդ սիրուն ու ճգնությանը` Սբ. Հոգին Նիկետասին առատորեն զարդարում է Իր բազմատեսակ շնորհներով` կանխատեսությամբ, պայծառատեսությամբ, իմաստությամբ, բժշկությամբ, այնպես որ պատանի վանականը Տիրոջ լուսավորմամբ միաժամանակ կարող էր տեսնել անցյալը, ներկան ու ապագան, իմանալ մարդկանց խնդիրների պատճառները, դրանք լուծելու աստվածահաճո ճանապարհը:

    Դժվարին կենսապայմանների պատճառով Նիկետաս վանականը ծանր հիվանդանում է, ինչի արդյունքում, իր հոգևոր հայրերի հորդորով և օրհնությամբ, ստիպված լքում է սբ. Լեռը` առողջությունը վերականգնելու նպատակով:

    Նա բնակություն է հաստատում Էվիայի սբ. Խառալամբոս վանքում, որտեղ և շարունակում է իր ճգնությունը` մինչև առողջության վերականգնումն ստիպված լինելով սահմանափակել միայն պահեցողությունը:

    1927 թ. նշված վանքում Նիկետաս վանականը հանդիպում է Սինայի արքեպիսկոպոս Պորֆիրիոս Գ-ին, ով այդ ժամանակ շատ լուրջ խնդիրներ է ունենում: Նիկետասը նրան ետ է պահում սխալ քայլերից, և արքեպիսկոպոսը միանգամայն վստահանում է, որ Նիկետասը Սբ. Հոգու ընտրյալ և բացառիկ անոթ է: Արքեպիսկոպոսը խոնարհ Նիկետասին սարկավագ, ապա և քահանա է ձեռնադրում` տալով նրան իր անունը` «Պորֆիրիոս»: Տարիներ անց հայր Պորֆիրիոսն արքիմանդրիտի և խոստովանահոր1 կոչում է ստանում: Այսպես Տերը նրան կանչում է` իր բանավոր հոտի հովիվը լինելու:

    Աստվածային Շնորհով զարդարված հայր Պորֆիրիոսը մեծ նախանձախնդրությամբ ու հաջողությամբ էր կատարում խոստովանահոր պարտականությունները, և ամեն օր բազմաթիվ մարդիկ էին գալիս նրա մոտ խոստովանելու, ինչը երկար ժամեր էր տևում: Երբեմն առանց ընդմիջման ու հանգստի նա խոստովանեցնում էր մինչև ուշ գիշեր: Իր մոտ եկողներին նա օգնում էր նաև պայծառատեսության շնորհի միջոցով, որով մարդկանց ինքնաքննության և ինքնաճանաչողության, անկեղծ խոստովանության և ի Քրիստոս կյանքի էր առաջնորդում: Նույն Շնորհով հայր Պորֆիրիոսը հաճախ սատանայի որոգայթներն էր բացահայտում` չարի ծուղակներից ու մեքենայություններից բազում հոգիներ փրկելով:

    1940 թ. հայր Պորֆիրիոսը` որպես ծխական քահանա, Աթենքի պոլիկլինիկայի սբ. Գերասիմոս եկեղեցին է տեղափոխվում: Աստված իր ընտյալ ծառային այստեղ նոր ծառայության է զինվորագրում. Երկրորդ համաշխարհային պատերազմի մահասփյուռ օրերն էին, երբ տառապանքից տոչորված մարդկանց հոգիները կարոտ էին Աստուծո մխիթարության ու սիրո կենարար ցողին: Բացի այդ, պոլիկլինիկան գտնվում է «Օմոնիա» հրապարակում, որը հայտնի էր իր ծանր միջավայրով: Եվ այստեղ` Աթենքի կենտրոնում, աշխարհի աղմուկի, ժխորի, մեղքերի ու բոլոր խնդիրների կիզակետում սբ. Պորֆիրիոսն Աստծուն ու մերձավորին ծառայում է 33 տարի շարունակ: «Աթոսի անապատի փոխարեն Օմոնիայի անապատում ճգնեցի », – սիրում էր կատակել ծերը:

    Սբ. Գերասիմոս եկեղեցում հայր Պորֆիրիոսը 33 երկար տարիներ ամեն օր կատարում էր եկեղեցական արարողությունները, հազարավոր մարդկանց էր խրատում ու խոստովանեցնում` նրանց հոգևոր, բազմիցս նաև մարմնական հիվանդությունները բժշկելով: Եվ այս ամենը նա անում էր կատարյալ սիրով, նվիրմամբ ու անձնազոհությամբ:

    Սբ. Պորֆիրիոսն Աթոսում ձեռք բերած հիվանդությունից բացի ժամանակի ընթացքում նաև ուրիշ շատ հիվանդություններ է ունենում: Սկզբում նա տառապում էր երիկամների ցավերից: Դրությունը վատթարանում է, երբ Ավագ Շաբաթվա արարողությունները բաց չթողելու համար պոլիկիլինիկայի տնօրենը որոշում է հետաձգել հ. Պորֆիրիոսի վիրահատությունը: «Մինչև մահ» հնազանդվող հայր Պորֆիրիոսը չի առարկում և ի վերջո կոմայի մեջ է ընկնում: Բժիշկները տեղեկացնում են նրա հարազատներին, որ հոգ տանեն թաղման մասին, սակայն ծերն անսպասելիորեն վերակենդանանում է և շարունակում իր ծառայությունը Քրիստոսի Եկեղեցում:

    1978 թ. հայր Պորֆիրիոսը սրտամկանի կաթված է ստանում, իսկ որոշ ժամանակ անց կուրանում է: Նա տառապում էր նաև հիպոֆիզի քաղցկեղից և այլ հիվանդություններից: Դրան հակառակ նա միշտ գործունյա էր: Հոգևոր-հովվական ծառայությունից բացի, որ միշտ նվիրումով և անձնուրացությամբ էր կատարում, բազմաթիվ մարդիկ էին ամեն օր նրան այցելում` խոստովանության ու հոգևոր այլ կարիքների համար, ինչը հաճախ կատարում էր սարսափելի ցավերի մեջ: Միաժամանակ այս ընթացքում Միլեսի գյուղում հիմնում է Սբ. Այլակերպություն կանանց վանքը, որի կառուցումն ավարտվում է 1981 թ.:

    Կյանքի վերջին տարիներին սուրբն սկսում է իր ննջմանը պատրաստվել: Նրա փափագն էր կրկին Սբ. Լեռում` իր սիրելի Կավսոկալիվիայում առանձնանալը, ինչը և իրականանում է 1984 թ.:

    Ծերը մարդկային փառքից խուսափում էր, սակայն Աստված նրան փառավորում է: Իր հոգևոր կտակի մեջ սուրբը գրում է. «Մարդիկ ինձ բարի մեկի տեղ են դրել, և բոլորը բացականչում են, թե սուրբ եմ: Սակայն ես զգում եմ, որ աշխարհի ամենամեղավոր մարդն եմ և խնդրում եմ, որ նրանք, ովքեր ինձ ճանաչել են, ինձ համար աղոթեն»:

    Կյանքի վերջին գիշերը ծերը խոստովանում է, առավոտյան սբ. Հաղորդություն ընդունում: Նա իր սուրբ հոգին առ Աստված է ավանդում 1991 թ. դեկտեմբերի 2-ին Կավսոկալիվիայի իր խցում: Սրբի արտաբերած վերջին բառերն էին. «Որպեսզի (բոլորը) մեկ լինեն…» (Հովհ. 17, 22): Կավսոկալիվիայի վանականներից գրեթե ոչ ոք չի իմանում նրա ննջման մասին: Խոնարհ ծերը հատուկ պատվեր է տալիս, որ իր մասունքները հետագայում ի հայտ չհանվեն, և այդպես մինչև այսօր էլ դրանց գտնվելու վայրը հանրությանն անհայտ է մնում:

    Ծեր Պորֆիրիոսի հիմնական հատկանիշն էր ծայրաստիճան խոնարհությունը, իսկ հնազանդությունը, սերը, ցավերի ու զրկանքների մեջ անտրտունջ համբերությունը նրան բնորոշ առաքինություններն էին: Սուրբն ուսումնատենչ էր, աշխատասեր, ուրիշներին ցավակից` իր հանդարտությամբ ու ներողամտությամբ: Իր կյանքի ողջ ընթացքում բոլորին ընդունում էր, բոլորի հետ զրուցում` առանց տարիքի, հավատքի ու կարիքների խտրականության: Միշտ անշահախնդրորեն էր տալիս իր սթափ խորհուրդները` առանց վեճեր գրգռելու: Սբ. Պորֆիրիոսը միշտ ուսուցանում էր, որ ի Քրիստոս կյանքի մեծ խորհուրդը մերձավորի հետ միության և նույնացման մեջ է կայանում, իսկ մարդու թույլ կետը նախանձն ու չարակամությունն է: Նա ասում էր. «Փրկության ճանապարհին մարդը, և հատկապես քրիստոնյան, սիրո, ներողամտության և խոնարհության միջոցով պետք է հաջողության հասնի: Քրիստոսին սիրելով` իսկապես սիրում ենք նաև մերձավորին: Եվ եթե այդպես չէ, հակառակը բնավ չի կարող լինել»:

    Ըստ սբ. Պորֆիրիոսի` հոգևոր կյանքի հիմնական գաղտնիքներից է առ Աստված և Նրա փրկարար Նախախնամությունը կատարյալ վստահությունը: Հենց այս վստահությամբ է, որ մարդը պիտի առճակատի կյանքի բոլոր դժվարությունները, խնդիրները, քանի որ Աստծուն սիրող մարդու համար այդ ամենը փրկության տանող միջոցներն են: Աստուծո հանդեպ վստահությունը երբեք թույլ չի տալիս, որ մարդը հուսահատվի:

    Հայր Պորֆիրիոսի խրատների մեջ առանձնահատուկ տեղ են գրավում ընտանիքի և երեխաների դաստիարակությանը վերաբերող հարցերը: Ըստ նրա` երեխայի դաստիարակությունն սկսվում է հղության առաջին իսկ վայրկյանից. մոր որովայնում պտուղն արդեն իսկ սկսում է ընկալել ու յուրացնել այն ամենը, ինչով որ մայրն է ապրում: Երեխաների ճիշտ դաստիարակության հիմքն են ծնողների փոխհարաբերությունները: Եթե դրանք սիրո վրա են հիմնված, երեխաների դաստիարակությունը հաջողված է: Մյուս հիմքը երեխաների համար մատուցվող ծնողական աղոթքներն են:

    Ննջումից մի քանի ամիս առաջ գրված կտակում ծերն իր հոգևոր զավակներին գրում է. «Զգում եմ, որ աշխարհի ամենամեղավոր մարդն եմ, բայց հիմա, որ երկինք եմ գնալու, այն զգացումն ունեմ, որ Աստված ինձ ասելու է.

    – Դու այստեղ ի՞նչ ես ուզում:

    Ես մի բան ունեմ Նրան ասելու.

    Տե՛ր, արժանի չեմ այստեղի համար, սակայն ինչպես որ Քո սերն է ուզում, թող վարվի ինձ հետ:

    Դրանից հետո չգիտեմ, թե ինչ կլինի, սակայն ուզում եմ, որ Աստուծո սերը ներգործի»:

    Հայր Պորֆիրիոսին ճանաչած մարդկանց, նրանից հոգևոր խորհուրդներ, բժշկություն ստացած մարդկանց վավերական վկայություններն անթիվ ու անհամար են: Նրա կատարած հրաշագործությունների մեջ հատկապես աչքի են ընկնում քաղցկեղի բժշկությունները:

    Սբ. Պորֆիրիոսի կյանքի, խորհուրդների ու հրաշքների մասին պատմող հատորները մինչ օրս դեռ լույս են տեսնում ու տարբեր լեզուներով թարգմանվում:

    Հայր Պորֆիրիոսի ննջումից 22 տարի հետո` 2013 թ. նոյեմբերի 23-ին, Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարքության Սրբազան սինոդը ծերին սրբերի կարգը դասելու որոշում է կայացնում: Ըստ Ուղղափառ Եկեղեցու առաքելավանդ կարգի` սբ. ծեր և հրաշագործ Պորֆիրիոս Կավսոկալիվիացու հիշատակի օր է սահմանվում նրա երանելի ննջման օրը` դեկտեմբերի 2-ը:

 

 

1Հունաստանի Ուղղափառ Եկեղեցում առ այսօր գործում է հին եկեղեցական ավանդությունը, համաձայն` որի միայն այն քահանաները կարող են խոստովանություն ընդունել, ովքեր ունեն իրենց թեմակալ եպիսկոպիսի հատուկ գրավոր օրհնությունն ու փորուրարի հատուկ տվչությունը: 

Սբ. Պորֆիրիոս Կավսոկալիվացի

© www.orthodoxkyanq.org