/ Վարք Սրբոց / Սբ. Նունեի խաչը

Սբ. Նունեի խաչը

 

Սբ. Նունեի խաչը

 

    Սբ. Նունեի խաչը, որը Վրաց Եկեղեցու գլխավոր սրբությունն է, իր պատմությամբ սերտորեն կապված է Հայոց աշխարհի հետ:

  Սրբուհու վարքի համաձայն` Նունե (վրացերեն` Նինո) կույսը ծննդով Կապադովկիայից էր, սակայն բնակվում էր Երուսաղեմում` դաստիարակվելով իր քեռու` Հոբնաղ հայրապետի տանը: Նունեի դաստիարակն էր հայուհի Նիափոր Դվնեցին, որից և նա հայերեն էր սովորել: Նույն Նիափորից Նունեն լսել էր նաև Վրաց երկրում պահվող Տիրոջ անկար պատմուճանի մասին և փափագով էր լցվել այդ երկիրը գնալու: Մի անգամ Նունեի երազին է հայտնվում Ամենասուրբ Աստվածածինը, որը կույսին է հանձնում խաղողի ճյուղերից կազմված մի խաչ և օրհնում նրա առաքելությունը դեպի Վրաց երկիր: Արթնացած Նունեն իր մազերով կապում է խաչը և ճամփա ընկնում հեռավոր ու անհայտ երկիր: Ճանապարհին նա հանդիպում է Հռոմից փախչող մի խումբ միանձնուհիների` սբ. Գայանեի գլխավորությամբ և, նրանց հետ Հայաստան գալով, բնակություն հաստատում Վաղարշապատում: Սբ. Հռիփսիմյանց կույսերի նահատակության ժամանակ Նունեն լինում է միակը, որը փրկվում է սպանդից: Իր ընկերուհիների մարտիրոսությունից հետո Նունեն անցնում է Ջավախք, ապա հասնում Վրաց մայրաքաղաք Մծխեթ, որտեղ ժամանակի ընթացքում Ավետարանի քարոզչությունն է իրականացնում և դարձի բերում վրացիներին: Սրբուհու մահվանից հետո նրանից անբաժան խաչը պահվում է Մծխեթում:

   467 թ. Վրաց (Գուգարաց) հավատուրաց բդեշխ Վազգենը հալածանք է սկսում Քրիստոնեության դեմ` բանտարկելով ու չարչարելով նաև իր աստվածասեր կողակցին` սբ. Վարդան Մամիկոնյանի դստեր Շուշանիկին: Վերջինս հատուկ հոգ է տանում, որպեսզի սբ. Նունեի խաչը փրկվի ոչնչացումից: Շուշանիկը խաչը հանձնում է Վիրք ժամանած Անդրեաս միայնակյացին, որը սբ. Սահակ Պարթևի աշակերտն էր ու Մշո Առաքելոց վանքի (Ղազարավանք) միաբանը, պատվիրելով սրբությունը Տարոն աշխարհ տանել: 475 թ. Անդրեասը, վերցնելով սբ. Խաչն ու Մծխեթի եկեղեցու սպասքը, գալիս հասնում է Սպեր գավառ, սակայն չի կարողանում հասնել Տարոն և մնում է Պարխար լեռան խորշերում ճգնելու: Դրանից 7 տարի անց Անդրեասը սբ. Նունեի (արդեն նաև «սբ. Շուշանիկի խաչ» անվանված) մասին տեղեկացնում է սբ. Վարդանի եղբորորդուն` Գրիգոր Մամիկոնյանին, որն իր ջոկատով հասնում է Անդրեասի մոտ և սրբությունը փոխադրում Կապույտ (Կապուտ) բերդը: 

   Կապույտ բերդում սբ. Նունեի խաչը մնում է երկար տարիներ և ապա փոխադրվում Վանանդ, որտեղ նրա պատվին կառուցվում է սբ. Խաչ վանքը: Այն ավերվում է արաբական արշավանքների ժամանակաշրջանում, սակայն խաչն իր հրաշագործ զորությամբ զերծ է մնում կործանումից և 934թ. փոխադրվում Կարս:

   XI դ., երբ արաբ ամիրա Սուքմանի հալածանքի ժամանակ կարսեցի երկու հոգևարականներ ուրանում են Քրիստոսին, նրանք վերցնում են Նունեի սբ. Խաչը և մեկ ամիս անարգում այն` գցելով անասուններին կոխան: Լսելով այս սրբապղծության մասին` Բարսեղ Ա Անեցի կաթողիկոսը հրամայում է գողանալ խաչը  և, փրկելով այն, հասցնել Անի: 1098 թ. Նունեի սբ. խաչը մեծ ուրախությամբ մուտք է գործում քաղաքամայր Անի, և Խաչվերացի ութօրեքին հաջորդող կիրակի օրը նրա պատվին տոն է հաստատվում: 

   Սբ. խաչն Անիում է մնում մինչև 1239 թ., երբ վրաց Ռուսուդան թագուհին դիմում է քաղաքը գրաված Չարմաղանին` խնդրանքով, որ խաչը Վրաստան բերվի: Ահա այսպես, շուրջ ութ հարյուր տարի Հայոց աշխարհում մնալուց հետո սբ. Նունեի և սբ. Շուշանիկի խաչը Վրաստան է տարվում` կրկին տեղադրվելով Մծխեթի «Կենարար Սյուն» («Սվետիցխովելի») մայր տաճարում:

   1749թ. վրաց Ռոմանոս մետրոպոլիտը, Ռուսաստան մեկնելով, իր հետ գաղտնի տանում է սբ. խաչը, և այն մոտ հիսուն տարի պահվում է Նիժնի Նովգորոդի գյուղերից մեկում: 1801թ. վրացիները խաչը նվիրաբերում են ռուսաց Ալեքսանդր I ցարին, որը սակայն հրամայում է սրբությունը Վրաստան վերադարձնել: 1802թ. ի վեր Նունեի սբ. խաչը պահվում է Թիֆլիսի սբ. Սիոն մայր տաճարում:

Պատրաստեց` Գևորգ Ղազարյանը

 

 

 

Սբ. Նունեի խաչը

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com