/ Վարք Սրբոց / Սբ. Գրիգոր Լուսավորիչ

Սբ. Գրիգոր Լուսավորիչ

Սբ. Գրիգոր Լուսավորիչ

Սեպտեմբեր 30/Հոկտեմբեր 13

Սուրբ Գրիգոր Լուսավորիչը` Հայոց առաջին կաթողիկոս (հուն. «ընդհանրական») եպիսկոպոսապետը ծնվել է  շուրջ 238թ.: Ծագումով նա պարթևական ազնվական տոհմից էր: Գրիգորի հայրը` Անակ Պարթևը, 238 թ. իրականացնում է Հայոց Խոսրով թագավորի սպանությանը, որի համար նրա ողջ ընտանիքը սրատվում է: Անակի մանուկ որդուն իր դայակները փախցնում են Կապադովկիայի Կեսարիա քաղաքը` փրկելով նրան Արշակունիների վրեժխնդրությունից: Կեսարիայում  նա մկրտվում է Գրիգոր անվամբ (հուն. «հսկող», «արթուն») և քրիստոնեական հավատքով դաստիարակվում: Ապա Գրիգորն ամուսնանում է ոմն Դավթի դստեր՝ Մարիամի հետ, որից ունենում է երկու զավակ՝ Վրթանես և Արիստակես անուններով: Դրանից հետո ամուսինները փոխադարձ համաձայնությամբ բաժանվում են:

Հայաստան վերադառնալով` Գրիգորը ծառայության է մտնում Խոսրովի որդի Տրդատի արքունիքում և վերջինիս սիրելի սպասավորը դառնում: Սակայն Տրդատի համար Գրիգորի դավանանքն անընդունելի էր.  երբ 387 թ. Տրդատը հայոց արքայական գահն է բարձրանում, նա  հրամայում է Գրիգորին ուրանալ Քրիստոսին, սակայն սուրբն անդրդվելի է մնում: Գրիգորի անսասան հավատքը տեսնելով` Տրդատը հրամայում է իր հավատարիմ ծառային դաժան չարչարանքների ենթարկել:  Ի վերջո, տեղեկանալով, որ Գրիգորն իր հայրասպան Անակի որդին է, Տրդատը հրամայում է  մահապարտների բանտը` թունավոր օձերով ու զեռուններով լի Խոր վիրապը նետել նրան:

Տերը սակայն պահպանում է իր ընտրյալ ծառայի կյանքը. սողունները չեն վնասում Գրիգորին, իսկ մի այրի սրբին ամեն օր մի հացի կտոր է գցում: Աստուծո սուրբ հրեշտակն այցելում է կենդանաթաղ նահատակին` քաջալերելով և ամրապնդելով նրան: Այսպես  14 երկար տարիներ են անցնում: Այդ ընթացքում` 301 թ. Տրդատ թագավորը ևս մի հանցագործություն է կատարում. նա տանջամահ է անում Հռոմի Դիոկղետիանոս կայսեր հալածանքներից Վաղարշապատում ապաստանած սբ. կույս Հռիփսիմեին, վանամայր Գայանեին, նրանց հետ 35 կույսերի և վաղարշապատցի քրիստոնյաների մի բազմություն:

Այս ոճիրի համար Աստված պատժում է Տրդատին և նրա պալատականերին. նրանք դիվահարվում են` խոզակերպ դառնալով ու ամայի վայրերում թափառելով: Տրդատի քույր Խոսրովադուխտը հինգ անգամ կրկնվող մի տեսիլք է տեսնում, ըստ որի` դիվաբախներին միմիայն Գրիգորը կարող է բուժել: Երբ թագավորի մերձավորները մոտենում են վիրապին ու հարցնում են`Գրիգոր, կենդանի ես, Գրիգորը պատասխանում է.

 -Կենդանի եմ Աստուծո շնորհով:

Այսպիսով, սրբին հանում են խոր վիրապից:  Նա կարգադրում է հավաքել նահատակ սուրբ կույսերի մասունքները և  դրանք մի տեղ է ամփոփում: Սբ. Գրիգորը շուրջ երկու ամիս Աստուծո խոսքն է քարոզում Տրդատին, հայոց ավագանուն ու ժողովրդին, ապա բժշկում է արքային:

Սբ. Գրիգորին մեծ պատիվներով Կեսարիա են ուղարկում` ձեռնադրություն ստանալու համար: Կեսարիայի Ղևոնդ արքեպիսկոպոսն ու այլ եպիսկոպոսներ սբ. Գրիգորին հանդիսավորությամբ Հայոց հովվապետ են ձեռնադրում:

Ետադարձ ճանապարհին, 303 թ. սբ. Գրիգորն աստվածաշնչյան Եփրատ Արածանի գետում մկրտում է Տրդատին, Աշխեն թագուհուն ու Խոստովադուխտին, նախարարներին, զորականներին ու ժողովրդին: Վաղարշապատում սբ. կույսերի նահատակության վայրերում նա կառուցում է սբ. Հռիփսիմեի ու սբ. Գայանեի վկայարանները, ինչպես նաև Վաղարշապատի կաթողիկեն (Էջմիածնի Մայր Տաճարը):

Սբ. Գրիգոր Լուսավորչի հետագա կյանքն անցնում է սբ. Ավետարանի անխոնջ քարոզչությամբ ոչ միայն Հայաստանում, այլև հարևան երկրներում` Վիրքում, Աղվանքում, Միջագետքում և այլուր:  Իր կյանքի վերջին տարիներին սբ. Գրիգոր Լուսավորիչը, հայրապետական աթոռն իր Արիստակես որդուն հանձնելով,  Սեպուհ լեռան «Մանյա այրք» ճգնարանում է առանձնանում: Նա իր հրեշտակային հոգին առ Աստված է ավանդում 325 թ. հետո: Սբ. Գրիգորի անապական մարմինը գտնում են հովիվները և, չիմանալով նրա իքնությունը, նույն վայրում թաղում:

(Սբ․ Գրիգոր Լուսավորչի գլխի մասունքի մի մասը Աթոս Լեռան Մեծ Լավրա վանքում)

Տարիներ անց սրբի մարմինը հրաշալի մի տեսիլքի շնորհիվ գտնվում  ու  Թորդանում   է ամփոփվում: Հետագայում նրա մասունքները Թորդանից հանվում ու սփռվում են ամբողջ քրիստոնյա աշխարհում: Այսպես, V դ. դրանց մի մեծ մասը Կոստանդնուպոլիս է փոխադրվում: Այսօր սբ. Գրիգոր Լուսավորչի սբ. գլխի երկու հատվածները պահվում են Աթոս սբ. Լեռան մեծ Լավրա և սբ. Գրիգորի վանքերում, այլ մասունքներ` աթոսյան Իվերոն և Քսերոպոտամի Քառասուն մանկունք վանքերում: Լուսավորչի աջն ու ազդրոսկրը պահվում են Սբ. Էջմիածնում: Սրբի մասունքերից կան նաև Իտալիայի Նեապոլսում, Հունաստանում, Ռումինիայում և այլուր: 

(Սբ․ Գրիգոր Լուսավորչի գլխի մասունքի մյուս մասը Աթոս Լեռան սբ․ Գրիգորի վանքում)

 

Պատրաստեց Բ. Գրիգորյանը

 

 

Սբ. Գրիգոր Լուսավորիչ