/ Հոդվածներ / «Մենք կտեսնենք, թե ինչպես մեր երկիրը կվերածվի Սոդոմ-Գոմորի»

«Մենք կտեսնենք, թե ինչպես մեր երկիրը կվերածվի Սոդոմ-Գոմորի»

«Մենք կտեսնենք, թե ինչպես մեր երկիրը կվերածվի Սոդոմ-Գոմորի»

 

Կգա ժամանակը

 

      Սբ.Կոզմաս Էտոլացին (1714-1779, հիշատակը տոնվում է օգոստոսի 24-ին/ սեպտեմբերի 6-ին, ՝ հին տոմարով) հայտնի է իր 200-ից ավելի մարգարեություններով, որոնք արդեն իրականացել կամ սպասում են իրենց իրականացմանը: Մարգարեությունների մեկնաբանությամբ է վերջերս հանդես եկել Սրբի մասին մենագրության հեղինակ պրոֆեսոր Աթանասիոս Զոիտակիսը:

….

  Առաքելահավասար սբ.Կոզմաս Էտոլացու մարգարեությունների մասին աշխարհն իմացավ շնորհիվ աննախադեպ ժողովրդական պաշտամունքի: 18-րդ դ. ապրած (վերջերս նշեցինք նրա ծննդյան 300-ամյակը և նահատակության 235-ամյակը) սբ. Կոզմասը Եկեղեցու կողմից փառավորվել է ոչ վաղ անցյալում՝ 20-րդ դ. կեսին: Բայց ժողովուրդը երբեք էլ չէր կասկածում նրա սրբությանը: Եվ այդ իսկ պատճառով խնամքով էր պահպանում այն ամենն, ինչ վերաբերվում էր Սրբի հիշատակին, պատկերագրում էր նրա սրբանկարները և հիշում նրա ամեն խոսքը՝ այն սերնդեսերունդ փոխանցելով:

     Սբ. Կոզմաս Էտոլացուն առնչվող բավական իրեր են պահպանվել. և՛ զգեստների մի մասը, և՛ մետաղե ու փայտյա խաչերը, որոնք նա թողնում էր իր քարոզած վայրերում:

     Այն ժամանակների ահավոր հիմնահարցը մահմեդականացումն էր: Ապրելով մահմեդականների մեջ՝ շատ ուղղափառներ կամավոր իսլամ էին ընդունում: Խոսքը տարածաշրջանում Ուղղափառության հետագայի մասին էր: Սբ. Կոզասը շրջում է Կ.Պոլսի պատրիարքության կանոնական տարածքների մեծ մասով՝ քարոզելով Ավետարանն այն մարդկանց, ովքեր երբեմն գիտեին Աստծո խոսքը, սակայն մեծամասամբ կորցրել էին իրենց հավատքն ու հեռացել Եկեղեցուց:

     Ժամանակակից պատմագրությունը սբ. Կոզմաս Էտոլացուն ընդունում է որպես ուղղափառ ժողովուրդների զանգվածային իսլամացումը կանխարգելած անձնավորության (ընդգծումը խմբագրությանն է): Նրան իրավացիորեն կոչում են առաքելահավասար, սակայն ոչ միայն այդ պատճառով:

      Հայտնի է, որ սբ. Կոզմասը բազում հրաշքներ է արել: Դրանցից առավել զարմանահրաշն է, երբ նա լճի մակերևույթին նետելով իր զգեստները՝ անցել է մյուս ափ: Մենք գիտենք նաև հետմահու բազմաթիվ հրաշքներ. նրանք, ովքեր դիմել են նրա աղոթարար բարեխոսությանը, գիտեն, որ սբ. Կոզմաս Էտոլացին արագահաս օգնական է:

     Ինչպես առաքյալները, նա էլ արժանացավ նահատակության պսակին: Եվ նրանց նման ևս տիրապետում էր մարգարեության շնորհին:

      Մեզ հայտնի է սբ. Կոզմասի մոտ 200 մարգարեություն. դրանք բոլորն իրականացել կամ սպասում են իրենց կատարմանը:

     Պետք է ասել, որ նրա ակնհայտ մարգարեական շնորհը գնահատում էին ոչ միայն քրիստոնյաները, այլև` մահմեդականները: Դրա մասին է պատմում, այսպես կոչված, «Ալբանական ձեռագիրը»` 72 մարգարեությունների ժողովածուն, գրված ղուրանի մեջ, ալբաներեն լեզվով:

 

Մարգարեությունների հավաստիությունը

 

    Մարգարեությունների հավաստիությունը պարզաբանված փաստ է: Ինչպես պատմաբանները, այնպես էլ մենք, նախևառաջ, հենվում ենք գրավոր աղբյուրներին, ընդ որում, վաղ ժամանակահատվածի՝ 18-րդ դ. վերջ և 19-րդ դ. սկիզբ:

     Բանավոր ավանդությունը ևս չի կարելի ժխտել՝ Ուղղափառության մեջ շատ բաներ փոխանցվում են բերանացի, բայց ներկա պարագային քաղվածքները ներկայացվում են՝ հիմք ընդունելով հենց գրավոր փաստաթղթերը:

      Շատ մարգարեություններ գրառվել են կա՛մ ժամանակակիցներից, կա՛մ սբ. Կոզմասի նահատակությունից անմիջապես հետո: Այնպես որ մենք կարող ենք հաստատել, թե դրանք արտաբերել է սբ. Կոզմասը և հետագայում խնամքով պահպանվել են նրա աշակերտների կողմից:

 

Գործնական օգուտը

 

    Շատ մարգարեություններ եղել և մնում են գործողությունների ուղեցույց կամ բոլոր մարդկանց, կամ էլ այս կամ այն բնակավայրի բնակիչների համար, ուր որ նա քարոզել է:

    Մենք գիտենք ավելի քան 10 մարգարեություն, որոնք վերաբերվում են որոշակի տարածաշրջանների, ուր մարդկանց ասվել է ինչ անել այս կամ այն իրադրության ժամանակ:

    «Երբ տապալվի ծառը, գնացե՛ք լեռներ, այնտեղ շատ մարդիկ կփրկվեն, ոչինչ մի՛ վերցրեք ձեր հետ, փրկվե՛ք ինքներդ, դժբախտությունը 24 ժամից ավելի չի տևի»:

     Իրոք, այդ վայրերի մարդիկ, ուր որ դա ասվել է, ապաստան են գտել լեռներում և փրկել իրենց կյանքը թուրքերից, համաձայն սբ. Կոզմասի խոսքի:

      Մեկ այլ մարգարեություն կատարվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ:

 

      «Դժբախտությունը կհասնի մինչև խաչ, բայց ավելի վար չի իջնի»:

      Խոսքը սբ. Կոզմասի կողմից իր քարոզչության վայրում թողնված խաչի մասին է (ի դեպ, Հունաստանում շատ վայրեր կրում են «Ստավրոս-Խաչ» անունը, որովհետև այդտեղ է քարոզել սուրբը):

     Մի 94-ամյա ծերունի հիշում էր այդ մարգարեությունը, որը լսել էր դեռ իր ծնողներից, և երբ իտալական զորքերը հարձակվում էին, հրաժարվեց տարհանվել՝ միևնույնը կոչ անելով իր համագյուղացիներին: Դրանով նա հարուցեց իշխանությունների դժգոհությունը, նրան նույնիսկ մեղադրեցին խափանարարության մեջ: Ֆաշիստական Իտալիան հարձակվում էր, հունական բանակը պարտություն էր կրում, սակայն, սրբի խոսքերով, իրոք, հույները հակահարված տվեցին և իտալացիներին արգելեցին իջնել «խաչից վար» ու գրավել այդ գյուղը: Մարդիկ ամոթահար չեղան սրբի խոսքի նկատմամբ իրենց վստահությամբ: 

 

      Դասակարգումը

 

Հավանական է մարգարեությունների տարատեսակ դասակարգումը: Այժմ մենք դրանց կբաժանենք խմբերի հետևյալ կերպ.

    1.Մարգարեություններ օսմանյան լծից Կ.Պոլսի պատրիարքության ազատագրության մասին, որոնք արվել է սբ. Կոզմասի քարոզչության այն տարիներին, երբ օսմանյան կայսրությունն ընդգրկում էր ոչ միայն Հունաստանը, այլ նաև ուղղափառ ժողովուրդներով բնակեցված Ալբանիայի և Թուրքիայի տարածքները:

      Դրանց են վերաբերվում նաև Կ.Պոլսի ազատագրության մասին մարգարեությունները:

     Այս մարգարեությունների մեծ մասը՝ Հունաստանի ազատագրության մասին, կատարվել է: Ինչ վերաբերվում է Կ.Պոլսին, դեռևս սպասում է իր կատարմանը:

      2.Մարգարեություններ ապագա իրադարձությունների մասին՝ պատերազմներ, աղետներ, և ինչ կլինի ողջ մարդկությանը:

     Մարգարեություներից շատերը, որոնք, ինչպես մենք հիմա հասկանում ենք, առնչվում են հեռավոր ապագային, պահպանվել են միայն այն պատճառով, որ մարդիկ շատ էին սիրում սրբին և ամբողջությամբ վստահում էին նրան:

 

      «Կառքն առանց ձիերի՝ նապաստակից ավելի արագ կսուրա»:

      Պարզ է, որ 18-րդ դարում սա հնչում էր անհասկանալի և նույնիսկ` անիմաստ: Այնպես, ինչպես մարգարեությունն այն մասին, թե այլ քաղաքում գտնվող մարդու հետ կարելի կլինի խոսել, կարծես, նա նստած է հարևան սենյակում.

    «Կգա ժամանակ, երբ մարդիկ կխոսեն մի հեռավոր տեղից մյուսի հետ, օրինակ, Կ.Պոլսից Ռուսաստան» կամ «Կգա ժամանակ, և մարդիկ կկարողանան շփվել միմյանց միջև հեռու տարածություններում, կարծես, գտնվում են երկու հարևան սենյակում»:

 

      Մարգարեություններ Կ.Պոլսի մասին

 

Երբ մարգարեությունը կատարվում է, ճշգրտությամբ հասկանալի է դառնում, թե ինչ նկատի ուներ սուրբը, իսկ առայժմ այն սպասում է իր ժամին, հավանական են նաև այլ մեկնաբանություններ:

       Թուրքիայի հայտնի մասնագետ Օտտավայի համալսարանի պրոֆեսոր Դիմիտրիոս Կիցիկիսը մեկնաբանելով վերջին դեպքերը՝ ասում է, թե Թուրքիայի կործանման մասին Կոզմաս Էտոլացու մարգարեություններն իրականանում են մեր աչքերի առջև:

        «Թուրքերը կհեռանան, բայց կրկին կվերադառնան և կհասնեն մինչև Հեքսամիլյա: Նրանց մեկ երրորդը կմեռնի, մեկ երրորդը կհավատա Քրիստոսին, իսկ մեկ երրորդը կհեռանա Կոկկինի Միլյա»:

      Թուրքիայի բնակչության մեկ երրորդ մասը՝ 25 միլիոն, ալևիներ են, որոնք քրիստոնեությանը դրական են վերաբերվում: Չի կարելի մոռանալ ծածուկ քրիստոնյաների մեծ տոկոսի մասին: Ինչ վերաբերվում է բնակչության այն մեկ երրորդին, որի մասին ասվում է, թե կհեռանա Կոկկինի Միլյա (բառացի՝ Կարմիր մղոնանոց), խոսքը Քրդստան պետության ստեղծման մասին է:

     Սա համընկնում է և սբ. Պաիսիոս Աթոսացու մեկնության հետ. մարդ, ով շատ էր սիրում սբ. Կոզմասին: Հենց այս մարգարեությունը սբ. Պաիսիոսը մեկնել է առավել մանրամասն: Նա ասել, որ «Հեքսամիլիան (Վեցմղոնանոցը)», ծովային խութեզրի 6 մղոնն է, ուր մշտապես բախվում են Թուրքիայի և Հունաստանի շահերը: Այդ իսկ 6 մղոնի վեճի արդյունքում տեղի կունենա մի այնպիսի լուրջ հակամարտություն, որում կներքաշվեն համաշխարհային գերտերությունները, ինչն էլ իր հերթին կհանգեցնի Թուրքիայի անկմանը:

 

     Մարգարեություններ մեր ժամանակների մասին

 

      «Կգա ժամանակ, և դուք չեք կարողանա որևէ բան ճանաչել»:

      Չի կարելի պնդել, թե այս խոսքերը վերաբերվում են հենց մեր ժամանակներին, բայց այժմ արդեն բավարար չափով ակնհայտ է, որ Արևմտյան Եվրոպայում և ԱՄՆում, և ոչ միայն, ԶԼՄները կեղծ մեքենայություններով կառավարում են հասարակական կարծիքը (ընդգծումը խմբագրությանն է): Արևմտյան Եվրոպայում շատ քչերը գիտեն, թե իրականում ինչ է տեղի ունենում Ուկրաինայում և Սիրիայում: Ճիշտ այնպես, ինչպես ոչ ոք չգիտեր, թե իրականում ինչ է տեղի ունենում Հարավսլավիայում: Իհարկե, ցանկության դեպքում կարելի է համացանցում տեղեկատվություն գտնել և վերահասու լինել ճշմարտությանը, սակայն այն իմանալ արևմտյան ԶԼՄ-ներից գրեթե անհնար է:

 

      «Դպրոցներում այնպիսի բաներ կհայտնվեն, որ ձեր ուղեղում չեն տեղավորվի»:

     Եվ, իրոք, մենք տեսնում ենք, որ Արևմուտքի դպրոցներում այնպիսի բաներ են ի հայտ գալիս, որոնք ուղեղը հրաժարվում է տեղավորել իր մեջ, օրինակ, արվամոլների առնչությամբ   «հանդուրժողականության» դասերը և դրան նվիրված ուսումնական ծրագրերը:

 

       «Դժբախտությունը ձեզ ուսյալներից կգա»:         

    «Այն, ինչին ստիպված եք լինելու համբերել, ձեզ կպատահի կարդացած մարդկանց պատճառով» :

    «Կարդացածներն» այստեղ անկյունաքարային բառ է: Ամենաբուռն ցանկության պարագային իսկ անհնար է մեղադրել սբ. Կոզմասին, թե նա հակառակ է եղել կրթությանը. նա հիմնել է մոտ 1000 դպրոց, հայթայթել միջոցներ նրանց ծախսածածկման համար, պատրաստել է ուսուցիչներ, բացել 4 ուսումնական հաստատություն ուսուցիչների և քահանաների պատրաստության համար, սբ. Նիկոդիմոս Աթոսացու և այլ գործակիցների հետ հրատարակել է ուսումնական գրականություն: Եվ, այդուհանդերձ, արտաբերել է նման խոսքեր: Ինչի՞ մասին է դա վկայում: Որ մերկապարանոց գիտելիքը՝ «կարդացած լինելը», իրազեկվածությունը, բավարար չէ. շեշտը դրվում է միայն սեփական խելքին, սեփական «եսին», սեփական եսասիրությանը, ինչը մարդուն տանում է փակուղի:

      Իսկապես, շատ բաներ վիճակված է համբերել այդ կարդացած մարդկանց պատճառով:

Ժամանակակից հետքրիստոնեական եվրոպական քաղաքակրթության ակունքներում եղել է եվրոպական Լուսավորությունն՝ իր ռացիոնալիզմով և կրոնի նկատմամբ քննադատական վերաբերմունքով: Եթե կարդանք ժամանակակից ազատամիտներին, ապա պարզ կլինի, որ նրանք խորհում և գործում են միևնույն ճանապարհով, ինչ որ նրանց նախորդները՝ Վոլտեր, Ռուսո և այլք:

       Սբ. Կոզմասը եվրոպական Լուսավորության հակառակորդն էր:

Նա ասում էր, որ անհրաժեշտ է Աստվածային լուսավորություն (ընդգծումը խմբագրությանն է): Կարդացած լինելուց բացի, անհրաժեշտ է հոգևոր գիտելիք, ինչին հասնում են եկեղեցական կենսափորձի միջոցով: Որքան էլ կարդացած ու իրազեկ լինի մարդը, նրան կարելի է համեմատել միայն հիմք ունեցող տան հետ: Եթե չկան պատեր, չկա ծածկ, ապա այն բավական անիմաստ կառույց է: Նույնը և կարելի է ասել այն մարդկանց մասին, ովքեր փորձում են ամեն ինչ անել ինքնուրույն, առանց Աստծո: Դա մշտապես տանում է փակուղի, և հաճախ ոչ միայն հենց այդ մարդկանց, այլև ամբողջ ժողովուրդների և երկրների:

 

       «Առվակները կսպառվեն, իսկ գետերն աղտոտ կդառնան»:

    Շատ տարածաշրջաններում այսօր նկատվում է և՛ խմելու ջրի պակաս, և՛ աննախադեպ աղտոտվածություն. այստեղ       մեկնաբանելու էլ ոչինչ չկա:

 

      «Ձեր ափսեները ծայրեծայր լեցուն կլինեն, բայց կերակուրն անհնար կլինի ճաշակել»:

      Բավական ճշգրիտ և բացառիկ մարգարեություն: 18-րդ դարում միանգամայն անհասկանալի էր, թե այդ ինչպես ափսեները լեցուն են կերակրով, բայց դրանցից ճաշակելն անհնար է: Այժմ մենք դրա ականատեսն ենք. գենային վերափոխված սննդամթերքը կամ սննդամթերք, որը լեցուն է «պահպանիչ» տարրերով, այնպիսի բաների «համերով», որոնք դրանում ուղղակի չկան: Բավարար ապահովված մարդիկ դեռևս կարող են գտնել որևէ առավել կամ պակաս բնական մթերք, սակայն հնարավոր է, որ յուրաքանչյուր տարվա հետ դա անելն ավելի կդժվարանա:

 

       «Մենք կտեսնենք, թե ինչպես մեր երկիրը կվերածվի ՍոդոմԳոմորի»:

       Միասեռական կենակցության օրինականացման ամենատարբեր ձևերը, իսկ որոշ տարածաշրջաններում նաև այդպիսի զույգերի կողմից երեխա որդեգրելու արտոնությունը, ամբողջ աշխարհով այդ ամենի քարոզչությունը… ընթանում է մեր երկրի՝ Սոդոմ-Գոմորի վերափոխման գործընթացը, և մենք այդ ամենը տեսնում ենք:

 

       «Կգա ժամանակը, և սատանան աշխարհի վրա կշրջի իր «սարքով»»:

      Գլոբալ դիտարկումը, մարդկանց նկատմամբ վերահսկողությունը. սովորաբար այսպես է վերծանվում այս մարգարեությունը: Մենք կարող ենք նույնացնել «սարքը» արբանյակների համակարգի հետ, որոնք իրականացնում են մշտական դիտարկում տեսանելիությամբ կամ կապի տարբեր կարգի միջոցների պահպանման ծառայությունների մատուցման օգնությամբ:

 

        «Կգա ժամանակը, երբ աշխարհը կկառավարեն αλαλα-ն և μπαλαλαն»:

     «Αλαλα» և «μπαλαλα» բառախաղ է, ինչը կարելի է թարգմանել որպես որևէ հոգեզուրկ բան: Մեկնաբանների մեծ մասը մարգարեությունը կապում է ժամանակակից տեղեկատվական հասարակության հետ, երբ համակարգչային տեխնոլոգիաները կազմում են տեխնոլոգիական գործընթացների և մեքենաների աշխատանքի հիմքը:

 

      «Կգա ժամանակ, երբ ողջ աշխարհը գոտևորված կլինի մի թելով»:

      Նախկինում սա հասկանում էին որպես հեռագիր, իսկ այսօր, անշուշտ, խոսում են համացանցի (ինտերնետ) մասին՝ ցանց, սարդոստայն:

 

     «Համաշխարհային պատերազմից հետո մարդիկ կուտեն ոսկե գդալներով»:   

     Նախկինում՝ դեռ 40-50 տարի առաջ, այս մարգարեության առնչությամբ տարընթերցումներ կային, սակայն  այսօր բոլոր մեկնաբանները համամիտ են, որ նկատի է առնվում Երկրորդ համաշխարհային պատերազմին հաջորդած ժամանակահատվածը, երբ Արևմտյան Եվրոպայում և ԱՄՆ-ում տիրում էր բարեկեցություն, և երբ ծնվեց սպառողականության պաշտամունքը:

 

        «Դուք կտեսնեք, երբ ոմանք կվերաբնակվեն վերև, իսկ մյուսները՝ ներքև»:

       Այս մարգարեությունը զանգվածային միգրացիայի մասին է: Հույների մոտ «վերև և ներքևը» միշտ հարավն ու հյուսիսն են: Մեկ այլ մարգարեությամբ սա ասված է ուղղակի.

 

       «Երբ տեսնեք, թե ինչպես ոմանք վերաբնակվում են հարավ, իսկ մյուսները՝ հյուսիս, ապա արդեն մոտ կլինի»:

     «Արդեն մոտ կլինին» կարելի է երկակի հասկանալ: Սբ. Կոզմասն օգտագործում է այս բառերն օտար լծից Հայրենիքի ազատագրության մասին խոսելուց: Սակայն միաժամանակ մենք հանդիպում ենք այս արտահայությունը՝ «արդեն մոտ կլինի » , երբ նա խոսում է Հակաքրիստոսի ժամանակների մասին:

       Մեզ հայտնի չէ, թե ինչ ժամանակների մասին է սա ասված, քանի որ անհայտ է ենթատեքստը՝ որտեղ է ասվել    մարգարեությունը, ինչպիսի հանգամանքներում:

      Ժողովուրդների խոշոր վերաբնակեցումներ եղել են, իհարկե, նախկինում ևս, սակայն գլխավորն այստեղ «վերև-ներքև»՝ հարավն ու հյուսիսն են, այն է՝ գործընթացի բազմակի ուղղվածությունը և դրա անընդհատությունը: Ահա թե ինչին է պետք ուշադրություն դարձնել: Եվ այժմ մենք, իրոք, տեսնում ենք բազմակի ուղղվածություն ունեցող գործընթաց: Երբ միևնույն Եվրամիություն լցվեցին վերաբնակիչներ Արևմտյան Եվրոպայից, միգրացիա էր հյուսիսից: Այժմ մենք տեսնում ենք միգրացիա նաև հարավից և որոշ հարևանների ցանկությունը Եվրոպա (այդ թվում՝ Հարավային) տեղափոխվելու, գումար աշխատելու:

 

      «Վա՛յ Հունաստանին, երբ նրա հողում կվերաբնակվեն այլացեղ ժողովուրդներ»:  

       Սա ուղղակի մեր ժամանակն է: Սբ. Կոզմասը երբեք հույներին չի հակադրել այլ ուղղափառ ժողովուրդների, այնպես որ, այստեղ խոսքն այլակրոնների մասին է: Հունաստանը միշտ եղել է էթնիկ իմաստով բավական միատարր պետություն, սակայն դա փոփոխվում է հենց մեր աչքի առաջ՝ յուրաքանյուր օր երկիր են հասնում հազարավոր մահմեդական վերաբնակիչներ:

      Մի մարգարեությամբ սբ. Կոզմասն արտահայտվում է քաղաքականորեն ոչ այնքան պատշաճ կերպով.

 

      «Կգան աղտոտ ժողովուրդներ. երբ նրանք հայտնվեն, մի՛ վախեցեք: Երբ նրանք կսկսեն հեռանալ, մի կողմ քաշվե՛ք»: Առաջին մասը մենք չենք մեկնաբանի, իսկ երկրորդ մասը որոշ լավատեսություն է ներշնչում նրանց, ովքեր վնաս են կրել այդ գործընթացներից. նշանակում է, որ նրանք վաղ թե ուշ կգնան:

 

      «Ձեզ կհատկացնեն շատ դրամ և հետ կպահանջեն, սակայն չեն կարողանա այն ստանալ»:

      Հունաստանին, իրոք, շատ վարկեր տվեցին, հետ պահանջեցին դրանք, սակայն չեն կարողանում ստանալ. սա կարելի է մեկնել այն իմաստով, որ Հունաստանի պարտքը միայն աճում է, չնայած բոլոր ձեռնարկվող միջոցներին: Այսպիսի մեկնաբանություն է տարածված ժամանակակից պատմագրության մեջ:

 

       «Հարկ կդնեն անգամ հավերի և պատուհանների վրա»:

       Նախկինում սա ընդունված էր հասկանալ պատկերավոր կերպով:

Իսկ այժմ՝ ուղղակի իմաստով: 2009թ. ճգնաժամի սկզբին հարկերից խուսափելը կանխելու համար Հունաստանի կառավարությունը սկսեց անդորագրերով հարկային պահանջներ առաքել էլեկտրաէներգիայի վարձի հետ միասին: Այն դեպքերում, երբ մարդիկ չէին կարողանում վճարել, էլեկտրականությունն անջատում էին: 2012թ. վերջին հարկավորման ենթակա գույքի ցանկում ընդգրկվեցին նաև հավանոցները (հավերի քանակի հաշվառմամբ). մարգարեության առաջին մասն իրականացավ բառացիորեն:

      2013թ. հոկտեմբերին կատարվեց և երկրորդը: Անշարժ գույքի հարկման նոր խմբագրության մեջ (ինչը մի քանի անգամ ավելացվել է) ընդգրկվել է նաև այնպիսի չափանիշ, ինչպես պատուհանների քանակը տանը (որքան դրանք շատ են, այնքան բարձր է հարկը):

 

         «Կգա ժամանակ, երբ թացերը կայրվեն չորերի հետ»:

       Անմեղները ստիպված կլինեն կիսել վշտերն ու դժբախտությունները մեղավորների հետ: Երբ Աստծուց կուղարկվեն պատիժներ, և մարդկությունն իր անմիտ վարքով աղետներ կհարուցի իր իսկ նկատմամբ, դրանց կենթարկվեն նաև անմեղ մարդիկ:

     Սբ. Կոզմասն ասում էր, որ պետք չէ դրանից երկյուղել: Շատերը վախենում են վերջին ժամանակներից՝ կենտրոնանալով բացասական կողմերին:

      Սբ. Կոզմասը նախազգուշացնում է անսովոր իրադարձությունների մասին. կլինեն և՛ պատերազմներ, և՛ դժբախտություններ, նա դա չի թաքցրել: Սակայն, այնուհանդերձ, նա ասում էր, որ Քրիստոսի հետ, Եկեղեցու հետ ոչինչ ահավոր չէ: Նույնիսկ եթե հարկ լինի նահատակություն ունենալ, ուղղափառ մարդը պետք չէ տրտնջա և վախենա դրանից:

      Մենք տեսնում ենք դա նաև նրա մարգարեություններում, և առավել ևս նրա խրատներում. ոչինչ չի կարող մարդուն անջատել Քրիստոսից, բացի նույնինքն մարդուց:

 

      «Կգա ժամանակ, երբ թշնամիները ձեզնից կխլեն անգամ օջախի մոխիրը: Բայց դուք մի՛ դավաճանեք ձեր հավատքը, ինչպես դա կանեն այլ շատերը»:

      «Ինչ լինի ձեզ մոտ, ամենը տվե՛ք, պահպանե՛ք միայն ձեր հոգիները»:

      Սա շատ կարևոր կոչ է: Բոլոր նյութական բարիքները, հարմարությունները, կայունությունը՝ ամենը պատրանք է, երկրայինը տեղ չունի ապագայում,  «հոգ տարեք միայն հոգու և Քրիստոսի մասին»:

 

 

      Թարգմանությունը ռուսերենից` Վարդան Մարկոսյանի:

 

Աղբյուր. www. agionoros.ru