/ Հրաշքներ / Հրեշտակի հացը

Հրեշտակի հացը

 

Հրեշտակի հացը

 

«Սքանչելի՜ է Աստված իր սրբերի մեջ» (Սաղմ. 67, 36)

 

    Հիսուն տարի ամեն օր սբ. Նիկողայոս Պլանասը[1] սբ. Պատարագ էր մատուցում: Պատահում էր, որ երբեմն սբ. Պատարագի համար առաջադրության հացը չէր ունենում: Սակայն, եթե իր հետ էլ չէր ունենում, հեշտությամբ գտնում էր շուրջը եղած փռերից կամ էլ գրեթե միշտ ուրիշներն էլ էին հաց բերում: Վերջապես, երբեք պրոսֆորայի` առաջադրության հացի, պակաս չէր ունեցել: Մի օր Առավոտյան ժամերգությունից բավականին անցել էր, և ոչ մի տեղից պրոսֆորա չէր գտնվում: Քահանան իր հոգեզավակներից երկու հոգու ուղարկում է շրջակայքի փռերը և պատվիրում, որ այցելեն նաև տանտիկիններին, որոնք վստահաբար միշտ պրոսֆորա ունեին: Այդ ընթացքում փնտրում է նաև Խորանի պահարանների մեջ, մտածելով, թե, միգուցե, մեկ այլ քահանա կարող է թողած լինի, սակայն ոչինչ չի գտնում: Դուրս ուղարկվածներն էլ ձեռնունայն են վերադառնում: Այդպիսի շարունակական ամենօրյա պատարագներից հետո ընդհատում լինի՜… Պապիկը արտասվելու աստիճան տխրում է… Հանկարծ նրան տեսնում են Գեղեցիկ Դարպասների մոտ` ձեռքին մի թարմ ու դեռ տաք պրոսֆորա պահած: Սուրբ Սեղանի վրա էր այն գտել: Ուրախությունից հուզված ասում է.

-Տեսե՛ք, զավակներս, թե Աստված ինչ «նշան» ինձ  ցույց տվեց:

     Բոլոր հրաշքները սբ. Նիկողայոսը «նշաններ» էր անվանում և շատ էլ չէր խորանում այդ երևույթների մեջ` դրանք բնական էր համարում: Ավելին, դրանք չէր մեկնաբանում, որ իր անձին արժեք չտա:

   Ինչպես որ Սրբերի վարքում ենք տեսնում, երբ Տիրոջ Հրեշտակը ծառայում է անապատում գտնվող ճգնավորներին` հայտնություններով ու գերբնական օգնությամբ, նույն էլ սբ. Նիկողայոսի պարագային ենք տեսնում:

     Արդյոք այդ նույն Հրեշտակը չէ՞ր կարող ծառայել աշխարհի մեջ էլ գտնվող, բայց այս աշխարհից չեղող կենցաղավարողին` Տիրոջ իսկական մշակին, Ճգնավորին, ում մասին Աթենքի թերթերը ժամանակին գրում էին հոդվածներ` «Ճգնավորներ Աթենքում» վերնագրով ու նրան դրվատում էին իր բարեպաշտության ու առաքինության համար:

      «Ամեն ինչ հնարավոր է նրա համար, ով հավատում է» (Մարկ. 9, 22):

 

«Սբ. նահատակ Փոկա՜սն է…»

 

   Սբ. Փոկաս նահատակի տոնն էր: Բոլորը հավաքվել էին առավոտյան Ժամերգության համար: Պապա Նիկոլասի հոգեզավակներից մեկն իր հետ էր` խորանում, և ոտքի վրա թեթև քուն է վրան իջնում: Հանկարծ տեսնում է պապիկի ետևում կանգնած մի փառահեղ քահանայի իր վեղարով, ով հետևում էր Ժամերգությանը: Անմիջապես ուշքի գալով` կամացուկ հարցնում է հայր Նիկողայոսին.

-Հա՛յր, մի փառահեղ քահանա ձեր ետևում կանգնած ուշի ուշով հետևում է, թե ինչպես ենք սաղմոսերգում…

-Լռիիիի՜ր,- ձեռքը բերանին դնելով` ասում է քահանան,- սբ. նահատակ Փոկասն է:

      Այդպես լռեցնում է, որ մյուսները չլսեն: Որքան որ կարող էր, այդպիսի բաները թաքցնում էր: Պապա Նիկոլասը մեծ կապ ուներ Սրբերի հետ և շատ բնական էր համարում Նրանց տեսնելը:

 

«Խնդրի՜ր սբ. Հակոբոսին, որ լավանամ…»

 

      Մի անգամ Աթենքում պապա Նիկոլասին մի ընտանիք կանչում է, որ Էվխելիո (Հիվանդաց կարգ) անի: Տան սենյակներից մեկը ոմն անձնավորություն էր վարձել, ով մահճակալին էր գամված ծանր ու վտանգավոր հիվանդության պատճառով: Երբ Էվխելիոն վերջանում է, տանտիրուհին քահանային ասում է, որ հիվանդի սենյակից էլ անցնի ու նրան օրհնված ձեթով օծի: Օծելուց հետո նստում է նրա կողքին, հարցնում անունը և այլն: Հիվանդը նրան ասում է, որ անունը Հակոբոս է:

      -Աաաա՜, բռավո՜, զավակս: Տեառնեղբոր անունն ունես, Տիրոջ եղբոր:

      -Բա՜հ, Քրիստոս ինչի ուրիշ եղբայրնե՞ր էլ ուներ,- բավական անհավատությամբ և յուրահատուկ հեգնանքով ասում է հիվանդը:

     Քահանան նստում ու նրան բացատրում է, որ Հովսեփը նախքան Աստվածամոր հետ նշանվելն օրինական ամուսնությունից 5 զավակ ուներ: Այդ իսկ պատճառով էլ Հակոբոսը Տեառնեղբայր է կոչվում:

Հիվանդն հուզվում է հայր Նիկողայոսի պատմածից ու ասում.

-Ա՜խ, հա՜յր իմ: Խնդրի՜ր սբ. Հակոբոսին, որ լավանամ, և ես ամեն տարի հանդիսավորապես նրա հիշատակը կտոնեմ:

   Այս ամենն իր մի հոգեզավակին պատմելուց հետո պապա Նիկոլասն ասում է.

-Ես էլ, երբ տուն գնացի, որպես քահանա իմ պարտականությունն արեցի:

Հարց է, թե այդ գիշերը քահանան գոնե մի քիչ քնում է, թե ոչ: Որովհետև հիվանդը նույն գիշեր քնի մեջ մի փառահեղ Եպիսկոպոսի է տեսնում` ձեռքին քսուքով մի տուփ պահած, ով ասում է.

-Շրջվի՛ր, որ թիկունքդ խաչակնքեմ:

     Հիվանդը շրջվում է, և Եպիսկոպոսն իր քսուքով խաչակնքում է նրա թիկունքը:

     -Ո՞վ ես դու,- հարցնում է հիվանդը:

     -Հակոբոսն եմ, ինձ պապա Նիկոլասն է ուղարկել,-պատասխանում է նա:

     Այս տեսիլքով հիվանդն ամբողջությամբ առողջանում է ոչ միայն մարմնով, այլ վերածնվում է նաև հոգեպես և իր ուրախությունից ամուսնանում է այդ ընտանիքի աղջկա հետ: Այդ օրվանից Հակոբոսը հանդիսավորապես տոնում էր սբ. Հակոբոսի հիշատակը սբ. Հովհաննես Մկրտչի եկեղեցում, որտեղ սբ. Նիկողայոսն էր քահանայագործում:

 

 

Սբ. Հովհաննես Մկրտչի ու սբ. Պանդելեիմոնի հայտնությունը

 

        1923թ. սբ. Նիկողայոսի մի շատ սիրելի հոգեզավակ` առողջությամբ լեցուն ու շատ գործունյա, կույրաղիքի պայթյուն է ունենում: Ութ օր է ապրում: Այս քիչ օրերի ընթացքում հայր Նիկողայոսը երկինքը երկիր է իջեցնում իր անդադար ու սրտառուչ աղոթքով, որ իր սիրելի զավակն ապրի՜… Գիշերը նրա տուն է գնում և շատ հուզված ասում հարազատներին.

-Իլիասը (Եղիա) մեռնելու է, սբ. Հովհաննես Մկրտիչն ու սբ. Պանդելեիմոնն ինձ ասացին:

        Իսկապես, իր սիրելի հոգևոր զավակը վախճանվում է: Անասելի վիշտ է տիրում ընտանիքից ներս:

      Երեք ամիս է անցնում: Իլիասի քույրը հարցնում է սբ. Նիկողայոսին, թե ինչպես իրականում այդ տեսիլքն ունեցավ: Նրան ասում է.

-Սբ. Պատարագի ժամանակ տեսա դիմացս` սբ. Սեղանի ետևում, սբ. Հովհաննես Մկրտչին ու սբ. Պանդելեիմոնին, և ինձ ասացին.

-Քո խնդրանքը Քրիստոս Տիրոջը ներկայացրեցինք: Նա մեզ ասաց, որ մեռնելու է: Հրամանն ի վերուստ է:

 

     Թարգմանությունը հունարենից` հայր Հերոնիմոս Մայիլյանի:

 

            Աղբյուր. Μάρθας Μοναχής, Ο άγιος παπά-Νικόλας Πλανάς, ο απλοϊκός ποιμήν των απλών προβάτων, εκδ. οίκος «Αστήρ», Αθήναι 1999.

[1] Սբ. Նիկողայոս Պլանասի վարքը կարելի է ընթերցել սույն կայքի «Վարք Սրբոց» բաժնում:

 

 

 

 

Հրեշտակի հացը

 

 

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com