/ Ծերերի խրատներ / Տերողորմյան` սատանայի դեմ ինքնաձիգը

Տերողորմյան` սատանայի դեմ ինքնաձիգը

 Տերողորմյան` սատանայի դեմ ինքնաձիգը

 

 

Ծեր Պաիսիոս Աթոսացի

(1924-1994 թթ.)

Տերողորմյան` սատանայի դեմ ինքնաձիգը

 

            – Գե՛րոնդա, տերողորմյան[1] ի՞նչ նշանակություն ունի:

           – Տերողորմյան ժառանգություն, օրհնություն է, որ մեր սբ. Հայրերն են մեզ թողել: Եվ հենց միայն դրա համար մեծ արժեք ունի: Երբ մեկի պապը ինչ-որ աննշան բան է ժառանգություն թողնում, թոռնիկը դա որպես թալիսման է պահում: Որքա՜ն առավել տերողորմյան, որը սբ. Հայրերն են մեզ ի ժառանգություն թողել:

        Հնում, երբ ժամացույց չկար, վանականներն աղոթքի տևողությունը տերողորմյայով էին չափում, սակայն տերողորմյայի հանգույցները պարզ էին:

Ինչ-որ ժամանակ ոմն ճգնավոր [հոգևոր] մեծ պայքար էր մղում, բազմաթիվ երկրպագություններ անում ևն, բայց սատանան գնում ու քանդում էր նրա տերողորմյայի հանգույցները: Խեղճն անընդհատ երկրպագություններ էր անում և ուժասպառ էր լինում, չկարողանալով դրանք հաշվել, քանի որ նրա տերողորմյայի հանգույցները սատանան շարունակ քանդում էր: Այնժամ հայտնվում է Աստծո հրեշտակը և ճգնավորին սովորեցնում է, թե հանգույցներն ինչպես գործի, որ յուրաքանչյուր հանգույցում ինը խաչ ձևավորվի: Դրանից հետո սատանան, որ Խաչից դողում է, այևս չի կարողանում դրանք քանդել: Այսպիսով, տերողորմյայի ամեն մի հանգույց ունի ինը խաչ, որոնք հրեշտակների ինը դասերն են խորհրդանշում:

             – Գե՛րոնդա, ի՞նչ են նշանակում տերողորմյաների երեսուներեք, հիսուն, հարյուր ու երեք հարյուր հանգույցերը:

      – Միայն երեսուներեք թիվն է խորհրդանշական. Քրիստոսի` երկրի վրա ապրած երեսուներեք տարիներն է խորհդանշում: Մյուս թվերը մեզ պարզապես օգնում են` հաշվելու մեր արած երկրպագությունները, կամ էլ [հուշում են, թե]  քանի անգամ ենք Հիսուսի աղոթքն ասելու:

            Որոշ հաստոցներ պարան ունեն` ծայրին մի բռնակով, ու երբ ուզում ես այն աշախատեցնել, պարանը մի քանի անգամ ուժով քաշում ես, մինչև որ սառած յուղը տաքանա: Այդպես էլ տերողորմյան այն պարանն է, որը քաշում ենք մեկ, երկու, հինգ-տաս անգամ, հոգևոր յուղերը հալվում են, անդադար աղոթքի հոգևոր մեքենան թափ է առնում, և ապա  Հիսուսի աղոթքի մեջ սիրտը գործում է ինքն իրեն…

            – Գե՛րոնդա, կա՞ արդյոք մարդահաճության վտանգ այն ժամանակ, երբ տերողորմյան ձեռքիս պահած` մեխանիկորեն ասում եմ աղոթքը:

            – Եթե տերողորմյան գործածես արտաքնապես` մարդահաճությունից դրդված, ապա ձեռքերդ էլ կաշեհան անես, միևնույն է, ոչ մի օգուտ չես ստանա: [Աղոթքը] քեզ միայն հոգնություն կպատճառի և այն կեղծ զգացողությունը կթողնի, թե մտային աղոթքով ես զբաղվում:

            – Գե՛րոնդա, ես տերողորմյան ձեռքիս պահելու սովորություն չունեմ:

            – Տերողորմյան ձեռքիդ պահիր, որպեսզի չմոռանաս աղոթքը, որը ներքուստ` սրտում պիտի անես: Մանավանդ, երբ խցիցդ դուրս ես գալիս, հիշի՛ր, որ թշնամին պատրաստ է հարձակվելու: Ուստի նմանվիր լավ զինվորին, ով խրամատից դուրս գալիս, ինքնաձիգը միշտ ձեռքերի մեջ է պահում:

Տերողորմյան մեծ զորություն ունի. դա վանականի զենքն է, իսկ հանգույցները փամփուշտներն են, որոնք թրախկ-թրախկ` հնձում են դևերին:

 

 Տերողորմյան` սատանայի դեմ ինքնաձիգը 

Հոգևոր բոլոր վարժություններից ամենաշահեկանը  երկրպագություններն են

 

            – Գե՛րոնդա, ձեր մարմինը ցավու՞մ է:

            – Ո՛չ, որովհետև… հոգևոր մարմնամարզություն եմ անում:

            – Այսի՞նքն:

      -Երկրպագությունները, ա՜յ օրհնյալ: Աշխարհիկ մարդիկ շվեդական մարմնամարզություն են անում, իսկ վանականները` երկրպագություններ: Աշխարհիկները մարմնամարզությամբ առողջացնում են մարմինը, իսկ վանականները հոգին ու մարմինն ամենաառողջն են դարձնում երկրպագություններով: Խեղճ աշխարհիկները չգիտեն, թե երկրպագությունները որքան  նպաստավոր են ոչ միայն հոգու, այլ նաև` մարմնի առողջությանը. նպաստավոր են հոդերին, հեռացնում են թուլությունը, վերացնում են [մարդկանց] անբնական փորերը, խաղաղություն են սփռում ու վեհանձնություն պարգևում: Միևնույն ժամանակ [երկրպագությունները]  մարդուն հնարավորություն են տալիս առաքինությունների հոգևոր վերելքները բարձրանալու այնպես, ինչպես որ սարերի բարձուքներն էլ շատ հեշտությամբ, առանց հևալու,  կբարձրանա:

            Երկրպագություններն անհրաժեշտ են և՛ երիտասարդի, և՛ ծերի համար. այն մարդու համար, ով մարմնական (պոռնկական մտքերի-թարգմ.) պատերազմ ունի, և նրա, ով զերծ է դրանից: Նա, ով պնդակազմ է, պետք է ավելի շատ երկրպագություններ անի, քան հիվանդոտը, ինչպես որ հզոր հաստոցն ավելի շատ է աշխատում: Հատկապես երիտասարդներին երկրապագություներն օգնում են մարմինը հնազանդեցնելու: Ուստի երիտասարդներին միշտ ասում եմ.

-Որքան կարող եք շատ երկրպագություններ արեք ինչպես ձեզ, այնպես էլ նրանց համար ովքեր, հիվանդ կամ ծեր լինելով, չեն կարող երկրպագություններ անել:

            Երկրպագությունն աղոթք է, միաժամանակ նաև` ճգնություն և հոգևոր բոլոր վարժություններից ամենաշահեկան է:  Աղոթքի համար հոգևոր մեր հաստոցի մեկնարկից բացի շատ այլ բարիքներ է բերում: Ամենից առաջ Աստծուն ենք երկրպագում և խոնարահաբար Նրա ողորմությունն ենք խնդրում: Երկրորդ բարիքն այն է, որ երկրպագություններով վայրագ մարմինն է խոնարհվում, և մարմնի հանդարտությունն ու անկրքությունն է գալիս: Եվ երրորդ, մարմնական առողջություն են մեզ պարգևում, և մարդը կրկնակի առողջություն է ունենում:  

Հունարենից թարգմանությունը` հայր Հերոնիմոս Մայիլյանի

 

 

Աղբյուր. Γέροντος Παϊσίου Αγιορείτου Λόγοι, τόμος ΣΤ΄, Περί Προσευχής, εκδ. Ιερόν Ησυχαστήριον «Ευαγγελιστής Ιωάννης ο Θεολόγος» Σουρωτή Θεσσαλονίκης 2012.

 

©Հայերեն թարգմանությունը կատարվել է Ծեր Պաիսիոսի հոգևոր ժառանգության իրավատեր սբ. Հովհաննես Աստվածաբան վանքի հատուկ օրհնությամբ ու թույլտվությամբ` բացառապես www.orthodoxkyanq.org կայքում հրապարակելու նպատակով: Սույն թարգմանության որևէ վերարտադրություն` բացի www.orthodoxkyanq.org կայքին հղում տալուց, խստիվ արգելվում է:

 

 

 

[1] Տերողորմյա` սովորաբար բրդյա թելից գործված հատուկ համրիչ` որով ուղղափառ քրիստոնյանները Հիսուսի աղոթքն են ասում ու երկրպագություններ անում:

 

 

Տերողորմյան` սատանայի դեմ ինքնաձիգը