/ Եկեղեցական տոներ / Հոգեշաբաթներ

Հոգեշաբաթներ

Հոգեշաբաթներ

Ուղղափառ Եկեղեցում «Հոգեշաբաթ» են կոչվում տարվա մեջ 2 շաբաթ օր. առաջինն «Անմիս» (Երկրորդ Գալստյան) կիրակիին նախորդող շաբաթն է, իսկ երկրորդը` Հոգեգալստի կիրակիին նախորդող շաբաթը: Ընդհանրապես, ըստ եկեղեցական սրբազան Ավանդության, դեռ առաքելական ժամանակներից տարվա մեջ յուրաքանչյուր շաբաթ օրը նվիրված է հավատով և հույսով ի Քրիստոս ննջածներին: Ուղղափառ Եկեղեցին արդեն իսկ ուրբաթ օրվա Երեկոյան ժամակարգությունից[1] սկսած յուրաքանչյուր շաբաթ օր հատուկ հոգածությամբ` շարականներով ու աղոթքներով, աղոթում է ննջեցյալների համար, Ամենագութ Տիրոջից խնդրում նրանց մեղքերի քավության և թողության, նրանց փրկության համար:

Քրիստոսի Եկեղեցին միշտ աղոթում է: Սուրբ Գրքում մեր Տեր Հիսուս Քրիստոսի հորդորը կա, որ մեզ հանձնարարում է աղոթել բուռն կերպով. «Արթու՛ն կացեք այսուհետև,- ասում է,- ամեն ժամ աղո՛թք արեք, որպեսզի կարողանաք զերծ մնալ այն ամենից, որ լինելու է, և արժանի լինեք կանգնելու մարդու Որդու առաջ» (Ղուկ. 21, 36): Իսկ Պողոս առաքյալը խորհուրդ է տալիս. «Անդադար աղոթեցե՛ք» (Ա Թեսղ. 5, 17): Եկեղեցին ամեն ժամի աղոթում է: Միայն աշխարհիկ ժամանակացույցը չէ, որ կա: Միայն աշխարհի աշխատանքային ժամացուցակը չէ, որ գոյություն ունի: Աստծուն ուղղված աղոթքի ժամանակացույցն էլ կա` Աստծո ժամը: Եկեղեցին աղոթում է առավոտյան` Առավոտյան ժամակարգությամբ, Եկեղեցին աղոթում է կեսօրին` Ժամերի ընթացքում, Եկեղեցին աղոթում է երեկոյան` Երեկոյան ժամակարգությամբ, աղոթում է գիշերը` Հետընթրյացին, ինչպես նաև կեսգիշերին` Գիշերային ժամակարգությանը: Եկեղեցին աղոթում է ամեն օր:

Շաբաթվա յուրաքանչյուր օր նվիրված է ինչ-որ հիշատակի: Օրինակ.

  • երկուշաբթին նվիրված է Սուրբ Հրեշտակների ու Հրեշտակապետերի հիշատակին,
  •  երեքշաբթին` Սուրբ Հովհաննես Կարապետի հիշատակին,
  • չորեքշաբթին`մատնման հիշատակին,
  • հինգշաբթին` Սուրբ Առաքյալների հիշատակին,
  • ուրբաթը` Քրիստոս Տիրոջ խաչելությանը,
  • շաբաթը նվիրված է ննջեցյալներին,
  • և կիրակին` մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությանը:

Այսօր շաբաթ է` ննջեցյալների օրը: Սակայն այս շաբաթը տարվա մյուս շաբաթներից տարբերվում է: Դրա համար «Հոգեշաբաթ» է կոչվում:

Ի՞նչ է նշանակում «Հոգեշաբաթ»:

3

Ուղղափառ Եկեղեցու կողմից սահմանված տարվա երկու շաբաթ օրերն են, երբ հատուկ հոգեհանգստյան կարգով հիշվում են բոլոր ննջեցյալներն «ի սկզբանէ մինչեւ վախճան», ինչպես որ երկար քարոզն է անդրադառնում:

Իսկ հատուկ հոգեշաբաթ սահմանելու պատճառը բոլոր հավատքով և հավիտենական կյանքի հույսով  բարեպաշտ ուղղափառ քրիստոնյաների հիշատակումն է: Եկեղեցին այդ օրը, ըստ Տրիոդիոնի[2],  մասնավորապես, հիշատակում է.

  • բոլոր նրանց, ովքեր «անժամանակ մահվան» են ենթակա եղել օտար երկրում, ցամաքում ու ծովում,
  • բոլոր նրանց, ովքեր մահացել են վարակիչ հիվանդությունների պատճառով, պատերազմերի ժամանակ, ցրտահարության հետևանքով, երկրաշարժերի ու տարերային այլ աղետների ժամանակ,
  • բոլոր նրանց, ովքեր այրվել ու անհետ կորել են,
  • բոլոր նրանց, ովքեր աղքատ ու ընչազուրկ լինելով` ժամանակին չեն արժանացել հոգեհանգիստների ու համապատասխան ժամակարգությունների:

Երկրորդ Գալստյան՝ «Անմիս» կիրակիին նախորդող Հոգեշաբաթը հետևյալ իմաստն ունի. հաջորդ օրը նվիրված է Տիրոջ Երկրորդ Գալստյանը` այն ահավոր օրվան, երբ բոլորս կագնելու ենք մեծ Դատավորի գահի առջև: Այդ իսկ պատճառով ննջեցյալների հոգեհանգստով Տիրոջից խնդրում ենք, որ քավություն լինի, որ Իր երկայնամտությունն ու կարեկցանքը ցույց տա ոչ միայն մեզ, այլ նաև մեր ննջեցյալ եղբայրներին ու քույրերին, և մեզ բոլորիս դասի Իր Երկնային Թագավորության զավակների շարքը:

Երկրորդ Հոգեշաբաթով մեր հավատքն է արտահայտվում Եկեղեցու ընդհանրականության նկատմամբ, որի հիմնումն (երկրի վրա) ու ծնունդը տոնում ենք Հոգեգալստին: Մեկ Եկեղեցու մեջ են ընդգրկվում Զինվորյալ (այստեղ` երկրի վրա) և Հաղթանակած (երկնային) Եկեղեցիները:

Մեր Տեր Հիսուս Քրիստոս,  որպես հավիտենական, ամենուր ներկա և ամենաբարի Աստված, Իր Նախախնամությամբ գրկում է տիեզերքն ու անվերջանալի հավիտյանները: Նա Իր սիրով հոգ է տանում բոլոր մարդկանց համար, որ ապրեցին, ապրում և ապրելու են. «…որովհետև Քրիստոսի սերն ստիպում է մեզ քննելու այս բանը, որ, եթե մեկը բոլորի փոխարեն մեռավ…» (Բ Կորթ. 5, 14): Այս հատաքով ենք հանձնում Աստծո սիրուն ու բարությանը  «մեզ եւ զմիմյանս», ինչպես ողջերին, այնպես էլ մեր ննջեցյալներին:

Տեսնենք, թե հոգեհանգիստների մասին սբ. Պաիսիոս Աթոսացին ինչ է ասում:

-Գե՛րոնդա, ամբաստանյալ մեռյալները (սրբերից բացի) կարո՞ղ են աղոթել:

-Ինքնազգացողության են գալիս և օգնություն խնդրում, սակայն իրենք իրենց չեն կարող օգնել: Դժոխքում գտնվողները Քրիստոսից միայն մի բան կուզենային խնդրել` հինգ րոպե ապրեն, որպեսզի ապաշխարեն: Մենք` ապրողներս, ապաշխարության հնարավորություն ունենք, մինչդեռ խեղճ ննջեցյալներն այլևս չեն կարող միայնակ իրենց տեղը բարելավվել: Նրանք մեզնից են օգնություն սպասում: Դրա համար էլ պարտավորություն ունենք մեր աղոթքով նրանց օգնելու:

…Ինչու՞, նրանց ի՞նչ անի Աստված: Ինչպես երեխան, որ հորից հեռանում է, նրա ողջ ունեցվածքը մսխում և դեռ նրան հայհոյում է: Ահա, հայրն ի՞նչ անի նրա հետ: Սակայն մյուս ամբաստանյալները, որ մի քիչ պատվասիրություն ունեն, իրենց մեղքն զգում են, ապաշխարում են ու իրենց մեղքերի համար տանջվում: Օգնություն են խնդրում և, իսկապես, հավատացյալների աղոթքները նրանց օգնում են: Այսինքն` Աստված նրանց, որ հիմա ամբաստանյալ են, հնարավորություն է տալիս օգուտ քաղել մինչև Երկրորդ Գալուստը կայանա: Եվ ինչպես այս կյանքում, երբ մեկը թագավորի հետ ընկեր է, կարող է բարեխոսել մի ամբաստանյալի համար ու օգնել նրան, այդպես էլ, եթե մեկը Աստծո հետ է ընկեր, կարող է իր աղոթքով բարեխոսել Աստծուն և ամբաստանյալ մեռյալներին մի  «բանտախցից» փոխադրել մեկ ուրիշը` ավելի լավը, մի «կալանատնից» մեկ ուրիշը` ավելի լավը: Եվ անգամ կարող է նրանց «սենյակ» կամ «բնակարան» տեղափոխել:

Ինչպես որ բանտարկյալներին մեր տարած զովացուցիչներով և այլ բաներով սփոփում ենք, այդպես էլ մեռյալներին ենք սփոփում` նրանց հոգու համար կատարած մեր աղոթքներով ու ողորմություններով: Ննջեցյալների համար ողջերի կողմից արված աղոթքներն ու հոգեհանգիստները վերջին հնարավորությունն են, որ Աստված նրանց տալիս է օգտվելու մինչև որ վերջին Դատաստանը կայանա: Դատից հետո այլևս օգտվելու հնարավորություն չի լինի:

Դրա համար մեր եկեղեցին կուլիփան[3] ու հոգեհանգիստն ունի: Հոգեհանգիստները ննջեցյալների հոգիների համար լավագույն փաստաբանն են. հնարավորություն ունեն անգամ դժոխքից հոգին հանելու: Դուք էլ յուրաքանչյուր Սուրբ Պատարագի կուլիփա տարեք ու քահանայի հետ միասին աղոթեք ննջեցյալների համար: Ցորենն իմաստ ունի. «Սերմանվում է ապականությամբ և հարություն է առնում առանց ապականության» (Ա Կորնթ. 15, 42)[4]:

 

Հայր Հերոնիմոս Մայիլյան

[1] Եկեղեցական հին ավանդության համաձայն, եկեղեցական օրը փոխվում է Երեկոյան ժամակարգությունից սկսած: Այդ իսկ պատճառով Երեկոյան ժամակարգության ընթացքում երգվող շարականները մի տեսակ նախերգանք կամ նախատոնակ են` ուղղված հաջորդ օրվա հիմնական խորհրդին ու նպատակին:

[2] Ուղղափառ Եկեղեցու ծիսական-պաշտամունքային կարևորագույն մատյաններից մեկը, որն սկսվում է գործածվել Մեծ Պահքին նախորդող երրորդ շաբաթվանից` «Մաքսավորի ու Փարիսեցու կիրակի»-ին նախորդող շաբաթ օրվանից և ավարտվում Մեծ կամ Ավագ Շաբաթ օրվա Երեկոյան ժամակարգությամբ կոչվում է Տրիոդիոն, որովհետև յուրաքանչյուր օրվա կանոնը բաղկացած է միայն երեք երգից (հուն. ωδή)՝ իննի փոխարեն:

[3]Կուլիփայի համար տե՛ս սույն կայքի «Եկեղեցական տոներ» բաժնից «Սուրբ Թեոդորոս Տերոնի հրաշքի հիշատակը» նյութը:

[4] Տե՛ս Γέροντος Παϊσίου Αγιορείτου, Λόγοι Δ΄, Οικογενειακή ζωή, εκδ. Ιερόν Ησυχαστήριον «Ευαγγελιστής Ιωάννης ο Θεολόγος», Σουρωτή Θεσσαλονίκης 2011, էջեր 274-276.

           

 

Հոգեշաբաթներ

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com