/ Ծերերի խրատներ / Հիսուս» անվան մասին

Հիսուս» անվան մասին

Հիսուս» անվան մասին

 

Սբ. Հուստինոս Փիլիսոփա

(110-165 թթ.)

                       

   Ելից գրքում Մովսեսի միջոցով նույնպես խորհրդավորապես ազդարարվեց, և մենք իմացանք այն, որ նույնինքն Աստուծո անունը ևս Հիսուս էր, որի (անվան) մասին ասվում է, որ [այն] հայտնի չդարձավ ոչ Աբրահամին, ոչ էլ Հակոբին: Այսպես է ասված. «Եվ Տերն ասաց Մովսեսին.

   -Ասա՛ այս ժողովրդին. «Ահա Ես ուղարկում եմ Իմ սուրհանդակին քո առջևից, որպեսզի ճանապարհին քեզ պահպանի, որպեսզի քեզ տանի այն երկիրը, որը պատրաստել եմ քեզ համար: Ուշադի՛ր եղիր նրա նկատմամբ և լսի՛ր նրան: Անհնազանդ մի՛ եղիր նրա հանդեպ, որովհետև նա չի խորշելու քեզանից, քանզի Իմ  անունը նրա վրա է» (Ելից, 23, 20)[1]:

   Արդ, իմացե՛ք, թե ձեր հայրերին (Ավետյաց) երկիրը ո՛վ մտցրեց. նա, որի անունը նախապես Ավսես էր և այս Հիսուս (Հեսու) անվամբ վերանվանվեց[2]: Եթե սա հասկանաք, ապա կիմանաք նաև  այն, որ Հիսուս էր Նրա անունը, Ով Մովսեսին ասաց. «Քանզի Իմ անունը նրա վրա է»:

   …Քաղեբի հետ մեկտեղ Քանանի երկիր լրտեսելու ուղարկվածին Մովսեսը Հիսուս անվանեց… Ոչ միայն փոխվեց նրա անունը, այլև, Մովսեսի հաջորդը դառնալով` [Նավեի որդի Հիսուսը] Եգիպտոսից դուրս եկած հասակակիցներից միակը [իրեն] հանձնված ժողովրդին սբ. Երկիրը մտցրեց: Եվ ինչպես որ նա, և ոչ թե Մովսեսը, ժողովրդին սբ. Երկիրը մտցրեց և վիճակահանությամբ այն բաշխեց իր հետ եկածներին, այդպես էլ Հիսուս Քրիստոսը ժողովրդի սփյուռքը կվերադարձնի և յուրաքանչյուր մեկին բարի հողը կբաժանի: Բայց ոչ նույն ձևով, որովհետև [Նավեի որդի Հիսուսը] ժամանակավոր ժառանգությունը նրանց տվեց… իսկ Հիսուս Քրիստոսը սբ. Հարությունից հետո հավիտենական սեփականությունն է մեզ շնորհելու:

©Թարգմանությունը հին

հունարենից` Գ. Ղազարյանի: Աղբյուր. Τοῦ ἐν Ἁγίοις Πατρός ἡμῶν Ἰουστίνου Φιλοσόφου καὶ Μάρτυρος, Πρός Τρύφωνα Ἰουδαίον Διάλογος, PG, 6. 651, 735:

 

 

[1] Սուրբգրային այս տողերի աշխարհաբար թարգմանության համար հիմնվել ենք հունարեն բնագրի (ըստ սբ. Հուստինոսի մեջբերման), և գրաբար թարգմանության վրա, քանի որ 1994 թ. լույս ընծայված աշխարհաբար Աստվածաշնչում  «քանզի Իմ անունը նրա վրա է» հատվածը թյուրաբար թարգմանված է «որովհետև նա իմ անունով է գործելու»: Մինչդեռ գրաբար թարգմանությունը ճշգրիտ հետևում է հունարեն բնագրին. «քանզի անուն իմ ի վերայ նորա է» («Τὸ γὰρ ὄνομά μού ἐστιν ἐπ’ αὐτῷ»):

[2] Խոսքը Նավեի որդի Ավսեսի մասին է, որին Մովսեսը վերանվանեց Հիսուս կամ Հեսու (Թվոց, 13, 17):

 

 

 

Հիսուս» անվան մասին

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com