/ Եկեղեցական տոներ / Մեծ Պահքի երրորդ կիրակի` Սբ. Խաչի երկրպագության

Մեծ Պահքի երրորդ կիրակի` Սբ. Խաչի երկրպագության

Մեծ Պահքի երրորդ կիրակի` Սբ. Խաչի երկրպագության

Առաքելական թուղթ. Եբր. 4, 14-5, 6:

Ավետարան. Մարկ. 8, 34-9,1:

Մեծ Պահքի մեջտեղում ենք գտնվում, և Սուրբ Եկեղեցին այսօր ներկայացնում է մեր Քրիստոս Տիրոջ Սուրբ Խաչը, որպեսզի մեզ համարձակություն ու կարողություն տա շարունակելու «մղել հավատի բարի մարտը» (Ա Տիմ. 6, 12):

Եկեղեցու տիեզերական վարդապետներից սբ. Հովհան Ոսկեբերանն այսօրվա կապակցությամբ արտասանած իր ճառում ասում է. «Ինչպես հնում անապատում նրանք, որ խայթվում էին օձերից` սևեռվելով պղնձե օձին, փրկվում էին ստույգ մահից, նույն կարգի էլ մենք` առաջանալով ու հասնելով Պահքի մեջտեղը և երկրպագելով Սուրբ Խաչը, ցույց ենք տալիս, որ մի կողմից մտավոր օձը մեռած է, մինչդեռ մենք մասնակից ենք անմահությանը և ժուժկալությամբ հաղորդակից ենք դառնում Քրիստոսի չարչարանքներին ու ընտրվում հաղորդակցվելու Նրա Հարությանը»[1]:

Եվ ոչ միայն Մեծ և Սուրբ Պահքի շրջանը, այլ մեր ողջ կյանքը խաչի ու զառիվեր մի ընթացք է, որի նպատակն է աշխարհիկ ոգու մահը և մեր հարությունը մեղքի ապականությունից ու հոգևոր մահից:

Այսօրվա ավետարանական ընթերցվածով մեր Տեր Քրիստոսը հորդորում է մեզ վերցնել մեր խաչը և Իրեն հետևել` դեպի Գողգոթա, բայց և Հարություն: «Եթե մեկը կամենում է գալ իմ ետևից, թող ուրանա իր անձը, թող վերցնի իր խաչը և գա իմ ետևից»,- ասում է Տերը (Մարկ. 8, 34)՝ ցանկանալով մեզ ցույց տալ, որ ինքնազոհողության, սիրո, եսասիրությունից հեռու ճանապարհը թեև դժվար է, սակայն փրկության է առաջնորդում և դեպի իսկական կյանք:

Մեր ժամանակաշրջանը (թեպետ և ամեն ժամանակաշրջան աշխարհիկ ոգով է շարժվում) կա՛մ չի հասկանում, կա՛մ մերժում է Ավետարանի խոսքերը՝ գերադասելով ոչ թե հոգևոր պայքարը, այլ հեշտությունն ու հանգիստը, բավարարումն ամեն տեսակի պահանջների ու ցանկությունների, որ մեր սեփական «եսին» են ծառայում:

Եկեղեցին Տիրոջ Սուրբ Խաչի այսօրվա երկրպագությամբ ևս մեկ անգամ ի լուր աշխարհի քարոզում է, որ Դա է փրկության համամարդկային Խորհրդանիշը, Հարության երաշխավորը, քրիստոնյայի զենքը, յուրաքանչյուր հավատացյալի հույսը, Եկեղեցու փառքը, Հրեշտակների պարծանքը: Եկեղեցին Սուրբ Խաչի նշանով ցույց է տալիս, որ միայն Դա բավական է հեռացնելու Աստծո և մարդկանց թշնամուն, բավական է, որ մեր հավատքը Սուրբ Խաչի նկատմամբ զորացենք ամեն օր, և մաքրենք մեր հոգին անկեղծ խոստովանությամբ ու ապաշխարությամբ:

Հայր Հերոնիմոս Մայիլյան

[1]Αγ. Ιωάννου Χρυσοστόμου, Εις την προσκύνησιν του τιμίου και ζωοποιού σταυρού, τη μέση εβδομάδι των νηστειών, PG 52, 836.

 

Մեծ Պահքի երրորդ կիրակի` Սբ. Խաչի երկրպագության