/ Ծերերի խրատներ / Սբ. Սերաֆիմ Վիրիցացի

Սբ. Սերաֆիմ Վիրիցացի

 

Սբ. Սերաֆիմ Վիրիցացի

(1866-1949 թթ)

Դա ինձանից էր

Աստուծո խոսքը մարդու հոգուն

Երբևէ մտածե՞լ ես արդյոք, որ այն ամենը, ինչ քեզ է վերաբերում, Ինձ էլ է վերաբերում, քանզի այն ամենը, ինչ քեզ է վերաբերում, իմ աչքի բբին է վերաբերում: Դու թանկ ես իմ աչքերին, շա՜տ թանկ, և Ես սիրել եմ քեզ: Ուստի քեզ դաստիարակելն Ինձ համար առանձնահատուկ մի սփոփանք է:

Երբ փորձությունները քեզ վրա ծանրանան, ու թշնամին գետի պես գա, Ես ուզում եմ, որ դու իմանաս. դա Ինձանից էր: Իմանաս, որ քո տկարությունն Իմ զորության կարիքն ունի, և քո անվտանգությունը կայանում է նրանում, որ Ինձ հնարավորություն տաս քեզ համար պայքարելու:

Եթե դու գտնվում ես դժվարին պարագաների մեջ, այնպիսի մարդկանց մեջ, ովքեր քեզ չեն հասկանում, ովքեր հաշվի չեն առնում այն, ինչ քեզ է հաճելի, ովքեր քեզ մի կողմ են դնում… Դա Ինձանից էր: Ես քո Աստվածն եմ, որ տնօրինում եմ պարագաները: Պատահականորեն չէ, որ դու քո տեղում ես հայտնվել. դա հենց այն տեղն է, որ Ես եմ քեզ համար նշանակել: Չե՞ որ դու խնդրում էիր, որ քեզ խոնարհություն սովորեցնեմ: Ուրեմն, ահա տե՛ս. հենց այդ միջավայրում եմ Ես քեզ դրել, հենց այն դպրոցում, որտեղ այդ դասն են ուսումնասիրում: Քո միջավայրն ու քեզ հետ ապրողները լոկ Իմ կամքն են կատարում:

Եթե դու դրամական դժվարության մեջ ես, եթե հազիվ ես ծայրը ծայրին հասցնում, ապա իմացի՛ր` Դա Ինձանից էր: Քանզի Ես եմ տրամադրում քո նյութական միջոցները: Ես ուզում եմ, որ դու Ինձ ապավինես և Ինձանից կախվածության մեջ լինես: Իմ պաշարներն անսպառ են: Ես ուզում եմ, որ դու շարունակ համոզվես Իմ և խոստումներիս հավատարմության մեջ: Թող չլինի, որ կարիքիդ մեջ կարողանան քեզ ասել. «Դուք չհավատացիք ձեր Տեր Աստծուն»:

Եթե դու նեղությունների գիշերն ես ապրում, բաժանված ես սրտիդ հարազատ ու թանկ մարդկանցից… Դա Ինձանից էր: Ես վշտերի Այրն եմ, որ ճաշակել եմ ցավը: Ես դա թույլ տվեցի, որ դու Ինձ դիմես և Իմ մեջ կարողանաս գտնել հավիտենական մխիթարությունը:

Եթե դու սխալվել ես քո ընկերոջ կամ որևէ մեկի մեջ, որին սիրտդ ես բացել… Դա Ինձանից էր: Ես թույլ տվեցի, որ այդ հիասթափությունը դիպչի քո սրտին, որպեսզի դու իմանաս, որ քո ամենալավ ընկերը Տերն է: Ես ուզում եմ, որ դու ամեն բան Ինձ բերես ու ամեն ինչ Ինձ ասես: Եթե ինչ-որ մեկը քեզ զրպարտել է, ապա դա ինձ թող և քո հոգով ավելի մոտ կպչիր Ինձանից` քո ապավենից, որպեսզի թաքնվես «մարդկանց խռովությունից» (Սաղմ. 30, 20): Ես քո արդարությունը լույսի պես եմ վեր հանելու, և քո դատաստանը` միջօրեի պես (Սաղմ. 36, 6):

 Սբ. Սերաֆիմ Վիրիցացի

Եթե քո ծրագրեը քանդվել են, հոգով ընկճվել ես ու հոգնել… Դա Ինձանից էր: Դու քեզ համար ծրագրեր էիր ստեղծում և Ինձ բերեցիր, որպեսզի Ես դրանք օրհնեմ: Բայց Ես ուզում եմ, որ Դու Ինձ թողնես քո կյանքի պարագաների տնօրինությունը, և այնժամ ամեն ինչի պատասխանատվությունն Ինձ վրա կընկնի, որովհետև քեզ համար դա չափից ավելի ծանր է, ու դու միայնակ չես կարող դրանք ավարտին հասցնել. դու սոսկ գործիք ես, և ոչ թե գործող անձ:

Եթե կյանքի անսպասելի անհաջողություններ են քեզ այցելել, և հուսալքությունն է սիրտդ պարուրել, ապա իմացի՛ր. Դա Ինձանից էր: Քանզի Ես ուզում եմ, որ քո սիրտն ու հոգին Իմ աչքերի առջև մշտապես բոցավառ լինեն և Իմ անվամբ ամեն մի փոքրոգություն հաղթահարեն:

Եթե դու երկար ժամանակ հարազատ ու թանկ մարդկանցից նորություններ չես ստանում և քո փոքրոգությամբ հուսալքության ու տրտունջի մեջ ես ընկնում, ապա իմացի՛ր. Դա Ինձանից էր: Քանզի հոգուդ այդ տառապանքով Իմ խոստման անփոփոխելիության հանդեպ քո հավատի ամրությունն ու այս հարազատներիդ համար քո համարձակ աղոթքի զորությունն եմ  Ես փորձում: Որովհետև չե՞ որ դու Իմ ամենասուրբ Մոր հովանուն ես նրանց հանձնել, չե՞ որ դու նրանց հոգատարությունն Իմ նախախնամ սիրուն ես հանձնել:

Եթե ժամանակավոր կամ անբուժելի ծանր հիվանդությունն է քեզ այցելել, և դու անկողնիդ ես գամվել Դա Ինձանից էր: Քանզի Ես ուզում եմ, որ քո մարմնական տկարությունների մեջ դու Ինձ ավելի խորը ճանաչես ու քեզ ուղարկված այս փորձության համար չտրտնջաս, չփորձես խորանալ մարդկանց հոգիները զանազան ուղիներով փրկելու Իմ ծրագրերի մեջ, այլ քո հանդեպ Իմ բարության առջև անտրտունջ ու հնազանդ կերպով պարանոցդ խոնարհես:

Եթե դու երազում էիր Ինձ համար ինչ-որ յուրահատուկ բան անել, ու դրա փոխարեն հիվանդության ու տկարության անկողինն ես ընկել… Դա Ինձանից էր: Քանզի այն ժամանակ դու քո գործերի մեջ էիր խրված, և Ես չէի կարողանա քո մտքերը դեպի Ինձ ձգել, մինչդեռ Ես ուզում եմ ամենախորունկ մտքերը քեզ սովորեցնել. որ դու իմ ծառայության մեջ ես: Ես ուզում եմ քեզ սովորեցնել, որպեսզի գիտակցես, որ դու ոչինչ ես:  Իմ ամենալավ գործակիցներից որոշները նրանք են, ովքեր կենդանի իրականությունից կտրված են, որպեսզի անդադար աղոթքի զենքին  տիրապետել սովորեն:

Եթե դու անսպասելիորեն կոչված ես դժվարին ու պատասխանատու դիրք գրավելու, գնա` Ինձ ապավինելով: Ես քեզ վստահում եմ այդ դժվարությունները, քանզի դրա համար քեզ կօրհնի քո Տեր Աստվածը քո բոլոր գործերում, քո բոլոր ճանապարհներում, այն ամենով, ինչը որ քո ձեռքերով է կատարվելու: Այսօր քո ձեռքն եմ տալիս այս արբազան յուղի անոթը: Ազատ օգտվի՛ր դրանից, զավա՛կ Իմ: Յուրաքնաչյուր ծագող դժվարություն, քեզ վիրավորող յուրաքանչյուր բառ,  աշխատանքիդ մեջ յուրաքանչյուր խոչընդոտ, որ կարող է սրտնեղություն ու հիասթափության զգացում առաջացնել, տկարությանդ ամեն մի բացահայտում թող օծվի ա՛յս յուղով` Դա Ինձանից էր:

Հիշի՛ր, որ յուրաքանչյուր խոչընդոտ Աստուծո խրատն է, և ուրեմն սրտիդ մեջ դի՛ր այս բառերը, որ Ես քեզ ասացի այսօր. Դա Ինձանից էր:

Պահի՛ր դրանք, իմացի՛ր ու հիշի՛ր մշտապես. ցանկացած խայթոց բթանալու է, երբ դու ամեն ինչում սովորես Ինձ տեսնել: Ամեն բան Ինձանից է ուղարկված` հոգուդ կատարելագործման համար. ամեն բան Ինձանից էր:

Թարգմանությունը ռուսերենից` Գ. Ղազարյանի:

Աղբյուր. От меня это было: Беседа Бога с душою человека. Данилов мужской монастырь, Даниловский благовестник.- М., 2007.

 Սբ. Սերաֆիմ Վիրիցացի 

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com