/ Վարք Սրբոց / Սբ. Նիկիփոր Բորոտ

Սբ. Նիկիփոր Բորոտ

 Սբ. Նիկիփոր Բորոտ

 

Հունվարի 4/17

(1890-1964թթ.)

1964թ. հունվարի 4-ին առաջ Աթենքի սբ. Վառվառայի շրջանի վարակիչ հիվանդությունների հիվանդանոցում ի Տեր ննջեց մի բորոտ: Նա փոքրուց տառապում էր սարսափելի հիվանդությամբ, ինչը նրան կերապարանափոխեց, կուրացրեց և, ի վերջո, դարձրեց հաշմանդամ: Հակառակ այս ամենի, նա համբերեց անտրտունջ, փառաբանելով Տիրոջը և գոհանալով այն ժամանակ դեռ անբուժելի հիվանդության համար:

Սբ. Նիկիփորը (ավազանի անունը՝ Նիկողայոս Ձանակակիս) ծնվել է 1890թ. Կրետեի Խանիա քաղաքի Սիրիկարի գյուղում բարեպաշտ ծնողներից: Նիկողայոսը փոքրուց որբնում է: 13 տարեկանում հեռանում է տնից. պապը, որ ստանձնել էր նրա խնամքը, նրան Խանիա է տանում, որպեսզի աշխատի այնտեղ մի վարսահարդարի մոտ: Այդ ժամանակ էլ Նիկողայոսի մոտ հայտնվում են Հանսենի հիվանդության, այսինքն՝ բորոտության, առաջին նշանները: Այն ժամանակ Հունաստանում բորոտներին մեկուսացնում էին Սպինոլոնգա կղզում, որովհետև բորոտությունը՝ որպես վարակիչ հիվանդություն, վախով ու սասափով էր դիմագրավվում:

Երբ Նիկողայոսը դարձավ 16 տարեկան և երբ հիվանդության նշանները սկսեցին ավելի զգալի դառնալ, որպեսզի խուսափի Սպինոլոնգայում անխուսափելի փակվելուց, մեկնում է Եգիպտոս: Այստեղ՝ Ալեքսանդրիայում կրկին մի վարսահարդարի մոտ է աշխատում, սակայն հիվանդության նշանները գնալով ավելի ցայտուն էին դառնում, հատկապես ձեռքերին ու դեմքին: Այդ իսկ պատճառով մի հոգևորականի միջնորդությամբ Հունաստանի Խիոս կղզում է պատսպարվում, որտեղ այն ժամանակ Բորոտների հիվանդանոց-մեկուսարանը կար: Այստեղ էր քահանայագործում հայր Անթիմոս Վայենասը, հետագայի սբ. Անթիմոսը:

 

(Սբ. Նիկիփորը երիտասարդ տարիքում)

Նիկողայոսը Խիոս հասավ 1914թ. 24 տարեկանում: Խիոսի մեկուսարանում, որը մի շինություն էր բազմաթիվ միանման տնակներից բաղկացած, կար սբ. Ղազարոսի անունով եկեղեցի-մատուռը, որտեղ պահվում էր Աստվածամոր Հնազանդության հրաշագործ պատկերը: Երիտասարդ Նիկողայոսի համար այստեղ բացվում է առաքինությունների մարզադաշտը: 2 տարի հետո սբ. Անթիմոսը նրան պատրաստ է համարում հրեշտակային սքեմի համար  և նրան վանական հերակտրության է արժանացնում՝ տալով նրան Նիկիփոր անունը: Հիվանդությունը սակայն զարգանում էր և, համապատասխան դեղամիջոցների բացակայության պայմաններում (դեղամիջոցը գտնվել է 1947թ.), հայր Նիկիփորի մարմինը բազմաթիվ ու մեծ կերապարանափոխումներ կրեց:

Հայր Նկիկիփորը ապրում էր առանց խտրության, ճշմարիտ հնազանդությամբ, խիստ պահեցողությամբ, աշխաատում էր այգիներում:

Նա գրի էր առնում նաև սբ. Անթիմոսի աղոթքներով կատարված հրաշքները, որ ինքն անձամբ էր տեսնում: Այդ հրաշքների մի զգալի մասը դիվահարների բժշկություններ էին:

Հոգևոր մի յուրահատուկ կապ կար սբ. Անթիմոսի ու Նիկիփոր վանականի միջև, ով անգամ մեկ քայր չէր հեռանում նրանից: Հայր Նիկիփորը անվերջանալի ժամեր էր աղոթում, հատկապես գիշերը՝ անթիվ երկրպագություններ (գետնատարած) կատարելով: Նա ոչ ոքի հետ չէր բանավիճում, ո՛չ էլ որևէ մեկի սիրտն էր կոտրում: Եկեղեցու գլխավոր աաղմոսասացն էր: Սակայն հիվանդութան հետևանքով, կամաց-կամաց կորցրեց աչքի լույսը և այդպես շարականների մեծագույն մասը երգում և Առաքելական թղթերն անգիր էր ասում:

1957թ. Խիոսի հիվանդանոցը փակվում է, իսկ այնտեղ մնացած հիվանդներին հայր Նիկիփորի հետ միասին ուղարկվում են Աթենքի սբ. Վառվառայի Հակաբորոտային բաժանմունք: Այդ ժամանակ հայր Նիկիփորը մոտ 67 տարեկան էր: Նրա մարմնի անդամներն ու աչքերն հիվանդության պատճառով ամբողջությամբ կերպարանափոխվել էին:

 

(Սբ. Նիկիփորն ու սբ. Անթիմոսը Քիոսում)

Աթենքի այս հիվանդանոցում էր ապրում  նաև հայր Եվմենիոսը, ով նույնպես վարակվել էր Հանսենի հիվանդությամբ, սակայն արդեն իսկ հայտնաբերված դեղանյութերի օգնությամբ ամբողջությամբ բժշկվել էր: Սակայն Հայր Սուրբը որոշել էր իր ողջ մնացած կյանքը անցկացնել այս բաժանմունքում, իր հիվանդակից եղբայների ու քույրերի հետ, որոնց մեծ սիրով էր խնամում:  Այդպես դառնում է նաև հայր Նիկիփորի հնազանդը, ում անտրտունջ համբերության դիմաց Տերը նրան վարձատրել էր բազում շնորհներով:

Հայր Նիկիփորը շատ տարբերվող հիվանդ էր՝ առանց տարօրինակությունների, տրտունջների և պահանջների: Շատերը գնում էին, որ նրան մխիթարեն և մխիթարվում էին իրենք: Մյուս հիվանդները նրանից ուժ և կարողություն էին ստանում: Նա աղոթքից էր ուժ ստանում: Աղոթքի գաղտնիքները նրան սբ. Անթիմոսն էր սովորեցրել, ով իր հերթին դրանք իր խոստովանահայր Ծեր Պախոմիոս Խիոսացուց էր սովորել, իսկ նրա ուսուցիչը հրաշագործ սբ. Նեկտարիոս Պենդապոլսեցին էր: Հայր Նիկիփորն էլ իր հերթին աղոթքի զորությունն ուսուցանեց հայր Եվմենիոսին: Նա Հիսուսի աղոթքը այցելուներին էլ էր սովորեցնում. «Զավակնե՛րս, աղոթու՞մ եք: Ինչպե՞ս եք աղոթում…Հիսուսի աղոթքով աղոթե՛ք. «Տե՛ր Հիսուս Քրիստոս, ողորմյա՛ ինձ»: Այսպե՛ս աղոթեցեք: Այսպես լավ է»:

Բազմաթիվ մարդիկ էին հավաքվում բորոտ Նիկիփոր վանականի խոնարհ խուց, որպեսզի օրհնություն ստանան: Ահավասիկ ժամանակակիցների մի քանի վկայություններ.

«Մինչդեռ նա գամված էր անկողնուն՝ վերքերով ու ցավերով լեցուն, չէր տրտնջում, այլ մեծ համբերություն էր ցուցաբերում»:

«Տառապյալներին մխիթարելու շնորհ ուներ: Նրա աչքերը մշտապես բորբոքված էին, տեսողությունը՝ աննշան, ձեռքերը կորացած էին, իսկ ոտքերը՝ պարալիզված: Այս ամենին հակառակ շատ բարեհամբույր էր, ժպտերես, գոհունակ, շատ սիրելի և շնորհալի դեպքեր էր պատմում»:

«Դեմքը, որ հիվանդության հարձակումներից խարանված էր, փայլում էր: Նա շարունակ ասում էր. «Փառավորյալ լինի Նրա Սուրբ Անունը»: Այդ աղքատագույն և արտաքուստ հիվանդից ուրախություն էին ստանում նրան տեսնողները»:

Հայր Նիկիփորը ննջեց 1964թ. հունվարի 4-ին: Նրա սրբազան մասունքները անուշահոտություն են բուրում գերեզմանից դուրս հանելուց մինչև օրս: Հայր Եվմենիոսը և այլ հավատացյալներ բազում դեպքեր են հիշատակում, երբ հայր Նիկիփորի բարեխոսությամբ առ Աստված աղոթքներով հրաշքներ են կատարվել:

Սբ. Նիկիփորի կյանքը փայլուն օրինակ է բոլորիս համար: Նրա կյանքը Աստծուն հաճելի էր, որովհետև եզակի համբերություն ցուցաբերեց: Բազմաթիվ վկայություններ կան գրի առնված այն մասին, որ հայր Նիկիփորը Սուրբ Հոգուց ընդունել էր պարզատեսության և բազմաթիվ այլ շնորհներ: Հարկ է նշել նաև, որ բազմաթիվ են նաև գրի առնված հրաշքները, որոնց ժամանակ առ ժամանակ կանրադառնանք: Այսօր էլ Սուրբն առատորեն իր օգնությունն է ցույց տալիս կարիք ունեցողներին:

Ուղղափառ Եկեղեցին նրան Սբ. Նիկիփոր Բորոտ անունով պաշտոնապես սրբադասել է 2012թ.: Հիշատակի օր է սահմանվել հունվարի 4-ը՝ նրա ննջման օրը:

Սուրբ Նիկիփոր Բորոտ, բարեխոսիր մեզ համար:

 

 

Սբ. Նիկիփոր Բորոտ

        

 

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com