/ Հրաշքներ / «Այլևս մի՛ վախեցիր, ամեն ինչ վերջացած է: Ամուսնուդ կախարդություն էին արել»

«Այլևս մի՛ վախեցիր, ամեն ինչ վերջացած է: Ամուսնուդ կախարդություն էին արել»

 

«Այլևս մի՛ վախեցիր, ամեն ինչ վերջացած է:  Ամուսնուդ կախարդություն էին արել»

 

(ստորև ներկայացնում ենք Հրաշագործ սբ. Եփրեմ Նորի բարեխոսությամբ կատարված հարյուրավոր հրաշքներից մեկը)

Օֆեմբախ, 07.11.2001թ.

Ողջույն  ի Քրիստոս քույր,  հարգարժան մայրապետ Թեոդոսիա,

Անունս Ֆոտինի Վասիլիու է, և ձեզ եմ գրում Գերմանիայից: Նախ, ուզում եմ շնորհակալություն հայտնել սբ. Եփրեմի (հիշատակը մայիսի 5/18-ին, վարքը տե՛ս սույն կայքի «Վարք Սրբոց» բաժնում) երկու գրքերի և սրբապատկերի համար, որ ինձ ուղարկել եք: Գիտցեք, թե որքան մեծ էր ուրախությունս ու հուզմունքս: Երբ դրանք ստացա, ասացի. «Իմ սու՜րբ Եփրեմ, հիմա սրբապատկերդ ունեմ, որ քեզ խոնարհվեմ ու աղոթեմ»:

1999թ. դեկտեմբերին ամուսինս աշխատանքի ժամին հիվանդացավ: Առանց որևէ բան նախորդելու, սկսեց լեզուն դմբրել, բերանը ծռվեց, իսկ մի աչքը մնացել էր լայն բացված` հնարավոր չլինելով այն փակել: Ո՛չ ուտել էր կարողանում, ո՛չ բառ արտաբերել: Երբ նրան տեսա, կասկածեցի ուղեղի կաթված կամ ցրտահարություն:

Այցելեցինք մեր շրջանի լավագույն նյարդաբան գերմանացի և հույն բժիշկներին: Ո՛չ ոք չկարողացավ նրան բուժել: Ո՛չ էլ կարողացան մեզ ասել, թե այս հիվանդությունն ինչից է առաջացել, ո՛չ էլ, թե կբուժվի կամ ոչ: Ռենտգեններն ամեն ինչ մաքուր էին ցույց տալիս: Մեկը մյուսին փոխարինող հաբերը և էլեկտրական բուժումները (հոսանքով ծակում էին նրա մահացած նյարդերը) անարդյունք էին: Յուրաքանչյուր իմ հարցին նրանց պատասխանն ընդհանուր էր ու անորոշ: Այդ ամենը նրան նաև հոգեպես էին թուլացրել:

Սակայն ես աղոթում էի Աստծուն ու Նրա սրբերին, որ ամուսնուս բուժեն, որովհետև այնքան երիտասարդ էր և դեռ պարտավորություն ունեինք մեծացնելու մեր երկու աղջնակներին: Ջերմորեն աղոթում էի Միտիլինիի սբ. Ռաֆայելին, Նիկողայոսին և Հեղինեին (հիշատակը Սբ. Հարությանը հաջորդող երեքշաբթի օրը), որոնց նկատմամբ հատուկ սեր ու հարգանք ունեմ. սբ. Եփրեմն ինձ անծանոթ էր: Եվ ահա, երբ աղոթում ու խնդրում էի սբ. Ռաֆայելին, որ ամուսնուս բժշկի, քնի ու արթմնի վիճակի միջև մի ձայն եմ լսում, որ ինձ ասում է. «Այս Սրբի օրն ամուսինդ կբժշկվի» և ինչ-որ Սրբի պատկերով ինձ մի գիրք ցույց տրվեց: Հույսերս թևեր առան, սակայն ապարդյուն ամեն տեղ փնտրում էի, թե դա որ Սուրբն է: Այդպես էլ ժամանակն անցնում էր:

Գրեթե մեկ տարի հետո հիվանդանոց գնացի` այցելելու իմ մեկ հորաքրոջը, ով վիրահատվել էր: Մեկնելիս նա ինձ գրքեր նվիրեց, որ կարդամ: Ով Սու՜րբ, աստվածային շնորհդ մե՜ծ է: Դրանց մեջ էր սբ. Եփրեմի` գրպանի մի փոքր գրքույկ: Հասկանու՞մ եք, թե այդ պահին ինձ ինչպես էի զգում. աչքերիցս արցունքներ էին հորդում… Տիրոջը շնորհակալություն հայտնեցի, որ ինձ այդ անորոշ վիճակից դուրս հանեց և զարմանալի կերպով ինձ բացահայտեց փնտրվող Սրբին:

Կարդացի նրա համառոտ վարքն ու հրաշքները և այնտեղից իմացա, որ սբ. Ռաֆայելի ընկերն էր եղել: Հետո ձեզ գրեցի, և ինձ ուղարկեցիք առաջին գրքերը: Սկսեցի ջերմորեն աղոթել ու Սրբի բարեխոսությունը խնդրել: Ամուսնուս վիճակը սկսեց լավանալ` շարունակելով հետևել բժիշկների դեղատոմսերին:

 2001թ. ապրիլի 29-ին ամուսնուս հետ Հունաստան եկանք` նրա հոր մահվան պատճառով: Մի քանի օր մնացինք, մինչև հոր իննօրեքը[1] կատարվեր: Հավատացե՛ք, սուրբ Մայրապետ, մայիսի 5-ի լուսաբացին (Սրբի տոնի օրը) երազ տեսա. լեռնային մի գյուղում հայտնվեցի, որտեղ երկու եկեղեցիներ կային: Դրանցից մեկում ես էի մի անծանոթ փոքր տղայի հետ: Ես մի մահճակալի էի պառկած: Շուրջս թափված պնդուկներ կային, որ վեր կենալուս պես աղմուկ հանեցին: Եկեղեցուց դուրս գալիս, տեսնում եմ մի փոքր ավելի բարձր մյուս եկեղեցին, որի մուտքի առջև կանգնած է սբ. Եփրեմը: Հիշում եմ, որ ինձ ասաց.  «Այլևս մի՛ վախեցիր, ամեն ինչ վերջացած է: Ամուսնուդ կախարդություն էին արել և այդպես այդ վիճակին էր հասնելու»: Միաժամանակ կողքիս կանգնած մի շատ փոքր մարդ ցույց տվեց: Կեսգիշեր էր: Արթնացա և արտասվում էի ու շնորհակալություն հայտնում սբ. Եփրեմին, որ ինձ արժանացրեց իրեն տեսնելու:

Չեմ հուսահատվում, հույս ունեմ: Անշուշտ ամուսինս ավելի է լավացել, միայն մի չնչին հաշմանդամություն է մնացել: Սակայն վստահ եմ, որ դեռ հարմար ժամը չի եկել, որ հրաշքն ամբողջանա: Հավատում եմ, որ սբ. Եփրեմի տոնի օրն ամբողջությամբ կլավանա:

Թող Սուրբն ընտանիքիս պաշտպանը լինի և ուժ տա, որ իրեն խոնարհվեմ ու գովերգեմ: Մե՜ծ է նրա շնորհը: Թող մեզ արժանացնի, որ մի ժամանակ գանք, խոնարհվենք նրա սուրբ մասունքներին:

Քրիստոսի սիրով համբուրում եմ Ձեր Աջը`

Ֆոտինի Վասիլիու

Գերմանիա

Հունարենից թարգմանությունը` հայր Հերոնիմոս Մայիլյանի:

Աղբյուր. Οπτασίαι και Θαύματα του Αγίου Μαγαλομάρτυρος Εφραίμ του Θαυματουργού (1384-1426), ΙΣΤ΄τόμος, εκδ. Ιαρά Μονή Ευαγγελισμός Θεοτόκου, Όρος Αμώμων Αττικής.

 

[1] Ուղղափառ Եկեղեցում ննջեցյալի վրա կատարվող կարգերից մեկը: Դրան նախորդում է եռօրյան և հաջորդում է քառասունքը: Այնուհետև կատարվում են եռամսյակը, վեցամսյակը, իննամսյակը և տարին:

 

 

 

«Այլևս մի՛ վախեցիր, ամեն ինչ վերջացած է: Ամուսնուդ կախարդություն էին արել»

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com