/ Եկեղեցու խորհուրդներ և ծեսեր / Սբ. Պատարագ

Սբ. Պատարագ

Սբ. Պատարագ

(Համառոտ բացատրություն)

    «Պատարագ» բառը նշանակում է «զոհ», «զոհաբերություն», «նվեր», «ընծա»: Եկեղեցու սրբազան ծիսակատարություններից կենտրոնականն այսպես է կոչվում, քանի որ դրա ժամանակ մենք Աստծուն ենք նվիրաբերում հացն ու գինին` խնդրելով, որ Սբ. Հոգու շնորհով դրանք մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Մարմինն ու Արյունը դառնան: Եվ մյուս կողմից, Տիրոջ ինքնազոհաբերությունը, նրա Մարմինն ու Արյունը փրկարար, աստվածային նվեր են մարդու համար, և այս իմաստով է, որ Տիրոջ Մարմինն ու Արյունը «Պատարագ» կամ «սբ. Ընծաներ» են կոչվում:

    Սբ. առաքյալների ու նրանց հաջորդների ժամանակ սբ. Պատարագի ծիսակարգը շատ պարզ էր. այն մատուցվում էր ուշ երեկոյան, և դրան նախորդում էին մարգարեական գրվածքների կամ առաքելական թղթերի ընթերցումն ու քարոզը: Ապա հավատացյալները ողջագուրվում էին սիրո համբույրով, ստանում պատարագիչի օրհնությունը: Այնուհետև պատարագիչն ընթերցում էր գոհաբանական աղոթքն ու վերաձայնում էր Տիրոջ խոսքերը` «Առե՛ք, կերե՛ք…» և «Ըմպե՛ք սրանից բոլորդ…»: Դրանից անմիջապես հետո նա կարդում էր հատուկ աղոթքը («վերակոչման»), որով հավատացյալների հավաքը` Եկեղեցին, Սբ. Հոգուն խնդրում էր նվիրաբերված հացն ու գինին Տեր Հիսուս Քրիստոսի Մարմինն ու Արյունը դարձնել: Վերջում սրբագործված սբ. Ընծաները` Քրիստոսի Մարմինն ու Արյունը բաժանվում էին ներկա հավատացյալներին, ընդ որում Տիրոջ Մարմինը նրանք ընդունում էին իրենց ափերի մեջ, իսկ Արյունն ըմպում սբ. սկիհից:

    Ժամանակի ընթացքում սբ. Պատարագի ծիսակարգը տարբեր տեղերում հարստացավ ու ընդլայնվեց. առաջ եկան զանազան տեղական արարողակարգեր` Պատարագամատույցներ: Արդեն IV դ. հայտնի են տարբեր Պատարագամատույցներ` ալեքսանդրյան, հռոմեական, կեսարյան, երուսաղեմյան ևն:

    Այսօր Ուղղափառ Եկեղեցում հիմնականում կիրառվում են երկու Պատարագամատույցներ: Դրանցից մեկը սբ. Բարսեղ Կեսարացու (330-378 թթ.) անվամբ հայտնի Պատարագամատույցն է, որով սբ. Պատարագ է մատուցվում տարին տասն անգամ. Մեծ պահքի յոթ կիրակիներին, սբ. Ծննդյան ու սբ. Զատկի ճրագալույցներին ու հունվարի 1-ին (հին տոմարով` 14-ին), երբ նշվում է Տիրոջ թլփատության ու սբ. Բարսեղի տոնը: Տարվա մնացած օրերին սբ. Պատարագը մատուցվում է սբ. Հովհան Ոսկեբերանի (350-407 թթ.) անվամբ հայտնի Պատարագամատույցով:

    Վերոնշված երկու Պատարագամատույցների տարբերությունն այն է, որ սբ. Բարսեղի Պատարագամատույցում քահանայի աղոթքներն ավելի երկար են: Բացի այդ, սբ. Բարսեղի Պատարագի ժամանակ երգվում է սբ. Աստվածածնի «Վասն քոյ բերկրի» գովաբանական շարականը, իսկ ոսկեբերանյան Պատարագում երգվում է «Արժանի է» շարականը, որը նույնպես Տիրամորն է նվիրված:

    Թե՛ բարսեղյան, թե՛ ոսկեբերանյան Պատարագամատույցները հայտնի են նաև միջնադարյան գրաբար թարգմանություններով, որոնցով սբ. Պատարագ է մատուցվել ուղղափառ հայ համայքներում:

ՍԲ. ՊԱՏԱՐԱԳ

ԱՌԱՋԱԴՐՈՒԹՅՈՒՆ

    Սբ. Պատարագի բուն արարողությանը նախորդում է “առաջադրությունը” (հուն. “Պռոսկոմիդի”), երբ սրբագործվելիք հացն ու գինին մասնավոր ծիսակարգով նախապատրաստվում են և Տիրոջ առջև են դրվում: Այստեղից` «առաջադրություն» անվանումը:

    Առաջադրությունը կատարելու համար քահանան ու սարկավագը գալիս են պատկերակալի (իկոնոստասի) կենտրոնական` «արքայական» կամ «գեղեցիկ» դռների առջև: Սահմանված աղոթքներն ու շարականներն ասելուց հետո նրանք խոնարհվում ու համբուրում են պատկերակալի սրբապատկերները, ապա խոնարհվում են ժողովրդի առաջ` ներողություն խնդրելով: Խորան մտնելով` քահանան ու սարկավագն զգեստավորվում են:

    Զգեստավորվելուց հետո նրանք մոտենում են զոհարանին` սբ. Ընծաների նախապատրաստման սեղանին, որ աջակողմյան ավանդատանն է գտնվո Մասնավոր ծիսակարգով հացը տեղադրվում է ծիսական ափսեի` մաղզմայի վրա, իսկ ջրախառն գինին լցվում է սբ. Հաղորդության բաժակի` սկիհի մեջ: Երբ, այսպիսով, Ընծաները պատրաստ են լինում սբ. Պատարագն սկսելու համար, զոհարանը, խորանն ու ողջ տաճարը խնկարկվում է:

ՍԲ. ՊԱՏԱՐԱԳ

Օրհնեալ թագաւորութիւնն Հօր եւ Որդոյ եւ Հոգւոյն Սրբոյ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից”:

    Պատարագիչ քահանայի ահա այս բառերով է սկսվում սբ. Պատարագը, քանզի այն Սբ. Երրորդության թագավորության հայտնությունն է երկրի վրա: «Նախքան Աստուծո Բանի մարդանալը Երկնքի արքայությունն այնքան հեռու էր մեզանից, որքան երկինքը` երկրից: Բայց երբ Երկնքի Թագավորն առ մեզ եկավ ու մեզ հետ միավորվել հաճեց, այնժամ Երկնքի Արքայությունը մեզ բոլորիս մերձեցավ»(սբ. Գրիգոր Պալամաս):

    Հաղթական այս վերաձայնումից հետո սարկավագն սկսում է Մեծ քարոզը, որը հորդորների («քարոզների») շարան է. սարկավագը հորդորում է հավատացյալներին աղոթել մեր հոգիների փրկության, համայն աշխարհի խաղաղության, Եկեղեցիների բարեկեցության, երկրի պտղաբերության, նվիրապետության, իշխանությունների, քրիստոսասեր զիվորության, խաղաղ ժամանակների համար: Ուստի Մեծ քարոզը նաև «խաղաղականք» է կոչվում:

    Սարկավագի յուրաքանչյուր հորդորին ժողովուրդը (մեր օրերում նրա անունից` երգչախումը), պատասխանում է «Տէ՛ր, ողորմեա՛»:

   Մեծ քարոզից հետո երգվում են սաղմոսներից երկու քաղվածքներ, որոնք «կցուրդ» են կոչվում: Դրանք ընդմիջարկվում են Փոքր քարոզով:

Փոքր քարոզ

    Սրկ. Եւս եւ եւս խաղաղութեամբ զՏէր աղաչեսցուք:

    Ժող. Տէ՛ր, ողորմեա՛:

    Սրկ. Օգնեա՛, փրկեա՛, ողորմեա՛ եւ պահպանեա՛ զմեզ, Աստուա՛ծ, շնորհիւ քով:

    Ժող. Տէ՛ր, ողորմեա՛:

    Սրկ. Զամենասուրբ, անբիծ, գերօրհնեալ եւ փառաւորեալ Տիրուհին մեր` զԱստուածածինն եւ զմիշտ Կոյսն Մարիամ ընդ ամենայն սուրբս յիշատակեալ, զմեզ ինքեանս եւ զմիմեանս եւ զամենայն կեանս մեր Քրիստոսի Աստուծոյ յանձնեսցուք:

    Ժող. Քեզ, Տէր:

    Երկրորդ կցուրդին կցված է «Միածին Որդի» դավանաբանական երգը, որը հեղինակել է Բյուզանդիո Հուստինիանոս կայսրը (527-565 թթ.):

    «Միածին Որդի՛ եւ Բա՛ն Աստուծոյ, Որ անմահ գոլով յանձն առեր վասն փրկութեան մերոյ մարմնանալ ի սրբոյ Աստուածածնէն եւ ի միշտ Կուսէն Մարեմայ, անփոփոխապես մարդացար եւ խաչեցար, Քրիստո՛ս Աստուած, մահուամբ զմահ կոխեցեր: Մինդ գոլով ի սրբոյ Երրեկէն, որ փառաւորիս ընդ Հօր եւ ընդ Հոգւոյն Սրբոյ, փրկեա՛ զմեզ»:

    (Աշխ. «Միածի՛ն Որդի և Խո՛սք Աստուծո, որ անմահ լինելով, մեր փրկության համար հանձն առար մարմնանալ սբ. Աստվածածին և միշտ Կույս Մարիամից. անփոփոխապես մարդացար, Քրիստո՛ս Աստված, խաչվեցիր և մահը մահվամբ ոտնակոխ արեցիր: Սբ. Երրյակից (իմա՛ սբ. Երրորդության երեք Անձերից) Մեկն ես, Որ Հոր եւ Սբ. Հոգու հետ փառավորվում ես, փրկի՛ր մեզ»):

    Այս հաղթերգին հաջորդում է փոքր քարոզը և երրորդ կցուրդը, որի ժամանակ կատարվում է Փոքր մուտքը:

ՓՈՔՐ ՄՈՒՏՔ

    Մինչև VII դ. ավանդատունը, որտեղ սբ. Պատարագի համար նախապատրաստվել են ժողովրդի կողմից նվիրված հացերն ու գինին, ինչպես նաև պահվել է եկեղեցական սպասքը, տաճարից դուրս առանձին մի կառույց է եղել: Այնտեղ է պահվել նաև սբ. Ավետարանը: Քահանան ու սարկավագն ավանդատանն զգեստավորվել են, վերցրել Ավետարանն ու ժողովրդի հետ տաճար մուտք գործել: Ահա սա է փոքր մուտքը, որով էլ սկսել է սբ. Պատարագը:

    VII դ. հետո ավանդատները սկսել են ներառել տաճարի շինվածքի մեջ` դրանք խորանից աջ և ձախ ընկած սենյակներում տեղակայելով, այնպես որ մեր օրերում Փոքր մուտքը կատարվում է աջ ավանդատնից դեպի Արքայական դռներ:

    Այսպիսով, Փոքր մուտքը սբ. Ավետարանն ընթերցանության համար ավանդատնից թափորով դուրս բերելն է: Այն խորհրդանշում է մարմնացյալ Փրկչի աշխարհ գալն ու մարդկանց Բարի լուրն ավետելը: Սակայն մինչ Ավատարանն ընթերցելը երգվում են տվյալ օրվա տոնի և սրբի շարականները, ապա` Երեքսրբյանը: 

ՍԲ. ՊԱՏԱՐԱԳ

ԵՐԵՔՍՐԲՅԱՆ

Սու՛րբ Աստուած, Սու՛րբ Հզօր, Սու՛րբ Անմահ, ողորմեա՛ մեզ”

(երիցս)

    Սա եկեղեցական ամենահին ու ամենակարևոր երգերից մեկն է: Առաջին անգամ այն պատմականորեն վկայված է Չորրորդ տիեզերաժողովի (451 թ.) արձանագրություններում, ըստ որոնց` ժողովական Հայրերը նիստերից մեկի ավարտին են այն երգել: Երեքսրբյանի ծագման մասին հնագույն ավանդությունը մեզ է հասցրել «Պատմութիւն յաղագս Հայոց իրաց» պատմական սկզբնաղբյուրը, համաձայն որի` այս երգը մարդիկ հրեշտակներնից են սովորել V դ. Կոստանդնուպոլսում տեղի ունեցած ահավոր մի երկրաշարժի ժամանակ, և Երեքսրբյանը երգելու շնորհիվ է, որ քաղաքը կանգուն է մնացել:

    Սկզբնապես Երեքսրբյանը երգվել է թե՛ ի դեմս Սբ. Երրորդության, թե՛ ի դեմս Քրիստոսի, սակայն հետագայում, դավանաբանական թյուր իմաստավորումներից խուսափելու համար Ուղղափառ Եկեղեցին ընդունել է Երեքսրբյանը միմիայն ի դեմս սբ. Երրորդության երգելու ավանդույթը:

    Այս սրբասացության երեք «Սուրբ»-երը վերցված են սերովբեների փառաբանությունից (տես Ես. 6, 3), իսկ «Հզօր»և «Անմահ»-ը (=«կենդանի»)` ադամորդի Դավթի Սաղմոսարանից (տես Սաղմ. 41, 3): Այսպիսով, հրեշտակամարդկային ծագում ունենալով, Երեքսրբյանը ցույց է տալիս սբ. Պատարագի ժամին հրեշտակների ու մարդկանց համատեղ փառաբանությունն առ Երրյակն Աստված:

    Առաջներում սբ. Զատկի և սբ. Ծննդյան Պատարագների ժամանակ մեծահասակների հավաքական մկրտություններ են կատարվել: Ինչպես և հրահանգում է Մկրտության կարգը, նորամկրտյալները քահանայի հետ երեք անգամ պտտվել են սբ. ավազանի շուրջը, և այդ պահին երեք անգամ երգվել է Մկրտության տաղը. «Որք ի Քրիստոս մկրտեցարուք, զՔրիստոս զգեցեալ էք. ալէլուիա»: Դա է պատճառը, որ այսօր սբ. Զատկի և սբ. Ծննդյան տոներին Երեքսրբյանի փոխարեն ահա այս տաղն է երգվում, թեև մկրտություններ որպես կանոն այլևս չեն կատարվում:

    Իսկ սբ. Խաչվեցարի տոնին (սեպտեմբերի 14/27) Երեքսրբյանի փոխարեն երիցս երգվում է «Խաչի քում, Տէր, երկրպագեմք և զսուրբ Յարութիւնն քո փառաւորեմք»տաղը:

    Երեքսրբյանին հաջորդում է առաքելական թղթերից օրվա հատվածի ընթերցումը` որպես նախապատրաստություն սբ. Ավետարանն ունկնդրելու: Եվ ապա սարկավագն ընթերցում է սբ. Ավետարանի տվյալ օրվա հատվածը` որպես հոգևոր սնունդ Քրիստոսի բանավոր հոտի համար: Ավետարանի ընթերցանությունն այս պահին խորհրդանշում է աշխարհի վախճանին նախորդելիք համատիեզերական քարոզչությունը (տե՛ս Մատթ. 24, 14):

    Սբ. Ավետարանն ընթերցելուց հետո սարկավագն ասում է այսպես կոչված «Ջերմեռանդ» քարոզը, որով նա կոչ է անում աղոթել բոլոր ուղղադավան քրիստոնյաների, Եկեղեցու հովիվների, վանականների, ննջեցյալների համար, իսկ ժողովուրդը յուրաքանչյուր հորդոր-քարոզից հետո երեք անգամ ասում է` Տէ՛ր, ողորմեա՛: Ապա հաջորդում է ևս մեկ կարևոր պահ` «Երախաների» քարոզը:

    «Երախա» են կոչվում այն անձինք, ովքեր սբ. Մկրտություն ընդունելու են պատրաստվում: Հնում մկրտվել ցանկացող անձինք երկար ժամանակ (մինչև երեք տարի) հավատքի ուսուցում (հուն. «կատեխեսիս») են անցել եկեղեցական հատուկ դպրոցներում: Նշված քարոզով սարկավագը կոչ է անում հավատացյալներին աղոթել, որ Տերը երախաներին սբ. Մկրտության ու սբ. Եկեղեցու անդամը դառնալուն արժանացնի: Նույն բանի համար խորանում հատուկ աղոթք է կարդում պատարագիչ քահանան:

    Քարոզից հետո սարկավագը երախաներին հրահանգում է դուրս գալ տաճարից, քանի որ սբ. Պատարագի բուն Խորհրդին կարող են մասնակցել միմիայն Եկեղեցու անդամները: Առաջ երախաներն ու որոշ ապաշխարողներ այս պահին դուրս են եկել բուն տաճարից և սբ. Պատարագի մնացյալ` գլխավոր մասին հետևել են գավթից` վարագույրի ետևից:

    Տաճարից երախաների ու ապաշխարողների դուրս գալը խորհրդանշում է Ահեղ դատաստանը, որի ժամանակ ցորենն ու որոմն իրարից պիտի զատվեն. արդարները Երկնքի Արքայության մեջ հավիտենական երանությանը պիտի արժանանան, իսկ մեղավորները դրանից դուրս պիտի հայտնվեն:

    Սկսվում է Մեծ մուտքը:

ՄԵԾ ՄՈՒՏՔ (ՎԵՐԱԲԵՐՈՒՄՆ)

    Ինչպես և Փոքր մուտքը, սա ևս հանդիսավոր մի թափոր է, որով ավանդատնից խորան են բերվում սբ. Հացն ու Գինին: Ինչպես ասվեց վերը, հնում ավանդատունը գտնվել է եկեղեցուց դուրս, այդ իսկ պատճառով հացն ու գինին դրսից են բերվել տաճար: Թափորը կազմելուց առաջ պատարագիչը հատուկ աղոթք է ընթերցում, ապա խնկարկում է խորանն ու ժողովրդին: Քահանան ու սարկավագն սկզբում իրար, ապա ժողովրդին են խոնարհվում` միմյանցից ներողություն հայցելով: Ավանդատուն անցնելով` սարկավագը վերցնում է սբ. Հացով մաղզման, իսկ քահանան` Գինով լի սբ. Սկիհը, և դրանք հանդիասվորապես, «Քերովբեական» երգի ուղեկցությամբ, ավանդատնից խորան բերում (այստեղից «վերաբերումն» անվանումը):

    Մեծ մուտքը Քրիստոսի հաղթական երթն է. ինչպես որ հաղթանակած երկրավոր թագավորը մուտք է գործում իր աթոռանիստը` ցնծացող զորքերով ու ժողովրդով շրջապատված, այնպես էլ Երկնավոր Թագավորը` հրեշտակային զորությունների ուղեկցությամբ գալիս է` պատարագվելու ու Իր անձը զոհելու հանուն մարդկանց փրկության: Այսպիսով, Մեծ մուտքը պատկերում է Քրիստոսի մուտքը Երուսաղեմ ու դեպի Գողգոթա նրա Խաչի ճանապարհը: Բացի այդ, եթե նվազ հանդիսավորություն ունեցող Փոքր մուտքը խորհրդանշում էր Տիրոջ առաջին գալուստը երկիր` «ծառայի կերպարանքով», ապա փառահեղ Մեծ մուտքը մեր առջև պատկերում է Քրիսոսի երկրորդ և փառահեղ Գալուստը, երբ Աստվածորդին գալու է Հոր փառքով` յուրաքանչյուրին ըստ իր գործերի հատուցելու:

    Մեծ մուտքին հաջորդող քարոզից հետո սարկավագը դիմում է հավատացյալներին. «Սիրեսցուք զմիմեանս, զի համամտութեամբ խոստովանեսցուք»: Հավատացյալների ժողովում Քրիստոս Փրկչի ներկայությունը երկու կարևորագույն նախապայման ունի: Դրանցից մեկը սերն է. Սբ. Հոգին չի կարող լինել այնտեղ, որտեղ չարություն, հակառակություն, ատելություն կա: Սիրո Աստվածը չի կարող բնակվել անսեր սրտերում: Ուստի նախքան Սբ. Հոգուն կանչելը հավատացյաները պարտավոր են են ողջ սրտով ներել միմյանց սխալները, բացթողումները: Որպես եբայրական սիրո նշան է հանդես գալիս «սիրո համբույրը»` եղբայրական ողջագուրումը: Մյուս նախապայմանն առ Քրիստոս հավատքի ուղղափառ դավանությունն է: Դրա համար սիրո համբույրից հետո հավատացյալները, հետևելով սարկավագի «համամտութեամբ խոստովանեսցուք» հորդորին, միաբերան արտասանում են ուղղափառ Հավատքի հանգանակը, որը կազմվել է Առաջին և Երկրորդ Տիեզերաժողովներում (IV դ):

    Այսպիսով, սիրով և ուղղափառ դավանությամբ համախմբված հավատացյալները` Եկեղեցին, թևակոխում է սբ. Պատարագի կենտրոնական մասը (հուն. «անաֆորա»), որն սկսվում է «Սուրբ, սուրբ» երգով.

    «Սու՛րբ, Սու՛րբ, Սու՛րբ Տէ՛ր Զօրութեանց, լի են երկինք եւ երկիր փառօք քովք: Ովսա~ննա ի բարձունս: Օրհնեալ որ գայ անուամբ Տեառն: Ովսա~ննա ի բարձունս»:

    (Աշխ. «Սու՛րբ, սու՛րբ, սու՛րբ Տե՛ր Զորությունների, երկինքն ու երկիրը քո փառքով են լի: Ովսա~ննա (օրհնություն) երկնքում: Օրհնյալ է նա, ով Տիրոջ անվամբ է գալիս: Ովսա~ննա երկնքում»):

    Այս երգը զուգակցումն է Եսայի մարգարեի տեսած սերովբեների սրբասացության և այն բառերի, որ գոչում էր ժողովուրդը Երուսաղեմ Քրիստոսի մուտքի ժամանակ: Սրանից հետո պատարագիչը վերաձայնում է այն խոսքերը, որ ասաց Տեր Հիսուս Քրիստոսը Խորհրդավոր ընթրիքի ժամանակ, երբ սբ. Հաղորդության խորհուրդն էր հաստատում.

    «Առէ՛ք, կերա՛յք. այս է Մարմին իմ, որ վասն ձեր բեկանի ի թողութիւն մեղաց». «Արբէ՛ք ի սմանէ ամենաքեան. այս է Արիւն իմ նորոյ ուխտի, որ վասն ձեր եւ բազմաց հեղանի` ի թողութիւն մեղաց»:

    (Աշխ. «Առե՛ք, կերե՛ք. սա է իմ Մարմինը, որ ձեզ համար է բեկվում` ի թողություն մեղքերի». «Ըմպե՛ք սրանից բոլորդ. սա է նոր ուխտի իմ Արյունը, որ ձեզ և շատերի համար է հեղվում` ի թողություն մեղքերի»):

    Ժողովուրդը տերունական այս խոսքերին պատասխանում է` «ամէն»:

    Այժմ սբ. Պատարագի ամենախորհրդավոր պահն է. պատարագիչը մասնահատուկ աղոթք է ընթերցում` հայցելով Տեր Աստծուց, որ Նա իր Սբ. Հոգուն ուղարկի սբ. Ընծաների վրա` դրանք Քրիստոսի Մարմնին ու Արյանը փոխարկելու համար: Սա «վերակոչման աղոթք»է անվանվում, քանի որ դրանով Եկեղեցին սբ. Հոգուն է կանչում սբ. Ընծաների վրա: Քահանան օրհնում է Հացը` ասելով. «Եւ արա զՀացն զայս` պատուական Մարմին Քրիստոսի քոյ»: Նմանապես օրհնում է Սկիհն ասելով. «Եւ զոր ի բաժակիս յայսմիկ` պատուական Արիւն Քրիստոսի քոյ»: Այնուհետ` Մարմինն ու Արյունը միասին օրհնելով` հավելում է. «Փոխարկեալ Հոգւով քով Սրբով»: Մեծագույն հրաշքը կատարված է. Եկեղեցու աղոթքներով սբ. Հոգին իր աստվածային Շնորհով ու զորությամբ մարդկանց նվիրաբերած հացն ու գինին մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի ճշմարիտ Մարմինն ու Արյունն է դարձնում` ի քավություն և ի թողություն մեղաց և ի փրկություն աշխարհի: 

ՍԲ. ՊԱՏԱՐԱԳ

    Տիրոջ Մարմնի և Արյան առջև քահանան աղոթում է, որ դրանք հավատացյալներին լինեն ի փրկություն, և ոչ թե ի դատապարտություն, ապա հիշատակում է սրբերին ու հավատացյալներին, որոնց մեջ առանձնահատուկ է Ամենասուրբ Աստվածածնի գերագույն դիրքը: Այդ իսկ պատճառով քահանան վերաձայնում է Աստվածամորն առանձնահատուկ կերպով հիշատակելու հորդորը.

    «Յատկապէս վասն ամենասուրբ, անբիծ, գերօրհնեալ, փառաւորեալ Տիրուհւոյն մերոյ Աստուածածնի եւ միշտ Կուսին Մարեմայ»:

    Ժողովուրդը երգում է «Արժանի է» շարականը, որ Ամենասուրբ Աստվածածնի ներբողն է:

    Սմենօրհնյալ Աստվածածնին հիշատակելուց հետո Եկեղեցին աղոթում է այն Հայրապետի կամ առաջնորդի համար, որին պատկանում է տվյալ եկեղեցական համայնքը, ինչպես նաև բոլոր հավատացյալների հոգիների փրկության համար:

    Սարկավագի քարոզից հետո Եկեղեցին միաբերան ասում է Տերունական աղոթքը: Պատարագիչը Տիրոջ Մարմինը բարձրացնում է` վերաձայնելով.

    «Սրբութիւնք` սրբոց»:

    Սրանով հիշեցնում է, որ Սրբությունները, այսինքն` Տիրոջ Մարմինն ու արյունը նախատեսված են միայն սրբերի` մեղքից մաքրվածների համար: Սրան ի պատասխան ժողովուրդն ասում է.

    «Միայն սուրբ, միայն Տեր` Յիսուս Քրիստոս, ի փառս Աստուծոյ Հօր. ամէն», այսինքն` մեկն է բացարձակ սուրբը` Տեր Հիսուս Քրիստոսը: Սրանով հավատացյալները խոստովանում են իրենց մեղավորությունն Աստուծո առջև, և այն, որ սրբվել կարելի միմիայն միակ բացարձակ Սրբի և անմեղի` Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով:

    Խորանում քահանան Տիրոջ Մարմինը խաչաձև չորս մասի է կտրում («բեկումն») և հավատացյաների հաղորդության համար նախատեսված մասն Արյան մեջ է ընկղմում: Ապա սբ. Սկիհի մեջ խաչաձև տաք ջուր է ավելացվում` ի նշան Խաչյալ Տիրոջ կենարար կողից հոսած Արյան և ջրի (տես Հովհ. ԺԹ, 34): Այնուհետև քահանան ու սարկավագը հաղորդվում են, որից հետո սարկավագը դիմում է ժողովրդին` ասելով.

    «Ահիւ Աստուծոյ, հաւատով եւ սիրով մատի՛ք»:

    (Աշխ. «Աստուծո ահով, հավատով ու սիրով մոտեցե՛ք»):

    Հավատացյալները` ձեռքերը կրծքին խաչաձև դրած, մոտենում են Խորանից դուրս բերված սբ. Սկիհին` Տիրոջ Մարմնին և Արյանը հաղորդվելու: Երբ հավատացյալների հաղորդությունը վերջանում է, քահանան վերաձայնում է. «Փրկեա՛, Տէ՛ր, զժողովուրդն քո եւ օրհնեա՛ զժառանգութիւն քո»: Սբ. Սկիհը խորան է տարվում, իսկ ժողովորդը, սարկավագի հորդորներին ի պատասխան, գոհաբանական շարականներ է երգում: Դրանից հետո պատարագիչը դուրս է գալիս խորանից և ամբիոնի առջև կարդում վերջին աղոթքը:

 ՍԲ. ՊԱՏԱՐԱԳ  Ժողովորդը երիցս երգում է «Եղիցի անուն Տեառն օրհնեալ յասմհետէ մինչեւ յաւիտեան» տողը, որից հետո քահանան վերջին օրհնություն է տալիս ժողովրդին, կարդում արձակման աղոթքը և ավարտում սբ. Պատարագը` ասելով.

    «Աղօթիւք սրբոց Հարցն մերոց, Տէ՛ր Յիսուս Քրիստոս, Աստուա՛ծ, ողորմեա՛ եւ փրկեա՛ զմեզ»:

    (Աշխ. «Մեր սուրբ Հայրերի աղոթքներով, Տե՛ր Հիսուս Քրիստոս, Աստվա՛ծ, ողորմյա՛ և փրկյա՛ մեզ»):

    Ամենավերջում քահանան նրանց, ովքեր չեն արժանացել սբ. Հաղորդության, բաժանում է նվիրաբերված, բայց չսրբագործված հացերի փշրանքները, այսպես կոչված «մասը»: Հունարենում այն կոչվում է «փոխընծա»(«անտի՛դորոն»), քանի որ տրվում է սբ. Ընծաների փոխարեն` ի հոգևոր մխիթարություն և զորակցություն: Միևնույն ժամանակ փոխընծան հեռավոր վերհուշն է այն ժամանակների, երբ Եկեղեցում սբ. Պատարագի առիթով սիրո ընթրիքներ` ագապեներ են կազմակերպվում:

Գ.Ղազարյան

 

Սբ. Պատարագ

© www.orthodoxkyanq.org