/ Եկեղեցու խորհուրդներ և ծեսեր / Մկրտության ութ տեսակները

Մկրտության ութ տեսակները

 

Մկրտության ութ տեսակները

 

 

   Առաջին` Ջրհեղեղի մկրտությունը [տեղի ունեցավ] մեղքը հատելու նպատակով:

   Երկրորդ [մկրտությունը] ծովի ու ամպի միջոցով էր, քանի որ ամպը Հոգու խորհրդանիշն է, իսկ ծովը` ջրի[1]:

   Երրորդ [մկրտությունը] Օրենքինն էր, որովհետև անմաքուր յուրաքանչյուր մեկը լվացվում էր ջրով, լվանում էր իր հանդերձները և այդպես էր բանակատեղի մտնում[2]:

  Չորրորդ [մկրտությունը] Հովհաննեսինն էր, որը ներածական էր և մկրտվողներին ապաշխարության էր առաջնորդում` որպեսզի Քրիստոսին հավատան. «Ես ձեզ մկրտում եմ ջրով, – ասում է, – բայց Ով գալիս է իմ հետևից, Նա ձեզ կմկրտի Սբ. Հոգով ու հրով»[3]: Արդ, Հովհաննեսը ջրով նախասրբում է Հոգու համար:

  Հինգերորդը Տիրոջ Մկրտությունն է, որով Նա մկրտվեց: Եվ մկրտվում է` ոչ թե Ինքը մաքրության կարիքն ունենալով, այլ իմ մաքրությունը յուրացնելով, որպեսզի ջրի վրա վիշապների գլուխները ջախջախի[4], որպեսզի մեղքը ջնջի, որպեսզի ողջ հին Ադամին ջրի մեջ թաղի, որպեսզի Մկրտչին սրբացնի, որպեսզի Օրենքը կատարի, որպեսզի Երրորդության խորհուրդը բացահայտի, որպեսզի Մկրտության համար մեզ տիպար և օրինակ ծառայի: Եվ մենք մկրտվում ենք Տիրոջ կատարյալ Մկրտությամբ` ջրով ու Հոգով: Բայց ասված է, որ Քրիստոսը հրով է մկրտում, որովհետև Հոգու շնորհը սբ. առաքյալների վրա հրե լեզուների տեսքով հեղեց, ինչպես որ Ինքը Տերն է ասում. «Հովհաննեսը մկրտեց ջրով, բայց դուք այս օրերից ոչ շատ հետո պիտի մկրտվեք Սուրբ Հոգով» (Գործք 1, 5): Կամ էլ [նկատի ունի] ապագայի պատժիչ մկրտությունը:

   Վեցերորդ [մկրտությունն] ապաշխարությամբ ու արցունքներով է` իրապես տառապալի:

 Յոթերորդ [մկրտությունն] արյամբ ու մարտիրոսությամբ է, որով և Քրիստոս Ինքը մեզ համար մկրտվեց[5]` որպես հույժ պատվական ու երանելի [մկրտությամբ], քանի որ հետագա աղտերով [այևս] չի կեղտոտվում:

   Ութերորդ` վերջին [հրո մկրտությունը] փրկական չէ, այլ վերացնում է չարիքը (քանզի դրանից հետո չարիքն ու մեղքն այլևս չեն լինելու) և անվերջանալիորեն պատժում է [մեղավորներին]:

 

©Հին հունարենից թարգմանությունը` Գ. Ղազարյանի:

Աղբյուր. Ἁγίου Ἰωάννου Δαμασκηνού,  Ἔκθεσις ἀκριβής τῆς  ὀρθοδόξου πίστεως , PG 94, σσ. 1117-1125.

Սբ. Հովհաննես Դամասկացի (680-755 թթ)

 

[1] Նկատի ունի հրեա ժողովրդի` ամպի առաջնորդությամբ Կարմիր ծովով անցնելը: Հմմտ. Ա Կորնթ. 10, 1: 

[2] Ղևտ. 14, 1-8:

[3] Հմմտ. Մատթ. 3, 11:

[4] Սաղմ. 73, 13:

[5] Հմմտ. Մարկ. 10, 38, Ղուկ.12, 50:

 

 

 

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com