/ Վարք Սրբոց / Սբ. Գևորգ Կարսլիդիս

Սբ. Գևորգ Կարսլիդիս

π.Καρσλίδης

(1901-1959 թթ.)

Նոյեմբերի 4/17

Սբ. Գևորգը` Մկրտության անունով Աթանաս Կարսլիդիսը, ծնվել է 1901 թ. Պոնտոսի Արգիրուպոլիս (Գյումուշխանե) քաղաքում, բարեպաշտ ընտանիքում: Ինչպես երևում է սրբի ազգանունից, նրա նախնիները սերել են Կարսից: Դեռ վաղ մանուկ հասակում մեկ օրվա մեջ սուրբը զրկվում է ծնողներից, և նրա խնամքն ստանձնում է տատը, ով հասցնում է թոռանը փոխանցել իր հավատքն ու բարեպաշտությունը: Երբ մահանում է նաև տատը, յոթնամյա Աթանասն իր պապի հետ մեկնում է Կարին (Էրզրում), որտեղ երեխան հովվության է ընդունվում մի թուրքի մոտ:

Մի երեկո Աթանասը տուն է վերադառնում` անմխիթար լալով: Հարցերին ի պատասխան երեխան պատմում է, որ արոտավայրում հանդիպել է երեք հոգևորականների, որոնք այնքան քաղցր շարական են երգել, որ ինքն ամեն բան թողել ու նրանց է հետևել, սակայն երբ քահանաներն անհետացել են, երեխան սկսել է լալ: Եղելության մասին իմանալով` թուրք տանտերը տանում է Աթանասին ու իջեցնում իր տան նկուղը: Նրանց առջև ստորգետնյա մի եկեղեցի է բացվում. պարզվում է, որ «թուրքն» իրականում ծածուկ քրիստոնյա է:

-Կճանաչե՞ս այդ երեք հոգևորականներին, – հարցնում է նա երեխային:

Աթանասն անմիջապես վազում է երեք հայրապետների` սբ. Բարսեղ Կեսարացու, սբ. Գրիգոր Աստվածաբանի ու սբ. Հովհաննես Ոսկեբերանի պատկերի առջև:

-Ահա սրանք էին:

Սա առաջին դեպքն էր, երբ սրբերն այցելում են Աթանասին:

OsiosGeorgiosKarslidis02Պապի մահվանից հետո Աթանասը որոշում է հեռանալ Կարինից և անհայտ ուղղությամբ ճանապարհ է բռնում: Աղոթքի ժամանակ նրան է հայտնվում մի սպիտակ ձիավոր, ով երեխային շատ կարճ ժամանակում բերում է անծանոթ մի քաղաք ու պատվիրելով, թե նա ի՛նչ պիտի անի, թողնում մի եկեղեցու առաջ: Այդ քաղաքը Կովկասի մայրաքաղաք Թիֆլիսն էր: Եկեղեցում վերջանում էր սբ. Պատարագը: Մի միանձնուհի, դուրս գալով, նկատում է Աթանասին և ծանոթանալով նրա կյանքին, օգնում է, որ նա վանք մտնի: Այսպես ահա իննամյա Աթանասը դառնում է այն ժամանակ շատ նշանավոր Նոր Աթոս վանքի («Նովի Աֆոն»` Սուխումի մոտ) տարիքով ամենափոքր մոնթը:

1917 թ. հեղափոխությունից հետո բոլշեվիկները վանք են մտնում և ձերբակալում միաբաններին: Ովքեր որ ուրանում են հավատքը, ազատ են արձակվում, իսկ Քրիստոսին հավատարիմ մնացած վանականներին, ձեռք ձեռքի ու ոտք ոտքի կապելով, բերում են մի մեծ փոսի առջև: Սկսվում է անկանոն գնդակահարությունը, որից վանականների մեծ մասը զոհվում է, իսկ վիրավորվածները, կապված լինելով մյուսներին, նրանց հետ ընկնում են փոսը, բայց հետո կարողանում են դուրս գալ այնտեղից: Այդ 13 վերապրածների մեջ էր նաև Աթանաս մոնթը:

Սրանից երկու տարի անց Աթանասն ընդունում է վանական հերակտրությունը` Սիմեոն անունով: Եվ դարձյալ հետևում է վանականների ձերբակալությունը: Տվայտանքներից ու ծաղրուծանակից հետո նրանց տանում են գնդակահարության: Աստված սակայն այս անգամ էլ է խնայում իր ընտրյալ ծառայի կյանքը. բոլշևիկների գնդակը դիպչում է Սիմեոն վանականի կրծքին, որի վրա նա կրում էր իր տատի օրհնությունը` սբ. Աստվածածնի մետաղե փոքրիկ սրբապատկերը: Փրկված Սիմեոնին նորից բանտն էր սպասում. այստեղ սուրբը պիտի թողներ իր առողջությունը…

Բարի մարդկանց միջնորդությամբ բանտարկությունից ազատվելով` 1925 թ. Քրիստոսի խոստովանողը կուսակրոն քահանա է ձեռնադրվում Գևորգ անվամբ` ի պատիվ սբ. Գևորգ Հաղթանակաբեր Զորավարի` այն սպիտակ ձիավորի, ով իրեն հայտնվել էր ճանապարհին և Թիֆլիս հասցրել:

1929 թ. հ. Գևորգը կարողանում է մի քանի հույն ընտանիքների հետ Հունաստան գաղթել: Նա հաստատվում է հյուսիսային Հունաստանի Դռամա քաղաքի մոտակայքում:

1939 թ. հավատացյալների օգնությամբ սուրբը կառուցում է Տիրոջ Համբարձմանը նվիրված մի փոքրիկ վանք` հիմնականում բաղկացած եկեղեցուց ու իր խցից, որտեղ նա պիտի ապրեր իր կյանքի մնացյալ 20 տարիները:

Ետևում էին հալածանքների դառն ու տառապալից տարիները, սակայն նույնն էր հիվանդակիր, հաշմանդամ, կարեվեր հ. Գևորգի խիստ ճգնակեցությունը: Նա հարատև պահքի մեջ էր, սնվում էր խոտերով, թթու դրած բանջարեղենով, հազվադեպ ուտում էր ձուկ, բայց միս` երբեք: Սբ. Հաղորդությամբ հ. Գևորգը կարող էր չորս օր առանց սնվելու անցկացնել: Քնում էր շատ քիչ ու թեթև: Հաճախ էր հիվանդանում ու գամվում անկողնին: Անդադար աղոթքի մեջ էր, հատկապես գիշերներն անդադար աղոթքով էր անցկացնում: Հ. Գևորգը խիստ էր, սակավախոս, սակայն այդ խստության ետևում էր մարդկանց հանդեպ իր մե՜ծ սերը: Դատարկ հետաքրքրվողների առջև երբեք դուռը չէր բացում, իսկ ում ընդունում էր` դիմավորում էր քաղցր ժպիտով: Մեծահասակների հետ մեծահասակ էր, երեխաների հետ` երեխա: Շատ խիստ էր վերաբերվում աբորտին` համարելով, որ դա անպաշտպան մարդու սպանություն է, ինչպես նաև` կախարդությանը:

Հատկապես տպավորիչ էին նրա մատուցած պատարագները, որոնց ժամանակ մարդիկ, մանավանդ երեխաները, հաճախagios-georgios-karslides-09 էին տեսնում, որ հ. Գևորգը կտրվում էր գետնից: Նրա պատարագներին միշտ սրբեր էին հայտնվում, շատ հաճախ` սբ. Հովհաննես Մկրտիչը: Երբ առողջությունը ներում էր, սուրբը պատարագում էր ամեն օր: Սբ. Պատարագը հ. Գևորգի կյանքի կենտրոնն էր, և նա  կարողանում էր Հոգով տեսնել, թե հավատացյալներից ովքեր են արժանի սբ. Հաղորդությանը, ովքեր` ոչ: Անողոք էր թվում միայն նրանց հանդեպ, ովքեր անզեղջ էին իրենց մեղքերի մեջ, և դա անում էր` վերջիններիս վրա ազդելու նպատակով: Թույլատու էր, երբ մարդու մեջ սեր էր տեսնում:  Տարածություն էր պահում բոլորի հետ և որևէ մեկին թույլ չէր տալիս, որ իրեն գովեն: Իր առօրյա շորերը հնամաշ էին ու հնամենի, բայց պատարագի զգեստները` անթերի կոկիկ ու մաքուր:

1930-ականների վերջում հյուսիսային Հունաստանը նվաճում են բուլղարացիները, ապա բռնկվում է եղբայրասպան պատերազմը: Այդ ամենին հետևում են Երկրորդ համաշխարհայինի սոսկալի տարիները: Այս ողջ ընթացքում սբ. Գևորգը դառնում է ժողովրդի պաշտպանն ու հայրը, ով հոգում էր մարդկանց ոչ միայն հոգևոր, այլև նյութական կարիքները: Իր ձեռքով նա ջուլհակություն էր անում, ծայրահեղ աղքատության, սովի պայմաններում շոր ու սնունդ հայթայթում ու հասցնում մարդկանց, ընդ որում օգնությունը նա գիշերով թողնում էր մարդկանց դռների առաջ` ինչպես սբ. Նիկողայոս Սքանչելագործը: Մի անգամ էլ լսելով, որ շրջակա գյուղերից մեկը բուլղարացի զորքը հրկիզել է, նա շտապում է տուժածներին ուղարկել իր փոքրիկ վանքի ողջ ունեցվածքը…

Աստված մեծամեծ հոգևոր շնորհներով է օժտում իր նվիրյալ ծառային: Բազմաթիվ են սրբի պարզատեսության ու բժշկության շնորհի վկայությունները: Ահա դրանցից մի քանիսը[1].

Մի անգամ հ. Գևորգին հարսանիքի են հրավիրում: Նա այնքան ուրախ  է լինում հարսանիքին, որ մի քիչ պարում է: Որոշ մարդիկ դատում են  նրան, սակայն սուրբը իր մտերիմներին բացատրում է.

– Այնտեղ 400 հրեշտակներ էին հավաքվել ու պար բռնել: Ես ինչպե՞ս չպարեի: Հարսն ու փեսան պահել էին իրենց կուսությունը` ինչպես որ ուզում է Քրիստոսը, և դրա համար հոգևոր տոն էր:

Սբ. Գևորգի մոտ է գալիս մի կին, որի երկու աղջիկներն էլ դիվահար էին: Ոչ մի բժիշկ չէր կարողացել նրանց օգնել: Հ. Գևորգը նրան ասում է.

– Կրտսեր աղջիկդ երբեք չի բժշկվելու, որպեսզի ամուսինդ ապաշխարի իր չար կշեռքի համար: Մյուսը կամաց-կամաց կապաքինվի:

Այդպես էլ լինում է: Պարզվում է, որ այդ կնոջ ամուսինը սուրճ է վաճառում` խարդախ կշեռքով…

Մի կին, երկար պահք պահելով, գալիս է սբ. Պատարագի` հաղորդվելու: Հ. Գևորգը նրան թույլ չի տալիս սբ. Սկիհին մոտենալ: Կինը բողոքում է:

– Ի՞նչ ես աշխատում, – հարցնում է պատարագիչ սուրբը:

– Մարդկանց տներում լվացք եմ անում:

– Թույլ չեմ տալիս հաղորդվես, որովհետև տեսնում եմ վրայիցդ սավաններ են կախված. լվացք անելիս դու քո հին սավանները փոխել ես ուրիշների նորերով:

Կինն ակամա խոստովանում է իր մեղքը:

Հ. Գևորգ Կարսլիդիսն իր հոգին առ Աստված է ավանդում 1959 թ. նոյեմբերի 4-ին, ընդամենը 58 տարեկան հասակում: Մահվանից հետո նրա մարմինը պահպանում է բնական ջերմաստիճանն ու փափկությունը, այնպես որ շատերի մեջ կասկած է առաջանում, թե արդյո՞ք նա մահացել է: Սուրբը կանխասել էր դրա մասին` նշելով, որ երբ իր գերեզմանի վրայի երկու կիպարիսներն իրար կպնեն, դա նշան է, որ ինքը մահացել է: Եվ ահա, երբ սրբի մարմինն իր փիլոնի մեջ փաթաթած (առանց դագաղի) գերեզման են իջեցնում, 2000-ոց ամբոխի աչքի առջև երկու  կիպարիսները, սրբի մարմնին խոնարհվելով, իրար են դիպչում:

2008 թ., հաշվի առնելով հ. Գևորգի սուրբ վարքը, նրա բազմաթիվ հրաշքները (նաև հետմահու), Կոստանդնուպոլսի տիեզերական Պատրիարքության սրբազան Սինոդը նրան Ուղղափառ Եկեղեցու սրբերի շարքն է դասում:

Պատրաստեց Գ. Ղազարյանը

[1] «Ուղղափառ կյանք» կայքէջը մոտ ապագայում կանդրադառնա սբ. Գևորգ Կարսլիդիսի հրաշքներին` առանձին հրապարակմամբ:

Սբ. Գևորգ Կարսլիդիս