/ Հրաշքներ / Սբ. Արսեն Կապադովկացին և մահմեդական կնոջ դարձը

Սբ. Արսեն Կապադովկացին և մահմեդական կնոջ դարձը

 Սբ. Արսեն Կապադովկացին և մահմեդական կնոջ դարձը

 

 

    Ինչպես սրբի[1] վարքագիրն (սբ. Պաիսիոս Աթոսացին) է նշում. «Քրիստոսի շնորհով նրա կատարած հրաշքները բազմաթիվ են: Ֆարասացիների մոտ յուրաքանչյուր այցելությանը մարդ պետք է նոր տետր ունենա` դրանք գրի առնելու: Այդ իսկ պատճառով սահմանափակվել եմ հրաշքներից միայն կարևորներն արձանագրելով…»:

    Ստորև ներկայացնում ենք սբ. Արսենի կատարած հրաշքներից մեկը:

    Ֆարասայում ապրող մահմեդականի[2] կանանցից մեկն իրեն մտերիմ մի քրիստոնյա կնոջ ցանկություն է հայտնում մկրտվելու: Հայր Արսենն իմանալով այդ մասին` քրիստոնյային պատվիրում է մահմեդական կնոջը գաղտնի իր տուն տանել, որպեսզի նրան պատրաստի և նրա կնքամայրը[3] դառնա:

    Պատրաստության շրջանն անցնելուց հետո սուրբը նրան մկրտում է Էլեֆթերիա[4] անվամբ: Էլեֆթերիան միայն 3-4 անգամ է գաղտնի հաղորդվում և ապրում ծպտյալ քրիստոնյայի պես: Նա մկրտվելուց հետո իրեն անտրամադիր էր ցույց տալիս և այդ կերպ սբ. Մկրտությունն իր թուրք ամուսնու հետ չի ապականում:

    Քանի որ Էլեֆթերիան դժվարանում էր իր տան անհավատ շրջապատում, Բարին Աստված արագորեն նրան ազատում է և Իր մոտ տանում: Նա հանկարծակի հիվանդանում է և մի քանի օր անկողնուն գամված մնում: Խեղճ կինը հաղորդվել է ուզում, սակայն իր համար դժվար էր Հաջի Էֆենդու մոտ գնալը: Առավել ևս դժվար էր Հաջի Էֆենդու իր տուն գալը, որպեսզի իրեն որպես ծպտյալ քրիստոնյայի հաղորդություն տար: Սակայն հայր Արսենը նրան առանց հաղորդության չի թողնում. մի շատ փոքր խնձոր է վերցնում, մի անցք բացում, սուրբ Հաղորդությունը մեջը դնում ու կրկին խնձորը փակում: Այնուհետև կնքամորն ասում է, որ հիվանդին այցելի և ինչ-որ կերպ սբ. Հաղորդությունը նրան տա, որպեսզի հաղորդվի: Կնքամայրն երկյուղածությամբ և ուրախությամբ սրբությունը վերցնում է և ձեռքերը կրծքին խաչած՝ հիվադին այցելության գնում: Էլեֆթերիան, որպես նոր լուսավորված[5], կանխազգում է սբ. Հաղորդության ներկայությունը և այլակերպված դեմքով կնքամորն ասում.

    -Քրիստոսը, իմ հոգին:

    Նրա մտքով անգամ չէր անցնում, որ կնքամայրը կարող էր իրեն սբ. Հաղորդություն տանել: Կնաքամայրը խնձորը հանելով` տալիս է նրան և այդպիսով օրհնված հոգին հաղորդվում է:

    Էլեֆթերիան հաղորդվելուց հետո հոգին Քրիստոսին է ավանդում: Կնքամայրը մտահոգ հայր Արսենի մոտ է վազում` ասելով.

   -Հաջի Էֆենդի՛, օրհնությունդ վրաս լինի: Էլեֆթերիան մահացավ: Հիմա ի՞նչ է լինելու. թրքուհիներն են նրան լողացնելու:

   -Մի՛ անհանգստացիր,- պատասխանում է:

    Նա կրկին նույնն է ասում.

    -Հաջի Էֆենդի՛, ի՞նչ է լինելու:

    Հայրը նրան պատասխանում է.

   -Թո՛ղ, դա մի բաղնիք կհամարվի:

    Սակայն կնքամայրը դրա համար անհանգստանում էր, որովհետև մահմեդականները մեռյալին լողացնելը մկրտություն են համարում և հավատում, որ այդպիսով կենդանի ժամանակ գործված բոլոր մեղքերը ներվում են: Քանի որ նա շարունակ հայր Արսենին անհանգստացնում էր դրա համար, այդժամ ստիպված հայրը նրան ասում է.

   -Է՜հ, ի՞նչ ես կարծում, թուրքերին կթողնեմ, որ իմ մկրտածին լողացնե՞ն:

    Եվ շարունակ աղոթում էր Էլեֆթերիայի համար:

    Հետևաբար, ի՞նչ է պատահում: Այդ բոլոր օրերին որքան թրքուհիները ձեռքները մեկնում էին մեռյալ քրիստոնյային լողացնելու, դրանք անշարժ էին մնում: Այդպիսով, ստիպված առանց լողացնելու նրան   թաղում են թուրքական գերեզմանատանը:

     Հաջի Էֆենդին, իհարկե, հեռվից կատարում է ննջեցյալների կարգը և շարունակում աղոթել: Եվ ահա, ուրիշ դեպք էլ է հաջորդում: Էլեֆթերիան սկսում է ամեն գիշեր հայտնվել իր տան մեջ և տան անդամներին տակնուվրա անում, տան իրերն էլ զայրացած դեսուդեն շպրտում և նրանց ասում.

    -Ինչու՞ եք ինձ տանջում այստեղ` ձեր գերեզմանատանը: Հանեք ինձ արագ այստեղից ու տարեք իմ տունը` քրիստոնյաների գերեզմանատուն:

    Դա տեղի էր ունենում մի քանի օր շարունակ, մինչև որ այլևս թուրք ընտանիքը չդիմանալով, սբ. Արսենի մոտ է գնում ու ասում.

    -Հաջի Էֆենդի՛, օրհնությունդ մեզ վրա լինի, մեր տանը շատ ենք տանջվում մեռած կնոջից: Օգնի՛ր մեզ: Միայն դու լուծում կգտնես: Շարունակ ամեն գիշեր մեզ տանջում է, տունը տակնուվրա անում և ասում, որ իրեն ձեր գերեզմանատանը թաղենք: Երևում է, որ նա ձեր կրոնը սիրում էր:

    Հայրն Էլեֆթերիայի թուրք ամուսնուն պատասխանում է.

   -Ինձ ինչու՞ ես հարցնում: Ես հույն եմ, իսկ դու՝ թուրք, ինչ ուզում՝ անում ես:

     Նա պատասխանում է.

    -Ո՛չ, Հաջի Էֆենդի, առանց քո օրհնության ոչինչ չեմ ուզում անել:

    Այդժամ հայր Արսենն ասում է.

    -Քեզ համար մի բացառություն կանենք: Հանեք նրան ձեր գերեզմանատնից և բերեք թաղենք մեր գերեզմանատան մի անկյունում:

     Այդպես էլ լինում է:

     Այնուհետև Էլեֆթերիան ուրախ հայտնվում է թուրքական տանը և նրանց բարեմաղթանքներ տալիս.

    -Հազար տարի ապրե՜ք: Հիմա դրախտում եմ գտնվում, լույսի ու Աստծո բարիքների մեջ:

     Այս աստվածային նշանով, որ ներգործում է Հաջի Էֆենդին, բարբարոս թուրքերին հանդարտեցնում է և մտորելու տեղիք տալիս քրիստոնյաների ճշմարիտ հավատքի բացահայտ ներգործությամբ: Այսպիսով, այդ ծանր տարիներին հավատացյալներին պահում է անհավատներից, որ քրիստոնյաների համար խնդիրներ չստեղծեն: Նրա օրհնությունը թող ունենանք. ամեն:

 

     Հունարենից թարգմանությունը` հայր Հերոնիմոս Մայիլյանի:

Աղբյուր. Γέροντος Παϊσίου Αγιορείτου, Ο Άγιος Αρσένιος ο Καππαδόκης, εκδ. Ι. Ησυχαστηρίου «Ευαγγελιστής Ιωάννης ο Θεολόγος», Σουρωτή 2001.

©Հայերեն թարգմանությունը կատարվել է Սբ. Պաիսիոսի հոգևոր ժառանգության իրավատեր սբ. Հովհաննես Աստվածաբան վանքի հատուկ օրհնությամբ ու թույլտվությամբ, բացառապես www.orthodoxkyanq.org կայքում հրապարակելու նպատակով: Սույն թարգմանության որևէ վերարտադրություն, բացի www.orthodoxkyanq.org կայքին հղում տալուց, խստիվ արգելվում է:

 

© www.orthodoxkyanq.org

 

[1]Սրբի վարքը կարելի է ընթերցել սույն կայքէջի «Վարք սրբոց» բաժնում:

[2] Սբ. Արսենի վարքում նշված է, որ ողջ Ֆարասայում միայն մեկ մահմեդական ընտանիք կար: Այստեղ խոսքը հենց այդ ընտանիքի կանանցից մեկի մասին է (թրգ.):

[3] Ուղղափառ Եկեղեցում ընդունված է, որ տղամարդկանցից բացի կանայք էլ կարող են սբ. Մկրտությունից առաջ որպես հոգևոր մայր պատրաստել թեկնածուին մկրտության համար, եթե նա չափահաս է, իսկ հենց սբ. Խորհրդի ժամանակ՝ հանդես գալ որպես կնքամայր իր բոլոր պարտականություններով հանդերձ: Դա նաև գործնական կարևոր նշանակություն ունի, որովհետև երբ քահանան մկրտելուց առաջ օրհնված ձիթայուղով օծում է մկրտվողի զգայարանները, այնուհետև կնքամայրը մնացած ողջ ձիթայուղով պետք է օծի նրա ամբողջ մարմինը: 

[4] Հայերեն համարժեք անձնանունն՝ «Ազատուհի» (թրգ.):

[5] Այդպես են կոչվում նոր մկրտվածները (թրգ.):