/ Ծերերի խրատներ / Ոսկե միջինը

Ոսկե միջինը

 

Ոսկե միջինը

       

Սուրբ Սերաֆիմ Սարովացի

(1759-1833 թթ.)

Ոսկե միջինը

 

   Չափից ավելի ճգնություններ չպիտի հանձն առնենք, այլ պիտի ջանանք, որ մեր բարեկամը` մարմինը, առաքինությունները գործելուն հավատարիմ և ընդունակ լինի: Պետք է ընթանանք միջին ճանապարհով` «չշեղվելով ո՛չ աջ, ո՛չ ձախ» (Առ. 4, 27): Հոգուն պիտի տանք հոգևորը, իսկ մարմնին` մարմնավորը, ինչը որ անհրաժեշտ է ժամանակավոր կյանքը պահելու համար:

  Նաև չպիտի հրաժարվենք` հասարակական կյանքին տալու այն, ինչը որ նա օրինապես պահանջում է մեզանից` ըստ Ավետարանի խոսքի. «Տվեք կայսրինը կայսեր և Աստծունը` Աստծուն» (Մատթ. 22, 21):

   Պետք է ներողամիտ լինենք մեր հոգու հանդեպ` իր տկարությունների և անկատարությունների պարագային, և հանդուրժենք մեր թերությունները, ինչպես որ մերձավորի թերություններն ենք հանդուրժում, սակայն չծուլանանք և ինքներս մեզ անդադար խթանենք ավելի լավին:

   Եթե շատ ես կերել կամ մարդկային տկարությանը հատուկ ուրիշ բան ես արել, ապա մի՛ վրդովվիր, վնասին վնաս մի՛ հավելիր այլ, ինքդ քեզ արիաբար ուղղվելուն դրդելով, ջանա պահել հոգու խաղաղությունն ըստ առաքյալի խոսքի. «Երանելի է նա, ով ինքն իրեն չի դատում այն բանի համար, ինչը որ փորձում է» (Հռոմ. 14, 22): Նույն իմաստն ունի նաև Փրկչի խոսքը. «Եթե չդառնաք ու չլինեք մանուկների պես, Երկնքի արքայությունը չեք մտնի» (Մատթ. 18, 3):

   Աշխատանքից կամ հիվանդություններից հյուծված մարմինը պիտի զորացնենք չափավոր քնով, կերակուրով ու ընպելիքով` նույնիսկ ժամանակը հաշվի չառնելով. Հիսուս Քրիստոսը, Հայրոսի դստերը հարություն տալուց անմիջապես հետո «հրամայեց, որ նրան ուտելու բան տան» (Ղուկ. 8, 55):

    Որևէ բանի մեջ հաջողությունը մենք Տիրոջը պիտի վերագրենք ու մարգարեի հետ ասենք. «Ո՛չ մեզ, Տե՛ր, ո՛չ մեզ, այլ քո անվանը փառք տուր» (Սաղմ. 113, 9):

    Մինչև 35 տարեկանը, այսինքն` երկրային կյանքի կեսը, մե՜ծ է մարդու պայքարը` իր հոգին պահպանելու գործում, և շատերն այս տարիքում առաքինության մեջ չեն դիմանում, այլ ուղիղ ճանապարհից դեպի իրենց ցանկություններն են շեղվում, ինչպես որ դրա մասին վկայում է սբ. Բարսեղ Մեծը. «Շատերը երիտասարդ ժամանակ շատ բան են պաշարել, բայց կյանքի կեսին, երբ չար ոգիներից փորձություններ են ծառացել, փոթորիկին չեն դիմացել ու այդ ամենից զրկվել են»:

    Այսպիսի փոփոխություն չունենալու համար ինքներս մեզ փորձարկման չափանիշի վրա պիտի դնենք և ողջ կյանքում ուշադիր հետևենք մեզ` ըստ սբ. Իսահակ Ասորու խոսքի. «Ամեն ոք իր կյանքը կշեռքով պիտի չափի»:

     Թարգմանությունը ռուսերենից` Գևորգ Ղազարյանի

 

Աղբյուր. Житие старца Серафима, Саровской обители иеромонаха, пустынножителя и затворника. Муром, 1893.