/ Խրատանի Սրբոց / Աստուծո հետ, ո՛չ թե սատանայի

Աստուծո հետ, ո՛չ թե սատանայի

 Աստուծո հետ, ո՛չ թե սատանայի

 

(հատված Սբ. Կոզմաս Էտոլացու (†1779) Ե դիդախեից)

Գիտե՞ս, եղբա՛յրս, թե Աստված քեզ ինչպե՞ս է ուզում: Ինչպես դու չես ուզում, որ կինդ որևէ առնչություն ունենա ուրիշի հետ, այդպես էլ Աստված է քեզ ուզում, որ սատանայի հետ որևէ բաժին չունենաս: Գոհ կլինե՞ս, որ կինդ պոռնկանա ուրիշի հետ: Ո՛չ: Ուրիշ մեկը կնոջդ համբուրի՞: Ոչ էլ դա՛ ես ուզում: Այդպես էլ Աստված է քեզ ուզում, եղբա՛յրս, որ սատանայի հետ ոչ մի առնչություն չունենաս:

Անխելք ու խորամանկ մարդ, և ի՞նչ բերանով ես համարձակվում ու հայհոյում Աստուծո անունն ու այն ուրանում: Նմանապես նաև Հրեշտակներին: Երիցս թշվա՛ռ, չե՞ս վախենում, գուցե գետինը բացվի ու քեզ կուլ տա: Սատանան չի համարձակվում Աստուծո անունը հայհոյել, որովհետև վախենում է, որ գուցե շանթահարվի ու մոխրանա, իսկ դու, անհայտ մա՛րդ, բացում ես քո այդ անիծյալ բերանն ու ուրանում ես Աստուծո անունը: Վա՜յ նրանց, որ հայհոյում են Աստուծո անունը, որովհետև հրեղեն գետը միշտ այրելու է նրանց:

(Աստված) մեզ ձեռքեր է տվել, որ խաչակնքվենք մաքուր հավատքով, երկյուղով, վախով ու բարեպաշտությամբ, և ո՛չ թե բռնենք հրացանը ու մեր եղբորը սպանենք, գողանանք նրանից, հալածենք նրան, սպանենք ու անարգենք:

Աստված մեզ ոտքեր է տվել, որ բարի ճանապարհով քայլենք, և ո՛չ թե քայլենք ու չարիք գործենք մեր եղբայրների դեմ:

Մեր Տեր ու Աստված Հիսուս Քրիստոսը մկրտվեց Հորդանան գետում Սբ. Հովհաննես Մկրտչից, որպեսզի մեզ էլ ցույց տա Սբ. Մկրտությունը: Եվ մկրտե՛ք, ձերդ սրբություն, սուրբ քահանաներ, ձեր ծխի երեխաներին ըստ մեր սուրբ, արևելյան ու առաքելական Եկեղեցու կարծիքի ու նպատակի. ընկղմե՛ք (մկրտվողներին) ավազանի մեջ, շատ ջուր ունեցեք մեջը և արե՛ք երեք ընկղմում ու երեք բարձրացում՝ ասելով Սուրբ Երրորդության (Հոր, Որդու և Սուրբ Հոգու) անունները:

 

Թարգմանությունը հունարենից՝ հայր Հերոնիմոս Մայիլյանի:

 

Աղբյուր. Επισκόπου Αυγουστίνου Ν. Καντιώτου, Μητροπολίτου Φλωρίνης, ΚΟΣΜΑΣ Ο ΑΙΤΩΛΟΣ (1714-1779), Έκδοσις ΚΖ՜, Ορθοδόξου Ιεραποστολικής Αδελφότητος «Ο Σταυρός», Αθήναι 2007.

 

 

Աստուծո հետ, ո՛չ թե սատանայի

 

 

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com