/ Խրատանի Սրբոց / Սրբուհի Եվթիմիա՜ն

Սրբուհի Եվթիմիա՜ն

 Սրբուհի Եվթիմիա՜ն

(հատվածներ «Սբ. Պաիսիոս Աթոսացու վարքն ու ուսմունքը» գրքի հայերեն թարգմանությունից)

Սուրբն իր խցի բակում էր, երբ նրան իր հոգևոր զավակներից մեկն այցելեց: Շարունակ սրտաբուխ կրկնում էր. «Փա՜ռք քեզ, Աստված»: Կրկին ու բազմիցս: Որոշ ժամանակ անց ասաց նրան.

-Անպետքանում է մարդը՝ լավ իմաստով:

-Ո՞վ, Գե՛րոնդա:

-Խցումս հանգիստ նստած էի, եկավ ու ինձ խելքահան արեց: Վերևում հրաշալի են անցկացնում…

-Գե՛րոնդա, ի՞նչ է պատահել:

-Կասեմ, սակայն ո՛չ ոքի չասես:

Եվ այսպես նրան հետևյալը պատմեց. «Աշխարհից[1] վերադարձել էի. եկեղեցական մի խնդրով դուրս էի եկել: Երեքշաբթի[2] առավոտյան ժամը տասին խցումս էի և Իններորդ ժամն էի ընթերցում: Դռան թակոց լսեցի, և կանացի մի ձայն ասաց.

-Մեր Հայրերի սուրբ աղոթքներով…

Մտածեցի՝ ինչպե՞ս է կին հայտնվել Աթոսում: Բայց և այնպես աստվածային մի քաղցրություն զգացի ներսումս և հարցրեցի.

-Ո՞վ է:

-Եվթիմիան,-պատասխանեց:

Մտածեցի. «Ի՞նչ Եվթիմիա. գուցե ինչ-որ կին խենթությու՞ն է արել ու տղամարդու շորերով Աթո՞ս եկել: Հիմա ի՞նչ անեմ»:

Կրկին թակեց:

-Ո՞վ է,- հարցրեցի:

-Եվթիմիան է,-կրկին պատասխանեց:

Մտածում էի  ու չէի բացում: Երբ երրորդ անգամ թակեց, դուռն ինքն իրեն բացվեց, այն դեպքում, որ ներսից սողնակ էր գցած: Միջանցքից քայլքի ձայներ լսեցի: Տեղիցս վեր թռա և տեսնեմ գլխաշորով մի կին: Նրան ինչ-որ մեկն էր ուղեկցում, որ նմանվում էր Ղուկաս ավետարանչին, ու անհետացավ: Չնայած վստահ էի, որ տեսածս հակառակորդից չէ, որովհետև շողշողում էր, հարցրեցի նրան, թե ով է.

-Եվթիմիա նահատակն եմ (հիշատակը՝ հուլիսի 11-ին),-պատասխանեց:

-Եթե Եվթիմիա նահատակն ես, արի՛ միասին Սբ. Երրորդությանը երկրպագենք: Ինչ-որ ես անեմ, դու՛ էլ արա:

Եկեղեցի մտա, մի երկրպագություն արեցի` ասելով. «Յանուն Հօր», կրկնեց երկրպագելով, «և Որդւոյ», «և Որդւոյ»` ասաց նուրբ ձայնով:

-Ավելի ուժե՛ղ, որ լսեմ,-ասացի: Եվ ավելի ուժեղ կրկնեց:

Մինչդեռ միջանցքում էր, երկրպագություններ էր անում ոչ դեպի Եկեղեցին, այլ դեպի իմ խուցը: Սկզբում տարակուսեցի, բայց հետո հիշեցի, որ խցիս դռան վերևում Սբ. Երրորդության թղթե փոքր մի պատկեր ունեի փայտին կպցրած: Երրորդ անգամ էլ երկրպագելուց հետո, «և Հոգւոյն սրբոյ» ասացի.

-Հիմա, քեզ էլ ե՛ս երկրպագեմ:

Խոնարհվեցի ու նրա ոտքերը համբուրեցի ու քթի ծայրը. անամոթություն համարեցի դեմքը համբուրելը[3]»:

Այնուհետև Սրբուհին նստեց աթոռին, իսկ ես` սնդուկին, և պատասխանեց եկեղեցական մի խնդրով իմ հարցին:

Հետո ինձ պատմեց իր կյանքը: Գիտեի, որ մի սրբուհի Եվթիմիա կար, սակայն նրա վարքը չգիտեի: Երբ ինձ իր չարչարանքներն էր պատմում, ոչ միայն լսում էի պարզապես, այլ, կարծես, դրանք տեսնում էի, վերապրում: Զարհուրեցի՜: Պա՜, պա՜, պա՜:

-Ինչպե՞ս էիր դիմանում այդ չարչարանքներին,-հարցրեցի:

-Եթե իմանայի, թե Սրբերն ի՜նչ փառք ունեն, կանեի՝ ինչ կարող էի, որ ավելի մեծ տանջանքների երթարկվեի:

Այս դեպքից հետո երեք օր ոչինչ չէի կարողանում անել: Սիրտս լցվում էր և շարունակ փառաբանում էի Աստծուն. ո՛չ ուտել, ո՛չ այլ բան… շարունակ փառաբանություն»:

Ծերն իր մի նամակում անդրադառնում է. «Իմ ամբողջ կյանքում չեմ կարող հատուցել իմ մեծ պարտականությունը  սբ. Եվթիմիայի հանդեպ, ով թեև ինձ անծանոթ էր և չունենալով որևէ պարտականություն, ինձ այդ մեծ պատվին արժանացրեց…»:

Շարունակելով դեպքը պատմել՝ ծերը խոնարհությամբ ավելացրեց, որ սրբուհին հայտնվեց «ոչ նրա համար, որ արժանի եմ, այլ որ այդ ժամանակ ինձ մի խնդիր էր մտահոգում, որ կապ ուներ Եկեղեցու ընդհանուր վիճակի հետ, բայց նաև՝ երկու այլ պատճառների համար»:

Ծերը տպավորված էր, «թե ինպե՜ս է դիմացել այդ փոքրամարմինն ու տկարը այդքան չարչարանքների: Ասես մի … լինե՞ր (նկատի ուներ մարմնեղ ու զորեղ): Ախր մի կաթիլ էր»:

Այս դրախտային վիճակում ծերն ի պատիվ սբուհու՝ երկու տուն շարական է հորինում… (բնականաբար, դրանք ծեսի մեջ չէր գործածում, ո՛չ էլ հրապարակավ էր երգում):

Հակառակ իր սովորությանը, դուրս եկավ կրկին Սուրոտի և քույրերին (միանձնուհիներին) մասնակից դարձրեց այս երկնային ուրախությանը: Իր օգնությամբ և առաջնորդությամբ միանձնուհիները սրբուհուն պատկերեցին այնպես, ինչպես որ հայտնվել էր նրան: Ծերը սրբուհու այս սրբապատկերից պողպատյա կաղապարի վրա ստեղծագործեց դրա հակապատկերը, որով փոքր պատկերներ էր պատրաստում և, որպես օրհնություն, բաժանում ուխտավորներին` ի պատիվ սբ. Եվթիմիայի: Փորագրման ժամանակ դժվարանալով պատկերել Սրբուհու ձախ ձեռքի մատներն՝ ասաց. «Դժվարացա փորագրել նրա ձեռքը, բայց հետո մի լավ միտք ունեցա: Գուցե, որովհետև ես էլ խեղճին դժվար վիճակի մեջ գցեցի»:

Մինեայում[4]  փետրվարի 27-ի Հայմսավուրքի մեջ ավելացրեց. «† Սրբուհի Եվթիմիա՜….»:

 

Թարգմանությունը հունարենից` հայր Հերոնիմոս Մայիլյանի:

Աղբյուր. Ιερομονάχου Ισαάκ, Βίος Γέροντος Παϊσίου του Αγιορείτου, Άγιον Όρος 2008.

Copyright © Ιερόν Ησυχαστήριον Άγιος Ιωάννης ο Πρόδρομος Μεταμόρφωσις Χαλκιδικής.

©Հայերեն թարգմանությունը կատարվել է Սբ. Պաիսիոս Աթոսացու բնօրինակ վարքի հեղինակի հատուկ գրավոր օրհնությամբ ու թույլտվությամբ` բացառապես www.orthodoxkyanq.org կայքում հրապարակելու նպատակով: Սույն թարգմանության որևէ վերարտադրություն, բացի www.orthodoxkyanq.org կայքին հղում տալուց, խստիվ արգելվում է:

 

 

[1]Աթոսի վանականները, երբ դուրս են գալիս այնտեղից տարբեր պատճառներով, վերադառնալիս այդպես են ասում` աշխարհից վերադարձա (թրգ.):

[2] 1974թ. փետրվարի 27-ին:

[3]Սուրբն այդպես է ասում, որովհետև Ուղղափառ Եկեղեցում այսպիսի ավանդություն և կարգ կա սրբապատկերները համբուրելու. Սբ. Երրորդության պարագային համբուրում ենք պատկերված անձերի (Հոր, Որդու և սբ. Հոգու) ոտքերը, Աստվածամոր պարագային` ոտքերը կամ ձեռքերը` որպես մոր, իսկ սրբերի պարագային կարելի է դեմքը համբուրել` որպես մեր ընկերների (թրգ.):

[4]Հունարեն «μηναίο»` ամսական բառից: Յուրաքանչյուր ամսվա համար շարականների կանոններն ընդգրկող ժողովածու, որտեղ, տոնելի բոլոր սրբերի շարականների կանոններից բացի, ընդգրկված են նաև նրանց վարքերը (Հայմավուրքը):

 

Սրբուհի Եվթիմիա՜ն

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com