/ Ծերերի խրատներ / Ճշմարիտ խոստովանահայրը

Ճշմարիտ խոստովանահայրը

Ճշմարիտ խոստովանահայրը

Սուրբ Իգնատիոս Բրյանչանինով

(1807-1867 թթ.)

Մեր սիրտը թող պատկանի միայն Տիրոջը, իսկ Տիրոջով` մերձավորն: Առանց այդ պայմանի մարդուն պատկանելը սարսափելի է: «Մարդկանց ծառաներ մի՛ եղեք», ասել է առաքյալը (Ա Կորնթ. 7, 23): Մինչև սրտի խորքն ինձ միշտ հուզել են Հովհաննես Կարապետի խոսքերը, որ նա ասել է Տիրոջ և իր վերաբերյալ ու մեզ են հասել Հովհաննու Ավետարանում. «Ով հարս ունի, – ասում է սբ. Կարապետը, – նա՛ է փեսան. Իսկ փեսայի բարեկամը, որ կանգնած լսում է նրան, մեծապես ուրախանում է փեսայի ձայնի համար. արդ, այս ուրախությունը, որ իմն է, կատարյալ է: Պետք է, որ նա մեծանա, իսկ ես` նվազեմ» (Հովհ. 3, 29-30):

Հոգևոր յուրաքանչյուր ուսուցիչ պետք է երկնավոր Փեսայի սոսկ ծառան լինի, հոգիները պետք է առ Նա բերի և ոչ թե առ ինքը, պետք է հոգիներին ազդարարի Քրիստոսի անվերջանալի, անճառելի գեղեցկության մասին, Նրա անչափ բարության ու զորության մասին. թող որ նրանք սիրեն Քրիստոսին, որ հաստատապես արժանի է սիրուն: Իսկ ուսուցիչը, մեծ ու խոնարհ Մկրտչի պես, թող մի կողմ կանգնի, ինքն իրեն թող ոչինչ համարի, աշակերտների առջև իր նվազմանն ուրախանա. նվազում, որ նրանց հոգևոր առաջադիմության նշանն է: Քանի դեռ մարմնական զգացմունքն աշակերտների մեջ տիրապետող է, նրանց աչքերում մեծ է ուսուցիչը, սակայն երբ նրանց մեջ հոգևոր զգացողությունը հայտնվի, ու Քրիստոսը նրանց մեջ մեծանա, նրանք ի դեմս ուսուցչի սոսկ Աստուծո շնորհական զենքն են տեսնում:

Զգուշացե՛ք ուսուցչի հանդեպ հակումից: Շատերը չեն զգուշացել և իրենց ուսուցիչների հետ միասին սատանայի ցանցն են ընկել: Խորհուրդն ու հնազանդությունն Աստուծո առջև մաքուր ու հաճո են, քանի դեռ հակմամբ չեն պղծվել: Հակումը սիրելի մարդուն կուռք է դարձնում: Այդ կուռքին մատուցվող զոհերից ցասմամբ գարշում է Աստված: Եվ կյանքն իզուր կորսվում է, բարի գործերը մեռնում են, ինչպես անուշահոտ ծուխը, որն ուժեղ մրրիկով է ցրվում կամ գարշահոտությամբ խեղդվում: Ձեր սրտի մեջ ոչ մի կուռքի տեղ մի՛ տվեք:

Եվ դու, ուսուցի՛չ, զգուշացի՛ր մեղսական ձեռնարկումից. քեզ ապավինած հոգու համար քո անձով Աստծուն մի՛ փոխարինիր: Սուրբ Կարապետի օրինակի՛ն հետևիր. հետապնդի՛ր միմիայն այն, որ քո աշակերտների մեջ Քրիստոսը մեծանա: Երբ Նա մեծանա, դու նվազելու ես: Մեծացած Քրիստոսի պատճառով քեզ նվազած տեսնելով` ուրախությա՛մբ լցվիր: Այդ պահվածքից սքանչելի մի խաղաղություն է սիրտդ պարուրելու. քո մեջ տեսնելու ես Քրիստոսի խոսքերի իրականացումը. «Ով որ խոնարհեցնում է իր անձը, կբարձրացվի» (Ղուկ. 18, 14):

Թարգմանությունը ռուսերենից` Գևորգ Ղազարյանի:

Աղբյուր. О пастырстве и лжепастырстве. М., 1997.

 

 

 

Ճշմարիտ խոստովանահայրը

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com