/ Վարք Սրբոց / Սբ. Սիլուանոս Աթոսացի

Սբ. Սիլուանոս Աթոսացի

 Սբ. Սիլուանոս Աթոսացի

 

(1866-1938թթ.)

Քրիստոսի Եկեղեցին սեպտեմբերի 24-ին նշում է սբ. Սիլուանոս Աթոսացու հիշատակը: Նա աթոսյան և, ընդհանրապես, ուղղափառ վանականության ժամանակակից ամենամեծ դեմքերից է: Սուրբը ծնվել է 1866թ., Ռուսաստանի Տամբովի շրջանի մի գյուղական ընտանիքում: Նրա աշխարհական անունը  Սիմեոն Անտոնով էր: Չորս տարեկանից հարցնում էր. «Ու՞ր է այդ Աստվածը: Երբ մեծանամ, շրջելու եմ ողջ աշխարհով՝ Նրան փնտրելու»: Պատանի հասակում, երբ լսում է մի ճգնավոր արգելափակված սրբի վարքն ու հրաշքները, որ լինում էին նրա գերեզմանին, մտածում է. «Եթե սա սուրբ է, ուրեմն Աստված մեզ հետ է, և պատճառ չկա, որ ողջ աշխարհով շրջեմ՝ Նրան գտնելու համար»: Այս մտքով նրա սիրտը բորբոքվեց առ Աստված սիրով: Միտքը միավորվեց անդադար հիշողությանը ու շատ էր աղոթում արցունքներով: Սիմեոնը նկատեց ներքին մի փոփոխություն այդ խարիզմատիկ վիճակից, որ տևեց երեք ամիս, ու վանականության փափագ զգաց: Հետո այդ շնորհը նրան լքեց, ու նա վերադարձավ աշխարհիկ կյանքին: Մի օր մի ծեծկռտուքի ժամանակ քիչ մնաց իր մի համագյուղացու սպաներ: Այս դեպքից քիչ ժամանակ անց քնեց ու երազում մի օձ տեսավ, որ իր բերանից ներս էր սողում: Զզվանքի հետ միասին լսում է Աստվածամոր ձայնը, որ անսովոր քաղցրությամբ ասում է. «Երազումդ օձին կուլ տվեցիր ու դուրդ չեկավ: Նմանապես ինձ էլ դուր չի գալիս, երբ քո գործերն եմ տեսնում»:

Այդ ժամանակ մեղքի նկատմամբ խոր զզվանք զգաց ու զորավոր ապաշխարությամբ լցված՝ շարունակ մտածում էր Սուրբ Լեռան  ու ապագա դատաստանի մասին:

1892թ. զինվորական ծառայությունն ավարտելուն պես սբ. Հովհաննես Կրոնշտադտցուց խնդրում է աղոթել իր համար, որ «աշխարհն իրեն հետ չպահի» ու մեկնում է Աստվածամոր Պարտեզ: Որպես մոնթ, մտնում է սբ. Պանդելեիմոնի ռուսական վանք:

Իր նոր կյանքի սկզբում ընդհանուր խոստովանությունից հետո խոստովանահայրն ասում է, որ իր բոլոր մեղքերը ներվեցին, ու երիտասարդ մոնթը լցվում է ուրախությամբ:

Այդ ընթացքում մարմնական մտքեր սկսեցին նրա հետ պատերազմել: Խոստովանահայրը խորհուրդ տվեց, որ այդ մտքերին հավանություն չտա, այլ անմիջապես դրանց վռնդի՝ Հիսուսի անունը կանչելով[1]: Այդ պահից սկսած՝ Աստուծո երանելի ծառան իր վանական կյանքի քառասունհինգ տարիների ընթացքում անգամ մեկ անվայել միտք չընդունեց:

Մոնթ Սիմեոնն սկսեց հրաբորբոք անդադար աղոթքով զօր ու գիշեր Տիրոջից խնդրել, որ իրեն ների: Նա աղոթում էր օրվա ընթացքում, երբ ճշգրտորեն կատարում էր իր ծանր ու հոգնեցնող ջրաղացի հնազանդությունը: Հատկապես, սակայն, նա գրեթե ողջ գիշերն  էր անցկացնում ջերմագին աղոթքով՝ կանգնած կամ նստած մի աթոռակի: Երբ հոգնում էր ուժասպառությունից, քնում էր քիչ՝ նստած աթոռին ու կրկին վեր էր կենում աղոթքի: Ընդհանուր երկու ժամ էր քնում քսանչորս ժամվա մեջ, այն էլ՝ ընդհատումներով:

Վանք հասնելուց երեք ամիս անց՝ մի գիշեր, մինչ աղոթում էր Աստվածամոր սրբապատկերի առաջ, Հիսուսի աղոթքը ներթափանցեց նրա սիրտը ու սկսեց այնտեղ ինքն իրեն անդադար՝ օր ու գիշեր, ներգործել: Այս հազվադեպ ու մեծ շնորհին հետևեց խիստ պայքար հպարտության ու իր փրկության համար հուսալքության մտքերի դեմ, որ դևերն էին նրան մատուցում: Մի գիշեր աղոթքի ժամանակ նրա խուցը հանկարծակի լցվեց անսովոր լույսով, որն անցավ իր ողջ մարմնով: Հոգին ցնցվեց: Աղոթքը թեև շարունակում էր ներգործել նրա մեջ, կորցրել էր վշտաբեկությունը, և մոնթ Սիմեոնը հասկացավ, որ սատանայական մոլորության հետ գործ ունի:

Նա վեց ամիս մարտնչեց սատանայական այս հարձակումների դեմ՝ ողջ ուժգնությամբ աղոթելով ամեն տեղ, ուր որ գտնվում էր, մինչև որ հասավ ծայրահեղ հուսահատության: Եվ այսպես, իր խցում նստած մտածում էր. «Աստված անգութ է»: Այդ ժամանակ ծայրահեղ լքված էր իրեն զգում, ու նրա հոգին մոտ մեկ ժամ սուզվում է աննկարագրելի տագնապի խավարի մեջ: Երեկոյան ժամերգությանը մինչ աղոթում էր Հիսուսի աղոթքով. «Տե՛ր Հիսուս Քրիստոս, ողորմյա՛ ինձ՝ մեղավորիս»՝ նայելով ջրաղացի մատրան իկոնոստասի Քրիստոսի պատկերին, հանկարծակի նրան ողողեց գերբնական լույս՝ այս անգամ զվարթ ու շատ քաղցր, և նա տեսավ Քրիստոսին կենդանի, Ով նայում էր իրեն անպատմելի մեղմությամբ: Աստվածային սերն անցավ նրա ողջ էությունից ու նրա հոգին հափշտակեց Աստծո տեսության մեջ:

Իր վանական կյանքի հաջորդ քառասունհինգ տարիներին սուրբն անդադար խոստովանում էր, որ Սբ. Հոգու միջոցով նույն Տիրոջը ճանաչեց, Ով իրեն հայտնվեց ու հայտնեց իր շնորհն ամբողջության մեջ: Այս տեսիլքը Սիմոնին փոխակերպեց այնպես, որ այլևս անհագ նրա հոգին, զօր ու գիշեր, շրջված դեպի իր սիրելի Տերը, կանչում էր. «Հոգիս ծարավ է Տիրոջը և արցունքներով է նրան փնտրում: Ինչպե՞ս քեզ չփնտրեմ: Դու առաջինն ինձ փնտրեցիր ու տվեցիր, որ ճաշակեմ Սբ. Հոգու քաղցրությունը, և հոգիս քեզ սիրեց ամբողջականորեն»:

Սիմեոնն իր բոլոր ուժերը կենտրոնացրեց մաքուր աղոթքի պայքարին[2], որպեսզի մարտնչի հպարտության սատանայական մտքերի դեմ: Ժամանակ առ ժամանակ նրան մխիթարում էին Շնորհի կարճատև այցելությունները, սակայն երբ Այն (Շնորհը) նրան լքում էր[3] ու դևերն էին հայտնվում, հոգու ցավն աննկարագրելի էր: Որպեսզի նա Շնորհն իր մեջ միաձույլ պահի, սկսեց երկարամյա ու յուրատեսակ դժդակ մի պայքար, որ հաճախ գերազանցում էր սովորական մարդկային կարողությունները:

1896թ. Սիմեոնը փոքր սքեմավոր[4] վանական հերակտրություն ընդունեց՝ վերանվանվելով Սիլուանոս: Տիրոջը նրան հայտնությունից հետո մարտիրոսական պայքարի տասնհինգ տարիներ անցան: Եվ մի գիշեր, երբ աթոռից վեր կացավ, որպեսզի երկրպագություններ (գետնատարած) անի, մի դև հայտնվեց Քրիստոսի պատկերի առաջ՝ սպասելով, որ իրեն երկրպագի: Սիլուանոսը սրտի ցավով խնդրում է Տիրոջ օգնությունը և իր հոգում լսում պատասխանը. «Հպարտները միշտ այսպես դևերից տառապում են»:

-Տե՛ր,-ասում է Սիլուանոսը,- սովորեցրու՛ ինձ, թե ի՞նչ պետք է անեմ, որ հոգիս խոնարհվի:

Միտքդ դժոխքու՛մ պահիր ու մի՛ հուսահատվիր,- ստանում է պատասխանը:

Այս խոսքով Աստված նրան հայտնեց, որ յուրաքանչյուր ճգնական պայքարի նպատակը Քրիստոսի խոնարհության ձեռք բերումն է, որն առաջնորդում է դեպի մաքուր աղոթք ու անկրքություն: Սիլուանոսն ասում էր, որ հենց իր միտքը հեռանում էր դժոխքի կրակը հիշելուց, մտքերը կրկին ուժ էին ստանում:

Խիստ պայքարի ուրիշ տասնհինգ տարիներ էլ անցան՝ մինչև որ Սիլուանոսը ձեռք բերի ամբողջական տիրապետություն իր սրտի յուրաքանչյուր շարժման վրա ու մտնի  իր երկրային կյանքի վերջին տասնհինգամյակը՝ նրա համար արդեն անկրքության երանելի վիճակը:

1911թ. Սիլուանոսը դարձավ մեծ սքեմավոր վանական: Մոտավորապես, այս շրջանում տենչալով, որ իր անդադար աղոթքը լինի անխոչընդոտ, վանահորից օրհնություն խնդրեց, որպեսզի թողնի տնտեսի[5] իր հնազանդությունը ու գնա ռուսական Հին վանքը, որտեղ տեղանքի կատարյալ խաղաղության շնորհիվ ապրում էին խիստ ճգնավորներ: Այստեղ նրա գլուխը ցրտահարվում է, ինչի հետևանքով մինչև մահ տանջվում էր մարտիրոսական գլխացավերից, ինչը համարում էր որպես մանկավարժական պատիժ, քանի որ իր կամքն էր արել:

Մեկուկես տարի հետո վանքը կրկին նրան հետ կանչեց տնտեսի իր հնազանդությանը՝ այստեղ մնալով մինչև կյանքի վերջ: Վերադառնալով իր հնազանդությանը՝ նրա աղոթքն ավելի ջերմագին դարձավ, քան Հին վանքում էր: Ամեն առավոտ շրջում էր աշխատանոցներով, որպեսզի բաժանի օրվա աշխատանքները ու կրկին իր խուցն էր վերադառնում, որ աղոթի արցունքներով այդ մարդկանց[6] ու նրանց ընտանիքների՝ «Աստուծո ժողովրդի համար»: Սիլուանոսը Սբ. Հոգուց ստացած լինելով աշխարհի նկատմամբ Քրիստոսի անսահման սերը ներգործաբար ապրելու շնորհը, հրեղեն արցունքներով անդադար աղոթում էր ողջ մարդկության համար, ողջ Ադամի համար, հատկապես, սակայն ննջեցյալների համար: Ասում էր. «Մարդկանց համար աղոթել՝ նշանակում է արյուն թափել» և ուսուցանում էր, որ ճշմարիտ հավատքի չափանիշը թշնամիների նկատմամբ սերն է:

Աշխարհին իր աղոթքով սատարելով ու Տիրոջը պաղատելով, որ Նրան երկրի բոլոր ժողովուրդները Սբ. Հոգով ճանաչեն, սբ. Սիլուանոսը խաղաղությամբ ավարտում է երկրային իր կյանքը 1938թ. սեպտեմբերի 24-ին:

Ուղղափառ Եկեղեցում նրա պաշտոնական սրբադասումը եղել է 1987թ. նոյեմբերի 26-ին:

Պատրաստեց հ. Հերոնիմոս Մայիլյանը:

 

[1] Խոսքը Հիսուսի աղոթքի մասին է՝ «Տե՛ր Հիսուս Քրիստոս, ողորմյա՛ ինձ»:

[2]«Մաքուր աղոթքի» մասին կխոսենք ուրիշ անգամ, առանձին հրապարակմամբ (խմբ.):

[3] Թե ինչ է նշանակում է «Շնորհի լքում», կբացատրենք ուրիշ անգամ (խմբ.):

[4]Կախված վանական աստիճանից (պարզ հերակտրություն, փոքր ու մեծ սքեմավոր) ավելանում են տվյալ վանականի պարտականություններն ու խոստումները:

 

[5] Ուղղափառ վանքերում, վանահորից բացի, հինգ կարևորագույն հնազանդություններից մեկն է: Մյուս չորս են՝ եկեղեցին սպասարկողը, հյուրընկալը, խոհարարը և սեղանապետը:

[6] Խոսքն այստեղ աշխարհական վարձու աշխատողների մասին է:

 

 

Սբ. Սիլուանոս Աթոսացի