/ Հրաշքներ / Արյունաշաղախ սբ. Հրեշտակապետը

Արյունաշաղախ սբ. Հրեշտակապետը

 Արյունաշաղախ սբ. Հրեշտակապետը

 

Արյունաշաղախ սբ. Հրեշտակապետը

 

  Սբ. Եկեղեցու բազմադարյա պատմության ընթացքում ամենատարբեր նյութերից ստեղծվել են անթիվ-անհամար սրբապատկերներ. դրանք նկարվել են ներկերով` փայտի, որմերի, մագաղաթի, կտավի և այլ նյութերի վրա, կերտվել քարից, փայտից կամ մետաղներից, դաջվել գործվածքի վրա ևն: Սակայն կա եզակի մի սրբապատկեր, որ շաղախված է սպիտակ կավից ու … մարդկային արյունից:

   X դ. արաբ ծավահեններն ասպատակում էին Էգեյան և Միջերկրական ծովերի կղզիները` թալանի ու գերեվարության մատնելով ծաղկուն բնակավայրերը: Նրանց հարձակումների թիրախն է դառնում նաև Հունաստանի Լեզբոս կղզու սբ. Հրեշտակապետաց վանքը` Մադամադոս բնակավայրի մոտ: Ձմեռային մի առավոտ ծովահենները, ափ իջնելով, դարան են մտնում և, սպասելով երբ վանականները եկեղեցի կգնան, թափանցում են վանքի պարիսպներից ներս, դիմում եկեղեցի, որտեղ էլ խողխողում են բոլոր միաբաններին: Միայն մեկ միաբան է փրկվում` Գաբրիել մոնթը, որին հաջողվում է եկեղեցու տանիք բարձրանալ: Երբ արաբ ավազակները փորձում են նրան ևս սպանել, հանկարծակի փոթորիկ է բարձրանում ու հայտնվում է զարհուրելի մի Զինվոր` հրե սուսերը ձեռքին: Նրա սարսափից ելուզակները փախուստի են դիմում: Ավելի ուշ նրանց գտնում են բաց դաշտում` դիաթավալ ընկած ու ճակատից մինչև որովայնը երկու կեսի ճեղքված…

  Երբ Գաբրիելը ուշքի է գալիս, բարձրացնում է աչքերը և  տեսնում երկնային ահագնատեսիլ Զինվորի դեմքը` լի սիրով ու թախիծով: Ոգեշնչված վանականը սպունգով հավաքում է իր միաբան եղբայրների արյունը, շաղախում սպիտակ կավի հետ ու քանի դեռ թարմ է լինում տեսիլքի տպավորությունը, շտապում է կերտել իր փրկարարի` երկնային Զորապետ սբ. Միքայելի դեմքը: Ահա այսպես է ստեղծվում Հրեշտակապետի եզակի սրբապատկերը, որը պահպանվել է մինչև մեր օրերը: Այն պահել է իր փափկությունը և ունի անբացատրելի, շնորհական հատկություններ: Այսպես, երբ Հրեշտակապետի դեմքին հպվում են, կամ որևէ իր կպցնում, ապա փոս է առաջանում, որը շուտով վերականգնվում է: Հաճախ սբ. Միքայելի աչքերն ուռչում են և արտասվում, հաճախ էլ ամբողջ դեմքը քրտնում է: Լավ նախանշան է համարվում, երբ նրա այտերը կարմրում են: Սբ. Միքայել Հրեշտակապետը շատ հրաշքներ է գործում իր այս պատկերի միջոցով: Պատմենք դրանցից մի քանիսի մասին:

  1963 թ. օգոստոսին, երբ Կիպրոսում տեղի էին ունենում հունա-թուրքական բախումները, Մադամադոսի եկեղեցում, որտեղ պահվում է սբ. Միքայելի պատկերը, տարօրինակ մի բան է կատարվում. մի առավոտ պահակը, բացելով եկեղեցին, տեսնում է, որ պատկերն անհետացել է: Հրեշտակապետի այդ բացակայությունը տևում է մեկ շաբաթ, որից հետո պատկերը նորից իր տեղում է հայտնվում: Բնականաբար, այդ երևույթն անբացատրելի  է մնում:

   Անցնում են ամիսներ, և ահա ձմեռային մի առավոտ  եկեղեցի է գալիս ձիավոր մի երիտասարդ` ուսերին մի խոյ դրած: Նա մտնում է եկեղեցի, խոնարհվում ու համբուրում սբ. Միքայելի պատկերը, իր հասակի բարձրությամբ մեծ մոմ վառում` զարմացած պահակին պատմելով իր պատմությունը:

   Երիտասարդն իր զինծառայությունն անցկացնելիս է լինում Կիպրոսում: Երբ օգոստոսի 12-ի գիշերը թուրքերը հարձակվում են կիպրացի հույների վրա, հունական զորամասերը, որի մեջ է լինում նաև երիտասարդը, գրոհի է անցնում` հաջողությամբ հետապնդելով թշնամուն: Ոգևորությունից իրեն կորցրած առաջ վազելով` զինվորը գիշերվա խավարի մեջ հանկարծակի ինչ-որ մեծ առարկա է նշմարում: Սարսափով հասկանում է, որ իր առջև թուրքական թնդանոթ է: Հաստատ մահվան առջև երիտասարդը գետին է ընկում` իր մտքում միայն ասելով. «Հրեշտակապե՜տ իմ, փրկի՜ր ինձ»: Նույն վայրկյանին սոսկալի մի պայթյուն է լսվում: «Վերջ, ինձ խփեցին» – մտածում  է զինվորը` վերջին անգամ մտաբերելով իր ընտանիքին: Զգում է սակայն, որ իրեն գրկում են, շոշափում: Ուշքի գալով` տեսնում է, որ յուրայիններն են, իսկ ինքը` բոլորովին անվնաս է: Բայց թնդանոթն էլ անհետացած  է լինում:

   -Ահա այստեղ թնդանոթ կար, ի՞նչ եղավ, – հարցնում է փրկված զինվորը` ոչինչ չհասկանալով:

  Զինվորներն առաջ են գնում ու տեսնում, որ թնդանոթի տեղում հսկա մի փոս է, իսկ շուրջբոլորը` բեկորներ: Այնժամ հասկանում են, որ ճիշտ այն պահին, երբ թուրքերը թնդանոթից պատրաստվել են կրակել զինվորի ուղղությամբ, նրանց վրա հունական արկ է ընկել: Ահա այսպես Հրեշտակապետը փրկել է իրեն ապավինած զինվորին, և ահա երիտասարդը եկել է` սբ. Միքայելի պատկերին խոնարհվելու և իր ուխտած խոյը եկեղեցուն նվիրելու համար:

   Պահակը, լսելով երիտասարդի պատումը, իր կողմից հավելում է, որ նրա փրկությունը տեղի է ունեցել հենց այն օրերին, երբ Հրեշտակապետի պատկերը մի շաբաթով բացակայել է եկեղեցուց…

   Աթենացի փոքրիկ Վասիլը խաղալիս ընկնում է և կոտրում գլուխը: Նրան շտապ հասցնում են հիվանդանոց, որտեղ փաստում են, որ երեխան հարվածից կուրացել է և անդամալույծ դարձել: Գլխավոր բժիշկը հայտնում է երեխայի ծնողներին, որ դրությունը կրիտիկական է, և պահանջվում է շտապ վիրահատություն, թեև փրկության հույսը չնչին է:

   Փոքրիկին տանում են վիրահատարան ու մինչ պատրաստում են վիրահատելու, երեխան զգում է, որ աչքերի խավարը հեռանում է, և ինքը հայտնվում է կարմիր քարերից շինված, կամարազարդ մի եկեղեցու առջև: Եկեղեցու միջից կուրացուցիչ լույս է ճառագում: Մոտենալով տաճարի դռանը, երեխան ներսում տեսնում է գեղեցկատեսիլ, լույսով ողողված մի Երիտասարդի, որ ձեռքերը պարզած ասում է.

-Արի՛, Վասի՛լ, մի՛ վախեցիր, դու կապաքինվես: Բժշկի ձեռքը ես եմ շարժելու վիրահատության ժամանակ:

   Երեխան մոտենում, ծնկում է Երիտասարդի առջև, գրկում ու փարվում նրա ոտքերին: Երիտասարդը պարզում է ձեռքը` մեղմ շոյելով երեխայի գլուխը: Մինչ տեսիլքը կանհետանա, երեխան տաճարի ներսում հասնում է տեսնել ինչ-որ սրբապատկեր` սևացած դեմքով ու արծաթե թևերով:

   Գրեթե անհույս վիրահատությունն անցնում է փայլուն կերպով. երեխան վերագտնում է թե՛ տեսողությունը, թե՛ շարժվելու կարողությունը: Դա կատարվում է նոյեմբերի 8-ին, երբ տոնվում է սբ. Հրեշտակապետաց տոնը:

   Տարիներ շարունակ Վասիլը երկար, բայց ապարդյուն, փորձում է իմանալ, թե ով էր այն Երիտասարդը: Եվ մի անգամ, նա պատահաբար հեռուստատեսությամբ տեսնում է Մադամադոսի կարմրաշեն եկեղեցին ու Հրեշտակապետի արծաթաթև պատկերը:

   Ամուսիններ Յաննիս և Կալիոպե Ապիկոսները` ծնունդով Մադամադոսից, բնակվում էին Գերմանիայում, երբ 1987 թ. Կալիոպեն գլխուղեղի կաթված է ստանում: Հիվանդանոցում նա հինգ շաբաթ կոմայի մեջ է անցկացնում: Բժիշկներն անհույս են լինում, և բոլորը սպասում են մոտալուտ մահվանը: Անհուն վիշտ է տիրում Կալիոպեի ընտանիքում, սակայն ինչ-որ պահի նրա հարազատները մտաբերում են իրենց հայրենի պաշտպանին` սբ. Միքայելին: Ամբողջ ընտանիքը միասին ծնկի է գալիս երկնային Զորապետի պատկերի առջև` մահվան ճիրաններից օգնություն ու փրկություն խնդրելով: 

   Հաջորդ առավոտ, շատ վաղ գնում են հիվանդանոց և ի զարմանս իրենց տեսնում, որ Կալիոպեն դուրս է եկել կոմայից: Նա պատմում է.

-Երեկ երեկոյան ինձ այցելեց Հրեշտակապետը և այստեղ` իմ կողքին կանգնեց: Նա մի քիչ վշտացած էր: Ցավով նայում էր ինձ ու ասաց. «Ուզում եմ թևերս բացել ու ձեզ ծածկել, սակայն դժվարանում եմ»: Էլի մի քիչ նայեց ինձ ու անհետացավ: Ի՞նչն է պատճառը, Յա՛ննիս, ինչու՞  է Հրեշտակապետը դժվարանում:

   Յաննիսն անմիջապես հասկանում է, թե ո՛րն է խնդիրը: Բանն այն է, որ Կալիոպեի եղբայր Հերակլեսը եհովական է լինում և նախորդ օրը` աղոթքի ժամանակ, նա աննկատ հեռանում է տնից` չցանկանալով մասնակցել ուղղափառների աղոթքին:

   Յաննիսն ամիջապես տեսակցում է Հերակլեսին, նրան պատմում եղելությունը` հավելելով.

-Հրեշտակապետը միայն քո քրոջ մարմնական փրկությունը չէ, որ ուզում է, այլ նաև քո հոգու փրկությունը: Նա քո փրկությունն է ուզում: Ուզում է, որ ուղղափառ հավատքին վերադառնաս, և դրա հետ մեկտեղ` քո աղոթքն է ուզում քրոջդ համար:

   Հերակլեսը դժվարին ընտրության առջև է կանգնում, բայց  ի վերջո քրոջ հանդեպ սերը հաղթում է: Նա ևս ծնկում  է սրբապատկերների առջև ու արտասվագին աղոթք անում:

Հաջորդ առավոտ նորից հիվանդանոց են շտապում: Կալիոպեի պալատում եռուզեռ էր. այնտեղ էին կուտակվել հիվանդանոցի բժիշկներն ու բուժքույրերը. Կալիոպեն ոտքի էր կանգնել ու պատմում էր սբ. Միքայելի հրաշքի մասին.

-Գիշերվա լռության մեջ թևերի ուժեղ թափահարման ձայն լսեցի: Հանկարծակիի եկած` նայեցի ու տեսա Հրեշտակապետին, բայց այս անգամ նա ուրախ էր ու ժպտերես:

   -Ապաքինվելու ես, – ասաց ինձ, աջը բարձրացրեց, խաչակնքեց ինձ, ժպտաց ու անհետացավ:

   Կալիոպեն փորձում է ոտքի կանգնել, և դա ստացվում է առանց որևէ դժվարության: Պալատում է լինում մի այլ հիվանդ կին, որ տեսնում է Կալիոպեին այցելած Զորապետին` երկու մետրից ավելի հասակով, սպիտակազգեստ, թուխ դեմքով` ինչպես որ սրբապատկերում է:  Հիվանդը կարծում է, թե այցելուն սպիտակ խալաթով ինչ-որ բժիշկ է, սակայն անսովոր բարձր հասակը, այն, որ «բժիշկը» ոչ թե քայլում էր, այլ անաղմուկ շարժվում օդի մեջ, պալատում տարածված անուշահոտությունը և անշուշտ Կալիոպեի ամբողջական ապաքինումը կասկածի տեղիք չեն թողնում առ այն, որ գիշերային այցելուն սբ. Միքայել Հրեշտակապետն է եղել:

 

Պատրաստեց Գ. Ղազարյանը

Աղբյուր.  Ἐμφανίσεις και θαύματα τῶν Ἀγγέλων, Ἱερά Μονή Παρακλήτου, Ὠρωπός Ἀττικής 2013:

 

Արյունաշաղախ սբ. Հրեշտակապետը

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com