/ Եկեղեցական տոներ / Ինչու՞ է Աստված թույլ տալիս, որ սատանան մեզ փորձի

Ինչու՞ է Աստված թույլ տալիս, որ սատանան մեզ փորձի

Ինչու՞ է Աստված թույլ տալիս, որ սատանան մեզ փորձի

Սբ. Պաիսիոս Աթոսացի

(1924-1994 թթ.)

Ինչու՞ է Աստված թույլ տալիս, որ սատանան մեզ փորձի

 

            – Գե՛րոնդա, ինչու՞ է Աստված թույլ տալիս, որ սատանան մեզ փորձի:

            – Որպեսզի Իր զավակներին ընտրի: Աստված ասում է` «սատանա՛, արա՛, ինչ ուզում ես», որովհետև ինչ էլ որ նա անի, ի վերջո իր մռութը կջարդի` [հարվածելով] անկյունաքարին, որ Քրիստոսն է: Եթե հավատանք, որ Քրիստոսն անկյունաքարն է, ապա ոչինչ մեզ չի վախեցնի:

            Աստված որևէ փորձություն թույլ չի տալիս, եթե դրանից մի լավ բան դուրս չի գալու: Երբ Աստված տեսնում է, որ ավելի մեծ մի բարիք է դուրս գալու, սատանային թույլատրում է իր գործն անելու: Տեսա՞ք, թե Հերովդեսն ինչ արեց. տասնչորս հազար մանուկ կոտորեց, սակայն տասնչորս հազար մարտիրոս հրեշտակներ դարձրեց: Մարտիրոս հրեշտակների որտե՞ղ ես տեսել: Սատանան իր մռութը ջարդեց: Դիոկղետիանոսը սատանային գործակից եղավ` քրիստոնյաներին դաժանաբար տանջելով, սակայն, Քրիստոսի Եկեղեցուն ակամա բարիք գործեց, քանի որ Եկեղեցին սրբերով հարստացրեց: Կարծում էր, թե բոլոր քրիստոնյաներին կանհետացնի, սակայն ոչինչ էլ չարեց. սրբերի բազմաթիվ մասունքներ թողեց, որոնց խոնարհվում ենք, և Քրիստոսի Եկեղեցին հարստացրեց:

            Աստված սատանային կարող էր վերջ տալ, Նա Աստված է. եթե ուզի, հիմա էլ սատանային կծիկի պես կարող է դժոխք հավաքել, սակայն կրկին մեր բարիքի համար է նրան թողնում: Մի՞թե Աստված սատանային կթողներ, որ նա Իր արարածին տառապեցնի ու չարչարի: Բայց մինչև որոշ աստիճան ու ժամանակ Աստված թողնում է, որ սատանան իր չարությամբ օգտակար լինի, մեզ փորձի, որպեսզի մենք առ Աստված ընթանանք: Նա արտոնում է, որ սատանան մեզ փորձի` միմիայն [այն դեպքում], երբ դրանից բարիք է դուրս գալու: Եթե բարիք դուրս չի գալու, ապա թույլ չի տալիս: Աստված ամեն բան թույլատրում է մեր բարիքի համար: Հավատա՛նք դրան: Աստված սատանային արտոնում է, որպեսզի մարդը մարտնչի: Առանց մարտի ոչինչ չի ստացվի: Եթե սատանան մեզ չփորձեր, ապա կարող է կարծեինք, թե [արդեն] սուրբ ենք: Արդ, Աստված թույլ է տալիս, որ սատանան իր չարությամբ մեզ հարվածի, որովհետև մեզ հասցրած հարվածով մեր ամբողջ փոշին թափ է տալիս, ու մեր փոշոտված հոգին մաքրվում է: Կամ էլ Աստված թողնում է, որ նա մեզ վրա հարձակվի ու խայծի, որպեսզի մենք Իրեն ապավինենք: Աստված մեզ շարունակ կանչում է, սակայն սովորաբար մենք հեռանում ենք Աստծուց և միայն այն դեպքում ենք Նրա մոտ վազում, երբ ինչ-որ վտանգ է հայտնվում: Երբ մարդն Աստծու հետ է միավորվում, ապա ազատ տեղ չկա, որ չարը մարդու մեջ մտնի: Բայց պատճառ էլ չկա, որ Աստված նրան թույլ տա` փորձելու մարդուն, որպեսզի վերջինս ստիպված լինի Իրեն ապավինել: Ամեն դեպքում, ինչ էլ որ լինի, չարը մեզ բարիք է գործում. նպաստում է, որ սրբանանք: Դրա համար էլ Աստված նրան հանդուրժում է:

            Մարդկանցից բացի Աստված դևերին էլ է ազատ թողել, բայց  մարդու հոգուն նրանք չեն վնասում, որովհետև անկարող են. բացառությամբ, եթե մարդն ինքն է ուզում իր հոգուն վնասել: Ընդհակառակը, մեր հոգու համար վարձքի պատճառ են դառնում չար կամ անուշադիր մարդիկ, որ մեր կյանքում ակամա չարիք են գործում: Ըստ ձեզ` ոմն աբբա ինչու՞ է ասում. «Փորձությունները վերացրու, և ոչ ոք չի փրկվի»: Որովհետև փորձությունները շա՜տ օգտակար են: Դա ոչ թե այն պատճառով, որ սատանան երբևէ կարող է բարիք գործել (չէ՞ որ նա չար է), այլ այն քարը, որ սատանան մեզ վրա է նետում` մեր գլուխը ջարդելու համար, Բարին Աստված արգելում է` այդ քարը մեր ձեռքի մեջ դնելով, իսկ մյուս ձեռքին նուշ է տալիս, որ [քարով] ջարդենք և ուտենք: Այսինքն` Աստված փորձությունները թույլ է տալիս ոչ թե նրա համար, որ սատանան մեզ տառապեցնի, այլ որ այդպիսով մյուս կյանքի համար «քննությունները» հանձնենք և Երկրորդ Գալստյան ժամանակ անտրամաբանական պահանջներ չունենանք: Պետք է լավ հասկանանք այն, որ քանի դեռ այս կյանքում ենք, պատերազմում ենք ու պատերազմելու ենք նույն ինքն սատանայի դեմ: Քանի դեռ մարդը ողջ է, իր հոգու բարելավման համար շատ աշխատանք ունի տանելու և հոգևոր քննություններ հանձնելու իրավունք ունի: Երբ մահանա ու քննությունները չանցնի, այլևս կտրվում է. վերաքննություն գոյություն չունի: 

 

Սատանան չի ուզում ապաշխարել

 

            Բարին Աստված հրեշտակներ ստեղծեց, սակայն որոշ հրեշտակներ իրենց հպարտության պատճառով ընկան ու դևեր դարձան: Աստված ստեղծեց  մարդուն` կատարյալ ստեղծագործությունը, որպեսզի նաև հրեշտակների ընկած դասին փոխարինի: Ուստի և Աստծո արարածին` մարդուն, սատանան շա՜տ է նախանձում: Դևերը գոչում են.

            – Մենք մեկ անգամ սխալվեցինք, և մեզ տանջում ես, իսկ մարդկանց, որ են բազմիցս սխալվում, ներում ես:

            Այո՛, բայց մարդիկ ապաշխարում են: Հրեշտակները դևերի վերածվեցին և ապաշխարելու փոխարեն ավելի խորամանկ ու չար են դառնում` Աստծո արարածներին ոչնչացնելու մոլեգնությամբ լցված: Արուսյակն ամենալուսավոր հրեշտակն էր, բայց հետո…

Հազարավոր տարիներ առաջ հպարտության պատճառով  դևերն Աստծուց հեռացան ու գոռոզաբար շարունակում են հեռանալ` անզեղջ մնալով: Եթե գեթ մեկ «Տե՜ր, ողորմյա՜» ասեն, ապա Աստված նրանց համար էլ մի բան կանի: Մեկ «մեղա՜» ասեն… «Մեղա՜ Աստուծո» չեն ասում: Եթե սատանան «մեղա՜ Աստուծո» ասեր, ապա նորից հրեշտակ կդառնար. Աստծո սերը սահման չունի: Բայց սատանան կարծր կամք, համառություն, եսասիրություն ունի, խոնարհվել չի ուզում, փրկվել չի ուզում: Սարսափելի՜ երևույթ: Մինչդեռ հրեշտակ էր…

            – Գե՛րոնդա, սատանան իր նախկին վիճակը հիշու՞մ է արդյոք:

            – Հիշու՞մ է արդյոք: Նա հուր ու մոլեգնություն է, որովհետև չի ուզում, որ իրեն փոխարինող ուրիշ հրեշտակներ  լինեն, ու գնալով ավելի վատն է դառնում` չարության ու նախանձի մեջ  զարգանալով:

            Ա՜խ, եթե մարդն զգա սատանայի թշվառ վիճակը, զօր ու գիշեր լաց կլինի: Երբ տեսնում ես, որ բարի մարդը փոխվում, հանցագործ է դառնում, որքա՜ն ես վշտանում: Որքա՜ն առավել` երբ  ոչ թե մարդուն, այլ հրեշտակին ես այդպես տեսնում:

Մի անգամ, ոմն վանական[1] դևերի համար մեծ ցավ է ապրում ու ծնկաչոք, գետնատարած, աղոթում է` ասելով.

            – Դու Աստված ես ու եթե կամենաս, կարող ես մի տարբերակ գտնել, որ փրկվեն նաև այս դժբախտացած դևերը ովքեր, նախկինում, այնպիսի՜ մեծ փառք ունենալով, հիմա ողջ չարությունն ու աշխարհի բանսարկությունն ունեն, ու եթե դու մեզ չպաշտպանես, ապա բոլոր մարդկանցս կկործանեն:

            Արդ, երբ ասում է սա` ցավով աղոթելով, իր կողքին տեսնում է մի շան գլուխ, որ իրեն լեզու էր հանում ու ծաղրում: Երևի Աստված դա թույլ է տալիս, որպեսզի վանականին իմացնի այն, որ Ինքը պատրաստ է դևերին ընդունելու, բավական է ապաշխարեն, սակայն դևերն իրենց փրկությունը չեն կամենում: Տեսե՛ք, Ադամի անկումը հաղթահարվեց Աստծո` աշխարհ գալով` Մարդեղությամբ: Իսկ սատանայի անկումը հաղթահարելու հնարավորություն չկա, բացի նրանից, որ սատանան խոնարհվի: Նա չի ուղղվում, որովհետև չի ուզում: Գիտե՞ք, թե Քրիստոսը որքա՜ն կուրախանար: Մարդն էլ չի ուղղվում միայն այն դեպքում երբ չի ցանկանում:

            – Գե՛րոնդա, սատանան գիտի, որ Աստված սեր է և իրեն սիրում է, բայց դրան հակառակ իր գո՞րծն է շարունակում:

            – Դե՜հ, ինչպե՞ս չգիտի: Բայց հպարտությունը նրան կթողմնի՞: Բացի այդ` նա նաև խորամանկ է, փորձում է ողջ աշխարհն իրենով անել` ասելով. «Եթե ես շատ կողմնակիցներ ունենամ, ի վերջո Աստված ստիպված կլինի Իր բոլոր արարածներին խղճալու, և ինձ էլ այդ «ծրագրի» մեջ կներառի»: Այդպես է կարծում, ուստի և ուզում է առավելագույնս հետևորդներ ձեռք բերել: Տեսնու՞մ եք, թե ինչպես է մտածում, ասում է. «Այսքա՜ն կողմնակից ունեմ. Աստված ստիպված կլինի ինձ էլ շնորհ անելու»:

            Առանց ապաշխարելու: Հուդան էլ նույնը չարե՞ց արդյոք: Նա գիտեր, որ Քրիստոսը մեռյալներին դժոխքից պիտի ազատի: Մտածում էր. «Քրիստոսից առաջ ես էլ դժոխք գնամ, որպեսզի Նա ինձ էլ ազատի»:

            Ա՜յ քեզ խորամանկություն. Քրիստոսից ներողություն խնդրելու փոխարեն գնաց կախվեց: Եվ տեսե՛ք, Աստծո բարեգթությունը թզենին խոնարհեց, բայց Հուդան ոտքերը վեր քաշեց, որ գետնին չհասնեն: Եվ այս ամենը, որպեսզի  մեկ «մեղա՜ Աստուծո» չասի: Սարսափելի՜ է: Նույն կերպ էլ եսասիրության պարագլուխը` սատանան, «մեղա՜ Աստուծո» չի ասում, այլ շարունակ ինքն իրեն ստիպում է, որ ավելի շատ հետևորդներ ունենա:

 

 

Թարգմանությունը հունարենից` հայր Հերոնիմոս Մայիլյանի:

 

Աղբյուր. Γέροντος Παϊσίου Αγιορείτου Λόγοι, τόμος Α΄, Με πόνο και αγάπη για τον σύγχρονο άνθρωπο, εκδ. Ιερόν Ησυχαστήριον «Ευαγγελιστής Ιωάννης ο Θεολόγος» Σουρωτή Θεσσαλονίκης 2011.

©Հայերեն թարգմանությունը կատարվել է Ծեր Պաիսիոսի հոգևոր ժառանգության իրավատեր սբ. Հովհաննես Աստվածաբան վանքի հատուկ օրհնությամբ ու թույլտվությամբ` բացառապես www.orthodoxkyanq.org կայքում հրապարակելու նպատակով: Սույն թարգմանության որևէ վերարտադրություն` բացի www.orthodoxkyanq.org կայքին հղում տալուց, խստիվ արգելվում է:

[1] Ինչպես հետո պարզվեց, այդ վանականը հենց ծեր Պաիսիոսն է եղել:

 

Ինչու՞ է Աստված թույլ տալիս, որ սատանան մեզ փորձի

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com