/ Ծերերի խրատներ / Սբ. Պորֆիրիոս Հավիտենականության մասին

Սբ. Պորֆիրիոս Հավիտենականության մասին

 Սբ. Պորֆիրիոս  Հավիտենականության մասին

 

 (հատվածաբար)

 

    Աստվածաշունչն ամբողջապես հավիտենականության ոգով է շնչում: Աստված հավիտենական է և մեզ ստեղծել է, որպեսզի մեզ հավիտենական դարձնի, որպեսզի, եթե կամենանք Աստծով ապրել, ապա այստեղից` երկրից սկսյալ և հավիտյանս հավիտենից իր հավիտենական Արքայության մասնակիցները մեզ դարձնի:

 Եկեղեցին Խորհուրդներով, արարողություններով, շարականներով, հոգևոր երգերով ու հատկապես` Աստվածային Հաղորդության Խորհրդով մեզ շարունակ հիշեցնում է հավիտենականության մասին: Երբ սբ. Հաղորդություն ենք ստանում, քահանան յուրաքանչյուրիս մաղթում է «ի թողութիւն մեղաց եւ ի կեանս յաւիտենականս»:

    Մյուս կյանք անցումը լինում է այնպես, ինչպես որ մի դուռ ես բացում ու հարևան սենյակը մտնում, ինչպես որ կամրջով անցնում ու դիմացն ես հայտնվում: Օրենքով` չպիտի ասենք «մյուս կյանք». կյանքը մեկն է, և եթե այստեղ` երկրի վրա Աստուծո կամքին համաձայն ենք ապրում, ապա դա մեզ հայտնի կդարձնի, թե մահվանից հետո ինչպես կլինենք…

  Մի անգամ ես կարճ ժամանակով մահացա: Մյուս աշխարհ գնացի: Տեսա այն գեղեցկությունը, որ կա այնտեղ: Չէի ուզում այնտեղից հեռանալ: Տխրեցի, որ ետ եկա: Այնտեղ ամեն բան լուսավոր էր, աննկարագրելի մի ուրախություն: Դրա՜խտ…  

    Մի օր Ապոստոլն[1] ինձ ասաց.

   -Գե՛րոնդա, այս տարիքում ես[2] և դեռ ծրագրե՞ր ես մշակում վանքի համար:

   -Ես հավիտենական եմ, -պատասխանեցի, – և բոլորս այդպես պիտի զգանք: Պետք է աշխատենք որպես անմահներ, բայց ապրենք որպես մերձիմահներ:

    Հետևաբար, կարող ենք տնկել, կառուցել, գործունեություն ծավալել` չմտածելով` կհասցնե՞նք արդյոք դրանք ինքներս վայելել, թե՞ ոչ:

    Ես հոգ չեմ տանում ապրելու համար, ոչ մտածում եմ` թե որքան կապրեմ, ոչ էլ խնդրում եմ, որ ապրեմ: Ես դա միանգամայն Աստուծո սիրուն եմ թողել: Ես Տիրոջն եմ պատկանում թե՛ այս կյանքում, թե՛ մյուս. «Ապրենք, թե մեռնենք, Տիրոջն ենք» (Հռոմ.14, 8):

  Աստված Ինքը կորոշի, թե ի՛նչ վճիռ կկայացնի: Ես պատրաստ եմ մահվանը և չեմ ուզում դժոխքի ու ևայլնի մասին հուսալքության մտքեր ընդունել: Ինչպես ձեզ արդեն ասել եմ, երբ մի անգամ մահվան դուռն էի հասել, մեջս ուրախություն ունեի նրա համար, որ Քրիստոսին պիտի հանդիպեի: Ոչ թե չէի զգում բազում մեղքերս, այլ հավատում էի, որ դրանցից շա՜տ ավելի մեծ է Աստուծո բարեգթությունը.

«Զի ոչ մեծութիւն յանցանաց,

Եւ ոչ մեղացն բազմութիւն

Գերազանցէ իմոյ Աստուծոյն

Զբազում երկայնամտութեամբ,

Զծայր մարդասիրութեամբ»[3]:

   Ճշմարտությունը մեկն է. պիտի հեռանանք, այստեղ, ներքևում` երկրի վրա, հավերժ չենք մնալու: Մեր նպատակակետը հավիտենական կյանքն է: Ուրեմն, անպայման պիտի պատրաստվենք: Եվ գաղտնիքն այն է, որ երբ պատրաստվենք, երջանիկ կլինենք, չենք վախենա, այլ ուրախությամբ կսպասենք` անմայրամուտ լույսին գնալու համար: Այնտեղ քերովբեների, սերովբեների ու Եկեղեցու բոլոր սրբերի հետ միասին անդադար Սբ. Երրորդության ու Աստվածամոր անունը կփառաբանենք: Սակայն այստեղից իսկ սկսյալ պիտի ապրենք` փառաբանելով Երրյակն Աստծուն: Եթե այստեղից սկսյալ Աստծո հետ չմիավորվենք, ապա ոչ էլ մյուս կյանքում Նրա հետ կլինենք երկնային փառքի ու ցնծության մեջ: Իսկ հավիտենական կյանքն այստեղից սկսյալ կապրենք, եթե մեր հին մարդը[4] մեռնի: Դրա մասին տեսել եմ մի գրություն` Աթոս սբ. Լեռան վանքերից մեկի մուտքի վերևում: Գրված էր.

«Մինչև մեռնելդ

Եթե մեռնես,

Ապա չես մեռնի,

Երբ մեռնես»:

Այսինքն` եթե քո հին մարդը մեռնի, ապա հավիտենականության մեջ կապրես: Այնտեղ մահը գոյություն չունի:

 

    Թարգմանությունը հունարենից` Գևորգ Ղազարյանի:

[1] «Ապոստոլ»` հունական արական անուն: Համապատասխանում է հայերեն «Առաքելին»:

[2] Սբ. Պորֆիրիոսն այդ ժամանակ եղել է 85 տարեկան:

[3]Հատված սբ. Սիմեոն Նոր Աստվածաբանի աղոթքից, որն ընթերցվում է Հաղորդությունից առաջ:

[4] Սբ. Պողոս առաքյալը քրիստոնյայի մեջ տարբերակում է «հին մարդուն», որն ապրում է ըստ մեղքի, մեղավոր հակումների ու ցանկությունների, և «նոր մարդուն», որը հոգևոր պայքար է մղում «հին մարդու» դեմ` ջանալով ապրել ըստ Քրիստոսի սբ. Ավետարանի: