/ Ծերերի խրատներ / Սբ. Մաքսիմոս Խոստովանող

Սբ. Մաքսիմոս Խոստովանող

 

 Սբ. Մաքսիմոս Խոստովանող

 

(580-662թթ.)

 

Սիրո մասին

 

            Սերը հոգու բարի տրամադրությունն է, որ մարդուն մղում է` Աստծուն ճանաչելուց առավել ոչինչ չնախընտրելու: Սակայն նա, ով կրքով կառչած է երկրային բաներին, անհնարին է, որ կայուն կերպով իր մեջ այդ սերն ունենա:

            Մի՛ ասա, թե առ Քրիստոս քո սոսկ հավատքը կարող է քեզ փրկել. դա անհնարին է, եթե ներգործուն սերն էլ չունենաս: Սոսկ հավատքը, որ սիրո գործերով չի զուգորդվում, անօգուտ է. չե՞ որ դևերն էլ են հավատում ու սարսափում:

            Ինչպես որ խարույկի հիշողությամբ մարմինը չի ջերմանում, այնպես էլ անսեր հավատքն Աստծո գիտությամբ հոգին չի լուսավորում:

            Մարդն ինչ որ սիրում է, դրան էլ գամված է, և այդ բանից չզրկվելու համար արհամարհում է այն ամենը, ինչը որ իրեն դրանից կտրում է: Այդպես էլ նա, ով սիրում է Աստծուն, մաքուր աղոթքն է զարգացնում և իր միջից վտարում է ամեն մի կիրք, որ խոչընդոտում է աղոթքին:

            Երբ մարդու միտքն Աստծո հետ է միավորվում և աղոթքով ու սիրով Նրա հետ է մնում, այնժամ իմաստուն, բարի, զորեղ, մարդասեր, գթառատ, երկայնամիտ է դառնում, մի խոսքով` աստվածային հատկություններով է օժտվում: Բայց երբ Աստծուց հեռանում ու երկրային բաներին է կառչում, այնժամ կա՛մ անասունի պես է դառնում` հաճույքների մեջ թավալվելով, կա՛մ էլ գազանի` նյութական իրերի համար մարդկանց հետ վիճաբանելով:

            Աստվածավախ մարդու մշտական ընկերը խոնարհամտությունն է, և խոնարհամտությունը նրան առաջնորդում է սիրուն և Աստծո գոհությանը, այսինքն` մարդը խորհում է իր անցած կյանքի, տարբեր մեղքերի ու փորձությունների մասին, և այն մասին, թե ինչպես Տերն այդ ամենից իրեն փրկել ու կրքոտ կյանքից աստվածահաճո կենցաղավարությանն է փոխել: Արդ, այսպիսի մտքերով մարդն իր կյանքի բարերարի ու ղեկավարի` Աստծո հանդեպ սերն էլ է ձեռք բերում, և մեծ խոնարհամտությամբ անդադար գոհանում է Նրանից:

            Աստվածասեր մարդը երկրի վրա հրեշտակային կյանքով է ապրում. պահք է պահում ու հսկում, սաղմոսերգում է, աղոթում և յուրաքանչյուր մարդու մասին միշտ լավն է մտածում:

            Աստծո հանդեպ սերն աստվածասերին դրդում է` ամեն մի ժամանակավոր ցանկություն, ամեն հոգնություն ու վիշտ արհամարհելու: Սրանում թող քեզ համոզեն բոլոր սրբերը, ովքեր հանուն Քրիստոսի այնքա՜ն բանի դիմացան:

Մարդիկ իրար սիրում են հետևյալ հինգ պատճառներով.

  1. Հանուն Աստծո, երբ օրինակ` առաքինի մարդը սիրում է բոլորին, և երբ մեկը սիրում է առաքինուն, թեպետ ինքը դեռ առաքինի չէ:
  2. Բնական պատճառներով, ինչպես ծնողները սիրում են իրենց զավակներին, և ընդհակառակը:
  3. Սնափառությունից դրդված, երբ մարդն իրեն փառաբանողին է սիրում:
  4. Դրամասիրությունից դրդված, երբ մարդը սիրում է հարուստին, որովհետև իրեն դրամ է տալիս:
  5. Ցանկասիրությունից դրդված, երբ մարդը սիրում է մեկ ուրիշին, որովհետև վերջինս իր որկրամոլությունն է բավարարում կամ էլ` մարմնական ցանկությունը:

Արդ, վերոնշյալներից առաջինը  գովելի է, երկրորդը` ոչ գովելի, ոչ էլ դատապարտելի, մինչդեռ մնացածները մեղսալից են:

Մեր բոլոր գործերի մեջ Աստված քննում է այն նպատակը, թե ինչի՞ համար ենք դրանք կատարում, այսինքն` դրանք Իր համա՞ր ենք անում, թե՞ մեկ այլ բանի: Արդ, երբ մի բարի բան ենք ուզում անել, թող մեր նպատակը լինի ոչ թե մարդկանց, այլ միմիայն Աստծուն հաճոյանալը: Նրան ձգտենք և ամեն բան Նրա փառքի համար անենք: Հակառակ դեպքում հոգնելու ենք` ոչինչ չշահելով:

Սիրո գործը մեր մերձավորի հանդեպ սրտագին բարեգործությունն է, նրա նկատմամբ մեր ցուցաբերած երկայնամտությունն ու համբերությունը, ինչպես նաև` իրերի խելացի և իմաստուն օգտագործումը:

 

Սեր տրամադրելը միայն դրամ տալով չէ, որ ցուցաբերվում է, այլ շատ ավելի`  հոգևոր խոսքը փոխանցելով ու ֆիզիկապես սպասավորելով:

Քրիստոսասեր մարդը որքան որ կարող է Քրիստոսին է նմանվում: Օրինակ` Քրիստոսը.

– մարդկանց բարեգործելուց չդադարեց.

-երկայնամիտ էր, երբ Իրեն ապերախտությամբ  էին վերաբերվում ու հայհոյում.

-համբերում էր, երբ Իրեն հարվածում ու մահվան էին մատնում` Իր նկատմամբ գործած չարիքի համար ոչ մեկի մասին չար բան բոլորովին չմտածելով:

Ահա այս երեք գործերը մերձավորի հանդեպ սիրո ցուցիչներն են: Առանց սրանց խաբվում է նա, ով ասում է, թե սիրում է Քրիստոսին և կամ թե Նրա թագավորությունը կժառանգի. որովհետև Տերը մեզ վստահեցնում է. «Երկնքի թագավորություն չի մտնի նա, ով ինձ կոչում է «Տե՛ր, Տե՛ր», այլ` նա, ով կատարում է իմ Հոր կամքը» (հմմտ. Մատթ. 7, 21): Եվ նորից. «Ով ինձ սիրում է, իմ պատվիրանները կպահի» (հմմտ. Հովհ. 14, 15):  

«Ես ձեզ ասում եմ. սիրեցե՛ք ձեր թշնամիներին, բարությու՛ն արեք ձեզ ատողներին, աղոթեցե՛ք ձեզ վնասողների համար», – ասում է Տերը  (հմմտ. Մատթ. 5, 44): Ինչու՞ է Նա այս պատվիրանները տվել: Որպեսզի ատելությունից, տխրությունից, բարկությունից ու հիշաչարությունից քեզ ազատի ու կատարյալ սերն ունենալու արժանացնի: Ով որ բոլոր մարդկանց չի սիրում հավասարապես` ինչպես որ Աստված է բոլորին հավասարապես սիրում, այդպիսի մեկն անհնարին է, որ կատարյալ սերն ունենա:

Նա, ով կատարյալ սերն ունի, մարդկանց միջև խտրականություն չի դնում. նա գիտե, որ բոլորս էլ միևնույն մարդկային բնությունն ունենք, և դրա համար բոլորին նույն կերպ է սիրում առանց բացառության: Առաքինի մարդկանց նա սիրում է որպես ընկերների, իսկ չարերին` որպես թշնամիների և նրանց բարիք է գործում, երկայնամտում ու համբերում է, եթե իրեն վնաս են պատճառում` իր հանդեպ կատարած չարիքը բոլորովին հաշվի չառնելով: Ընդհակառակը, եթե հարկ լինի, ապա թշնամիների համար չարչարվում է որպեսզի,  եթե հնարավոր է, նրանց էլ ընկեր դարձնի: Իսկ եթե չկարողանա դա հաջողեցնել, ապա նրա տրամադրությունը չի փոխվում, այլ շարունակում է բոլորին հավասարապես սիրել:

Որքան  որ կարող ես, պայքա՛ր տար, որպեսզի բոլոր մարդկանց սիրես: Եթե դեռ չես կարող դա անել, գոնե ոչ ոքի մի՛ ատիր: Սակայն եթե աշխարհի բաները չարհամարհես, ապա նույնիսկ վերջինս չես կարող հաջողեցնել:

Ահա սրանք են, որ սերը մարդուց հեռացնում են. վիրավորանքը, վնասատվությունը, հավատքի կամ կենցաղի խնդիրների վերաբերյալ զրպարտությունը, ծեծը, վերքերը ևն, որ պատահում են կա՛մ մարդուն, կա՛մ իր ազգականին և կա՛մ ընկերոջը: Արդ նա, ով նշվածներից ինչ-որ մեկի պատճառով իրենից վանում է սերը, դեռ չի իմացել, թե ո՛րն է Քրիստոսի պատվիրանների նպատակը:

Փրկչի պատվիրանների ողջ նպատակն անժուժկալությունից ու ատելությունից միտքն ազատելն է և Իր ու մերձավորի հանդեպ սիրուն առաջնորդելը: Ներգործուն հոգևոր գիտության լույսն ահա այս երկակի սիրուց է ծնվում:

Եթե «սերն Աստծո օրենքի լրումն է» (հմմտ. Հռոմ. 13, 10), ապա նա, ով եղբոր հանդեպ հիշաչար է, նրա նկատմամբ նենգ ծրագրեր է նյութում, անիծում է ու նրա յուրաքանչյուր անկման համար ուրախանում է, մի՞թե Աստծո պատվիրանները չի խախտում և հավիտենական պատժի արժան չէ՞ արդյոք :

Քրիստոսը կամենում է, որ որևէ մարդու հանդեպ որևիցե ժամանակավոր բանի պատճառով ատելություն, կամ վիշտ, կամ բարկություն, կամ որևիցե տեսակի հիշաչարություն  չունենաս: Սրա մասին չորս Ավետարաններն ամենուր են ազդարարում:

 

Աղբյուր. Οσίου Μαξίμου του Ομολογητού, Η Αγάπη, Φωνή των Πατέρων, εκδ. Ιερά Μονή Παρακλήτου, Ωρωπός Αττικής 2014.

 

Թարգմանությունը հունարենից` հայր Հերոնիմոս Մայիլյանի

 

 

Սբ. Մաքսիմոս Խոստովանող