/ Ծերերի խրատներ / Որոշում կենսակերպի ընտրության հարցում

Որոշում կենսակերպի ընտրության հարցում

Որոշում կենսակերպի ընտրության հարցում

Ծեր Պաիսիոս Աթոսացի

(1924-1994 թթ.)

 

            Տարիներն արագ են անցնում: Լավ է, որ երիտասարդը երկար ժամանակ խաչմերուկում առանց որոշման չմնա: Թող իր կոչմանն ու բարեխղճությանը համապատասխան մի խաչ ընտրի` Ուղղափառ մեր Եկեղեցու երկու ճանապարհներից մեկը (այսինքն` վանական կամ ամուսնական կյանքը – թրգ.) և առ Քրիստոս վստահությամբ առաջ ընթանա այդ ճանապարհով: Եթե հարության ուրախությամբ է ուզում ուրախանալ, ապա թող հետևի Քրիստոսին` Խաչելության մեջ: Երկու կյանքերում էլ դառնություններ կան, սակայն երբ Աստծուն մոտ ես լինում, քաղցր Հիսուսը դրանք քաղցրացնում է:

            Երբ մարդը երեսուն տարեկանից անցնում է, վճռելու հարցում սկսում է դժվարանալ: Եվ որքան տարիներն անցնում են, այնքան ավելի շատ է դժվարանում: Երիտասարդը որ կյանքին էլ որ հետևի, ավելի հեշտ է հարմարվում, իսկ տարիքավորն ամեն բան իր տրամաբանությամբ է քննում: Նրա բնավորությունն այլևս ձևավորվել է և դժվարությամբ է փոխվում. թափած բետոնի պես է: Եվ տեսնում ես, որ փոքր տարիքում  կա՛մ ամուսնացյալ, կա՛մ վանական կյանքում իրենց տեղը գտած մարդիկ մինչև ծերություն մանկական մի պարզություն ունեն և հեշտությամբ են իրար հետ կապվում: Ես տեսել եմ մի զույգի, որ փոքր տարիքում էին ամուսնացել: Ինչպես որ մարդն էր խոսում, այնպես էլ կինն էր խոսում. ինչ որ մարդն էր անում, նույնը նաև կինն էր անում: Քանի որ փոքր տարիքում էին ամուսնացել, մեկը մյուսի բոլոր սովորությունները փոխառել էր և՛ խոսակցության, և՛ վերվելակերպի մեջ, և ավելի հեշտ էին իրար հետ կապվել:

            Առածն ասում է. «Փոքր տարիքում կա՛մ ամուսնացիր, կա՛մ վանական դարձիր»: Հատկապես աղջկա պարագային լավ է, որ մինչև քսանհինգ տարեկանը որոշի, թե ո՛ր կյանքին է հետևելու: Քսանհինգից հետո նրա ամուսնանալը մի քիչ սկսում է դժվարանալ, քանի որ մտածում է, թե ինչպես պետք է հպատակվի: Այդ ընթացքում որքան որ մեծանում է, տարօրինակություններ էլ է ձեռք բերում.  այդպիսի աղջկան էլ ո՞վ կառնի: Դրանից բացի, ամուսնության մեջ հիմնականում պաշտպանություն է հետապնդում և ոչ թե ընտանիք ստեղծելը:

            Նկատված է. ով որ ամուսնությունը շարունակ հետաձգում է, տարիներ անց փնտրում է, բայց այլևս չի գտնում: Երբ դեռ երիտասարդ է, ինքն է ընտրում, բայց հետո ուրիշներն են իրեն ընտրում: Դրա համար եմ ասում, որ այս հարցում երբեմն մի քիչ խենթություն է հարկավոր: Որոշ բաներ, որ էական չեն, մարդ պիտի անտեսի, որովհետև երբեք այնպես չի լինի, որ ամեն ինչ իր ուզածի պես լինի:

            Մի անգամ անձրևելիս հեղեղն սկսում է ջուր բերել: Խենթն ու գիտունն ուզում են մյուս կողմն անցնել: Գիտունն ասում է. «Անձրևը կդադարի, ջուրը կպակասի, հետո կանցնեմ»: Խենթը չի սպասում և մի շնչով դիմացն է անցնում: Նրա շորերը մի քիչ թրջվում են, բայց իր ուզած տեղն է հասնում: Անձրևը դադարելու փոխարեն գնալով ավելի է ուժեղանում: Հեղեղի ջուրն ավելանում է, և ի վերջո գիտունն այևս չի կարողանում դիմացն անցնել, որովհետև արդեն վտանգավոր էլ էր:

            Ոմանք մեծ հպարտություն, մեծ եսասիրություն ունեն, դրա համար էլ Աստված նրանց չի օգնում: Որոշ մարդիկ տարիներ շարունակ խուցս են գալիս ու հարցնում են. «Հա՛յր, Աստված ինձանից ի՞նչ է ուզում»: Կարծես թե Աստված իրենց կարիքն ունի: Ո՛չ վանական են դարձել, ո՛չ էլ ամուսնացել են: Կարծես թե ոսկուց են պատրաստված և վախենում են, որ ձողի փոխարեն իրենց կգցեն բետոնի մեջ: Ուրիշներ էլ ինձ ասում են.

            -Գե՛րոնդա[1], ի՞նչ անեմ. վանակա՞ն դառնամ, թե՞ ամուսնանամ: Ասա՛ խնդրեմ, որտեղի՞ համար եմ:

            -Դու ի՞նչ ես ուզում, – հարցնում եմ:

            -Թե՛ մեկը, թե՛ մյուսը, – պատասխանում են:

            Երկուսն էլ ուզում են: Եթե իրենց իմ միտքն ասեմ, օրինակ` որ ամուսնության համար են, և նրանք ամուսնանան, կարող է հանգստություն չգտնեն, հետո էլ գան ու ասեն. «Դու ինձ ասացիր, որ այս կյանքով ապրեմ, բայց ես հիմա տառապում եմ»:

            -Գե՛րոնդա, ինչպե՞ս է դա պատահում:

            -Ենթադրենք` երիտասարդն ամուսնական կյանքի կոչումն ունի, բայց նաև վանականության մասին է մտածում: Եթե ուշադիր չլինի, որ մի լավ ընտանիք ստեղծի, ու դրա պատճառով հետո խնդիրներ առաջանան, երիտասարդն էլ դրանք հոգևորապես չդիմագրավի, այն ժամանակ չարը նրա դեմ մտքերով կպատերազմի: Նրան կասի. «Դու վանականության համար էիր, սակայն քանի որ ամուսնացար, տառապանքդ տեղին է»: Եվ երիտասարդին գիշեր-ցերեկ հանգիստ չի թողնի:

            Որոշ մարդիկ չգիտեն, թե ինչ են փնտրում: Ահա, մի քանի տարի առաջ մի աղջիկ այստեղ եկավ ու ինձ ասաց.

            -Գե՛րոնդա, չեմ կարողանում որոշել, թե ո՛ր ճանապարհով գնամ: Ամուսնանալ եմ ուզում, սակայն վանականության մասին էլ եմ մտածում: Ի՞նչ անեմ:

            Ասացի.

            -Տե՛ս, թե քեզ համար ի՛նչն է ավելի հոգեհարազատ, և դա արա:

            -Չգիտեմ, – ասաց, – սակայն երբեմն ինձ թվում է, որ ավելի շատ ամուսնության եմ հակվում: Գե՛րոնդա, խնդրում եմ, դու՛ ինձ ասա, թե ինչ անեմ:

            -Դե, քանի որ տեսնում ես, որ ավելի շատ ամուսնության ես հակվում, – ասացի, – ավելի լավ է ամուսնանաս, և Աստված քեզ համար կտնօրինի:

            -Գե՛րոնդա, քո օրհնությամբ այդպես կանեմ, – ասաց աղջիկը:

            Նա այսօր գալիս է ու ինձ ասում.

            -Գե՛րոնդա, մի նավաստու հետ եմ ամուսնացել: Լավ մարդ է, փառք

            Աստուծո: Ոչ մի վատ բան չեմ կարող ասել, սակայն շատ եմ տառապում: Տանջվում եմ, որովհետև վեց ամիս միասին ենք ապրում, իսկ վեց ամիս` առանձին. տարվա կեսը ամուսինս ծովում է:

            -Օրհնյա՛լ հոգի, – ասում եմ, – դու ինձ չէի՞ր ասում, որ թե՛ ամուսնական, թե՛ վանական կյանքը քեզ դուր է գալիս: Խնդրեմ, հիմա երկուսն էլ ունես: Ինչու՞ չես փառավորում Աստծուն, որ քեզ համար այդպես տնօրինեց:

***

            -Գե՛րոնդա, սակայն այսօր ծանր ժամանակներում ենք ապրում, դրա համար էլ որոշ երիտասարդներ ընտանիք կազմելու հարցում երկմտում են:

            -Ո՛չ, այդ մոտեցումը ճիշտ չէ: Եթե Քրիստոսի նկատմամբ վստահություն կա, վախենալու ոչինչ չունեն: Հալածանքների տարիները դժվար չէի՞ն: Մի՞թե քրիստոնյաներն այն ժամանակ դադարել էին ընտանիք կազմելուց: Որքա՜ն սրբեր ունենք, որ իրենց կանանց ու երեխաների հետ են նահատակվել:

Աղբյուր. Γέροντος Παϊσίου Αγιορείτου Λόγοι, τόμος Δ΄, Οικογενειακή ζωή, εκδ. Ιερόν Ησυχαστήριον «Ευαγγελιστής Ιωάννης ο Θεολόγος» Σουρωτή Θεσσαλονίκης 2011.

Թարգմանությունը հունարենից` հայր Հերոնիմոս Մայիլյանի

 

©Հայերեն թարգմանությունը կատարվել է Ծեր Պաիսիոսի հոգևոր ժառանգության իրավատեր սբ. Հովհաննես Աստվածաբան վանքի հատուկ օրհնությամբ ու թույլտվությամբ` բացառապես www.orthodoxkyanq.org կայքում հրապարակելու նպատակով: Սույն թարգմանության որևէ վերարտադրություն` բացի www.orthodoxkyanq.org կայքին հղում տալուց, խստիվ արգելվում է:


[1] «Գերոնդա» հունարեն նշանակում է «ծեր», «ծերունի»: Իսկզբանե  «ծեր» են անվանվել վանահայրերը (այս իմաստով եզրը նույնիմաստ է «աբբային»), սակայն հետագայում և առ այսօր «ծեր»  (ռուս. старец) են կոչվում հոգևոր կյանքի բարձունքներին հասած հայրերը ովքեր, Աստուծո շնորհն ունենալով, մարդկանց հոգիները դեպի փրկություն կարող են առաջնորդել:

 

Որոշում կենսակերպի ընտրության հարցում