/ Ծերերի խրատներ / Ծեր Պաիսիոս Աթոսացի – Խրատներ 2

Ծեր Պաիսիոս Աթոսացի – Խրատներ 2

Ծեր Պաիսիոս Աթոսացի

(1924-1994)

Խրատներ

    Այսօր եկել է Անտոն Մեծի մարգարեության իրականանալու ժամանակաշրջանը. «Կգա ժամանակ, երբ մարդիկ կխենթանան, ու եթե ինչ-որ մեկը ողջամիտ լինի, մյուսները նրան խենթ կանվանեն», քանի որ իրենց պես չի լինի:

    Մարդկանց եմ ճանաչել, ովքեր ամբողջովին մարմնական էին (=աշխարհիկ (թրգ.)), բայց հոգևոր կանանց հետ ամուսնացան. կանանց ոգեղինությունն այնքան խորն էին զգում, որ չէին համարձակվում նրանց մերձենալ և արդյունքում մտածում էին բաժանվել: Եթե նման կանայք իրենց մարմնական ամուսիններին այդքան շատ փոխեցին, որքա~ն ևս Աստվածամայրն էր մարդկանց հոգիները փոխում:

    Երբ Ավետարանը գրում է. «…Հիսուս զարգանում էր իմաստությամբ, հասակով և շնորհով…» (Ղուկ. 2, 52), նկատի չունի, որ սկզբից գիտության և առաքինության մեջ անկատար էր և որ, մեծանալով, զարգանում էր դրանց մեջ, այլ ի սկզբանե ունենալով ողջ գիտությունն ու սրբությունը (քանի որ սկզբից ևեթ միացած էր Աստվածությանը), աստիճանաբար էր բացահայտում դրանք` մեծանալով, որպեսզի մարդիկ կարողանան Նրան ընդունել ու չկարծեն, թե նա մի հրեշ է:

    (Ուղղափառ) քահանայության շնորհը մի առաձնահատուկ բան է, օրինակ` ասես մի արտաքին մարտկոց է, որից էներգիա ենք ստանում. մեր սեփականը չէ, որ ձեռք ենք բերել մեր (հոգևոր) պայքարով:

    Այսօր սատանան իր մեծ չարությամբ ամենամեծ բարիքն է գործում աշխարհում, որովհետև այս (ահավոր-թրգմ.) իրավիճակը տեսնելով` բարեպաշտ մարդիկ ուրիշ բարեպաշտներին են մոտենում, և իրենց (հոգևոր) պայքարի մեջ մեկը մյուսին շարժառիթ է լինում:

    Եթե ողջ քո կյանքում ուրախանալ ես ուզում, վանակա՛ն դարձիր:

    Մեղավոր մարդիկ մյուս կյանքում իրենց ցանկությունների պատճառով պիտի տառապեն:

    Ինչ նշանակություն որ բերզինն ունի մեքենայի համար, այդպես էլ սիրտն է հոգևոր կյանքի համար: Մարդն ինչ-որ ի սրտե է անում, չի հոգնեցնում նրան: Դրա համար էլ բոլոր նրանց, ովքեր ինձ հարցնում են` ի՞նչ սովորել, պատասխանում եմ` ինչ որ սիրում եք: Հատկապես որոշ մասնագիտություններ, ինչպես օրինակ` բժիշկ, մանկավարժ, շատ անհրաժեշտ է, որ մարդը դրանք սիրի: Հոգևոր կյանքում էլ, աղոթքին սիրտն էլ պետք է մասնակցի:

    Հոգևոր կյանքը մեծ անձնուրացություն և բարեխղճություն է պահանջում:

    Երբ որ մեկը բարոյապես հուսալքված է, նրան պետք է համարձակություն տալ ու բարձրացնել. մինչդեռ երբ բարձր է և եսասիրություն ունի, պետք է խոնարհեցնել:

    Երբ որևէ ննջեցյալի հոգու համար մոմ ենք վառում, նա շատ է օգտվում:

    Բազմիցս մենք` վանականներս, չոր ենք լինում` ուրիշների ցավն ապրելու հարցում, քանի որ ցավ չենք տեսնում. մինչդեռ խեղճ աշխարհականները ցավակցող են, քանի որ ցավող մարդկանց մեջ են ապրում: Դրա համար ուրիշների ցավը մերը պետք է դարձնենք և բոլորի համար աղոթենք:

    Կան մարդիկ, ովքեր տան անդամների հետ են կապված, բայց ուզում են վանական դառնալ: Նրանք երկփեղկված են. մի կողմից նրանց սիրո նժարն այս կողմ է թեքվում, մյուս կողմից` այն: Եթե նրանք կարողանան պոկվել իրենց մարմնական սիրուց, ապա մեծ առաջընթաց կունենան, որովհետև իրենց մեջ սեր ունեն:

    Երբ աղոթքի ժամանակ մխիթարություն չենք զգում, ապա ինչ-որ բան այն չէ. պետք է ապաշխարել և ուղղվել: Դա ոչ թե սատանայի նախանձից է լինում, ինչպես որ ոմանք են պնդում, այլ Աստված կարծես մեզ ասում է. «Քո խոսելաձևը ես չեմ հասկանում»: Աղոթքը, ինչպես նաև Սբ. Հաղորդությունը խորհրդավոր կերակուր են, դրա համար էլ նախապատրաստություն, մաքուր խղճմտանք է պահանջվում:

    Հաճախ մարմնական մաքրությունը (կուսությունը) բոլոր կրքերի դիմակն է:

    Ինձ չի վախեցնում այն, երբ մարդը բազում կրքեր ունի, բայց ինձ վախեցնում է այն, երբ նրա մեջ չի մտնում բարի անհանգստությունը` պայքար սկսելու և ուղղվելու նպատակով ուշադիր լինելու: Այն պահից ի վեր, երբ մարդն ինքն իրեն ճանաչում է և տեսնում է իր կրքերը, խնդիրը վերջացած է. նա մի կենսակերպի է ընտելանում, և սովորությունը երկրորդ բնություն է դառնում: Հետո դժվար փոխվի: Մարդը սրբի մոտ կարող է ծերանալ, բայց չուղղվել:

    Աստված ուզում է, որ խնդրենք Իրենից` մեզ օգնել ու միջամտել, որովհետև հարգում է մեր ինքնիշխան կամքը:

    Եթե անկեղծ ապաշխարություն և խոնարհություն չկա առ այն, որ մարդն Աստուծո ողորմությունն որպես անհրաժեշտություն զգա, ապա միայն արտաքին (պայքարն) ու ճնշում գործադրելը պատրանքի են առաջնորդում:

    Մեր միտքը հնարավորինս Աստուծո մոտ թող գտնվի և միշտ բարին թող մտածի:

    Ինչպես որ մի բուռ ցորեն ցանելիս ասենք` 10 կգ ենք ստանում, այնպես էլ, տատասկ ցանելով, տատասկ պիտի ստանանք: Ով բարություններ է անում, դրանք ուրիշ բարություններ էլ կծնեն, իսկ ով որ մեղքեր է գործում, դրանք ուրիշ, ավելի շատ մեղքեր կծնեն:

    Մարմինը ծերանում է, սակայն սիրտը (այսինքն` բարի և չար ցանկությունները) չի ծերանում:

    Հպարտությունը խորքի մեջ սիրո բացակայություն է, եսասիրությունը:

    Ամուսնացած մի երիտասարդի, ով ասում էր, թե վանականությունը Խորհուրդ չէ, այլ Պսակն է միայն Խորհուրդ, ասացի, որ վանականությունը Հաղթանակած Եկեղեցու Խորհուրդներից է, քանի որ (վանականը-թրգմ.) այս կյանքից իսկ սկսած հրեշտակային կյանքով է ապրում:

    Շատ լավ է, որ փոքրիկ երեխաները եկեղեցական երաժշտություն սովորեն, որովհետև նրանց միտքն զբաղված է լինում ու չի գնում ունայն ու մեղավոր բաներին. երեխաները սրբանում են և Աստծուն են փառաբանում:

    Մեր աղոթքի մեջ հաճույք չպետք է հետապնդենք, թեկուզ և հոգևոր. այնժամ կարծես մեր հորը սիրում ենք, քանի որ նա մեզ շոկոլադ և անուշեղեն է տալիս: Խաղաղությունն ավելի բարձր է:

    Քանի որ սատանան խավարյալ է, ապա կարող է միայն հասկանալ այն խավարին խորհուրդները, որ մեր մտքի մեջ է դնում: Լուսավոր խորհուրդները նա չի կարող հասկանալ ու մեր մտքին հետևել:

    Պատրանքի մեջ ընկած ու սատանայի կողմից «մարգարեներ» դարձածներից շատերն ապաշխարհությունից և իրենց անձին հետևելուց չէ, որ սկսել են, այլ պահք, հսկում են ուզել, որպեսզի «սուրբ» դառնան:

    Ով որ մասնակցում է ուրիշի ցավին ու ի մխիթարություն մի բան է նրան ասում, ապա դա աղոթքի պես է և շատ անգամներ իրականանում է:

    Ինքնասպանները եսասիրություն ունեն: Սատանան նրանց միտքը մթագնում է, հուսահատության հասցնում և ինքնասպանության դրդում: Սակայն երբ մարդը խոնարհություն ունի, մինչև անգամ եթե որևէ գայթակղության պատճառ դառնա, ինքնասպան չի լինի: Եթե մեկը մտագարությունից է տառապում և ինքնասպան լինի, նրան թույլատրվում է (ընդհանրական) գերեզմանում թաղել. մեղմացուցիչ հանգամանք ունի:

    Բոլոր սրբերը չէ, որ սուրբ Ծերեր են ունեցել, բայց բոլոր սրբերը սուրբ խորհուրդներ են ունեցել:

    Խոնարհություն ունի նա, ով ինչ-որ բարիք էլ որ գործում է, անմիջապես մոռանում է, իսկ իր նկատմամբ գործված ամենափոքր բարիքը շատ մեծ է համարում և երախտագիտություն է զգում:

    Սրբության հասնելը ոչ թե տարիներից է կախված, այլ մեր բարեխիղճ ու խոնարհ (հոգևոր) պայքարից: Բարեխղճության մեջ խոնարհություն, վեհանձնություն ու զոհողություն կա:

    Մարդիկ կան, որ Աստուծո շնորհն իրենց վրա ունեն, և շնորհը նրանց մատնում է: Այդ մարդիկ զգում են շնորհի ներգործությունները` խաղաղություն, ուրախություն ևն:

    Պահքը և ճգնությունն առհասարակ մարդը պետք է հանուն Քրիստոսի սիրո զոհողությունից սկսի: Առ Քրիստոս մեր սիրուց սատանան այրվում է: Պարզապես չոր ճգնությամբ հնարավոր չէ:

                                                                                                                                 

Աղբյուր: Από την ασκητική και ησυχαστική αγιορείτικη παράδοση, Άγιον Όρος 2011.

Թարգմանությունը հունարենից` հայր Հերոնիմոս Մայիլյանի

Ծեր Պաիսիոս Աթոսացի

© www.orthodoxkyanq.org