/ Ծերերի խրատներ / Ծեր Պաիսիոս Աթոսացի – Խրատներ 1

Ծեր Պաիսիոս Աթոսացի – Խրատներ 1

Ծեր-Պաիսիոս-ԱթոսացիԾեր Պաիսիոս Աթոսացի

(1924-1994)

Խրատներ

    Ով գրում կամ խոսում է սբ. Հայրերի մասին, բայց կրքերից չի մաքրվել, նման է մի անոթի, որ իր մեջ մեղր ունի, սակայն նավթի հոտ է արձակում:

   [Հոգևոր կյաքնում] առաջադիմած մարդն ուր էլ որ գտնվի` թե՛ ամուսնության մեջ, թե՛ վանականության, հաջողություն կունենա, եթե անգամ հոգևոր հոր վատ ցուցումով սխալ ճանապարհ բռնի:

    Երբ աղոթքի ժամանակ մխիթարություն և ուրախություն չենք զգում` ինչպես փոքր երեխան մոր գրկում, ուրեմն կա՛մ մեկին մեր վերաբերմունքով ու կոպտությամբ վիրավորել ենք, կա՛մ հպարտություն ունենք:

  Խոնարհություն ունեցող մարդը եթե անգամ ինչ-որ պահի չեղվի, Աստուծո շնորհը նրան ծածկում է: Մինչդեռ հպարտը նման է փչացած ղեկի, որ միշտ խոտոր է ընթանում, կամ էլ` միայն մեկ կողմից սրված սղոցի:

  Երբ մարդն աղոթքի1 պահին քաղցրություն է զգում, իր խցից դուրս գալ չի ուզում: Այդ ժամանակ աղոթքը ոչ թե հոգնեցում է, այլ` հանգստացնում: Երբ մենք` [վանականներս], չենք ուզում խցից դուրս գալ, բայց սիրուց դրդված դուրս ենք գալիս և ի շահ որևէ եղբոր մեր հանգիստն ենք զոհաբերում, այն ժամանակ Աստված տեսնում է մեր սերը և վարձահատույց է լինում:

  Ուրիշների հետ պարզությամբ վարվենք ու նկատողությունները պարզաբար ընդունենք: Եթե մեկը պարզությամբ ու բարի մտքերով է վարվում, ուրախանում է երբ իրեն նախատում են:

 Սեղանի վրա բացված որևէ [հոգևոր] գիրք մշտապես ունեցիր, որպեսզի սատանան [պիղծ] մտքեր բերելու առիթ չգտնի:

  Քիչ ընթերցեք ու շատ աղոթեք: Աղոթքին ու պաշտամունքին մեր ողջ սրտով պետք է մասնակցենք:

  Մի անգամ սատանան ինձ հայտնվեց ու ասաց.

Ես Քրիստոսն եմ, երկրպագի՛ր ինձ:

Պատասխանեցի.

Ես իմ Քրիստոսին միշտ եմ երկրպագում: Եվ եթե Քրիստոսը լինեիր, չէիր պահանջի, որ քեզ    երկրպագեմ:

  Հոգևոր կյանքում չառաջադիմած մարդկանց պարագային արտաքին տակնուվրայությունը ներքին տակնուվրայությանն է մատնանշում:

  Եթե քաջություն չկա, առաջադիմություն էլ չկա: Քաջությունն այն է, երբ վստահությամբ ամբողջապես Աստծուն ես տրվում: Ով քաջություն ունի, նա սեր էլ ունի, և Աստված դա հաշվի է առնում:

  Լսեցի, որ այս օրերին Իվերոնի Աստվածամոր2 կանթեղըշարժվում է. Աստվածամայրը փորձում է մեզ արթնացնել, որպեսզի ապաշխարենք, սակայն մերօրյա մարդիկ չեն շարժվում (ուշքի չեն գալիս), ինչքան էլ որ կանթեղները շարժվեն:

  Ոչ թե ձորերում ու կիրճերում, այլ լեռներում աղոթելն է օգնում: Քրիստոսն էլ գնում ու լեռներում էր աղոթում: Այդպես միտքն ու զգացմունքները բացվում են: Դրա համար էլ … լեռնեցիները քաջարի են:

  Երբ մեկը նյարդայնացած է, ավելի լավ է ընդհանրապես նրա հետ չխոսես` նույնիսկ լավ ձևով. նա նման է վիրավորվածի, որ փաղաքշանք էլ չի ընդունում, քանի որ այն գրգռում է վերքերը:

  Մեր ժամանակաշրջանը շատ դժվարին է, և քրիստոնյաներն այսօր շատ համբերություն պիտի ունենան, որպեսզի մեծ վարձքի արժանանան: Շատ սրբեր մեր օրերում կփափագեին ապրել` ավելի մեծ վարձք ունենալու համար:

  “Աչքով տալը” խանդ է չարությամբ ու նախանձով հանդերձ: Մեր խանդը բարի պետք է լինի, առանց չարության: Դա կարող ենք հասկանալ, երբ տեսնենք, որ մեր խանդած մարդուն վատ բան է պատահել: Եթե ուրախանում ենք, ուրեմն խանդը չարություն ունի:

  Օրհնությունն ու մաղթանքը տեղ են հասնում, երբ սրտից են դուրս գալիս: Դրա համար Իսահակը Եսավին ասաց, որ իրեն կերակուր բերի, որպեսզի սիրտը հրճվի ու նրան օրհնի:

  Պատվախնդիր մարդու միտքն ավելի շատ Աստուծո սիրուն, նրա զոհաբերությանը պիտի հակվի, իսկ խստասիրտ մարդունը` Դատաստանին, հատուցմանը: Այսինքն` ամեն մեկին իրենը:

  Պետք է պայքարենք` արմատախիլ անելու մեծ կրքերը, որովհետև, երբ մեծ կիրքն ենք արմտախիլ անում, արմատախիլ են լինում նաև ուրիշ շատ փոքրերը:

  Խոնարհություն ու սեր. ահա սա է ամեն ինչը:

  Սատանան իր հպարտության պատճառով ընկավ. օ~, սարսափելի է: Առաջին հրեշտակն էր, բայց Աստուծո և մարդկանց թշնամին դարձավ:

  Մարդը պետք է Աստուծո բարեգործությունների, իր ապերախտության մասին մտածի և բեկված սրտով նրա ողորմությունը խնդրի: Ամեն ինչից պետք է առիթներ գտնել` Աստծուն գոհություն հայտնելու և փառաբանելու համար:

  Աղբյուր: Από την ασκητική και ησυχαστική αγιορείτικη παράδοση, Άγιον Όρος 2011.

© www.orthodoxkyanq.org

 

Թարգմանությունը հունարենից` հայր Հերոնիմոս Մայիլյանի

1Ծերն այստեղ “աղոթք” ասելով նկատի ունի «Տեր Հիսուս Քրիստոս, ողորամյա ինձ» կարճ աղոթքը, որն ամեն մի ուղղափառ քրիոստոնյա, հատկապես վանականներն օրական բազմաթիվ անգամներ կրկնում են` հետևելով առաքելական հորդորին. «Անդադար աղոթեցեք» (Ա Թեսղ. 5,17) (թարգմ.):

2 Խոսքն Աստվածամոր հրաշագործ «Դռնապան» սրբապատկերի մասին է, որ Աթոս սբ. լեռան Իվերոն վանքում է պահվում(թարգ.):