/ Խրատանի Սրբոց / Փախի՛ր աստվածամերժ վաշխառության չարիքից

Փախի՛ր աստվածամերժ վաշխառության չարիքից

Փախի՛ր աստվածամերժ վաշխառության չարիքից

Սբ. Մաքսիմոս Հույն (†1556) 

Հիշատակը՝ փետրվարի 3/21

Փախի՛ր աստվածամերժ վաշխառության չարիքից, որին հետևում է Աստծո պատվիրանի և Նրա ճշմարտության դեմ սարսափելի հանցանքը: Ե՛վ հանդուգն հակաճառությունը, և՛ չարագործությունը, և՛ շողոքորթությունը մշտապես շրջանցում են քաղաքային պարիսպները, ինչի համար իրար լեզու չեն հասկանում[1]՝ աստվածային սրով վերուստ հատված լինելով: Փախի՛ր վաշխառության չարիքից, ինչը հակաքրիստոս, այսինքն՝ ավետարանական պատվիրանների հակառակորդ է դարձնում յուրաքանչյուրին, ով դրանով մխիթարվում է: Քանզի Տեր Քրիստոս, ինչպես գրված է, եկավ ազատելու սրտով բեկյալների հոգիները՝ չար վաշխառություններով կապված[2]: Իսկ վաշխառուն դիվահարվելով արծաթասիրության մոլուցքով՝ նրանց կրկին կապկպում է անարդար տոկոսներով: Փախի՛ր վաշխառուական չարիքից՝ իր հետևորդին անհավատ և աստվածամերժ կռապաշտ դարձնո: Իսկ եթե վաշխառությունը կուռքերին լիիրավ ծառայություն է, ինչպես լսում ենք աստվածային քարոզչից, ապա ողջ ուժով խուսափի՛ր վաշխառության բարկությունից: Եթե փափագում ես  աստվածահաճո սրբերի հետ բնակվել աստվածային լեռան վրա և նրանց հետ հավետ ուրախանալ լուսո մեջ, ապա փախի՛ր այդ գարշանքից…

***

Աղքատների արյամբ սնվելով և մահացու վաշխառությամբ սփոփվելով՝ դու նմանվում ես ինչ-որ արնախում գազանի, և ինչպես շներն ու ագռավները, չոր ոսկորներից փորձում ես ներծծել ուղեղը: Քեզ պատվիրված է, ո՜վ տկարամիտ, սեփական աշխատանքով սնուցանել սրտաբեկներին, այլ ոչ թե վաշխառության միջոցով խմել այլոց արյունը. ծառայել այլոց, այլ ոչ թե իշխել նրանց: Ինչու՞ ես դանակդ սրում քո սրտի վրա: Քրիստոս Տերը մինչև վերջ սիրեց ծայրահեղ թշվառությունը, այնքան որ տեղ չուներ Իր սրբազան գլուխը դնելու: Իսկ դու, նզովյա՛լ, չես վախենում մահացու վաշխառությամբ անընդհատ տանջելու դժբախտ բնակչներին: Օ՜, ինչպիսի ահավոր մոլուցք…

***

Եվ կամ կարծու՞մ ես, թե քո փոքր կտորներով, որոնք երբեմն ողորմում ես դարպասներիդ մոտեցող սրտաբեկներին, մահվամբ կպրծնես քո տմարդությամբ արժանի մահապատժից և հրո տանջանքներից: Մոլեգնում, խաբում ես քեզ. դու հեռու ես կանգնած արդարներին Երկնային Արքայություն տանող ճանապարհից, քանզի վաշխառուն չի ժառանգի Երկնային Արքայությունը, աղաղակում է աստվածային Պողոսը՝ Քրիստոսի այդ անկեղծ խոսափողը[3]: Եթե սրտանց չնմանվես նրան, ով քառակի հատուցեց իր պատճառով վշտացյալներին, և նրա նման չբաժանես սեփական ունեցվածքի կեսը սրտաբեկներին, ապա և քո տանը չես ընդունի Քրիստոս-Արքային, և հույս մի՛ ունեցիր Նրանից լսելու. «Այսօր այս տան համար փրկություն եղավ» (Ղուկ. 19.9):

***

Իսկ ոսկին քեզ կրկին ամեն կողմից շրջապատելով մահացու հոգսերով՝ բռնում է քեզ ինչպես սարսափելի օձ, ինչից գիտակցությունն աստիճանաբար հեռանում է երկնային և հրեշտակային տեսողությունից և աստվածային փափագներից: Քանզի մշտապես համեղ կերակուրներով պարարտացող մարմինը խորասուզվում է շարունակական երազում՝ առաջացնելով պիղծ ցանկություններ և ախտեր, ցավոք, հաճախակի ոչ միայն երազում, այլև արթմնի: Նմանօրինակ աչքերը վերևից են նայում, քանի որ նրա սիրտը բավական բարձրացել է հարստության և ընչաքաղցության ունայն հույսերով, և ինքն իրեն արդեն համարում է ինչ-որ մեծ բան, այլ ոչ ինչպես նախկինում՝ ինքն իրեն համարում էր ամենից վերջինը: Դրա համար նրա ամեն գործ ուղղված է ստանալու երկրային գովեստներ: Այնուհետև հասնելով ցանկալիին՝ նույնժամ, եթե նրա մեջ նախկինում էլ երևում էր որևէ կեղծ խոնարհության հետք, նրան հետ է շպրտում և անամոթաբար ցուցադրում ի սկզբանե նրա մեջ թաքնված հպարտությունը:

***

Ուղղափառ քրիստոնյաները՝ հարստությամբ և ամեն տեսակ ինչքերով ճոխացած, և ի լրումն դրա առժամանակ իշխանություն ստացած, որն Աստծո երկյուղի կայծ իսկ ունենալու պարագային պետք էր որ օգտագործեին, որպեսզի ամենայն ճշմարտության և ողորմածության միջոցով երկնքում անսպառ հարստության արժանանային: Հենց նրանք անհագ արծաթասիրության մեծագույն մոլուցքով բռնված լինելով՝ վշտացնում, տոկոսների ներքո են դնում, կողոպտում այրիների և որբերի ունեցվածքն ու կուտակածը՝ հորինելով զանազան մեղքեր անմեղների նկատմամբ, չերկյուղելով Աստծուց՝ վշտացյալների ահավոր վրիժառուից, վաշխառուներին անվերջանալի տանջանքների մատնողից, և չամաչելով իրենց շուրջ բնակվող մարդկանցից…

Աղբյուր. www.pravoslavie.ru

 

[1] Տե′ս Սաղմ. 54.10:

[2] Տե′ս Սաղմ. 71.14, Ղուկ. 4.18:

[3] Տե′ս Եփես. 5.5:

 

 

Փախի՛ր աստվածամերժ վաշխառության չարիքից