/ Խրատանի Սրբոց / Իմ կյանքն ի Քրիստոս

Իմ կյանքն ի Քրիստոս

Իմ կյանքն ի Քրիստոս

Սբ. Հովհաննես Կրոնշտադտացի

(1829-1908 թթ.)

    (Հատվածներ)

                                                     

   Բոլոր երկրավոր իրերը, եթե մենք սրտով հակվում ենք դրանց, սիրտը կոշտացնում են, հող սարքում, Աստծուց, Աստվածածնից ու բոլոր սրբերից, երկնավոր ու հավիտենական ամեն ինչից շեղում են մեզ` կապելով երկրավորին, ապականացուին, ժամանակավորին ու մերձավորի սիրուց էլ մեզ շեղելով:

   Ինչպես որ Աստծո մեջ Հայրը, Որդին ու Սբ. Հոգին անբաժանելի են, այնպես էլ մեր աղոթքի մեջ ու կյանքում անբաժանելի պիտի լինեն միտքը, խոսքն ու գործը:

   Սրբերն Աստծո Շնորհով միշտ տեսնում են մեզ, քանի որ նրանք Աստծո մեջ են, Աստված էլ` նրանց մեջ: Սրբերը «մեկ հոգի են Տիրոջ հետ» (Ա Կորնթ. 6, 7): Իսկ Տերն ամեն բան տեսնում է, ամեն բան լսում: Ուրեմն, եկեղեցում նայելով օրինակ սրբերի դեմքերին, հավատա, որ նրանք տեսնում են քեզ, հատկապես քո սիրտը:

  Ասում ես` ինչպե՞ս փրկվեմ, երբ ամեն քայլափոխի մեղքն է կանգնած ու ամեն վայրկյան մեղանչում ես: Սրա պատասխանը պարզ է. ամեն քայլափոխի, ամեն վայրկյան կանչի՛ր Փրկչին, հիշի՛ր Փրկչի մասին, ու կփրկես, ուրիշներին էլ կփրկես:

 Գլխավորը կյանքում` նախանձախնդի՛ր եղիր փոխադարձ սիրուն և որևէ մեկին մի՛ դատիր. Ամեն մի մարդ իր համար է պատասխան տալու Աստծուն, իսկ դու քե՛զ նայիր: Չարությունից զգուշացի՛ր:

 Ուղղափառ քրիստոնյաները կարծես մեկ ընտանիք են, Հիսուս Քրիստոսի երեխաները, իսկ բարի ընտանիքում մայրը (Աստվածամայրը) միշտ մեծ հարգանք է վայելում, նաև` ավագ եղբայրները` կրտսերների կողմից, ընդ որում վերջինները աշխատում են նմանվել առաջիններին: Լյութերականնե՛ր ու անգլիկաննե՛ր, դուք ինչու՞ սա չունեք:

 Մի՛ օգնիր սատանային` նրա թագավորությունը տարածելու գործում: Քո գործերով սրբացրու՛ Երկնավոր Հոր անունը, օժանդակի՛ր Նրան` երկրի վրա Իր արքայությունը տարածելու գործում:

  Մերձավորների վրիպումները ես վերագրում եմ մարդկային բնության այլասերմանը, չար ոգիների ներգործությանը կամ մեքենայություններին, թերի կամ վատ դաստիարակությանը, կյանքի անբարենպաստ պայմաններին, ծնողների ու դաստիարակների հատկություններին… Իմ մեղավորությունը, կրքերը, չարությունը, ագահությունը, անմաքրությունը, տկարությունը տեսնելով` չեմ կարող ատել ինձ նման մարդկանց, որոնք միևնույն տկարություններն ու ախտերն ունեն:

  Նույնիսկ չար մարդու մեջ ինչ-որ լավ բան գտի՛ր ու այդ բարի բանի համար ուրախացի՛ր, նրա բարի գծերի համար ուրախությամբ խոսիր: Չկա այնպիսի մի մարդ, որի մեջ թեկուզ  ինչ-որ բարի բան չլինի: Իսկ մարդու միջի չարիքը սիրով ծածկիր ու նրա համար աղոթի՛ր Աստծուն, որպեսզի Աստված «չարերին Իր ողորմությամբ բարի դարձնի» (սբ. Բարսեղ Մեծի Պատարագամատույց):

  Երբ խաչակնքում ես, հավատա՛ ու միշտ հիշի՛ր, որ քո մեղքերը Խաչին են գամված: Երբ մեղքի մեջ ընկնես, անմիջապես անկեղծությամբ դատապարտի՛ր ինքդ քեզ ու խաչակնքի՛ր` ասելով. «Տե՜ր, որ մեր մեղքերը Խաչին գամեցիր, իմ այս մեղքն էլ Խաչիդ գամիր և ողորմի՜ր ինձ ըստ քո մեծ ողորմության»: Եվ քո մեղքը կսրբվի. ամեն:

  Ամենատարբեր մեղքեր ու կրքեր պատրաստ են հոգի ներխուժել ու ջանում են այդ անել ամեն րոպե: Բայց դու քաջությամբ ու արթնությամբ, մինչև վերջին շունչը պայքարի՛ր դրանց դեմ` դրանք երևակայություն, չար ոգիների երազանք համարելով:

  Մարդուն` Աստծո պատկերը, մի՛ շփոթիր նրա միջի չարիքի հետ, քանի որ չարը մարդու սոսկ պատահական դժբախտությունն է, հիվանդությունը, դիվական մի պատրանք, բայց մարդու էությունը` Աստծո պատկերը, այնուհանդերձ մնում է նրա մեջ:  

  Առանց փորձարկման սովորական երկաթը պողպատ է թվում, արույրն ու թիթեղը` արծաթ…Նույնն է լինում նաև մարդկանց պարագային. Շատերն են արտաքնապես թվում հեզ ու խոնարհ, ողորմած, բարի, պարզամիտ, ողջախոհ, հավատավոր ևն, սակայն փորձությունը հաճախ ցույց է տալիս, որ այդ մարդիկ չար են, հպարտ, խստասիրտ, անմաքուր, ժլատ, ագահ, նախանձոտ, հիշաչար, ծույլ ևն:

  Երբ աչքիդ առջև մարդիկ տարբեր մեղքերի մեջ են ընկնում քո, Տիրոջ, մերձավորների ու իրենց անձի նկատմամբ, ապա դու մի՛ չարացիր նրանց հանդեպ. աշխարհում առանց քեզ էլ շա՜տ չարություն կա: Այլ ողջ հոգով խղճա նրանց ու ներիր, երբ քեզ վշտացնում են, ասելով. «Տե՜ր, ների՜ր նրանց, քանզի մեղքն է նրանց շփոթեցնում, նրանք չգիտեն, թե ինչ են անում»:

  Մենք աղճատել ենք մեր կյանքը` Տիրոջ, առաքյալների, մարտիրոսների, ճգնավորների, անարծաթ բժիշկների ու բոլոր սրբերի օրինակից հեռանալով: Նրանք այս աշխարհից չէին, իսկ մենք այս աշխարհից ենք: Մենք ոչ թե քրիստոնեական, այլ ինքնատիպ կյանք ենք ապրում: Նախանձը, ամբարտավանությունը, մարդկանց դատելը, թշնամանքը, ատելությունը, չարությունը, անարդարությունը, մարմնական անմաքրությունը մեր սրտից ոչ թե վտարված են, այլ ընդարձակ բնակված են այնտեղ:

  Քրիստոնյա, Քրիստոսի (մարմնի) անդամը, ի Քրիստոս Աստծո զավակը լինելուց առավել մեծ պատիվ չկա: Ոչ ոք ավելի հարուստ չէ, քան այն մարդը, որն իր սրտում մշտապես կրում է Քրիստոսին ու Նրա Շնորհը:

  Եկեղեցու վառվող մոմերն ու կանթեղները տեսնելով` նյութական հրից սլացի՛ր դեպի Սբ. Հոգու աննյութական հուրը. «Մեր Աստվածը լափող հուր է» (Եբր. 12, 29): Անուշահոտ խունկը տեսնելով ու հոտոտելով` մտքով սլացի՛ր դեպի Սբ. Հոգու հոգևոր բուրմունքին. «Աստծո անուշահոտությունն ենք» (Բ Կորնթ. 2, 15):

  Մի՞թե մարդը լոկ քայլող խոհանոց է կամ ինքնաշարժ մի ծխնելույզ, որին իրավացիորեն կարելի է նմանեցնել բոլոր  նրանց, որոնք անդադար ծխում են: Ի՞նչ հաճույք կա արդյոք անդադար ծխի ու մրի մեջ ապրելու մեջ: Ինչի՞ կնմանվեն մեր բնակարանները: Ինչու՞ օդը վարակենք գարշահոտությամբ ու շնչենք այն, առավել ևս` մթագնենք ու ճնշենք մեր հոգին, ինչու՞ սպանենք նրա վերջին հոգևոր ուժերը:

  Սեփական մեղքերը դրանց բազմությամբ ու ողջ գարշելիությամբ տեսնելն իրապես Աստծո նվերն է, որը տրվում է ջերմեռանդ աղոթքի շնորհիվ:

  Եթե մերձավորի հանդեպ սերը սրտի մեջ չկա, ապա աղքատներին արված զոհողություններն ու ողորմություններն այն չեն փոխարինի: Հետևաբար, ողորմություն տալիս միշտ պետք է հոգ տանենք, որ այն տանք ի սրտե, հոժարությամբ, և ոչ թե աղքատների հանդեպ սրտնեղությամբ ու դառնությամբ:

  Ռուսերենից թարգմանությունը` Գևորգ Ղազարյանի:

 

Իմ կյանքն ի Քրիստոս