/ Խրատանի Սրբոց / Հոգևոր մարգարիտներ

Հոգևոր մարգարիտներ

  Հոգևոր մարգարիտներ

 

Սբ. Հովհաննես Կղեմաքոս[1] Սինայեցի

 (525-595 թթ.)

 

   Ինչպես որ օձն առանց նեղ անցքից անցնելու անկարող է իր հին կաշին դեն նետել, այդպես էլ մենք չենք կարող ձերբազատվել հին մարդուց` պահքի ու խոնարհության նեղ ու դժվարին ճանապարհով չանցնելով:

   Պահեցողի միտքը մաքուր և ուշադիր է աղոթում, իսկ անժուժկալի միտքն անմաքուր պատկերներով է լի: Որովայնի հագեցումն [ապաշխարության] արցունքների աղբյուրներն է ցամաքեցրել, բայց երբ ինքը ցամաքի, արտասուքի հեղեղներ կծնի:

  Ինչպես որ գեր թռչունները չեն կարող երկինք ճախրել, այնպես էլ իր մարմինը սնուցողն ու խնամողն է անկարող հոգևոր առումով բարձրանալ:

   Նա, ով որովայնին է ծառայում, բայց հավակնում է պառնկության ոգուն հաղթել, նման է նրան, որը յուղով ուզում է հուրը մարել: Երբ որովայնը տխուր է, սիրտն է խոնարհվում, իսկ երբ որովայնին ծառայում են, ապա [պիղծ] խորհուրդներն են ծլում ու գլուխ բարձրացնում:

  Ինչպես որ կույր նետահարն է իր նշանակետը կորցնում, այնպես էլ իր հոգևոր հորը հակաճառողն է կյանքում անհաջողության մատնվում:

  Ինչպես որ մշակված երկաթը կարող է ձևավորել անմշակը, այդպես էլ նախանձախնդիրն ու ջերմը մարող է փրկել ծույլին ու սառնին:

  Հրեան շաբաթի ու տոների համար է ուրախանում, իսկ որովայնամոլ վանականը` շաբաթ-կիրակիի: Ժամանակ առաջ Զատիկն է հաշվարկում և շատ օրեր առաջ ուտեստներն է նախապատրաստում: Որովայնի ծառան մտածում է, թե ի՛նչ տեսակի ուտեստներով պիտի տոնախմբի, իսկ Աստուծո ծառան` թե ի՛նչ շնորհներով պիտի հարստանա:

  Ինչպես որ շատ փայտն է հուրը խեղդում ու ծուխ առաջացնում, այնպես էլ չափից ավելի տխրությունն է հոգին պղտորում ու խավարեցնում:

 Պահքը բնության հանդեպ բռնությունն է և կոկորդի հաճույքների թլփատությունը, մարմնական բորբոքման հատումը, չար խորհուրդների կտրումը, երազների աղտոտությունից ազատումը, աղոթքի մաքրությունը, հոգու լուսավորությունը, մտքի պահպանությունը,  անզգայության քանդումը, զղջման դուռը, խոնարհ հառաչանքը, ուրախ բեկվածությունը, շատախոսության դադարումը, լռության առիթը, հնազանդության պահակը, քնի թեթևությունը, մարմնի առողջությունը, անկրքության պատճառը, մեղքերի թողությունը, դրախտի դարպասն ու վայելումը:

  Ինչպես որ ճնշվող ջուրն է վեր ելնում, այնպես էլ փորձվող հոգին է առ Աստված խոյանում:

  Ինչպես որ օծանելիք պահողն ակամա մատնվում է անուշահոտությունից, այնպես էլ իր մեջ Սբ. Հոգուն ունեցողն է մատնվում իր խոսքերից ու խոնարհությունից:

  Ինչպես որ նրանք, որոնք ջուր չունենալով, ուրիշ եղանակներով են տառերը ջնջում, այնպես էլ այն հոգիները, որոնք արտասուք չունեն, իրենց մեղքերը վշտով ու հառաչանքներով են ջնջում:

  Ինչպես որ անհնարին է, որ մեռելը քայլի, այնպես էլ անհնարին է, որ հուսալքվածը փրկվի:

  Շատերն են մեղքերի թողությունը շուտով ստացել, սակայն ոչ` անկրքությունը, քանզի սա երկարաժամկետ պայքար, բաղձանք ու աստվածային օգնություն է պահանջում:

 Ինչպես որ հենց նոր հորը թաղածին անպատշաճ է հարսանիքի գնալը, այնպես էլ իր մեղքերը ողբացողին անպատեհ է աշխարհիկ փառք փնտրելը:

 Սկզբում դևերը ջանում են մեզ խոչընդոտել` բարիք գործելու: Երբ սրանում պարտվում են, ջանում են հաջողեցնել, որ մենք բարիքը աստվածահաճո կերպով չանենք: Եթե այս փուլում էլ են անհաջողության մատնվում, ապա նենգաբար գալիս են ու փորձում մեզ սնափառության մեջ գցել` ասելով, թե առաքինի ենք:

  Ինչպես որ վնաս են կրում նրանք, որոնք ոսկի են տալիս` [փոխարենը] ցեխ ստանալով, այնպես էլ վնասվում են նրանք, որոնք առանց լուրջ պատճառի ուրիշներին են հայտնում իրենց հոգևոր ապրումներն ու վիճակները:

  Երբեմն այն, ինչը մեկի համար դեղ է, մեկ ուրիշի համար թույն է: Բայց և միևնույն մարդու համար նույն եփուկը, երբ ժամանակին է տրվում, դեղ է, իսկ եթե ոչ` թույն:

  Ինչպես որ ճառագայթը, փոքրիկ անցքից տան ներսը թափանցելով, այնքան է լուսավորում, որ անգամ մանր փոշին է երևում, այնպես էլ Աստուծո երկյուղը, սրտի մեջ մտնելով, ցույց է տալիս մեր բոլոր մեղքերը:

  Ինչպես որ ընկնելու վտանգին են ենթարկվում նրանք, որոնք փտած աստիճանին են բարձրանում, այնպես էլ վտանգված են նրանք, որոնք աշխարհիկ փառք, պատիվ և իշխանություն են վայելում:

   Ինչպես որ ջուրը տառերն է ջնջում, այնպես էլ արտասուքը` մեղքերը:

  Որոշ մարդիկ բնական հակում ունեն ժուժկալության, լռության, մարմնական սրբության, հեզության, զղջման հանդեպ: Այլոց բնությունն ինքը թշնամաբար է տրամադրված այս բոլոր առաքինությունների նկատմամբ: Արդ, [սրանք] ստիպված են դաժանաբար պայքարելու սեփական անձի դեմ: Այս երկրորդ պայքարողներին, թեկուզ և երբեմն-երբեմն պարտվում են, ես շատ ավելի եմ գնահատում, քան թե առաջիններին:

  Չհպարտանանք այն առաքինությունների, ձիրքերի ու շնորհքների համար, որոնք առանց աշխատանքի ենք ստացել. Աստված դրանք մեզ շնորհել է` մեր փրկությանը նպաստելու համար` կանխատեսելով մեր անկարողությունը:

  Ինչպես որ շատ թրիքից բազում որդեր են առաջանում, այնպես էլ շատ ուտեստներից մարմնական բազմաթիվ անկումներ, բազում չար խորհուրդներ ու բազում ամոթալի երազներ են ծնվում:

  Աստուծո հանդեպ մեր երկյուղը պիտի լինի այնքան մեծ, որքան գազանների առջև հայտնված անզեն մարդու ահն է: Աստուծո հանդեպ մեր սերը պիտի լինի այնքան ուժեղ, որքան սիրահարի սերը` սիրած աղջկա հանդեպ:

  Ինչպես անհնարին է որ հացի մասին չմտածի քաղցածը, այնպես էլ անհավանական է, որ մահվան ու դատաստանի մասին չմտածի նա, որը պայքարում է փրկվելու համար:

  Երբեմն [պատահում է, որ] զուլալ ջրի հետ զզվելի դոդոշ ենք քաշում: Նույնպես, շատ անգամներ, երբ առաքինություններ ենք զարգացնում, առանց հասկանալու` դրանց հետ միահյուսված կրքերն ենք բավարարում. հյուրասիրության հետ որկրամոլությունն է միահյուսվում, սիրո հետ` պոռնկությունը, իմաստության հետ` խորամանկությունը, հեզության հետ` նենգությունն ու դանդաղկոտությունը, լռության հետ` գոռոզությունը, հույսի հետ` ծուլությունը, մարմնական սրբության հետ` դառնությունը:

  Ինչպես որ կապկպված ոտքերով մարդը չի կարող քայլել, այնպես էլ դրամասիրության ծառան է անկարող երկինք բարձրանալ:

  Հպարտությունից [դրդված]` հոգևոր պտուղներ չպահանջենք դրանց ժամանակից շուտ, քանի որ ձմռան մեջ ամռան բարիքներ պահանջելը բանական չէ, և ոչ էլ սերմնացանի ժամանակ` պտղահավաքի բերքը: Այլ է ժամանակը, երբ ջանք պիտի սերմանենք, և այլ է ժամանակը, երբ շնորհի պարգևները պիտի հնձենք: Հակառակ պարագային բերքահավաքի ժամանակը կգա, բայց հավաքելու ոչինչ չենք ունենա:

  Երբեմն դևերը հոգուց հեռանում են, որպեսզի անհոգանանք, և ապա հանկարծակի հարձակվեն մեզ վրա ու տիրեն մեզ: Դևերը նաև հեռանում են, երբ հոգին այնքան շատ է ընտելանում մեղքին, որ ինքն իր ոսոխն է դառնում:

 Ոմանք իրենց բռնած ճանապարհի վերաբերյալ Աստուծո կամքը հասկացել են այն դժվարություններից, որոնց բախվել են: Ուրիշներ դա հասկացել են այն անակնկալ օգնությունից, որ հանդիպել են իրենց ջանքի մեջ:

  Շատ դեպքերում Աստված մեզանից իր սուրբ կամքը թաքցնում է, երբ կանխավ տեսնում է, որ Իր կամքն իմանալու դեպքում էլ ենք այն խախտելու և այդ դեպքում ավելի խիստ պատժի ենք ենթարկվելու:

  Նրանք, որոնք կամենում են իմանալ աստվածային կամքը, նախ պետք է իրենց կամքը մեռցնեն: Նաև պետք է հավատով աղոթեն և ապա խոնարհաբար հարցնեն հոգևոր դատողություն ունեցող հայրերին: Այն, ինչ որ հոգևոր հայրերն իրենց ասեն, անվերապահորեն պիտի ընդունեն որպես աստվածային խոսք, որքան էլ որ համաձայն չլինի իրենց կամքին. բավական է, որ Աստուծո պատվիրանների հակառակ չլինի: Սա վերաբերում է նաև այն պարագային, երբ հոգևոր հայրերն այնքան էլ կատարյալ ու սուրբ չեն. Աստված չի թողնի, որ մոլորվեն այն հոգիները, որոնք խոնարհությամբ վստահություն են ցուցաբերում այլոց խորհրդին ու դատին:

Ամպերից մաքրված մթնոլորտը լուսավորվում է Արեգակից. մեղքերից սրբված հոգին պայծառանում է աստվածային Լույսից:

Թարգմանությունը հունարենից` Գ. Ղազարյանի:

 

Աղբյուր. Οσίου Ιωάννου της Κλίμακος, Η διάκριση, εκδ. Ιερά Μονή Παρακλήτου, Ωρωπός Αττικής 2013.

 

 

 

 

[1] «Կղեմաքոս»` գրաբար փոխանցումն է հունարեն ὅ τῆς Κλίμακος կապակցության, որ նշանակում է «Սանդուղքի (այսինքն` «Սանդուղք» գրքի) հեղինակ»: Սբ. Հովհաննես Սինայեցին այս մակդիրն ստացել է «Սանդուղք աստվածային վերելքի» իր կոթողային երկի շնորհիվ:

 

 

 

Հոգևոր մարգարիտներ