/ Խրատանի Սրբոց / Երևակայությունը Աստծու՞ց է, թե՞ սատանայից

Երևակայությունը Աստծու՞ց է, թե՞ սատանայից

Երբ մարդ իր երևակայությանը ուշադրություն չի դարձնում, թշնամին կարող է անգամ մի պարզ, բնական դեպք շահագործի ու նրան մոլորեցնի: Ձմռանը, երբ Ստոմնիուի վանքում երեկոյան ժամակարգությունն էի կարդում, վառարան էի վառում: Վանք այցելող կանայք երբեմն նկատել էին, որ իկոնոստասի Աստվածամոր պատկերը երեկոյան ժամակարգության ընթացքում թխկ-թխկ էր անում: Ես դրան ուշադրություն չէի դարձրել, իսկ նրանք մեկը մյուսին ասում էին.

-Երբ վանականը երեկոյան ժամակարգությունն է ընթերցում, Աստվածամոր պատկերը թխկ-թխկ է անում:

Երբ դա լսեցի, ասացի.

-Մեկ հատ տեսնեմ այդ թխկ-թխկ անող պատկեը:

Ո՛չ թե նրա համար, որ աստվածային եղելություններին չեմ հավատում. հավատում եմ, որ Աստվածամայրը և՛ հայտնվում է, և՛ խոսում, և նրանք, որ հոգևոր վիճակ ունեն, տեսնում են նրան, սակայն ուշադություն է հարկավոր: Այսպիսով, մի աթոռի վրա բարձրացա ու տեսա: Ի՞նչ էր կատարվում: Սրբապատկերը հին էր, և հյուսվածքը՝ մաշված: Երբ վառարանը սկսում էր աշխատել, հյուսվածքը տաքանում էր և ընդարձակման արդյունքում թխկ-թխկ անում: Մի մեխ մխեցի, ու աղմուկը դադարեց: Հետո հարցրի կանանց.

-Հիմա որևէ բան լսու՞մ եք:

-Ո՛չ,- պատասխանեցին:

-Է՜հ, բանի տեղ մի՛ դրեք,- ասացի նրանց:

Ուշադրություն է հարկավոր, որովհետև, եթե կամաց-կամաց երևակայությունը զարգանա, մարդու ողջ կյանքը կորած է:

Գե՛րոնդա, մարդ ինչպե՞ս կարող է հասկանալ, թե մի դեպք իսկապես Աստծուց է, թե սատանայից:

-Դա երևում է: Եթե Աստծուց չէ, սատանան նրան հպարտության մտքեր է բերում: Հետո, սատանան ինչ որ անում է, թանձր է. հասնում է հայհոյությունների: Մի անգամ խուց էր եկել մոլորված ու դիվահարված մեկը: Մի քանի բան նրան ասացի ու օգնեցի: Գիտե՞ք, թե ինձ ինչ ասաց. «Առաջին անգամ եմ սրանք լսում. ո՛չ էլ Ավետարանում եմ դրանք կարդացել»: Այսինքն՝ կարծես ինձ ասեր. «Քրիստոսից ավելի լավ ասացիր»: Հասկացա՞ր, թե սատանան ինչ է անում, որ մեջդ հպարտ միտք սերմանի: Ամեն դեպքում, եթե մարդը չհասկանա, որ իր կարողությամբ ոչինչ չի կարող անել, այլ այն, ինչ անում է, Քրիստոսի զորությամբ է անում, անգամ եթե հազար դև էլ դիվահարվածներից հանի, կրկին ոչինչ չի անում:

 

Թարգմանությունը հունարեն բնագրից՝ հայր Հերոնիմոս Մայիլյանի:

Աղբյուր. Γέροντος Παϊσίου Αγιορείτου, Λόγοι Γ΄, Πνευματικός αγώνας, εκδ. Ιερόν Ησυχαστήριον «Ευαγγελιστής Ιωάννης ο Θεολόγος» Σουρωτή Θεσσαλονίκης 2007.

©Հայերեն թարգմանությունը կատարվել է Սուրբ Պաիսիոսի հոգևոր ժառանգության իրավատեր սբ. Հովհաննես Աստվածաբան վանքի հատուկ օրհնությամբ ու թույլտվությամբ` բացառապես www.orthodoxkyanq.org    կայքում հրապարակելու նպատակով: Սույն թարգմանության որևէ վերարտադրություն` բացի www.orthodoxkyanq.org կայքին հղում տալուց, խստիվ արգելվում է:

 

Երևակայությունը Աստծու՞ց է, թե՞ սատանայից