/ Եկեղեցական տոներ / Տերը մարդասեր է թերահավատության նկատմամբ

Տերը մարդասեր է թերահավատության նկատմամբ

Տերը մարդասեր է թերահավատության նկատմամբ

Ընթերցումներ.

Առաք.: Ա Հովհ. 1. 1-7:

Ավետ.: Հովհ. 20. 19-31:

Կրկնազատիկ կամ Թովմասի կիրակի[1]

Այսօր Պենտեկոստարիոնի[2] երկրորդ կիրակին է: Կրկնազատկի կամ Թովմասի կիրակի է կոչվում:

Ըստ այսօրվա ավետարանական ընթերցվածքի, հանրահայտ և խոստովանված է անհավատությունը, ավելի ճշգրիտ` Թովմաս Առաքյալի թերահավատությունը Քրիստոսի Հարության նկատմամբ: Եկեղեցական մեկնաբան Զիգավինոսը պարզաբանում է, որ «Թովմասը մեղադրվում է, որովհետև իր ընկերներին չհավատաց, որոնք արժանահավատ էին և նրան վստահեցնում էին դրա համար»:

Մյուս առաքյալներն էլ էին թերահավատ գտնվել Յուղաբեր կանանց ավետիսի նկատմամբ, սակայն Թովմասի թերահավատությունն ավելի քիչ էր արդարացված, որովհետև Առաքյալների հավելյալ վկայությունն էլ ուներ:

«Նա (Թովմասը) էլ է ուզում Նրան տեսնել: Եվ ո՛չ միայն դա, այլ նաև տեսնել մեխերի նշանը: Եվ կանգ չի առնում միայն այս տարօրինակ պահանջի վրա, այլև ուզում է մատներն էլ Նրա վերքի վրա դնել, որ մեխերը հրահրեցին, և ձեռքը Նրա` գեղարդով բացված կողքը մտցնել» (Զիգավինոս):

Իսկ սբ. Հովհաննես Ոսկեբերանն ավելացնում է, «որ ուզում էր հավատալ ամենակարծր զգայարանի (այսինքն` շփման) միջոցով, և անգամ իր աչքերին էլ չէր հավատում: Որովհետև չասաց` եթե չտեսնեմ, այլ` եթե չշոշափեմ…. գուցե տեսածը երևակայություն լիներ»:

Այս հատվածում հավիտենահիշատակ, Նոր Կտակարանի անվանի մեկնաբան Պանայոտիս Տրեմբելասը հետևյալ նպատակամիտված մեկնաբանությունն է կատարում. «Թոմասն ուզում է իր զգայարանների միջոցով տեղեկանալ: Քրիստոսի կանխասացությունները չի հիշում, որ Իր չարչարանքներին, բայց և Հարությանն էին վերաբերում: Ո՛չ էլ իր ընկերների հավաստիացումներին է ուշադրություն դարձնում: Թովմասն անգամ մոռանում է, որ Տերն իր առջև հարություն էր տվել Նայինի այրու  միակ որդուն և չորեքօրյա մեռած Ղազարոսին: Հետևաբար, երբ իր առաքյալ ընկերները վկայում էին, որ տեսան Հարուցյալ Տիրոջը, պետք էր, որ այս նախորդների հիման վրա էլ հավատար: Սակայն նա ուզում է իր աչքերով տեսնել ու ձեռքով շոշափել Տիրոջ անապականագույն Մարմնի վերքերի սպիները… Եթե յուրաքանչյուրը պահանջեր, նախ, իր զգայարաններով տեղեկանալ և հետո հավատալ, ապա այդ ժամանակ հրաշքների ապացույցները շարունակ պետք է պատճառների միջոցով, բայց և անհատապես, յուրաքանչյուրի աչքի առաջ կրկնվեին: Բայց այդ ժամանակ հրաշքը կկորցնի իր արժեքն ու զորությունը, որովհետև կդառնա ինչ-որ սովորական ու հասարակ մի դեպք, որը կներառվի բնական երևույթների շարքին: Սակայն այդ ժամանակ հավատքն այլևս վարձատրության արժանի լինելուց կդադարի»:

«Եթե հնարավոր լիներ,-շարունակում է երջանկահիշատակ պրոֆեսորը,- աչքերովս տեսնել և ձեռքերովս շոշափել, որ Աստծո Որդին մեռավ ու հարություն առավ ու երկինք համբարձվեց որպես Քահանայապետ, և ոչինչ չմնար, որ ցույց տամ իմ տրամաբանության խոնարհ հնազանդությունը Սբ. Գրոց միջոցով Աստծո վկայությանը, այլևս ինչու՞մ կկայանար հավատքի բարոյական արժեքը և ինչպե՞ս այս գիտությունից ու զգայարանների տեղեկությունից հետո հավատքը հավատք կմնար»:

Սբ. Ոսկեբերանը Թովմասի հետ կապված այս դեպքի առնչությամբ Տեր Հիսուսի մարդասիրությունն է տեսնում. «Երբ տեսնես, որ աշակերտը թերահավատ է, նկատի ունեցիր Տիրոջ մարդասիրությունը, որ մի հոգու համար էլ բացահայտում է Իր` վերքեր ունեցող անձը, և գալիս է, որ մեկին էլ փրկի»:

«Փակ դռներից անսպասելիորեն հայտնվեց (Տերը) տան մեջտեղում` կատարելով ճշմարտապես նույն հրաշքը երանելի Թովմասի համար, որովհետև համապատասխան դեղը պետք է նրան տար, ով թերահավատորեն վարվեց» (Սբ. Կյուրեղ Ալեքսանդրացի):

Մինչև հիմա հայրաբանական հատվածների մեջբերմամբ խոսեցինք Թովմաս Առաքյալի` Հարուցյալ մեր Տիրոջ ականատես իր ընկերների վկայության նկատմամբ անհավատության և մեր Քրիստոս Փրկչի մեծ մարդասիրության մասին, որ խոնարվելով իր թերահավատ աշակերտի տկարությանն, ի վերջո, կորզում է նրա զորավոր խոստովանությունը. «Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ»: 

Շարունակաբար ուզում եմ վկայակորչել «Աթոսյան Հարանց վարքից» մի սուրբ Վանականի դեպք, ով ճգնավորական իր կյանքը մինչև վերջին շունչն  անցկացրեց բոցակեզ հավատքով ու Աստծո ամենաիմաստուն Տնօրինության վստահությամբ: Մեծ նիպտիկ[3] ու արգելափակված իսիխաստ Կալինիկոս Կատունակիացին հոգին ավանդելու ժամանակ ճգնավորական մի ողջ կյանքի հոգնություններից հետո ասաց.

-Աստվա՜ծ իմ, շնորհակա՜լ եմ Քեզանից, որովհետև, եթե ոչինչ էլ չարեցի կյանքումս, ուղղափառ եմ մեռնում:

Սիրելինե՛րս,

Թովմաս Առաքյալի նախնական թերահավատ դիրքից, շոշափելի ապացույցների` մեր Տիրոջ  Հարության վավերացման համար, պահանջից, Ատվածորդու ցնցող խոնարհումից, թերահավատ աշակերտի պահանջի կատարումից ու նրա զորավոր խոստովանությունից հետո, այսօրվա Կիրակիի պատգամը պարփակված է Տեր Հիսուս Քրիստոսի ավետարանական այսօրվա ընթերցվածքի վերջին հատվածում. «Երանի՜ նրանց, որոնք չեն տեսել և սակայն կհավատան»: Երանելի՜ են առանց նախապայմանների ու սահմանումների բոլոր հավատացյալները, նրանք, որ հավատում են ինքնաբուխ ու անվերապահ մեր Ամենասուրբ Տիրոջն ու Աստծուն, որավհետև «Տիրոջ բերանը խոսեց դրանք» (հմմտ. Միք. 4. 4):

Քրիստոս Հարյավ:

†Կիթիրայի մետրոպոլիտ Սերաֆիմ

Աղբյուր. www.orthodoxostypos.gr

Թարգմանությունը հունարենից` հայր Հերոնիմոս Մայիլյանի:

 © www.orthodoxkyanq.org

[1] Հատվածներ Կիթիրայի (Հունաստան) մետրոպոլիտ Սերաֆիմի գրավոր պատգամից:

[2] Հուն. «Πεντηκοστάριον». Ուղղափառ Եկեղեցում զատկվա Կիրակիից մինչև Հոգեգալուստին հաջորդող «Ամենայն Սրբոց» կիրակի ընկած ժամանակահատվածն է: «Պենտեկոստարիոն» է կոչվում նաև համապատասխան ժամանակահատվածն ընգգրկող ամենօրյա ժամերգությունների ծիսական մատյանը:

[3] Հուն. «νήφω» բայից, որ նշանակում է արթուն, զգաստ լինել. «Արթու՛ն եղեք, հսկեցե՛ք, քանի որ ձեր ոսոխը` սատանան, մռնչում է առյուծի պես, շրջում և փնտրում է, թե ում կուլ տա» (Ա Պետ. 5. 8): Այս իմաստով գործածվում է նաև Ա Պետ. 1. 13, 4. 7, Ա Թես. 5. 6, 5. 8, Բ Տիմ. 4. 5 համարներում:  Այդպիսով` նիպիկ են կոչվում Ուղղափառ Եկեղեցու բոլոր անապատականները, ճգնավորները, վանականները և անգամ աշխահում ապրող քրիստոնյաները, ովքեր շարունակ հսկելով իրենց զգայարանները, պահեցողությամբ ու ճգնությամբ դրանք ուղորդում են Տիրոջ կամքի ու պատվիրանների կատարմանը:

Տերը մարդասեր է թերահավատության նկատմամբ