Սամարացի կնոջ կիրակի
Ընթերցումներ.
Առաք.: Գործք 11. 19-30
Ավետ.: Հովհ. 4. 5-42
Պենտեկոստարիոնի հինգերորդ կիրակին Քրիստոսի Եկեղեցին, ըստ ավետարանական ընթերցվածի, կոչում է Սամարացի կնոջ կիրակի: Ստորև ներկայացնում ենք սբ. Գրիգոր Պալամասի՝ Սամարացի կնոջ կիրակիին նվիրված ճառից մի քանի հատված:
…
Այնտեղ (նկատի ունի Սամարիան) Հակոբի աղբյուրն էր, ջրհորը, որն ինքն էր բացել: Տերը ճանապարհից հոգնած՝ նստեց միայնակ ջրհորի մոտ… որովհետև Իր աշակերտները գնացել էին մթերք գնելու: Այնտեղ մի կին եկավ Սամարիայից ջուր հանելու, և Տերը, որպես մարդ ծարավ զգալով, նրանից ջուր խնդրեց: Կինը նրա արտաքինից հասկացավ, որ հրեա էր ու զարմացավ, թե ինչպես հրեան հեթանոս սամարացուց ջուր է խնդրում: «Եթե իմանայիր,- ասաց նրան,- Աստծո նվերը, թե ով է նա, որ քեզնից խմելու ջուր է ուզում, դու նրանից կխնդրեիր և քեզ կենդանի ջուր կտար»: Տերը նրան վստահեցրեց, որ, եթե իմանար, մասնակից կլիներ, իսկապես, կենդանի ջրին, ինչպես որ արեց ու վայելեց ավելի ուշ, երբ իմացավ, մինչդեռ հրեաների ժողովը, որ հստակապես իմացավ, փառքի Տիրոջը խաչեց:
Աստծո նվերն է, որ բոլորին սիրելի է համարում, անգամ հրեաների կողմից ատելի հեթանոսներին և Իր անձը նվիրաբերում է ու հավատացյալներին անոթ դարձնում՝ Իր աստվածությունը ընդունող:
Սամարացի կինը չհասկացավ, թե ինչ է կենդանի ջրի մեծությունը, զարմացավ, որ ջուր կգտնի առանց դույլի մի խոր ջրհորում: Այնուհետև փորձ արեց այն Հակոբի հետ համեմատելու, ում հայր է անվանում՝ գովելով ցեղը և ջուրը, այն մտքով, որ դրանից լավագույնը չի կարող գտնվել: Սակայն երբ լսեց, որ «ջուրը, որ քեզ կտամ» աղբյուր է դառնալու, որ հոսում է դեպի հավիտենական կյանք…. խնդրեց այն, որ կրկին չծարավի: Տերը կամենալով աստիճանաբար Ինքն Իրեն հայտնի դարձնել, նրան ասաց, որ իր ամուսնուն կանչի՝ նրան հասկացնելով, թե քանի մարդ էր ունեցել և նրան, որ հիմա ունի, իրենը չի: Կինը, սակայն, այս քննությունից չնեղվեց, այլ անմիջապես հասկացավ, որ Տերը մարգարե է և նրանից բարձր բաների բացատրություններ խնդրեց:
Տեսնու՞մ եք, թե այդ կնոջ ներողամտությունն ու ուսումնատենչությունն ի՞նչ աստիճանի են: Որքա՜ն գիտելիք ուներ իր մտքում, որքա՜ն գիտելիք Աստվածաշունչ Գրքի: Եվ անմիջապես Նրան հարցրեց, թե որտե՞ղ պետք է ճշմարտապես պաշտել Աստծուն՝ այստե՞ղ, թե՞ Երուսաղեմում: Եվ այդժամ պատասխան ստացավ, թե գալիս է ժամանակը, երբ ո՛չ այս լեռան վրա, ո՛չ էլ Երուսաղեմում եք երկրպագելու Հորը: Տերն, անշուշտ, նրան հայտնեց, որ փրկությունը հրեաներից է, չասաց, որ լինելու է ապագայում, որովհետև նույն Ինքն էր փրկությունը. «…կգա ժամանակը, և արդեն իսկ եկել է, երբ ճշմարիտ երկրպագուները կերկրպագեն Հորը Հոգով և ճշմարտությամբ» (Հովհ. 4. 23): Որովհետև բարձրյալ ու երկրպագելի Հայրը Ճշմարտության Հայրն է, այսինքն՝ միածին Որդու, և ունի ճշմարտության Հոգի՝ Սուրբ Հոգին, իսկ նրանք, ովքեր Նրան երկրպագում են, այդպես են անում, որովհետև Նրանցով են ներգործում: Տերը հեռացնում է տեղի և երկրպագության յուրաքանչյուր մարմնական իմաստ՝ ասելով. «Հոգի է Աստված, և նրա երկրպագուները պետք է հոգով և ճշմատությամբ երկրպագեն» (Հովհ. 4. 24): Աստված, որպես հոգի, անմարմին է, իսկ անմարմինը որևէ տեղ չի գտնվում, ոչ էլ նկարագրվում է տեղային սահմաններով: Որպես անմարմին, Աստված ոչ մի տեղ չէ, սակայն որպես Աստված՝ Նա ամենուր է…
Աստված ամենուր է. ոչ միայն այստեղ՝ երկրի վրա, այլ նաև երկրից վեր, Հայր անմարմին՝ ըստ ժանանակի, իսկ ըստ տեղի՝ անորոշ:
Անշուշտ, և՛ հոգին, և՛ հրեշտակն անմարմին են… սակայն ամեն տեղ չեն:
Սամարացի կինը, երբ Քրիստոսից լսեց այս սքանչելի ու աստվածավայել խոսքերը, գոտեպնդված հիշատակեց սպասվող ու ցանկալի Մեսիային, որ Քրիստոս է կոչվում, որ երբ գա, մեզ ամեն բան կուսուցանի: Տեսնու՞մ եք, թե ինչպես էր պատրաստ հավատքի համար: Որտեղի՞ց դա գիտեր, եթե իմաստությամբ ուսումնասիրած չլիներ մարգարեական գրքերը… Տերը նրան այդքան ջերմեռանդությամբ տեսնելով՝ միանգամից ասաց. «Այդ ես եմ Քրիստոսը, որ խոսում եմ քեզ հետ» (հմմտ. Հովհ. 4. 26): Նա անմիջապես դարձավ ընտրյալ ավետարանչուհի և ջուրն ու իր տունը թողնելով՝ բոլոր սամարացիներին Քրիստոսի կողմը քաշեց, իսկ հետո մնացյալ լուսավոր իր կյանքով (որպես սրբուհի Ֆոտինի) նահատակությամբ կնքեց իր սերը դեպի Տերը:
Թարգմանությունը հունարենից՝ հայր Հերոմինոս Մայիլյանի:
© www.orthodoxkyanq.org
Սամարացի կնոջ կիրակի