/ Աստվածաշնչի մեկնություն / Ի՞նչ է նշանակում «որպես եւ մեք թողումք մերոց պարտապանաց»

Ի՞նչ է նշանակում «որպես եւ մեք թողումք մերոց պարտապանաց»

 

 Ի՞նչ է նշանակում «որպես եւ մեք թողումք մերոց պարտապանաց»

 

ԲՈՐԻՍ ԱՐՔԻՄԱՆԴՐԻՏ ԽՈԼՉԵՎ

(1895-1971 թթ.)

ԶՐՈՒՅՑՆԵՐ ՏԵՐՈՒՆԱԿԱՆ ԱՂՈԹՔԻ ՄԱՍԻՆ

(Շարունակություն)

ԽՆԴՐՎԱԾՔ ՀԻՆԳԵՐՈՐԴ

 

            Մենք ապրում ենք մի աշխարհում, որ մեղքի է ենթակա. մարդկությունն անկյալ է: Դրա համար էլ մեզանից ամեն մեկը մեղքով է լի, մեզանից ամեն մեկը ոչ միայն Աստծո, այլև մեկս մյուսի հանդեպ մեղավոր է:

            Մենք թե՛ անարդարության, թե՛ վիրավորանքի, թե՛ զրպարտանքի և ամեն տեսակ չարության ենք հանդիպում, բայց ոչ միայն ինքներս ենք դրանց հանդիպում, այլ հաճախ ուրիշների հանդեպ էլ մենք ենք անարդարացի լինում` թե՛ վշտացնում ենք և թե՛ վիրավորում: Եթե այդ վիճակում ենք գտնվում, եթե մենք վիրավորանքի, անարդարության ենք հանդիպում, ապա դրան տարբեր կերպ կարող ենք վերաբերվել:

            Մի կողմից մեր սիրտը մի մեծ չարություն, ատելություն, վիրավորողից վրեժխնդիր լինելու, նրան ոչնչացնելու ցանկություն կարող է բռնկել: Մեր հոգում ատելություն, վրեժի, չարության կրակը կարող է բորբոքվել: Բայց մենք կարող ենք այլ կերպ արձանագրել մարդկային վիրավորանքին. վիրավորողի համար մեր մեջ կարող է խորը ցավ, վիշտ առաջանալ: Եթե մարդ անարդարացիորեն վիրավորում է, ապա մեծ մեղք է կատարում, ընկնում է, բարոյապես այլասերվում: Երբ մենք որևէ մեկին այդպիսի արարքներ անելիս ենք տեսնում, մեր մեջ նրա անկման համար ցավ, վիշտ և նրան օգնելու ցանկություն է առաջանում:

            Աստծո սրբերը, ճգնավորները մեծ վիրավորանքների էին ենթարկվում, հալածանք, դժվարություններ էին ունենում, բայց նրանց հոգիները վիրավորողներից վրեժխնդիր լինելու կամ նրանց ոչնչացնելու ցանկությամբ չէին բռնկվում: Նրանց մեջ մի մեծ վիշտ, ցավ, այդ մարդկանց` մեղսական անկումից ազատվելուն օժանդակելու ցանկություն էր առաջանում:

Այսպիսով, երբ մենք վիրավորանք, վշտեր կամ անախորժություններ ենք ունենում, կարող ենք երկու կերպ վարվել. այսինքն` կարող ենք չարություն ունենալ, վրեժ ցանկանալ, բայց կարող ենք նաև նմանվել նրանց, ովքեր խորը ցավով էին անդրադառնում անկյալներին և ձգտում էին օգնել նրանց:

Ահա թե ինչ է նշանակում «որպես եւ մեք թողումք մերոց պարտապանաց»:

Պարտապանները նրանք են, ովքեր մեզ նեղություն են պատճառում, իսկ մենք նրանց մեղքերը ներում ենք, չենք թողնում, որ մեր հոգու մեջ չարությունը, ատելությունն ու ցասումը ներխուժեն: Եթե այդ բոլոր արարքները մեր հոգուց ներս են սողոսկում, ապա մենք մեր պարտապաններին չենք ներում:

Ի՞նչ կապ կա այս խնդրվածքի առաջին և երկրորդ դրույթների միջև:

Մեր հոգու վրայից մեղսական պարտքերը, մեղսական լուծը վերցնելու համար մենք Աստծո շնորհի կարիքն ունենք: Իսկ եթե հոգու մեջ չարությունը, ատելությունը, հիշաչարությունն են բնակվում, ապա Աստծո շնորհը մեր հոգու մեջ չի կարող մտնել և մեղսական լուծը մեզանից չի կարող թոթափել:

Տեր Հիսուս Քրիստոսն ասում է, որ «եւ թող զպարտիս մեր»-ն արտասանելիս մեղքերի թողությունը այն դեպքում է հնարավոր, եթե հոգում չարություն, ատելություն չկա: Ահա թե ինչ են նշանակում այս բառերը. «որպես եւ մեք թողումք մերոց պարտապանաց»:

Ավետարանի մեկ այլ տեղում ասված է. «Որովհետև եթե մարդկանց ներեք նրանց հանցանքները, ձեր երկնավոր Հայրն էլ ձեզ կների: Իսկ եթե մարդկանց նրանց հանցաքները չներեք, ձեր Հայրն էլ ձեր հանցանքները չի ների» (Մատթ. Զ, 14-15):

Այստեղ խորը մի միտք կա. մեղքերը ներել` նշանակում է աստվածային շնորհով մեղքը ջնջել: Իսկ աստվածային շնորհը հոգու մեջ չի կարող մտնել, եթե հոգին չարությամբ և ատելությամբ է լցված: Եթե ուզում ենք, որ երկնավոր Հայրը մեր վրայից մեղքերը վերցնի, ապա չպիտի թողնենք, որ մեր հոգու մեջ չարությունը, հիշաչարությունը մտնեն. դա մի խոչընդոտ է, որը չի թողնում, որ Աստծո շնորհը հոգու մեջ մտնի:

«Վարք սրբոց»- ում մի խորիմաստ պատմություն կա այն մասին, թե հոգին բռնկող չարությունն ինչպես կարող է մարդուն Աստծո շնորհից զրկել:

Փետրվարի 9-ը սուրբ Նիկեփոր վկայի հիշատակության օրն է:

Նրա վարքը պատմում է, որ սուրբ Նիկեփոր վկան երրորդ դարի առաջին կեսին է ապրել: Նիկեփորը մի ընկեր ուներ, որի անունը Սապրիկ էր: Նրանք մտերիմ ընկերներ էին, շատ համերաշխ էին ապրում, բայց սատանան, որին մարդկանց միջև խաղաղությունն ատելի է, նրանց հարաբերությունների մեջ բեկում մտցրեց: Սկզբում նրանք վիճեցին, այնուհետև չարությունը գնալով ավելի ու ավելի խորացավ և հասավ այն բանին, որ նրանք ոչ միայն իրար հետ խոսել, այլև իրար երեսի նայել անգամ չէին ուզում: Առաջինը Նիկեփորն իր սխալը գիտեկցեց: Նա Սապրիկի մոտ եկավ և ասաց.

– Ես մեղավոր եմ քո առջև. ների՛ր ինձ: Ե՛կ առաջվա պես ապրենք:

Բայց Սապրիկը չուզեց նրա հետ խոսել, և Նիկեփորը ստիպված եղավ վշտացած հեռանալ: Որոշ ժամանակ անց Եկեղեցին հալածանքի ենթարկվեց: Սապրիկը որպես քրիստոնյա ձերբակալվեց, բանտարկվեց և տեսակ-տեսակ չարչարանքների ենթարկվեց: Նրան ստիպում էին Քրիստոսին ուրանալ, բայց նա բոլոր տանջանքներին դիմացավ ու չուրացավ: Այնժամ հեթանոսները նրան մահվան դատապարտեցին: Նիկեփորն իմացավ այդ մասին: Երբ Սապրիկին բանտի դարպասներից դուրս հանեցին, նա մոտեցավ, երկրպագեց և ասաց.

-Ո՜վ Քրիստոսի վկա, ես մեղավոր եմ քո առաջ. ե՛կ հաշտվենք:

Բայց Սապրիկի սրտում չարություն կար: Նա հիշեց իր հին վիրավորանքի մասին, թեքվեց ու շարունակեց ճանապարհը: Նիկեփորը նրա հետևից էր գնում: Մահապատժի վայրը հասան: Նիկեփորը մոտեցավ նրան, երկրպագեց և ասաց.

-Ների՜ր…

Բայց Սապրիկը նորից նախկին վիրավորանքը հիշեց և չուզեց նայել նրան:

Աստծո շնորհը Սապրիկին օգնում էր կրել բանտի դժվարությունները, ուժ էր տալիս նրան Քրիստոսին չուրանալու համար: Բայց երբ Սապրիկը թույլ տվեց, որ իր սրտի մեջ չարություն մտնի, երբ հիշաչարությունը չվանեց, Աստծո շնորհը նրան լքեց: Տեսնելով դահճին ու մահվան գործիքը` նա հարցրեց.

– Ինչի՞ համար են ինձ ուզում սպանել, ի՞նչ են ինձանից ուզում:

Նրան պատասխանեցին.

– Որ դու Քրիստոսին ուրանաս:

Նկեփորը մոտեցավ Սապրիկին ու ասաց.

– Դու ամեն ինչի դիմացել ես, բանտարկություն, տանջանքներ ես կրել, միայն մահապատիժն է մնացել` և դու Երկնքում կլինես: Քիստոսին չուրանաս:

Բայց Աստծո շնորհը Սապրիկին լքեց, քանի որ նրա սրտում չարություն կար: Նա հեթանոսներին ասաց.

– Ես ուրանում եմ Քրիստոսին:

Սապրիկը վկա էր. նա դիմացավ թե բանտին, և թե չարչարանքներին. նա մահապտժի վայրում էր, նրա համար նահատակի պսակն էր արդեն պատրաստված: Բայց քանի որ Սապրիկը թույլ էր տվել, որ իր սրտում չարությունը մտնի, Աստծո շնորհը նրան լքեց. շնորհը չի կարող լինել մի սրտում, որի մեջ չարություն կա:

Այն ժամանակ Նիկեփորը դուրս եկավ հեթանոսների առաջ ու ասաց.

– Ես քրիստոնյա եմ:

Առաջ նա գաղտնի էր պահում` հետապնդումից վախենալով, իսկ հիմա դրա մասին բաձրաձայն հայտարարեց և մահապատժի ենթարկվեց: Սուրբ Եկեղեցին որպես մարտիրոսի է նրան մեծարում:

Մենք աղոթում ենք. «Եւ թող զպարտիս մեր` որպես եւ մեք թողումք մերոց պարտապանաց»: Եթե մենք մեր պարտապանների պարտքերը չենք ներում, ապա մեզ էլ մեր մեղքերը չեն կարող ներվել, և մեր վրայից մեղսական անցյալը չի կարող վերցվել, քանզի մենք փակում ենք շնորհի մուտքը դեպի մեր սիրտը:

Ահա թե ինչ իմաստ ունի հինգերորդ խնդրվածքը:

Բոլորս երկրի վրա ենք ապրում, և երկրային կյանքը մեզ տրված է, որպեսզի մեր վրայից մեր մեղքերի ծանր լուծը վերցնենք, որ մեղսական պարտքերը մարենք, որպեսզի մահվան ժամին մեղսական անցյալը մեր վրա իշխանություն չունենա, որպեսզի սարսափելի այդ պարտքը վճարված լինի: Եվ ի՜նչ դժբախտություն կլինի, եթե մահվան ժամին մենք զգանք, որ մեղսական անցյալը մեզ վրա առաջվա պես իշխանություն ունի, որ մենք նրա մամուլի մեջ ենք, որ իր շոշափուկներով նա մեր հոգին սանձած է պահում: Ի՜նչ դժբախտություն կլինի, եթե մահվան ժամին մարդը մեղքից ազատված չգտնվի:

Քանի դեռ մենք երկրի վրա ենք, ամեն ջանք պետք է գործադրենք` մեղսական այդ պարտքից ազատվելու, այդ ծանր բեռը մեր վրայից հանելու համար: Այդ դեպքում մահվան ժամին մենք մյուս աշխարհ մաքրված ու ազատագրված կփոխադրվենք և կփառավորենք մեր Տեր Հիսուս Քրիստոսին իր անսկիզբն Հոր և Սուրբ Հոգու հետ, հավիտյանս հավիտենից. ամեն:

(Շարունակելի)

 

            Աղբյուր. Բորիս արքիմանդրիտ Խոլչև, Զրույցներ Տերունական աղոթքի մասին: Թարգմանությունը` Գ. Ղազարյանի, Եր., «Տիգրան Մեծ», 2012:

 

 © www.orthodoxkyanq.org

 

 

 

Ի՞նչ է նշանակում «որպես եւ մեք թողումք մերոց պարտապանաց»