/ Աստվածաշնչի մեկնություն / Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն

Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն

 

Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն

 

ԲՈՐԻՍ ԱՐՔԻՄԱՆԴՐԻՏ ԽՈԼՉԵՎ
(1895-1971թթ.)
ԶՐՈՒՅՑՆԵՐ ՏԵՐՈՒՆԱԿԱՆ ԱՂՈԹՔԻ ՄԱՍԻՆ
ԽՆԴՐՎԱԾՔ ՎԵՑԵՐՈՐԴ

 

Փրձությունները ոչ միայն մարդու կյանքն են ուղեկցում, այլ դրանք մահվան ժամանակ էլ են անխուսափելի: Մահվան սարսափելի ժամին փորձություններն են մարդու հոգին պատում:
Հոգևոր մի գիրք կա` «Անտեսանելի պատերազմ»: Այդ գրքում պատմվում է երեք փորձությունների մասին, որոնք մարդուն իր մահվան ժամին են հասնում:
Առաջին փորձությունը հավատքի կասկածներն են: Հանկարծակի Աստծո գոյության, Քրիստոս Փրկչի Աստվածամարդության և հավատքի կրոնական այլ հարցերի վերաբերյալ կասկածներ են ծագում: Այս կասկածները սուր նետի պես մարդու հոգին խոցում են: Իսկ երբեմն Աստծո և մարդու վերաբերյալ հայհոյական մտքերն են դրանց միանում:
Երկրորդ փորձությունը վախն է: Այն պարուրում է հոգին, որը մահացողին մոտեցող դիվական խավար գնդերի մերձենալն է զգում: Այդ ժամանակ դևերը մարդու հոգին վախով են ջանում պարուրել:
Վերջապես մահվան ժամի երրորդ փորձությունը հուսալքությունն է: Երբ մարդը հոգին ավանդելուն է մոտ, դևերը հուսալքության մեջ են աշխատում նրան գցել: Նրանք ասում են. «Դու չես փրկվի: Քեզ համար դարձ չկա: Միևնույն է` դու կորած ես»: Եթե մարդը համաձայնի դիվական այդ ներշչումներին, նրան հուսալքությունը, փոքրոգությունն է պատում:
Այս երեք փորձություններն են մահվան ժամին մարդու վրա հասնում. հավատքի մեջ կասկած և հայհոյիչ մտքեր, վախ, հուսալքություն և թերահավատություն փրկության համար: Այն խոստովանահայրերը, ովքեր վերջին խոստովանությունն են ընդունում, ովքեր մահացողներին ճանապարհ են դնում մահվանից մեկ օր կամ մի քանի ժամ առաջ, հավաստում են, որ այս երեք փորձությունները մահվան ժամին իսկապես փոթորկում են մարդուն: Նրանք կարող են վկայել, որ իսկապես խավարի ուժերը մահացողներին կա՛մ հավատքի կասկածներ, կա՛մ վախ, կա՛մ էլ փրկության վերաբերյալ հուսալքություն են ներշնչում:
Սուրբ Հայրերն ասում են, որ երբ մեզ վրա որևէ փորձություն է հասնում, ամենից առաջ մենք ինքներս մեզ պիտի նախատենք: Մենք պետք է հիշենք, որ մեղավոր ենք և դրա համար էլ ամեն տեսակ նեղությունների ենք արժանի: Պողոս առաքյալն իր թղթերից մեկում ասում է. «Աստված ձեր կարողությունից ավելի փորձության մեջ ձեզ չի գցի» (Ա Կորնթ. Ժ, 13): Դրա համար էլ, երբ փորձություններ են վրա հասնում, պետք է հիշենք, որ մեր ուժերից վեր փորձություն չենք ունենալու:
Երբեմն մենք հուսալքության մեջ ենք ընկնում, և խռովքն է մեր հոգին պարուրում, որովհետև մտածում ենք, որ փորձությունները մեր ուժերից վեր կլինեն: Բայց իրականում ուժերից վեր փորձություններ չեն ուղարկվում, և Տերը, դրանք ուղարկելով, մխիթարություն էլ է մեզ տալիս, իսկ անհրաժեշտ պահին փորձությունից ընդհանրապես ազատում է:
Վերջապես մենք պետք է Աստծուն աղոթքով դիմենք, ինչպես բարեմիտ ավազակը դիմեց Տեր Հիսուս Քրիստոսին:
Պողոս առաքյալի թղթերից մեկում ասված է. «Ինքը չարչարվեց` փորձն առնելով. կարող է և փորձվողներին օգնական լինել» (Եբր. Բ, 18): Այս բառերով Պողոս առաքյալը Տեր Հիսուս Քրիստոսի մասին է խոսում. որ նա փորձվեց և փորձվողներին կարող է օգնել: Իրոք, Տեր Հիսուս Քրիստոս կրեց երկրային կյանքի բոլոր նեղությունները, ողջ տառապանքը, ընդհուպ` խաչելությունը: Տեր Հիսուս Քրիստոսը մարդկանցից ոչ միայն մարմնավոր տառապանք, նեղություն, զրպարտանք, անարգություն ունեցավ, այլ սատանայից էլ նեղություն կրեց:
Այդ տառապանքն ու փորձությունները Տեր Հիսուս Քրիստոսին պետք չէին. Նա Սուրբ է և Ամենասուրբ: Բայց դրանք մեզ և մեր փրկության համար կրեց, որպեսզի մեր տառապանքին ու նեղություններին դիմանալու զորություն տա մեզ:
Երբ մենք Տիրոջ ենք աղոթում, պիտի հիշենք, որ Նա ավելի մի մեծ բան է կրել, քանի մենք: Նա ծանրագույն տառապանքն է կրել և դրա համար էլ իր զորությունը կարող է ուղարկել, որ մենք էլ կարողանանք դիմանալ այն փորձություններին, որոնք կյանքի ճանապարհին մեզ են ուղարկվում:
Այսպիսով, սուրբ Հայրերը նեղություններին ու փորձություններին դիմանալու երեք ուղի, միջոց են մատնանշում. ինքնակշտամբանքը, հիշողությունն այն մասին, որ Աստված ուժերից վեր փորձություն չի ուղարկում և աղոթքը:
Ահա թե կյանքում մեզ ուղարկվող փորձություններին ինչպես պետք է վերաբերվենք: Փորձություններն ու նեղությունները ոչ միայն մահվան ժամին, այլև մահվանից հետո էլ են մեզ վրա հասնում: Դուք բոլորդ գիտեք մաքսավորությունների և այն դժվարությունների մասին, որ մյուս աշխարհ տանող ճանապարհին են հանդիպում: Սրբերից մեկը` Թեոփան Արգելական եպիսկոպոսն ասում է, որ մաքսավորությունները, որոնց մարդը հանդիպում է, յուրատեսակ մի փորձություն են: Մաքսավորություններում թշնամիները նույնպես փորձության են երնթարկում մարդուն, աշխատում են տարբեր խարդավանքներով Աստծուց հեռացնել նրան: Եթե մարդը երկրային կյանքի ընթացքում սովորել է փորձություններին դիմանալ, ապա նա մաքսավորություններում էլ փորձչին կհաղթի: Իսկ եթե կյանքում փորձություններին տեղի է տալիս, ապա մաքսավորություններում կպարտվի:
Եթե մենք փորձություններն անհրաժեշտ ձևով կրենք, աղոթել սովորենք, ապա մեր կամքը, զորությունը, առ Աստված ձգտումը կամրապնդվի, մենք դիմանալու զորություն կստանանք: Իսկ փրկվելու, Աստծուն մոտենալու ցանկությունն ամեն մի մարդ ունի: Այդ ցանկությունը սատանան ուզում է փորձությունների, նեղությունների միջոցով վերացնել:
Բայց չկարծենք, որ առանց փորձությունների կփրկվենք. փրկության ճանապարհին դրանք անհրաժեշտ են: Աստծո շնորհը մեր տկար ուժերը կամրացնի, և մենք ոչ միայն այս կյանքում, այլ մահվան ժամին ևս Աստծո օգնությամբ հաղթող դուրս կգանք և հավիտենապես կփառավորենք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն. ամեն:
(Շարունակելի)
Աղբյուր. Բորիս արքիմանդրիտ Խոլչև, Զրույցներ Տերունական աղոթքի մասին: Թարգմանությունը` Գ. Ղազարյանի, Եր., «Տիգրան Մեծ», 2012:

 

© www.orthodoxkyanq.org

 

 

Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն