/ Ծերերի խրատներ / Որտեղ Քրիստոս, այնտեղ` իսկական ուրախություն

Որտեղ Քրիստոս, այնտեղ` իսկական ուրախություն

 Որտեղ Քրիստոս, այնտեղ` իսկական ուրախություն

 

Սուրբ Պաիսիոս Աթոսացի

 

 

            -Գե՛րոնդա, երբեմն չեմ կարողանում ուրախանալ ու մտածում եմ` ուրախությունը գուցե ինձ համար չէ:

            -Ի՞նչ ես ասում: Ուրախությունը քեզ համա՞ր չէ: Իսկ ու՞մ համար է: Տանգալակիի՞[1]: Խելքդ թռցրե՞լ ես: Ուրախությունը մարդու համար է: Աստված չի տվել տրտմություն: Նա միայն ուրախություն է տվել:

            -Գե՛րոնդա, սակայն ինչու՞ ներքուստ մշտապես ուրախություն չունեմ:

            -Ինչպե՞ս ես Աստծո ուրախությունը զգալու, երբ միտքդ Նրա հետ չէ: Դու մոռանում ես Քրիստոսին, իսկ միտքդ շարունակ պտտվում է աշխատանքների ու հաստոցների շուրջ և այդպես կանգ է առնում հոգևոր քո մեքենան: Հետևաբար, աղոթքը[2] մղիր առաջ ու հանդարտ սաղմոսերգությունը, և այդպես հոլի նման Քրիստոսի շուրջը կվազես ու կշրջես:

            Իսկական, բուն ուրախությունը մարդ միայն Քրիսոտոսի մոտ է գտնում, որովհետև միայն Քրիստոսն է ուրախություն ու իսկական մխիթարություն տալիս: Որտեղ Քրիստոս, այնտեղ` ճշմարիտ ուրախություն ու դրախտային ցնծություն: Նրանք, ովքեր հեռու են Քրիստոսից, իրական ուրախություն չունեն: Կարող է երազանքներ ունենան` «այս կանեմ, այն կանեմ, այստեղ կգնամ, այնտեղ կգնամ», կարող է պատիվներ վայելեն կամ վազեն զվարճանքների և ուրախանան, սակայն այն ուրախությունը, որ զգում են, հնարավոր չէ, որ նրանց հոգին լցնի: Այդ ուրախությունը նյութական է, աշխարհիկ, սակայն նյութական ուրախություններից հոգին չի լցվում, իսկ մարդն իր սրտում դատարկություն է զգում: Տեսնում ես, թե Սողոմոնն ի՞նչ է ասում. «Տներ կառուցեցի, ողկույզներ  ու այգիներ տնկեցի, ոսկի հավաքեցի, սրտիս ուզածը ձեռք բերեցի, սակայն վերջում հասկացա, որ դրանք բոլորը ունայն են»[3]:

            Աշխարհիկ ուրախությունը ժամանակավոր ինչ-որ բան տալիս է, ինչ-որ բան այդ պահի համար, չի տալիս այն, ինչ հոգևոր ուրախությունն է տալիս: Հոգևոր ուրախությունը դրախտային կյանք է: Նրանք, ովքեր նախ խաչելությունից անցնելով, հոգեպես հարություն են առնում, զատկական ուրախությունն են ապրում: «Զատիկ, Տիրոջ Զատիկ»[4]: Իսկ հետո Հոգեգալու՜ստն է գալիս…Իսկ երբ արդեն Հոգեգալուստին հասնեն ու ընդունեն հրե լեզուն` Սուրբ Հոգին, այդ ժամանակ ամեն ինչ վերջանում է…[5]:

Թարգմանությունը հունարենից` հայր Հերոնիմոս Մայիլյանի:

Աղբյուր. Γέροντος Παϊσίου Αγιορείτου, Λόγοι, τόμος Ε΄, Πάθη και αρετές, εκδ. Ιερόν Ησυχαστήριον «Ευαγγελιστής Ιωάννης ο Θεολόγος» Σουρωτή Θεσσαλονίκης 2007. 

 

©Հայերեն թարգմանությունը կատարվել է Սուրբ Պաիսիոսի հոգևոր ժառանգության իրավատեր Սուրբ Հովհաննես Աստվածաբան վանքի հատուկ օրհնությամբ ու թույլտվությամբ` բացառապես www.orthodoxkyanq.org կայքում հրապարակելու նպատակով: Սույն թարգմանության որևէ վերարտադրություն` բացի www.orthodoxkyanq.org կայքին հղում տալուց, խստիվ արգելվում է:

 

 

[1] Սուրբ Պաիսիոսը հաճախ սատանային այսպես էր կոչում:

[2] Խոսքը «Տեր Հիսուս Քրիստոս, ողորմյա ինձ» աղոթքի մասին է:

[3] Հմմտ. Ժողով. 2, 4-11:

[4] Հարության կանոնի առաջին երգից:

[5] Սրբի այս խոսքերն արտահայտում են յուրաքանչյուր քրիստոնյայի հոգևոր պայքարի վերջնական նպատակը, ինչը Սուրբ Հոգու ձեռք բերումն է: Երբ մարդը Սուրբ Հոգու աստվածարար Շնորհին հաղորդակից է դառնում, այլևս աստվածացման վիճակի է հասնում`«անվերջանալի կատարելությանը»:

 

 

 

Որտեղ Քրիստոս, այնտեղ` իսկական ուրախություն

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com